Տավուշի մարզում 5 կրթահամալիր ու 8 դպրոց կկառուցվի

ՀՀ կառավարության որոշմամբ 224 մլն 100 հազար դրամ գումար կուղղվի Տավուշի ու Վայոց ձորի մարզերում 23 ուսումնական հաստատության՝ 9 կրթահամալիրի ստեղծման և 14 դպրոցի կառուցման, ինչպես նաև Սյունիքի մարզի քաղաքային բնակավայրերում դպրոցների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը նշում է, որ հաշվի առնելով մի շարք գործոններ՝ դպրոցական և նախադպրոցական շենքերի առկայություն, սովորողների քանակ և այլն, ընտրվել են մի շարք բնակավայրեր, որտեղ կձևավորվեն կրթահամալիրներ: Տավուշի մարզում կրթահամալիրների ստեղծման համար ընտրվել են հետևյալ 5 բնակավայրերը՝ Լուսաձոր, Պտղավան, Աղավնավանք, Նորաշեն ու Ոսկևան:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում որոշվել է այն բնակավայրերի համար, որոնց դպրոցների աշակերտական համակազմը մեծ է, կառուցել դպրոցների նոր շենքեր։ Տավուշի մարզում այդ դպրոցներն են՝ Այրումի Հ.Մալինյանի անվան միջնակարգ դպրոցը, Կոթիի միջնակարգ դպրոցը, Բագրատաշենի Մ․ Մագուլյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, Արծվաբերդի թիվ 1 միջնակարգ դպրոցը, Այգեձորի միջնակարգ դպրոցը, Նոյեմբերյանի թիվ 1 ավագ դպրոցը (կկառուցվի միջնակարգ դպրոց), Կողբի Ջ.Կարախանյանի անվ. թիվ 1 միջնակարգ դպրոցը ու Սևքարի միջնակարգ դպրոցը:

Ժամանակային ու ֆինանսական ռեսուրսները խնայելով՝ նախագծանախահաշվային փաստաթղթերը ձեռք կբերվեն առկա նախագծերի տեղակապման միջոցով, բացառությամբ Նոյեմբերյանի թիվ 1 դպրոցի, որտեղ անհրաժեշտ է անհատական նախագիծ, – հավելեց նախարարը։




Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղադրվել է անվանի մանկավարժ Բագրատ Սահակյանի կիսանդրին

Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղադրվել է անվանի մանկավարժ Բագրատ Սահակյանի կիսանդրին Կողբի Բագրատ Սահակյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում վերջերս տեղադրվել է անվանի մանկավարժ, վաստակաշատ ուսուցիչ Բագրատ Սահակյանի կիսանդրին:

Մայիսի 12-ին հանդիսավորությամբ կայացավ կիսանդրու բացման արարողությունը: Կիսանդրու տեղադրումը Սահակյանների ընտանիքի ու դպրոցի համատեղ նախաձեռնությամբ է կյանքի կոչվել: Հանդիսավոր միջոցառմանը դպորցի ուսուցչական և աշակերտական կազմը ներկայացրեց Բագրատ Սահակյանի կյանքը, նրա անցած ճանապարհը:

Ներկայացվեց նաև նրա զավակների կյանքը, ովքեր այսօր հանրապետության լավագույն և օրինակելի մասնագետներն են: Արարողությանը ներկա էին Բագրատ Սահակյանի ժամանակակից գործընկերները, ովքեր պատմեցին ուսուցչի մարդկային բարձր որակերի մասին: Բագրատ Սահակյանը ավելի քան 50 տարի աշխատել է Կողբի թիվ մեկ և թիվ երկու դպրոցներում:

«Մեր ազգաբնակչությունը պիտի կպած մնան մեր սահմանին, որպեսզի հարատևի հայալեզու տարրը այս հողի վրա», – նշում է Բագրատ Սահակյանի որդին՝ ՀՀ գլխավոր միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը: Միջոցառումը ուղեկցվեց ազգային, հայրենասիրական երգ ու պարով, որոնք պատրաստել էին դպրոցի սաները:

Կողբի Բագրատ Սահակյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը այս տարի կտոնի հիմնադրման 50-ամյակը: Այսօր դպրոցը հանրապետության լավագույն դպրոցների շարքին է դասվում, աշակերտները մշտապես մասնակցում են օլիմպիադաների և վերադառնում հաղթանակներով: Դպրոցի տնօրենը վստահեցնում է, որ Կողբի թիվ երկրոդ դպրոցը աժանապատվորեն կկրի Բագրատ Սահակյանի անունը:




