Գրավիչ զբոսաշրջային նոր հասցե Գոշ գյուղում․ իր դռները բացեց «Արևի Գոշ» հյուրանոցը

Գրավիչ զբոսաշրջային նոր հասցե՝ Գոշ գյուղում։ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի աջակցությամբ հիմնված «Արևի Գոշ» հյուրանոցը արդեն իսկ ընդունում է իր հյուրերին։

Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ հյուրանոցի բացման արարողությունը։ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը մեկնարկել է 2022թ ապրիլին և տևելու է մինչ 2029թ։ Այն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի հետ համատեղ: Նախագիծը ընդգրկում է թիրախային 16 գյուղական բնակավայրեր՝ Հայաստանի Տավուշի, Լոռու, Վայոց ձորի ու Սյունիքի մարզերից։

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի նպատակը թիրախային բնակավայրերի ֆերմերների, գյուղական բիզնեսների եկամուտների և գյուղերի բնակչության կենսապայմանների ապահովումն է՝ բնական ռեսուրսների տնտեսապես ավելի արդյունավետ ու ավելի կայուն օգտագործման և կառավարման շնորհիվ։ Այսօրինակ նախագծերը նպաստում են մարզերում տուրիզմի աշխուժացմանը ու նպաստում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը։

Գոշ այցելած զբոսաշրջիկները այսուհետ ունեն հարմարավետ վայր, որտեղ կարող են հանգստանալ ու վայելել Տավուշի բնությունն ու զբոսաշրջային վայրերը։




Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Դիլիջանի թունելով

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սևանի լեռնանցքի թունելը (Դիլիջանի թունել) բարեկարգելու համար կատարվող ուսումնասիրությունների նպատակով սույն թվականի սեպտեմբերի 4-ից մինչև սեպտեմբերի 8-ը՝ ժամը 9:00-ից 13:00 և 14:00-ից 18:00, ժամանակավորապես կդադարեցվի թունելով երթևեկությունը։

Նշված ժամանակահատվածում ճանապարհային երթևեկությունը տվյալ ուղղությամբ, երթևեկության շրջանցումն առաջարկվում է իրականացնել Հ-53, Մ4-Սեմյոնովկա-Մ4 հանրապետական նշանակության ավտոճանապարհով:




Դիլիջանի Գեղարվեստի դպրոցը ամփոփեց 2022-23 ուսումնական տարին

Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցը հուլիսի 20-ին ամփոփեց 2022-2023 ուսումնական տարին:

Դիլիջանի բացօթյա Ամֆիթատրոնում Դիլիջան և Հաղարծին բնակավայրերում գործող տարբեր տարիքային խմբերի պարարվեսի բաժնի սաները ներկայացրին 3 պարուսույցների ՝ Լիաննա Խաչատրյանի, Սևակ Էմինյանի ու Իրենա Մկրտչյանի աշխատանքները՝ ազգային, ժողովրդական ինչպես նաև ժամանակակից պարեր:
Համերգային ծրագրին ներկա էին Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, այլ պաշտոնատար անձինք, ուսումնական հաստատությունների տնօրեններ: Համերգային ծրագիրն այս տարի ևս նախատեսված էր իրականացնել առավել գունեղ ու լուսային բարձր տեխնիկական հագեցվածությամբ։ Յուրաքանչյուր պար ուներ իր բեմադրությունը, հագուստներն ու լուսային էֆեկտիվ լուծումները։

Հաշվետու համերգի ընթացքում ներկայացվեցին գեղարվեստի դպրոցի սաների քաղաքային, մարզային, հանրապետական, միջազգային մրցույթներում գրանցած հաջողությունները: Տնօրեն Հրեղեն Գասպարյանն առանձնացրեց, որ դպրոցն այս տարի կրկին արժանացել է Չեխիայի Լիդիցե 51-րդ միջազգային մրցույթի «Վարդ Մեդալին»՝ լավագույն գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ ներկայացնելու համար:

2022-2023 ուս. տարվա ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած ուսուցիչեներին և աշակերտներին հանձնվեցին շնորհակալագրեր, իսկ դպրոցի այս տարվա շրջանավարտներին հանձնվեցին ավարտական վկայականները: Դպրոցի կողմից շնորհակալագրերի արժանացան ոչ միայն լավագույն աշակերտներն ու ուսուցիչները, այլ նաև աջակից այլ կազմակերպություններ ու անհատներ։




