Դիլիջանում կայացավ «բոլորով» փառատոնը՝ ի աջակցություն Դիլիջանի նոր եկեղեցու կառուցման

Դիլիջանյան բնապատկերներով շրջապատված, «Թուֆենկյան» համալիրում, անցկացվեց մի փառատոն, որն ուներ պարզ, բայց խորիմաստ անուն՝ «Բոլորով»։  Փառատոնի նպատակն էր մեկտեղել մարդկանց հանուն մեծ գաղափարի՝ աջակցել Դիլիջանի նոր եկեղեցու կառուցմանը։ Ձեռագործ իրեր, վարպետության դասեր, երաժշտություն, նկարներ ու խաղարկություն, հնչյուններ, գույներ ու մարդիկ։ Օրվա բոլոր գործողություններն ուղղված էին մեկ նպատակի՝ շարունակել կառուցել այն եկեղեցին, որի հիմքերը տարիներ առաջ դրել էր Ռուբեն Վարդանյանը։ Փառատոնը կազմակերպել էր Դիլիջանի համայնքային կենտրոնը՝ ընդգրկելով մշակութային բազմաբովանդակ ծրագիր։

Արմինե Հովհաննիսյան – Դիլիջանի համայնքային կենտրոնի ղեկավար                       «2025թ. մայիսի 25-ը Դիլիջանում սկսվեց կիրակնօրյա պատարագով. պատարագի հաջորդեց համատեղ աղոթք ուղղված մեր գերիների ազատությանը, ովքեր գտնվում են Բաքվում, և ինչպես գիտեք, այսօր պրն. Վարդանյանի տարեդարձն է, ով արդեն 2-րդ տարեդարձն անցկացնում է անաազատության մեջ: 2021 թվականին Ռուբեն Վարդանյանի «Դիլիջանի զարգացման ծրագրերի» շրջանակում մեկնարկեց Դիլիջանի եկեղեցու կառուցման նախագիծը: Թեպետ ընտանիքն այս պայմաններում շարունակում է աջակցել եկեղեցու կառուցմանը, բայց մենք գտնում ենք, որպես քաղաքացիներ մեր մասնակցությունը շատ կարևոր է, որովհետև ստեղծվում է բոլորիս կողմից սպասված հոգևոր օջախ», – նշում է Դիլիջանի համայնքային կենտրոնի ղեկավար Արմինե Հովհաննիսյանը։                      

Տաղավարներում գունեղ ձեռագործ իրեր են։ Մի անկյունում՝ գեղանկարներ, մյուսում՝ վարպետության դասեր։ Փառատոնի հյուրերին երաժշտական ողջույն էր բերել նաև «Նեքսուս» խումբը։

Փառատոնի ամենախորհրդանշական պահը «Միասնության փազլի» հավաքումն էր․ մինչ օրվա ավարտը հավաքվեց 24 կտորից բաղկացած Դիլիջանի նոր եկեղեցու պատկերը։ Յուրաքանչյուր կտոր, որը ձեռք էր բերվում սինվովլիկ նվիրատվությամբ, ուղղվում էր եկեղեցու կառուցմանը։

Դիլիջանի հոգևոր հովիվ  Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի խոսքով՝ ինչքան էլ, որ բարերարներ կան, ովքեր աջակցում են, շատ կարևոր է, որ ժողովուրդը գիտակցի, որ եկեղեցին իր սեփականությունն է։ «Ժամանակավոր եկեղեցի ունենք, բայց կարևոր է, որ Աստված իր տունն ունենա. ինչպես մարդիկ ձգտում են իրենց սեփական տունն ունենալ, այնպես էլ Աստծուն վայել տուն պիտի ունենանք: Եվ կարծում եմ, որ ավարտենք, կառուցենք,մեր քաղաքի միասնության խորհրդանիշը պիտի դառնա»,- նշում է Տեր Հայրը։

«Բոլորով» փառատոնը ևս մի առիթ էր բնակիչների համար մասնակից լինելու համայնքի համար կարևոր նախագծի իրականացմանը։ Այն նաև ցույց տվեց, որ համայնքային համախմբվածությունը իրական աջակցության է։

Եկեղեցու պատերը, թեպետ դեռ լիարժեք կանգուն չեն, բայց հիմքներն ամուր են՝ մարդկանց համերաշխությամբ, հիշողությամբ, երախտագիտությամբ։  Եվ քաղաքն այսօր վստահ ասում է «Կառուցում ենք՝ բոլորս, բոլորով»։

 

 

 

 




Այվազովսկու «Ծովային տեսարանը» նոր շնչով՝ Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում

Ծովի ալիքները կենդանանում են ու փոխանցում հույզեր․ ծովային տարերքի անընդգրկելի վեհության մեջ Այվազովսկու ստեղծագործությունն է, ում վրձնի հարվածներով ամբողջացել է «Ծովային տեսարանը»․ Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում հայ մեծանուն նկարչի ստեղծագործության «կենդացմանը» անթարթ աչքերով հետևում են բազմաթիվ քաղաքացիներ։

«Մենք ունենք ժառանգություն, ունենք Այվազովսկի, որն ինքնին մեծություն է և կարիք չունի մեկնաբանությունների, քանի որ այնքան գեղեցիկ են նրա գործերը, բայց այս տեսակի մոտեցումները, քանի որ թույլ են տալիս մտնել նկարի մեջ, նորովի տեսնել և այդ ժառանգությունը դարձնել էլ ավելի ընկալելի և շարունակական՝ իր արժեքները շարունակական»,- նշում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Վիրտուալ իրականության շնորհանդեսը կայացավ մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը։ Հատուկ վիրտուալ ակնոցի միջոցով կտավի յուրաքանչյուր մանրուք ավելի տեսանելի էր դարձել, իսկ ձայնային ձևավորմամբ ստեղծված միջավայրը մտովի տեղափոխում էր Այվազովսկու ծովի ափ։ Նախաձեռնության աջակիցներն են Green Rock ընկերությունն ու ԿԳՄՍ նախարարությունը։ Նպատակն է նոր ձևով ներկայացնել թանգարանային արվեստը, օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները՝ դասական ստեղծագործություններին նոր կյանք տալու համար։

«Մեզ համար կարևոր է Դիլիջան քաղաքի զարգացումը, իսկ քաղաքի զարգացման համար կարևոր ուղղություն է նաև մշակութային զարգացումը, այդ իսկ պատճառով մենք ուշադրություն ենք դարձնում Դիլիջանում այս ուղղության զարգացմանը»,- իր խոսքում նշեց  Green Rock ընկերության տնօրեն Եկատերինա Դանեկինան։

Նոր մոտեցումն ընդլայնում է արվեստի հասանելիությունը՝ այն դարձնելով առավել ինտերակտիվ, պատկերավոր և կրթական: Ինչու ոչ՝ նաև ձևավորում է մշակութային նոր հետաքրքրություններ։

Թվային նորարարությամբ զուգորդված այս նախաձեռնությունը նոր զարկ է դասական արվեստի հանրահռչակման համար։ Իսկ «Այվազովսկու ալիքները» շարունակում են հուզել, գերել ու ներշնչել՝ անգամ դարեր անց։




Մայիսի 20-ին ժամանակավորապես կդադարեցվի Դիլիջան քաղաքի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 20-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի գազասպառողների, «ԳոշԳազ» ՍՊԸ ԱԳԼՃԿ-ի և այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:




Դիլիջանի թունելի հիմնանորոգման նախագծի փոխարեն կմշակվի նոր թունելի կառուցման նախագիծ

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ և Ասիական Զարգացման Բանկի միջև «Վարկային համաձայնագրի փոփոխություններ նամակ-համաձայնագրի» ստորագրման առաջարկությանը: Ծրագրի նպատակն է Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի Քոբայր-Բագրատաշենի սահմանային անցակետի 51․74 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում/վերակառուցումը, ինչպես նաև Դիլիջանի և Պուշկինի ավտոճանապարհային թունելների հիմնանորոգման ու արդիականացման նախագծային աշխատանքների իրականացումը։ Ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են։ Այժմ առաջացել է վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն, ինչը պայմանավորված է 2024թ. մայիսի 26-ին Դեբեդ գետի վարարման հետևանքով վնասված Մ-6 մայրուղու բարելավման աշխատանքների նախագիծը պատրաստելու և նախագծման համար պահանջվող Ձորագետ և Դեբեդ գետերի ջրաբանական մանրամասն հետազոտություններ իրականացնելու անհրաժեշտությամբ: Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Միաժամանակ, Դիլիջանի թունելի հիմնանորոգման նախագծի փոխարեն որոշվել է մշակել նոր թունելի կառուցման նախագիծ։ Վերոգրյալով պայմանավորված՝ ԱԶԲ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել «Վարկային համաձայնագրում» կատարել հետևյալ փոփոխությունները՝ վարկի փակման ժամկետը երկարաձգել մինչև 2025թ․ դեկտեմբերի 31-ը, վարկային համաձայնագրի 1-ին հավելվածի 2-րդ պարբերությամբ նախատեսված՝ Ծրագրի նկարագրությունը խմբագրել ավելացնելով՝ Ձորագետ, Դեբեդ և Աղստև գետերի մանրամասն ջրաբանական ուսումնասիրությունները, Մ-6 մայրուղու բարելավման աշխատանքների մանրամասն նախագծումը: Ծրագրի նախագծերի ընդունման ակնկալվող ավարտը 2025 թվականի հունիսի 30-ն է:




