Միասին մաքրենք մեր համայնքը. շաբաթօրյակի եռուզեռը Տավուշի մարզում

Շաբաթ առավոտը Հայաստանում մեկնարկեց ակտիվ եռուզեռով՝ մարդիկ մաքրում, կարգի են բերում շրջակա միջավայրը․ երկրի մաքրության գործին ներգրավված են բոլորը։ Առաջին հերթին մաքրվում են պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքները, կանաչ գոտիները, պուրակները, զբոսայգիները, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերն ու դրանց հարակից տարածքները:

Փոցխով, բահով, ամենակարևորը՝ սիրով, սեփականության զգացումով մարդիկ մաքրում ու բարեկարգում են այգի, բակ ու փողոց։ Շաբաթօրյակին իր մասնակցությունն էր հայտարարել նաև «Դիլիջանի զարգացման հիմնադրամը», ընդգրկելով բոլոր այն տարածքները, որտեղ իրականացվում են հիմնադրամի ծրագրերը, ինչպես նաև մի շարք այլ համայնքային տարածքներ:

Ամենուր նկատելի էր աշխատելու տրամադրությունը, նաև՝ փոխօգնության և միասնականության մթնոլորտը։ Շատերը եկել էին ընտանիքներով՝ երեխաներին վաղ հասակից սովորեցնելու, թե ինչպես պետք է սիրել ու պահել սեփական համայքը։

Այսպես, մեկ օրում իրականացված համատեղ ջանքերի արդյունքում բազմաթիվ վայրեր դարձան մաքուր և բարեկարգ, ու ևս մեկ անգամ ընդգծվեց՝ մաքուր երկիրը սկսվում է մաքուր համայնքից, իսկ մաքուր համայնքը՝ հոգատար ու սրտացավ քաղաքացիներից։




Բացվել է դրամահավաք Դիլիջանում բասկետբոլի խաղադաշտ կառուցելու համար

Դիլիջանում կա բարձրակարգ սպորտային ենթակառուցվածքների մեծ պակաս: Զբոսայգու զարգացման ծրագրի շրջանակներում և տեղի համայնքի առաջարկով նախատեսվում է կառուցել բասկետբոլի համալիր և անվտանգ խաղադաշտ։ Այն իրականացնելու համար «reArmenia» հարթակում սկսվել է դրամահավաք։ Յուրաքանչյուր նվիրատվություն ներդրում է հայկական սպորտի զարգացման գործում։

2022 թվականին «Դիլիջանի զարգացման հիմնադրամի» («Dilijan Development Foundation») նախաձեռնությամբ և Գևորգյանների ընտանիքի ֆինանսական աջակցությամբ Քաղաքային զբոսայգում բացվել է մարզման գոտի ունեցող բազմաֆունկցիոնալ խաղադաշտ։ Լավ կահավորված սպորտային գոտին մեծ տարածում է գտել տարբեր տարիքի բնակիչների շրջանում, ընձեռել է մի քանի սպորտաձևով զբաղվելու և քաղաքի բնակիչների սպորտային ժամանցի բազմազանության վրա դրական ազդեցություն թողնելու հնարավորություն: Սակայն աճող համբավը նվազեցնում է խաղադաշտի հասանելիությունը, և իրավիճակը հատկապես սուր է թիմային սպորտի շուրջ:

Ակտիվ հանգստի նկատմամբ աճող հետաքրքրությունը խթանելու համար անհրաժեշտ է ընդլայնել սպորտով զբաղվելու համար հարմար տարածքը։ Քաղաքային հանրային քննարկումների ընթացքում նախ և առաջ որոշվեց ստեղծել բասկետբոլի համալիր խաղադաշտ՝ խաղացողների տրաֆիկը բաշխելով մասնագիտացված գոտիներում։ Այն կկառուցվի սթրիթբոլի հին փողոցային խաղադաշտի տեղում: Այս տարածքը վաղուց չի օգտագործվում՝ կոտրված մակերեսները, տարրական տեխնիկայի և լուսավորության բացակայությունը այն դարձնում են սպորտով զբաղվելու համար ոչ պիտանի։

Նոր խաղադաշտը կունենա այն ամենն, ինչ անհրաժեշտ է լիարժեք խաղի համար՝ գծանշումներով ռետինե մակերես, պրոֆեսիոնալ օղակներ, ցանկապատ, լուսավորություն և շրջակա տարածքի կանաչապատում: Բասկետբոլի խաղադաշտը կարևոր քայլ կլինի մանկապատանեկան սպորտին աջակցելու համար։ Այն կբարելավի Դիլիջանի մարզական ենթակառուցվածքը, կդիվերսիֆիկացնի քաղաքացիների ժամանցը և կնպաստի առողջ ապրելակերպի մասսայականացմանը։

Բասկետբոլի նոր խաղադաշտի կառուցման համար դրամահավաքն իրականացվում է «reArmenia» հարթակում։ Ցանկացած նվիրատվություն էական ներդրում կլինի դիլիջանցիների համար սպորտային պայմանների բարելավման գործում։
Դրամահավաքի հղումը.  

Բասկետբոլի նոր խաղադաշտի կառուցումը Դիլիջանի քաղաքային զբոսայգու զարգացման ծրագրի մի մասն է։ Ամբողջական զարգացման ծրագրի մասին տեղեկություններ կարող եք ստանալ https://dilipark.am/ կայքում։