Գրքի ընտանեկան տոնավաճառը Դիլիջանի քաղաքային զբոսայգում

Օգոստոսի 5-ից 6-ը Դիլիջանի քաղաքային զբոսայգում անցկացվեց գրքի ընտանեկան տոնավաճառ: Տոնավաճառն իրականություն է դարձել Common Ground Books and Spirits գրական-մշակութային հարթակի և Impulse Management Company ընկերության համագործակցության արդյունքում:

Փառատոնի ընթացքում եղան շնորհանդեսներ, խաղեր, հանդիպումներ՝ հրատարակիչների և հեղինակների հետ։ Նախաձեռնողները նշում են, որ նմանատիպ միջոցառումները շարունակական են լինելու:




«Dilijan Wine fest 2023-ը» միավորեց ավելի քան 40 գինեգործարանների

Օգոստոսի 5-ից 6-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Աղասի Խանջյանի ամառանոցի տարածքում անցկացվեց Dilijan Wine Fest փառատոնը։ Գինու փառատոնն արդեն երկրորդ տարին է անցկացվում Դիլիջանում՝ ընդլայնելով մասնակիցների ցանկը։ Այս տարի փառատոնի հյուրերի քանակը հասել էր մոտ 4000-ի։

Փառատոնը մեկ վայրում էր միավորել Հայաստանի շուրջ 40 գինեգործարաններ և ռեստորաններ: Հյուրերին հնարավորություն էր տրվել վայելելու գինեգործների տոնավաճառը, համտեսները, գինու նկարչությունն ու խաղողի տրոհման ավանդական արարողությունը:

Հաշվի առնելով Արցախի բարդ իրավիճակը՝ փառատոնի կազմակերպիչները որոշում են կայացրել փառատոնի ողջ հասույթը ուղղել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» սոցիալական շարժման մի քանի նախագծերի իրականացմանը։ Այդ նախագծերը առաջնային օգնություն են տրամադրելու ավելի քան վեց ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի բնակիչներին։ Այս քայլով նախաձեռնողները նպատակ ունեն հանրության ուշադրությունը հրավիրել Արցախի Հանրապետությունում տիրող հումանիտար ճգնաժամին, և, որպեսզի մարդիկ՝ Հայաստանից և այլ երկրներից, ովքեր մասնակցում են միջոցառմանը, իմանան և խոսեն ու բարձրաձայնեն Արցախի մասին: Փառատոնը կազմակերպում է TimeTo ստեղծագործական գործակալությունը՝ Impulse Management company ընկերության աջակցությամբ։




«Հայկական Կինոդարը» գալիս է Տավուշի մարզ

Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական տարեդարձին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակում Տավուշ Մեդիայի լավագույն գործընկերներից՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Հայկական Կինոդար» նախագծով գալիս է Տավուշի մարզ։

Հայաստանի ազգային կինոկենտրոնը սիրով հրավիրում է գոստոսի 6-ից 10-ը Տավուշի մարզի քաղաքային ու գյուղական բնակավայրերում դիտելու հայկական հին ու նոր գեղարվեստական, վավերագրական և անիմացիոն ֆիլմերը:

Մուտքն ազատ է․
Օգոստոսի 6, ժամը 16:00, 18:00՝ Նոյեմբերյանի քաղաքային մշակույթի տուն
Օգոստոսի 7, ժամը 17:00, 19:00՝ Բերդի մշակույթի տուն
Օգոստոսի 8, ժամը 20:00՝ Իջևանի «Շատրվանների հրապարակ» Ա․ Մելիքբեկյան փողոց՝ բացօթյա ցուցադրություն
Օգոստոսի 9, ժամը 13:00՝ Հաղարծինի մշակույթի տուն
Օգոստոսի 9, ժամը 17:00՝ Դիլիջանի N զորամաս
Օգոստոսի 10, ժամը 13:00՝ Դիլիջանի արվեստի պետական քոլեջ

Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային կինոկենտրոնը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Հայկական Կինոդար» մարզային ծրագիրը, որի նպատակն է հայկական կինոժառանգության և ժամանակակից ֆիլմերի հանրայնացումը Հայաստանի բոլոր մարզերում:




Տավուշի նկարիչների միասնական ցուցահանդեսը Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում

ՀՀ Նկարիչների միության Տավուշի մասնաճյուղը հիմնադրման 4-րդ ամյակի կապակցությամբ հունիսի 19-ին նախաձեռնել էր Տավուշի մարզի 4 համայնքների նկարիչների միասնական ցուցահանդեսը։ 