Փրկարարական աշխատանքներ՝  Ջուջևանի միջնակարգ դպրոցում (ֆոտոշարք)

Տավուշի մարզի Ջուջևանի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ուսումնական վարժանք՝ «Հրդեհաշիջումը և փրկարարական աշխատանքների կատարումը ուսումնական հաստատությունում» թեմայով,  որն իրականացրեց ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության  Տավուշի մարզային փրկարարական վարչության Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատի թիվ 1 անձնակազմը՝ ջոկատի հրամանատարի տեղակալ, փրկարարական ծառայության  փոխգնդապետ Հայկ Ազատյանի հրամանատարությամբ: Վարժանքի ընթացքում  սովորողները փրկարարների հետ միասին կատարեցին շենքից  անձնակազմի տարհանում, «պայմանական վիրավորներիների»  դուրսբերում  և հրդեհաշիջման աշխատանքներ:

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի




Բնագիտական առարկաների նոր լաբորատորիաներ Տավուշի մարզի դպրոցներում

Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի քիմիայի լաբարատորիան համալրվել է նոր սարքավորումներով ու նյութերով: Ինչպես աշակերտներն են փաստում դասապրոցեսը դարձել է ավելի հետաքրքիր ու պատկերավոր, նրանց համար ստեղծվել է տեսությունը գիտափորձի վերածելու բոլոր անհրաժեշտ պայմաննումերը:




Չորաթանի դպրոցը գազիֆիկացվել է, կառուցվել է ջեռուցման համակարգ

Առաջին ձմեռն է, որ Չորաթան գյուղի դպրոցն անցկացնում է գազիֆիկացված և ջեռուցված: Թեև կապույտ վառելիքը գյուղ վաղուց է մտել, բայց, ինչպես ասում են, անցել է դպրոցի կողքով՝ դեռ խորհրդային տարիներից: Մի քանի ամիս առաջ կրթօջախին ձեռք մեկնեցին Հայ օգնության ֆոնդը և ամերիկյան «Փարոս» հիմնադրամը՝ Տավուշի մարզպետարանի աջակցությամբ: Անցկացվել է դպրոցը սնուցող գազատար խողովակ և կառուցվել կենտրոնացված ջեռուցման համակարգ:

Վազգեն Զարգարյան (Բերդ համայնքի Չորաթան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն) – Շատ մեծ ձեռքբերում է մեր դպրոցի համար, մեզ աջակցություն ցուցաբերեց մարզպետարանը, իսկ ֆինանսական ներդրումը՝ մոտ 6 մլն դրամի չափով, կատարվել է «Փարոս» հիմնադրամի կողմից 350 մ առանձին գազագծի անցկացման համար, որի արդյունքում ունենք նաև գազով ապահովված խոհանոց, Հայ օգնության ֆոնդի մոտ 10 մլն դրամի ներդրման արդյունքում դպրոցն ունեցավ ջեռուցման համակարգ:

55 տարի առաջ կառուցված շենքը տաքացվում էր փայտի վառարաններով, 11-րդ դասարանցի Մանյան ուսման 10 ձմեռները այսպես է հիշում:

Մանյա Ասատրյան (Չորաթան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտ) – Տաքություն կար, բայց ծուխ էր, տհաճ էր դասասենյակում նստելը, 45 րոպե ֆիզիկապես էլ ա անհնար էդ ծխի մեջ անցկացնելը, բայց հիմա հաճելի ա:

Նախորդ պայմանների հետ համեմատելի չեն, ասում են ուսուցիչները:

Պայծառ Ուդումյան (Չորաթան գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ) – Առաջին՝ այս դասարանում վառարան չի վառվել, լավ է պահպանվել, ավելի բարվոք պայմաններում են սովորում մեր երեխաները, և հաճելի մտնել այսպիսի դասասենյակներ:

Լավ պահպանված դասասենյակներ էլի կան, իսկ մի քանիսը, որտեղ վառարան է եղել, մասնակի նորոգել են, ասում է տնօրենը: Դպրոցի խոհանոցում էլ է շատ բան փոխվել, ամենափոքրերի համար «Դպրոցական սնունդը» հասցնում են արագ և դյուրին:

Նաիրա Քալանթարյան (խոհարար) – 12 տարի ա՝ աշխատում եմ, վառարան էր, դժվար պայմաններում աշխատել ենք, հիմա հասել ենք էս բարեկարգ վիճակին:

100 աշակերտ ունեցող դպրոցն իր առաջնային խնդրին հրաժեշտ է տվել՝ ապագայի նոր ծրագրերով:




Մեկնարկեց դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը մաթեմատիկա առարկայից

Տավուշի մարզկենտրոն Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում այսօր մեկնարկեց դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը մաթեմատիկա առարկայից։

Մարզային փուլին նախորդել է դպրոցական փուլը, որին մասնակցել է 5-12-րդ դասարանների 1619 աշակերտ։ Նրանցից մարզային փուլին մասնակցելու իրավունք է նվաճել անցումային փուլը հաղթահարած 19 աշակերտ։

Տեղեկացնենք, որ օլիմպիադայի բոլոր փուլերի տարբերակները ըստ խմբերի կազմում է հանրապետական առարկայական հանձնաժողովը։
Համաձայն հանրապետական կազմկոմիտեի որոշման՝ մարզային փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները կմասնակցեն օլիմպիադայի հանրապետական փուլին։




«ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագրի շրջանակում Տավուշի մարզի դպրոցները ստացել են լաբորատոր սարքավորումներ և գույք

Եվրոմիությունը հանուն նորարարության դրամաշնորհային ծրագիրը ամփոփվել է։ Այն մեկնարկել էր 2020 թ. հոկտեմբերի 30-ին: Ծրագրի նպատակն էր բարձրացնել Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) կարողությունները, բարելավել բնագիտական առարկաների ուսումնառության միջավայրը:

Ծրագիրն ունի երկու հիմնական բաղադրիչ՝ «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի զարգացում` կարգավորելով հանրակրթության որակի վրա ազդող մեխանիզմները», «Բնագիտական առարկաների ուսումնառության միջավայրի բարելավում՝ գույքի և սարքավորումների ձեռքբերման միջոցով»:

«Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի զարգացում` կարգավորելով հանրակրթության որակի վրա ազդող մեխանիզմները» բաղադրիչի հիմնական նպատակը ԿԶՆԱԿ-ին տեխնիկական աջակցության տրամադրումն է՝ նպաստելով կառույցի կարողությունների զարգացմանը: Տրամադրվող աջակցությունը ընդգրկում է հանրակրթության ոլորտի հիմնական ուղղությունները՝ ուսուցիչների մասնագիտական զարգացումը, որը ներառում է ուսուցիչների վերապատրաստումը և ատեստավորումը, դպրոցներում ուսումնական գործընթացների կառավարումը և գնահատումը, ուսումնական ծրագրերի, նյութերի մշակման և փորձաքննության մեթոդաբանությունը, համապատասխան ուղեցույցների ստեղծումը։ ԿԶՆԱԿ-ի աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ծրագրի շրջանակում կազմակերպությանը տրամադրվել է 50 դյուրակիր համակարգիչ:

«Բնագիտական առարկաների ուսումնառության միջավայրի բարելավում՝ գույքի և սարքավորումների ձեռքբերման միջոցով» բաղադրիչի նպատակն է բարելավել բնագիտական առարկաների ուսումնառության միջավայրը Տավուշի մարզի դպրոցներում` տրամադրելով քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի, աշխարհագրության և ՏՀՏ լաբորատոր սարքավորումներ և գույք: Բաղադրիչի շրջանակում Տավուշի 76 հանրակրթական դպրոցներ ստացել են բնագիտական և ՏՀՏ լաբորատոր սարքավորումներ և գույք:




Եկեք սիրենք ու սովորենք երաժշտության մեր արվեստը․ Իջևանի երաժշտական միջնակարգ դպրոցի հաշվետու միջոցառումը

Հունիսի 7-ին տեղի ունեցավ Իջևանի երաժշտական միջնակարգ դպրոցի 2021-2022 ուսումնական տարվա հաշվետու համերգ-միջոցառումը։

Միջոցառման ընթացքում հնչեց ազգային, ժողովրդական, հայրենասիրական երգ ու երաժշտություն՝ աշակերտների և ուսուցիչների կատարմամբ։

Երաժշտական մանրամասները ներկայացնում է մեր Տավուշյան Ռեպորտաժ-ը։