5 տարի, երկու մրցույթ, ծախսված միլիարդներ և նույն տեխհսկող․ Դովեղի դպրոցի ոդիսականը

Տավուշի մարզի Դովեղ գյուղի երեխաներն այս ուսումնական տարին ևս նոր դպրոցում չեն սկսել։ Դպրոցի շինարարությունը, որը մեկնարկել էր դեռ 2020 թվականին, հինգ տարի անց էլ չի ավարտվել։ Թեև իշխանությունները պնդում են, որ շինարարությունը «ակտիվ փուլում է», այդուհանդերձ, այն ավարտին հասցնելու վերջնաժամկետը շարունակում է անորոշ մնալ։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Դովեղի դպրոցի կառուցման շուրջ հնգամյա ոդիսականը։

Դպրոցի շինարարության մեկնարկը

Ամեն ինչ սկսվել է 2020 թվականին․ գյուղի միջնակարգ դպրոցի շենքի կառուցապատումն իրականացնելու համար Քաղաքաշինության կոմիտեն բաց մրցույթ է հայտարարել, որին մասնակցել է երեք ընկերություն։

«Կանժիլստրոյ» ՍՊԸ — 743 մլն 233 հազար դրամ
«Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ — շուրջ 900 մլն դրամ
«Տ-քնսթրաքշն» ՍՊԸ — 1,1 մլրդ դրամ

Հաղթել է «Կանժիլստրոյը», որի հետ պայմանագիր է կնքվել 2020 թվականի նոյեմբերի 26-ին՝ 743 մլն դրամով։

Սակայն շինարարությունը փաստացի սկսվել է միայն երկու տարի անց՝ 2022 թվականի դեկտեմբերին։

Ինչո՞ւ է ձգձգվել դպրոցի շինարարությունը

FIP.am-ը հարցմամբ դիմել էր Քաղաքաշինության կոմիտե ու հետաքրքրվել՝ ինչո՞ւ է երկու տարի շարունակ ձգձգվել շինարարական աշխատանքների մեկնարկը։ Պարզվում է՝ մինչև գնման մրցույթը և շինարարական կազմակերպության ընտրությունը, դպրոցի տեղանքի խորքային ուսումնասիրություն չի կատարվել, առաջացել են բարդություններ, ինչի հետևանքով էլ շինարարության մեկնարկը ձգձգվել է։

«Դպրոցի կառուցման համար համայնքն առաջարկել էր տարածք՝ մասնատված մի քանի հողամասերի, սակայն հետագայում համայնքը կատարել է հողամասի սահմանների ճշտում։ Արդյունքում առաջացել է նոր սահմաններով հողամասում նախագիծը տեղակապելու անհրաժեշտություն։ Այդ նպատակով դպրոցի մասնաշենքերի ու մարզադաշտի դիրքերը փոխվել են։ Հատկացված հողատարածքում դպրոցի կառուցման համար պարտադիր է եղել մեծ բարձրությամբ հենապատի կառուցումը», — որպես բացատրություն ներկայացրել են Քաղաքաշինության կոմիտեից։

Հետաքրքրվել էինք՝ արդյոք դա նշանակում է, որ ռելիեֆի և հողային պայմանների ճիշտ գնահատում չի արվել մինչև գնման մրցույթի հայտարարումը, ինչի արդյունքում պետբյուջեից հավելյալ գումարներ են հատկացվել շինաշխատանքների համար։

Ի պատասխան՝ Քաղշինից տեղեկացրել են, որ համայնքի հատկացրած հողատարածքը միակ տարբերակն է եղել և այդ տարածքին այլընտրանք գյուղում չի եղել։ Սկզբնական նախագիծը ավելի ուշ փոփոխության է ենթարկվել և օրինակ՝ 7 մ բարձրությամբ հենապատը փոխարինվել է մինչև 12 մ բարձրությամբ երկաթբետոնե հենապատով, արդյունքում պայմանագրով սահմանված սկզբնական արժեքը 2023 թվականի նոյեմբերին կնքված համաձայնագրով 400 մլն դրամով ավելացվել է։