Ցուցահանդեսին ներկայացված էր Տավուշի մարզի տարածաշրջանների բոլոր անհատ ստեղծագործողների աշխատանքները։ Նկարիչների Միության Տավուշի մասնաճյուղը հիմնադրումից ի վեր բազմիցս նախաձեռնել և իրականացրել է տարբեր մրցույթներ, ցուցահանդեսներ, որոնց մասնակցություն են ունեցել Տավուշի մարզի շնորհալի ստեղծագործողները՝ տարբեր տարիքային խմբերից։ 

Ցուցահանդեսի ավարտին Սուրեն Սաֆարյանը եւ Արմինե Թումանյանը ներկայացրին Նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի նոր նախագահին՝ Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Ռոմեո Մելիքյանին։ Այնուհետեւ Նախագահ Սուրեն Սաֆարյանը շնորհակալագիր հանձնեց Արմինե Թումանյանին Տավուշի մարզում Հայաստանի նկարիչների միության մասնաճյուղը հիմնադրելու եւ այն անձնվեր ղեկավարելու համար:

 Տավուշի արվեստագետների աշխատանքները կցուցադրվեն մեկ ամիս շարունակ՝ Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում






«Մխիթար Գոշը՝ դարերի խոսուն վկան» գրքի շնորհանդեսը Գոշ գյուղում

Հուլիսի 17-ին Գոշ գյուղում տեղի ունեցավ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների կողմից, նախագծային աշխատանքի արդյունքում ստեղծված «Մխիթար Գոշը՝ դարերի խոսուն վկան» գրքի շնորհանդեսը:

Գրքում հակիրճ ամփոփված են ինչպես գյուղում պտտվող ավանդազրույցներն ու պատմությունները, այնպես էլ մեջբերումներ գիտական գրականությունից, որոնք կապված են Մխիթար Գոշի կյանքի և գյուղի ստեղծման հետ։

Գիրքը կազմելու համար աշակերտներն աշխատել են մոտ երկու տարի, իսկ հրատարակման համար երեխաների նախաձեռնությամբ իրականացվել է դրամահավաք:

Կրթական բարեփոխումների մեջ նախագծային ուսուցումը աշակերտներին հնարավորություն է տվել ստեղծագործել, լինել նախաձեռնող, աշխատել մեկ թիմում եւ իրականացնել  հետազոտություններ։






Տեղի ունեցավ Դիլիջանի կենտրոնական դպրոցի 2022-2023 ուստարվա շրջանավարտների ավարտական միջոցառում

Հուլիսի 9-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցում տեղի ունեցավ 2022-2023 շրջանավարտների ավարտական միջոցառումը: 

Ավարտական հանդիսությունը մի հարկի տակ էր կրկին հավաքել դպրոցի ներկա և նախորդ շրջանավարտների, ուսուցիչների, ծնողների, ինչպես նաև հյուրերի, ովքեր իրենց ներկայությամբ և ջերմ խոսքերով ոգևորեցին ավագ դպրոց մուտք գործելու պատրաստվող շրջանավարտներին։ 

Դիլիջանի կենտրոնական դպրոցը հանդիսանում է «Այբ» համակարգի դպրոց: «Այբ»-ն ամբողջական կրթության միջավայր է, որը համադրում է համաշխարհային կրթության առաջատար ձեռքբերումներն ու հայ դպրության լավագույն ավանդույթները:






«Նազանի» պարային համույթի ամփոփիչ համերգը Իջևանում և Դիլիջանում

«Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը». հույզեր, որ դառնում են բեմադրություններ. հետադարձ հայացք կամ համերգ-պատմություն: Հուլիսի 10-ին Իջևանում տեղի ունեցավ Դիլիջանի համայնքային կենտրոնի «Նազանի» համույթի Իջևանի մասնաճյուղի ամփոփիչ համերգը։ 

Համույթի սաները ազգային, հայկական-ժողովրդական, ինչպես նաև այլազգի բազմատեսակ պարերով զարդարեցին Իջևանի մշակույթի տունը, իսկ հուլիսի 13-ին Դիլիջանի ամֆիթատրոնը: Նազանի պարի համույթը հիմնադրվել է 2012 թվականին․ շուրջ 11 տարի է համույթն իր գործունեությունն է ծավալում Դիլիջան համայնքում, արդեն 2 տարի գործում է նաև Իջևանում: 

Երեխաները հաճախում են պարի Իջևան քաղաքից եւ հարակից գյուղերից: Համույթի ուսումնական ծրագիրը հնարավորություն է տալիս ուսման ողջ ընթացքում սովորել տարրական վարժություններ, բարդ ու ռիթմիկ պարեր:

Սաներն այս տարիների ընթացքում մասնակցել են բազմաթիվ միջոցառումների, միջազգային մրցույթ-փառատոնների եւ վերադարձել մրցանակներով: