Դիլիջան համայնքում հերթական անգամ իրականացվեց Good Deeds Day նախագիծը
«Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ-ի կողմից մայիսի 28-ին՝ առաջին հանրապետության վերակերտման օրը, Դիլիջան համայնքում իրականացվեց Good Deeds Day նախագիծը: Վերջինս համաշխարհային շարժում է և ուղղված է համայնքային «Բարի Գործեր»-ի իրագործմանը՝ կամավորների կողմից: 2017 թվականից ամեն տարի տոնը նշվում է Հայաստանում, որի պաշտոնական գործընկերը «Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ-ն է:
Այս տարի բարի գործերի հիմքում քաղաքային լճի շրջակայքի մաքրումն ու բարեկարգումն էր, և Խաղաղության մրցավազքի իրականացումը: Կենտրոնի շուրջ 35 կամավորների ջանքերով մաքրվեց և ավելի բարեկարգվեց քաղաքային լճի հարակից տարածքը, իսկ արդեն Խաղաղության մրցավազքին միացան համայնքի բնակիչներն ու հյուրերը:
3 տարիքային խմբերում հաղթող ճանաչված մասնակիցները պարգևատրվեցին քաղցր և օգտակար նվերներով: Խաղաղության մրցավազքի նպատակն է ի լուր աշխարհի բարձրաձայնել այսօր Արցախում տեղի ունեցող հումանիտար ճգնաժամի մասին և խաղաղ ապրելու ու արարելու կոչ անել պետություններին։
Հայաստանը, առավել քան որևէ պետություն, գիտի պատերազմի գինն ու հետևանքները, ուստի մրցավազքի նպատակներից մեկն էլ անտարբերության վտանգի կանխումն է՝ նոր պատերազմներ չծնելու փափագով։
Ողջ օրվա ընթացքում,Կենտրոնի գեղանկարչության խմբակի սաների աշխատանքները ցուցադրված էին Դիլիջանի քաղաքային զբոսայգում։
Կտավների ցուցադրության թեմատիկան խաղաղությունն էր։