Այսպիսով, դպրոցի շինարարության մասին պայմանագրի կնքումից հետո փոխվում են մարզադաշտի և մասնաշենքերի դիրքերը, առաջանում է մեծ բարձրությամբ հենապատ կառուցելու անհրաժեշտություն։ Նախագծի փոփոխությունները և փաստաթղթավորումը ձգձգվում է․ միայն 2022 թվականի դեկտեմբերի 22-ին է տրվել շինթույլտվությունը։

Արդյունքում, սկզբնական շրջանում 743 մլն դրամ գնահատված դպրոցաշինության ծրագրի արժեքը դառնում է 1․2 մլրդ դրամ։ 

Խախտումներ շինարարությունում, գործը հասնում է դատարան

«Կանժիլստրոյի» հետ Քաղաքաշինության կոմիտեն կապերը խզել է 2025 թվականի փետրվարի 14-ին՝ միակողմանի լուծելով պայմանագիրը։ Քաղշինից ասում են՝ «Կանժիլստրոյը» շինարարական աշխատանքները կատարել է ժամկետների խախտումներով և որակի շեղումներով։ Բացի այդ, չի ներկայացրել պայմանագրով պահանջված փաստաթղթերը։

Պայմանագիրը միակողմանի խզելուց հետո, ընկերությունը դիմել է դատարան, շինարարությունը որոշ ժամանակով կանգ է առել, սակայն ապրիլին դատարանը մերժել է նրա պահանջը։ Մինչ այդ կատարված աշխատանքների համար «Կանժիլստրոյին» վճարվել էր շուրջ 266 մլն դրամ։

Fip.am-ի հարցմանն ի պատասխան Քաղաքաշինության կոմիտեից տեղեկացրել են, որ խախտումների համար «Կանժիլստրոյ» ընկերությունից գանձվել են տույժեր՝ ընդհանուր 244 հազար դրամ, ինչպես նաև պայմանագիրը միակողմանի լուծելու արդյունքում գանձվել է պայմանագրի ու որակավորման ապահովման գումար՝ ընդհանուր 122 մլն դրամ։

Նոր մրցույթ, նոր կապալառու

«Կանժիլստրոյի» հետ անհաջող համագործակցությունից հետո դպրոցի կառուցումը շարունակելու համար այս տարվա մայիսին երկու անգամ հրատապ բաց մրցույթներ են հայտարարվել, որոնք սակայն չեն կայացել՝ մասնակից չի եղել։ Հունիսին արդեն ստիպված առանց մրցույթի մեկ անձից գնման միջոցով պայմանագիր են կնքել նոր կապալառուի հետ։

Նոր կապալառուն «Պրոմ Գրուպ» ՍՊ ընկերությունն է, որը, ըստ պայմանագրի, պարտավորվում է կատարել Դովեղի դպրոցի շինարարության մնացորդային աշխատանքները։ Գնման հրավերով այդ աշխատանքների իրականացման համար սահմանված գինը կազմել է 1 մլրդ 55 մլն դրամ, սակայն կազմակերպությունն առաջարկել է 985 մլն դրամ, և պայմանագիրը կնքվել է կապալառուի առաջարկած գումարով։

Աշխատանքներն ավարտելու համար այս կազմակերպությանը տրվել է 365 օրացուցային օր ժամանակ։

«2020 թվականից կնքված պայմանագրով նախատեսված Դովեղի դպրոցի կառուցման ծրագիրը վերջապես ավարտին կհասնի։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանձնարարել է շինարարական աշխատանքները կատարել արագ տեմպով ու պատշաճ որակով, դպրոցի շենքի և հենապատի կառուցումն իրականացնել զուգահեռաբար՝ կանխելով առաջացած ռիսկերը»,- հուլիսի 4-ին տարածած հաղորդագրության մեջ նշել են Կոմիտեից։

Տեխնիկական հսկողության խնդիրը կամ նոր շինարարություն՝ հին տեխհսկողով

Շինարարության նկատմամբ տեխնիկական հսկողությունը շարունակում է իրականացնել «Միքնար» ՍՊ ընկերությունը, որը դեռ առաջին փուլում էր պատասխանատու շինարարության որակի համար։

Ընկերության պարտականությունն է շինարարական մատյանում գրանցել շինարարական բոլոր փուլերը և ապահովել որակի վերահսկողությունը։

Սակայն Fip.am-ը շինհրապարակում չի տեսել տեխհսկողություն իրականացնող ընկերության ներկայացուցչի, ինչպես նաև չի ունեցել հասանելիություն նախորդ կապալառուի մասնակցությամբ շինարարական աշխատանքների վարման մատյանին, իսկ Քաղշինը մեր հարցմանն ի պատասխան, մերժել է մատյանի պատճեն տրամադրել՝ պատճառաբանելով, որ այն մնացել է նախկին կապալառուի մոտ՝ «պայմանավորված պայմանագրի միակողմանի խզմամբ և շինարարական աշխատանքների անավարտությամբ»։

Նկատենք՝ նոր կապալառուն սկսել է շինարարական աշխատանքը, սակայն նոր շինարարական աշխատանքների վարման մատյան շինհրապարակում չկար, ինչը պահանջվում է իրավական ակտերով։

Հետաքրքրվել էինք, թե ինչպե՞ս է ստացվել, որ նոր կապալառուի հետ կնքված պայմանագրից հետո ևս տեխհսկող է շարունակում մնալ «Միքնար» ՍՊԸ-ն և ինչո՞ւ նոր մրցույթ չի հայտարարվել, և վերջապես պատասխանատվության ի՞նչ միջոցներ են կիրառվել նախորդ մրցույթի հաղթողի կողմից փաստացի չիրականացված աշխատանքները հսկելու ծառայության համար։

Քաղաքաշինության կոմիտեի պատասխանից պարզվում է, որ չնայած բացթողումներին՝ «Միքնարին» միայն բանավոր նախազգուշացում է տրվել՝ «պարտավորությունները լիարժեք կատարելու պահանջով»։ Պետական մարմինը բացատրում է, որ շինարարության վերսկսումը չհետաձգելու համար անհրաժեշտ էր շարունակել աշխատել նույն տեխհսկողի հետ։

Այդուհանդերձ, այս դպրոցի շինարարության ընթացքի հետ կապված մի քանի հարց բաց է մնում՝ եթե երկու անգամ ժամանակ կար մրցույթ հայտարարելու, նոր կապալառու գտնելու համար, ապա ինչո՞ւ չկար ժամանակ նոր տեխհսկող գտնելու, ինչպե՞ս է հնարավոր մատյանի բացակայություն շինարարության ընթացքում, ինչո՞ւ է հին պայմանագիրը դեռ ուժի մեջ, եթե Քաղաքաշինության կոմիտեի նախագահի նոր հրամանով հսկողը պարտավոր է լինել շինհրապարակում։

«Միքնարի» կապը նախկին նախարարի հետ

Այս ընկերության գործունեությանը «Փաստերի ստուգման հարթակն» ավելի վաղ այլ առիթով անդրադարձել է․ պարզել էինք, որ այն սերտ կապ ունի Ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանի հետ։ Շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայություններ մատուցող «Միքնար» ընկերությունը սկզբում գրանցված է եղել Փառանձեմ Նազինյանի անունով։ Վերջինը Իջևանի ավագանու ՔՊ-ական անդամ Խաչատուր Համզյանի կինն է։ Համզյանը և նախկին ոստիկանապետ, ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանի կինը ազգականներ են (Խաչատուր Համզյանի մայրը Վահե Ղազարյանի կնոջ՝ Լուսինե Մելիքսեթյանի հորաքույրն է-խմբ․)։

Վիճակագրությունը ցույց է տվել, որ այս ընկերության գործերը կտրուկ լավացել են հենց Ղազարյանի նշանակվելուց հետո։

Այսպիսով, Դովեղի դպրոցի շինարարությունը մեկնարկել է դեռ 2020 թվականին։ 5 տարվա ընթացքում ծրագրի արժեքը շուրջ 26 տոկոսով աճել է, առաջին կապալառուի հետ պայմանագիրը լուծվել է խախտումների պատճառով, իսկ երեխաները շարունակում են սովորել հին շենքում։

Թեպետ նոր կապալառուն խոստացել է շինաշխատանքներն ավարտել մեկ տարվա ընթացքում, այդուհանդերձ վերահսկողությունը կրկին վստահված է մի ընկերության, որը նախկինում աչք է փակել թույլ տրված խախտումների վրա։

Հասմիկ Համբարձումյան

Նյութի աղբյուր` Փաստերի ստուգման հարթակ




Դովեղի դպրոցի կասեցված շինարարությունը վերսկսվում է

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Դովեղ գյուղի դպրոցի կասեցված շինարարությունը վերսկսվում է։ 2020 թվականից կնքված պայմանագրով նախատեսված Դովեղի դպրոցի կառուցման ծրագիրը վերջապես ավարտին կհասնի. Քաղաքաշինության կոմիտեն ներգրավել է նոր կապալառու։

Ընդհատված ծրագիրը շարունակելու համար Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, պատասխանատու ստորաբաժանման մասնագետները, տեղական ինքնակառավարման մարմինների, նախագծողների ու տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների և նոր կապալառու ընկերության ներկայացուցիչներն ու ինժեներական անձնակազմը շրջայց են կատարել Տավուշի մարզի Դովեղի դպրոցի շինարարության հրապարակում, տեղում հստակեցրել նախատեսվող աշխատանքների հետ կապված բոլոր հարցերը։

Կոմիտեի նախագահը հանձնարարել է շինարարական աշխատանքները կատարել արագ տեմպով ու պատշաճ որակով, դպրոցի շենքի և հենապատի կառուցումն իրականացնել զուգահեռաբար՝ կանխելով առաջած ռիսկերը։ Տեղական ինքնակառավարման մարմինների հետ քննարկվել է վնասված ճանապարհի վերականգնումը ևս առաջիկայում նախատեսվող շինարարական աշխատանքներում ներառելու հնարավորությունը։

Դովեղի դպրոցի շինարարության համար պատասխանատու նախկին կապալառուն աշխատանքներն իրականացրել էր ժամկետների կոպիտ խախտումներով և նախագծից ու պահանջվող որակից շեղումներով, ինչը փաստագրվել է մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Արդյունքում կոմիտեն, հաշվի առնելով նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի միջնորդագիրը՝ Վայոց ձորի մարզի Չիվայի դպրոցի շինարարական աշխատանքների ստուգման արդյունքում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու կազմակերպության լիցենզիայի կասեցման վերաբերյալ, միակողմանի լուծել էր կնքված պայմանագիրը։ Նախկին կապալառուի հետ կնքված պայմանագրի լուծումն ընկերությունը բողոքարկել էր դատական կարգով։ Դատարանը մերժել է Քաղաքաշինության կոմիտեի դեմ ուղղված պահանջները՝ հօգուտ կոմիտեի կայացնելով վճիռ։

 

 

 

 

 

 

 

Կարդացեք նաև՝

Դովեղն ահազանգում է

Սահմանամերձ Դովեղի բնակիչ, լրագրող Թաթուլ Հակոբյանի ահազանգը




Դովեղում գործարկվելու է էլեկտրական շչակ․ իրազեկում

Հունիսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դովեղ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։




Դովեղն ահազանգում է

Սահմանամերձ Դովեղ գյուղի միջնակարգ դպրոցը դեռևս գտնվում է հիմնանորոգման փուլում, իսկ շինարարական աշխատանքները հետաձգվում են։ Նախատեսված էր, որ նոր դպրոցը շահագործման պետք է հանձնվի 2024 թվականի դեկտեմբերին, սակայն ներկայիս վիճակը մտահոգում է համայնքի բնակիչներին։

Ստեղծված իրավիճակում ահազանգում է Դովեղի միջնակարգ դպրոցը․
«Ահա մեր դպրոցի նոր կառուցվող շենքի վիճակը, այս ամենն արդյունք է շինարարի «բարեխիղճ» վերաբերմունքի և հետևողականության։ Շենքը պետք է պատրաստ լիներ 2024 թվականի դեկտեմբերի 27-ին։ Նույնիսկ նկարելու պահին ճանապարհի այս հատվածը նորից փլուզվեց, որին նպաստում են ամենօրյա անձրևները։ Այսքան ապրանքները` արդեն ոչ պիտանի շինարարական աշխատանքի համար, դարձել են շինարարական աղբ։

Հուսանք, գուցե, մի օր այս ամենը հուշ կդառնա և մեր աշակերտները դպրոց կգնան նոր ու հարմարավետ դպրոցում, նրանք ևս ունեն այդ իրավունքը»,- նշված է դպրոցի հայտարարության մեջ։

Կարդացեք նաև՝




Դովեղում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում

Օգոստոսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դովեղ բնակավայրում անց է կացվելու ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Դովեղում փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորից

Մարտի 11-ին, ժամը 13:12-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դովեղ գյուղում քաղաքացին ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ձորից (մոտ 30 մ) դուրս են բերել Մ․ Փ․-ին (ծնված 1953 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




Տավուշի սահմանամերձ բնակավայրերի խնդիրները․ Դովեղ

Տավուշի մարզի Դովեղ գյուղը շուրջ 15 կմ երկարությամբ սահմանակից է Ադրբեջանին։ Սահմանամերձ Դովեղը Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ամենահին բնակավայրերից մեկն է, կարելի ասել, որ դովեղցիները ապրում են  հակառակորդի դիտակետում։

Չնայած մի շարք խնդիրների, այնուամենայնիվ, դովեղեցիները աշխատում են չհեռանալ հարազատ գյուղից և փորձում են այնպես անել, որ այլ վայրերից գան և վայելեն Դովեղի բնությունը, այցելեն հնադարյան եկեղեցիներն ու ծանոթանան իրենց գյուղի հարուստ պատմությանը։

Նոր դպրոցի կառուցումը Դովեղում բնակիչների համար կարևոր իրադարձություն է , այն առավել անվտանգ տեղանքում է  և ապահովված է  թաքստոցներով :
Գյուղի փոքրաքանակ  երիտասարդները ջանք չեն խնայում լինել ակտիվ և հանրության ուշադրությունը գրավել դեպի իրենց հարազատ Դովեղը:




«Իմ բնաշխարհի գույները»․ ցուցահանդես Նոյեմբերյանում

Նոյեմբերի 22-ին Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Դովեղ գյուղից գեղանկարիչ Հրանտ Կիրակոսյանի «Իմ բնաշխարհի գույները» խորագրով անհատական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին ներկայացված էին գեղանկարչի վերջին 6 տարիների աշխատանքերը, որոնք արտացոլում էին Նոյեմբերյանի բնաշխարհը։
Ցուցահանդեսի ընթացքում Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը բարձր գնահատեց նկարչի վաստակը և հանձնեց պատվոգիր` արդի հայ մշակույթին մատուցած ծառայությունների և իր ստեղծագործություններում հայրենի բնաշխարհը լավագույնս ներկայացնելու համար:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև դեկտեմբերի 15-ը:

Հեղինակ՝ Հրանուշ Անանյան։




Կայացել է Դովեղ գյուղի այգու բացման արարողությունը

Նոյեմբերի 29-ին կայացավ «Դովեղ» բարեգործական հիմնադրամի կողմից բարեկարգված ու նորոգված Դովեղ գյուղի այգու բացման արարողությունը։

Հիմնադրամի տնօրենի խոսքով՝ այգու բարեկարգումը «Դովեղ» հիմնադրամի եռամյա ծրագրի ամփոփիչ կետն էր։ «Դովեղ» հիմնադրամի նպատակը գյուղում բնակեցման և վերաբնակեցման խրախուսումն է։ 

Մանրամասները՝ Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանի ռեպորտաժում: