Դիլիջանի թունելի հիմնանորոգման նախագծի փոխարեն կմշակվի նոր թունելի կառուցման նախագիծ

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ և Ասիական Զարգացման Բանկի միջև «Վարկային համաձայնագրի փոփոխություններ նամակ-համաձայնագրի» ստորագրման առաջարկությանը: Ծրագրի նպատակն է Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի Քոբայր-Բագրատաշենի սահմանային անցակետի 51․74 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում/վերակառուցումը, ինչպես նաև Դիլիջանի և Պուշկինի ավտոճանապարհային թունելների հիմնանորոգման ու արդիականացման նախագծային աշխատանքների իրականացումը։ Ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են։ Այժմ առաջացել է վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն, ինչը պայմանավորված է 2024թ. մայիսի 26-ին Դեբեդ գետի վարարման հետևանքով վնասված Մ-6 մայրուղու բարելավման աշխատանքների նախագիծը պատրաստելու և նախագծման համար պահանջվող Ձորագետ և Դեբեդ գետերի ջրաբանական մանրամասն հետազոտություններ իրականացնելու անհրաժեշտությամբ: Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Միաժամանակ, Դիլիջանի թունելի հիմնանորոգման նախագծի փոխարեն որոշվել է մշակել նոր թունելի կառուցման նախագիծ։ Վերոգրյալով պայմանավորված՝ ԱԶԲ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել «Վարկային համաձայնագրում» կատարել հետևյալ փոփոխությունները՝ վարկի փակման ժամկետը երկարաձգել մինչև 2025թ․ դեկտեմբերի 31-ը, վարկային համաձայնագրի 1-ին հավելվածի 2-րդ պարբերությամբ նախատեսված՝ Ծրագրի նկարագրությունը խմբագրել ավելացնելով՝ Ձորագետ, Դեբեդ և Աղստև գետերի մանրամասն ջրաբանական ուսումնասիրությունները, Մ-6 մայրուղու բարելավման աշխատանքների մանրամասն նախագծումը: Ծրագրի նախագծերի ընդունման ակնկալվող ավարտը 2025 թվականի հունիսի 30-ն է:




Դիլիջան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Մայիսի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։




Հաղարծին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Ապրիլի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։




Դիլիջանի կենտրոնական դպրոցում տեղի ունեցավ «Ծիլ» թատերական փառատոնը

Դիլիջանի կենտրոնական դպրոցում տեղի ունեցավ «Ծիլ» թատերական փառատոնը

Ապրիլի 25-ին և 26-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցի նախաձեռնությամբ կայացավ արդեն ավանդույթ դարձած «Ծիլ» թատերական ամենամյա փառատոնը։ Այս տարի «Ծիլ»-ը նշում էր իր հոբելյանական հինգերորդ տարին։

Փառատոնին հայտնի և սիրված ստեղծագործությունների թատերական ներկայացումներով հանդես եկան Դիլիջանի կենտրոնական դպրոցի, Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի, Լերմոնտովոյի Ե․Ուդալցովի անվան միջնակարգ դպրոցի, «ԷՎՐԻԿԱ» դպրոցի, «Արեգնազան» կրթահամալիրի և Ավետիսյան դպրոցի սաները։ «Ծիլ» թատերական փառատոնի նպատակն է միավորել և բեմական միջավայրում ներկայացնել շնորհաշատ այն երեխաներին, որոնք մեծ ցանկություն ունեն հանդես գալու թատերական ներկայացուներով։ Այն միտված է բացահայտելու բեմական հմտություններին տիրապետող դպրոցականներին։

Երկօրյա փառատոնի օրերին բեմի վրա ներկայացվեցին և արժևորվեցին ճանաչված գրողների ստեղծագործությունները հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով՝ բոլորն էլ գունեղ և հետաքրքիր լուծումներով, ամեն մեկը ինքնատիպ մոտեցմամբ։




Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը

Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը

Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 85 միլիոն 935 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 891,1 քմ մակերեսով անշարժ գույքը՝ մանկապարտեզի մասնաշենքը, վերադարձվել է Դիլիջան համայնքին։

Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող մանկապարտեզի փաստաթղթերը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Դիլիջան համայնքի ավագանու՝ 2006 թվականի մարտի 21-ի թիվ 36 որոշմամբ՝ Դիլիջան համայնքի ղեկավարին թույլատրվել է Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 891,1 քմ մակերեսով մանկապարտեզի մասնաշենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Առաջինը երեխաներին» բարեգործական հասարարական կազմակերպությանը (այսուհետ՝ Կազմակերպություն)։  Դիլիջան համայնքի ղեկավարի՝ 2006 թվականի մարտի 29-ի թիվ 238 որոշմամբ՝ վերոնշյալ մանկապարտեզի տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է վերոնշյալ Կազմակերպությանը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ մանկապարտեզի տարածքը Կազմակերպությանը տրամադրելուց հետո, այն չի օգտագործվել, իսկ իրավասու համայնքային պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել գույքը համայնքին վերադարձնելու ուղղությամբ, որի արդյունքում՝ գույքը մնացել է անհատույց օգտագործման իրավունքով ծանրաբեռնված և համայնքը զրկվել է իր սեփականությունը հանդիսացող գույքը լիարժեք տնօրինելու հնարավորությունից:

Դատախազի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա՝ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ պատշաճ դատախազական հսկողության, ինչպես նաև քննչական հետևողական աշխատանքի արդյունքում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 25-ի վճռով հաստատվել է «Առաջինը երեխաներին» բարեգործական հասարարական կազմակերպության ղեկավարի և Դիլիջան համանքի ղեկավարի միջև կնքված հաշտության համաձայնությունը:

Հաշտության համաձայնության արդյունքում՝ Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 85 միլիոն 935 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 891,1 քմ մակերեսով անշարժ գույքը՝ մանկապարտեզի մասնաշենքը, վերադարձվել է համայնքին։

Վճիռը հրապարակման պահից մտել է օրինական ուժի մեջ։




Դիլիջանում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Դիլիջան քաղաքի հուշահամալիրի` Մեծ Եղեռնի զոհերի հուշաքարի մոտ, տեղի է ունեցել հարգանքի տուրք և ծաղիկների խոնարհում` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի: Դիլիջանի համայնքապետարանի կողմից կազմակերպվել է «Կոմիտասը մենք ենք» խորագրով միջոցառումը»:




Հրդեհ Դիլիջան քաղաքում. այրվել է չբնակեցված տուն

Փետրվարի 15-ին, ժամը 21։55-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:35-ին, մարվել՝ փետրվարի 16-ին, ժամը 02:00-ին: Այրվել է չբնակեցված տուն (մոտ 195 քմ): Տուժածներ չկան։




Դիլիջանի միջպետական ճանապարհին նախատեսվում է սողանքների կանխարգելման ցանց տեղադրել

2025 թվականի հունվարի 17-ին Հայաստանի համայնքների միության գրասենյակում ստորագրվեց «Դիլիջանի միջպետական ավտոճանապարհին առկա սողանքի կանխարգելման ցանցի տեղադրման ծրագրի» պայմանագիրը։ Դրամաշնորհային պայմանագիրը, որի արժեքը մինչև 68,943 ԱՄՆ դոլար է, ստորագրեցին Հայաստանում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական և Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը։

Ծրագրի նպատակն է նվազեցնել սողանքային ռիսկերը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի երկայնքով՝ ապահովելով երթևեկության անվտանգությունը։ Ծրագիրը կիրականացվի ճանապարհի ամենախնդրահարույց հատվածում, որտեղ կանցկացվեն ցանցապատման և կայունացման աշխատանքներ։

Այս նախաձեռնությունը կարևոր նշանակություն ունի ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ ճանապարհից օգտվող այլ ճանապարհորդների համար։ Ծրագրի շրջանակում ակնկալվում է ապահովել շուրջ 26,000 բնակչի անվտանգ տեղաշարժը։




Երևան-Դիլիջան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը

Հունվարի 27-ին, ժամը 23։39-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 87-րդ կմ-ին «TESLA» մակնիշի ավտոմեքենան  դուրս է եկել երթևեկելի հատվածից, սահել դեպի ձորը (մոտ 8 մ) և բախվել ծառին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Ա․ Դ․-ն և ուղևոր Եվ․ Մ․-ն դուրս են եկել ավտոմեքենայից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և քարշակելով դուրս բերել այն երթևեկելի հատված։




Տավուշի մարզում 2024 թվականին կատարված աշխատանքները

2024 թվականը Տավուշի մարզի համար նշանավորվեց փորձություններով և հաջողություններով։ Տարվա ընթացքում մարզում իրականացվեցին ծրագրեր՝ ուղղված համայնքների կենսապայմանների բարելավմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ու կրթական համակարգի արդիականացմանը։

Գյուղատնտեսություն

2024 թվականին Տավուշի մարզում մթերված խաղողի ծավալը կազմեց 5953.6 տոննա՝  նախորդ տարվա 3481.1 տոննայի համեմատ: 1 կգ խաղողի գնային միջակայքը հասավ 140-250 դրամի: Բացի դրանից, մթերվեց 829 տոննա բանջարեղեն և պտուղ-հատապտուղ: Իջևան համայնքի Խաշթառակ և Բերքաբեր բնակավայրերում «Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի» շրջանակում, 87 տնտեսությունների այգիներում իրականացվել են կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման աշխատանքներ:

Սուբվենցիոն ծրագրեր

2024 թվականին հաստատվել է 20 սուբվենցիոն ծրագիր՝ 5.9 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով, որից 4 ծրագիր ավարտվել է ամբողջությամբ, 8-ը՝ մասամբ, իսկ մնացածը գտնվում են ընթացքի տարբեր փուլերում: Տարվա կարևոր ձեռքբերումներից էր Տավուշի մարզի 4 սահմանամերձ գյուղերի գազիֆիկացումը, որն իրականացվեց «Վարդանյան» ընտանիքի աջակցությամբ:

Դպրոցաշինություն

Տավուշի մարզում կրթական ենթակառուցվածքների զարգացման գործընթացն ընթանում է լայն թափով։ 2024 թվականի սեպտեմբերի 1-ին շահագործման հանձնվեց Կիրանցի 100 աշակերտի համար նախատեսված մոդուլային դպրոցը, որի ընդհանուր արժեքը կազմել է 680 մլն ՀՀ դրամ։ Նորակառույց դպրոցն ամբողջությամբ հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և ապահովում է ժամանակակից կրթական միջավայր։

Ավարտվել է նաև Գանձաքարի դպրոցում շինարարական աշխատանքների հիմնական փուլը, որը նախատեսված է 480 աշակերտի համար։ Այս դպրոցի կառուցման ընդհանուր արժեքը կազմել է 1,822 մլրդ ՀՀ դրամ, և մոտ օրերս այն պատրաստ կլինի ընդունելու աշակերտներին։ Դովեղում մոդուլային դպրոցի շինարարությունը շարունակվում է. այս հաստատությունը նախատեսված է 100 աշակերտի համար։

Հինգ բնակավայրերում՝ Լուսաձորում, Պտղավանում, Բագրատաշենում, Այրումում և Արծվաբերդում, արդեն մեկնարկել են նոր կրթական հաստատությունների շինարարական աշխատանքները։ Բացի այդ, 9 դպրոց և կրթահամալիր գտնվում են նախագծման փուլում՝ Գոշում, Նավուրում, Կոթիում, Արծվաբերդում, Այգեձորում, Նոյեմբերյանում, Կողբում, Աղավնավանքում և Ոսկեվանում։ Այս նախագծերի իրականացման միջոցով նախատեսվում է լուծել կրթական ոլորտի համապարփակ խնդիրները։ Սևքարի դպրոցի և Նորաշենի կրթահամալիրի շինարարության համար պայմանագրերը կնքման փուլում են։

Բագրատաշենում կառուցվող 144 սաների համար նախատեսված մանկապարտեզը, որի արժեքը կազմում է 880 մլն ՀՀ դրամ, շահագործման կհանձնվի 2025 թվականի մարտին։

Բնակարանաշինության ծրագրեր սահմանամերձ բնակավայրերում

Կառավարության կողմից հաստատված սահմանամերձ բնակավայրերում բնակարանաշինության ծրագրերը նույնպես առաջնահերթություն են։ Տավուշի մարզում ներկայում կառուցվում է 1249 բնակելի տուն, ինչը կարևոր քայլ է սահմանամերձ գյուղերի կենսունակության ապահովման և համայնքների վերածննդի համար։

Ճանապարհաշինություն

Տավուշի մարզում 2024 թվականին ավարտվեցին 390 կմ ճանապարհների վերանորոգման աշխատանքները: Հիմնանորոգվեցին հատկապես կարևոր նշանակության ճանապարհները, (ինչպիսիք են Մ-8 (Վանաձոր-Դիլիջան),  Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհները), վերանորոգվեցին համայնքային նշանակության ճանապարհներ։

2024 թվականի ՀՀ պետական բյուջեով Տավուշի մարզի համայնքային բյուջեներին հատկացվել է 5 մլրդ 267 մլն դրամ, որն ավել է 2023 թվականին հատկացված դոտացիայից 2 մլրդ 315 մլն դրամով, այդ թվում Իջևան խոշորացված համայնքում ավելացել է 706 մլն դրամով,  Դիլիջան խոշորացված համայնքում՝ 343 մլն դրամով, Բերդ խոշորացված համայնքում՝ 599 մլն դրամով, Նոյեմբերյան խոշորացված համայնքում՝ 666 մլն դրամով:

2025 թվականի ՀՀ պետական բյուջեով համայնքային բյուջեներին  նախատեսվել է հատկացնել 6 մլրդ  14 միլիոն դրամ։