Դիլիջան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Մայիսի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։




Հաղարծին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Ապրիլի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։




Դիլիջանի կենտրոնական դպրոցում տեղի ունեցավ «Ծիլ» թատերական փառատոնը

Դիլիջանի կենտրոնական դպրոցում տեղի ունեցավ «Ծիլ» թատերական փառատոնը

Ապրիլի 25-ին և 26-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցի նախաձեռնությամբ կայացավ արդեն ավանդույթ դարձած «Ծիլ» թատերական ամենամյա փառատոնը։ Այս տարի «Ծիլ»-ը նշում էր իր հոբելյանական հինգերորդ տարին։

Փառատոնին հայտնի և սիրված ստեղծագործությունների թատերական ներկայացումներով հանդես եկան Դիլիջանի կենտրոնական դպրոցի, Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի, Լերմոնտովոյի Ե․Ուդալցովի անվան միջնակարգ դպրոցի, «ԷՎՐԻԿԱ» դպրոցի, «Արեգնազան» կրթահամալիրի և Ավետիսյան դպրոցի սաները։ «Ծիլ» թատերական փառատոնի նպատակն է միավորել և բեմական միջավայրում ներկայացնել շնորհաշատ այն երեխաներին, որոնք մեծ ցանկություն ունեն հանդես գալու թատերական ներկայացուներով։ Այն միտված է բացահայտելու բեմական հմտություններին տիրապետող դպրոցականներին։

Երկօրյա փառատոնի օրերին բեմի վրա ներկայացվեցին և արժևորվեցին ճանաչված գրողների ստեղծագործությունները հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով՝ բոլորն էլ գունեղ և հետաքրքիր լուծումներով, ամեն մեկը ինքնատիպ մոտեցմամբ։




Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը

Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը

Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 85 միլիոն 935 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 891,1 քմ մակերեսով անշարժ գույքը՝ մանկապարտեզի մասնաշենքը, վերադարձվել է Դիլիջան համայնքին։

Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող մանկապարտեզի փաստաթղթերը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Դիլիջան համայնքի ավագանու՝ 2006 թվականի մարտի 21-ի թիվ 36 որոշմամբ՝ Դիլիջան համայնքի ղեկավարին թույլատրվել է Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 891,1 քմ մակերեսով մանկապարտեզի մասնաշենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Առաջինը երեխաներին» բարեգործական հասարարական կազմակերպությանը (այսուհետ՝ Կազմակերպություն)։  Դիլիջան համայնքի ղեկավարի՝ 2006 թվականի մարտի 29-ի թիվ 238 որոշմամբ՝ վերոնշյալ մանկապարտեզի տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է վերոնշյալ Կազմակերպությանը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ մանկապարտեզի տարածքը Կազմակերպությանը տրամադրելուց հետո, այն չի օգտագործվել, իսկ իրավասու համայնքային պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել գույքը համայնքին վերադարձնելու ուղղությամբ, որի արդյունքում՝ գույքը մնացել է անհատույց օգտագործման իրավունքով ծանրաբեռնված և համայնքը զրկվել է իր սեփականությունը հանդիսացող գույքը լիարժեք տնօրինելու հնարավորությունից:

Դատախազի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա՝ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ պատշաճ դատախազական հսկողության, ինչպես նաև քննչական հետևողական աշխատանքի արդյունքում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 25-ի վճռով հաստատվել է «Առաջինը երեխաներին» բարեգործական հասարարական կազմակերպության ղեկավարի և Դիլիջան համանքի ղեկավարի միջև կնքված հաշտության համաձայնությունը:

Հաշտության համաձայնության արդյունքում՝ Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 85 միլիոն 935 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 891,1 քմ մակերեսով անշարժ գույքը՝ մանկապարտեզի մասնաշենքը, վերադարձվել է համայնքին։

Վճիռը հրապարակման պահից մտել է օրինական ուժի մեջ։




Դիլիջանում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Դիլիջան քաղաքի հուշահամալիրի` Մեծ Եղեռնի զոհերի հուշաքարի մոտ, տեղի է ունեցել հարգանքի տուրք և ծաղիկների խոնարհում` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի: Դիլիջանի համայնքապետարանի կողմից կազմակերպվել է «Կոմիտասը մենք ենք» խորագրով միջոցառումը»:




Հրդեհ Դիլիջան քաղաքում. այրվել է չբնակեցված տուն

Փետրվարի 15-ին, ժամը 21։55-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:35-ին, մարվել՝ փետրվարի 16-ին, ժամը 02:00-ին: Այրվել է չբնակեցված տուն (մոտ 195 քմ): Տուժածներ չկան։