Դիտավանում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում

Մարտի 1-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Դիտավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում` ժամը 11:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Դիտավանը նոր ճանապարհ ունի

Ավարտվել է Տավուշի մարզով անցնող Տ-10-32, /Մ-4/ – Դիտավան ավտոճանապարհի կմ 0+000 – կմ 3+100 հատվածի հիմնանորոգումը. այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:

3.1կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Կապալառու կազմակերպությունը նորոգել է ճանապարհային հագուստը‚ կառուցել է իջատեղեր ու մուտքեր‚ լրացվել-հարթեցվել են կողնակները‚ նորոգվել են հենապատերը‚ կոյուղագիծը‚ ջրահեռացման համակարգը‚ տեղադրվել են անվտանգության էլեմենտներ։




Դիտավանում տեղի ունեցավ մարզահրապարակի բացման արարողություն

Այսօր Իջևան համայնքի Դիտավան բնակավայրում տեղի ունեցավ մարզահրապարակի բացման հանդիսավոր արարողություն։ Մարզահրապարակը կառուցվել է ՖԱՅԴԵՔ Արմենիա հայ-արգենտինական առողջապահական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ գյուղի վաղեմի բարեկամ և բարերար Նադյա Կասպարի աջակցությամբ։ Նախագծային աշխատանքները և մարզահրապարակի կառուցումն իրականացվել է Հայաստանի Սթրիթ Վորքաութ ֆեդերացիայի կողմից:

Մարզահրապարակի բացմանը ներկա էր Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարան։
Միջոցառման մասնակիցներին ողջունեց և կառույցի համար բարերարին շնորհակալություն հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Ողջույնի խոսք ասացին նաև Դիտավանի վարչական ղեկավար Հակոբ Սարիբեկյանը, Դիտավանի դպրոցի տնօրեն Արմեն Հախվերդյանը, ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամի տնօրեն Նարինե Հայրապետյանը, բարերար Նադյա Կասպարը։ Մարզահրապարակի բացմանն իր օրհնությունն էր բերել Տավուշի թեմի Իջևանի հովվության հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը։

Իջևան խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը շնորհակալագիր հանձնեց կառույցի հովանավոր ու բարերար Նադյա Կասպարին։

Մարզահրապարակի կառուցման հիմնական նպատակն է պարբերաբար մարզվելու միջոցով գյուղի բնակչության շրջանում խրախուսել առողջ ապրելակերպը։ Առանց տարիքային սահմանափակման՝ այստեղ կարող են անվճար մարզվել բոլոր ցանկացողները: Մարզահրապարակը ներառում է և՛ ֆիթնես մարզասարքեր, և՛ վորքաութի մարզասարքեր 6-ից մինչև 80 տարեկանների համար։

Միջոցառման ավարտին ելույթ ունեցան Հայաստանի Սթրիթ Վորքաութ ֆեդերացիայի ատլետները։




Տավուշոտ պոեզիա․ «Մասրենի»․ Համո Սահյան

Սահյանի մասրենին Հայաստանի ու հայ ժողովրդի խորհրդանիշն է։ Համո Սահյան․ «Մասրենի»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Տեսանյութում Դիտավանի չքնաղ շրջակայքն է։

ՄԱՍՐԵՆԻ

Պտուղդ քաղող չկա,

Մասրենի, սարի մասրենի,

Պատիվդ պահող չկա,

Մասրենի, բարի մասրենի։

Ասում են՝ էլ մարդ չկա,

Որ փնտրի քնքշանքդ փշոտ,

Քեզ գրկի ու տաքանա,

Մասրենի, ժայռի մասրենի։

Երեսիդ նայող չկա,

Մասրենի, վայրի մասրենի,

Կրքերիդ կրակը քեզ

Թող այդպես այրի, մասրենի…

Կանգնել ես քո բարձունքին,

Մեկուսի, մենակ, մենավոր…

Իմ երես առած դարում

Դու լքված այրի, մասրենի։




Տավուշյան էսքիզներ. Դիտավան

Այս անգամ Դիտավան բնակավայրի դիմանկարն ենք գծել՝ չքնաղ բնությամբ, լիքը կյանքով ու հողը սիրող մարդկանցով։

Շարքի հեղինակ՝ Արտյոմ Դալյան
Երաժշտությունը՝ SARERI KAMI – Ruben and Harout