Նոր ընդունելություն Ուսանողի Տանը

Ուսանողի Տունը հայտարարում է նոր ընդունելություն։ Կեցության և կրթության հնարավորությունն այժմ բաց է նաև մարզաբնակ ուսանողների համար։
Դարձի՛ր Ուսանողի Տան անդամ, եթե`
1․ Մարզեցի ես (Երևանից 60կմ և ավելի հեռավորության վրա)
2․ Սովորում ես Երևանի որևէ բուհի 1-ին և 2-րդ կուրսում
3․ Ցանկանում ես ունենալ հնարավորություն բնակությանը զուգահեռ կրթվել
4․ Դառնալ համայնքային առաջնորդ։

Ուսանողի Տունը տեխնիկապես հագեցած, հարմարավետ կեցության վայր է, որտեղ ներդրված կրթական ծրագիրը օգնում է անդամներին համալսարանին զուգահեռ ստանալ հմտություններ, գիտելիքներ, կիրառել ստացածը նախագծերում, բացահայտել սեփական ուժեղ կողմերը։
Շտապի՛ր միանալ «Ուսանողի Տուն» մեծ ընտանիքին, մասնակցելով ընդունելության առաջին փուլին։




Իջևանի «Իրական դպրոցն» ամփոփում է գործունեության մեկ տարին՝ արդեն ունենալով պետական հավատարմագրում

Իջևանում գործող «Իրական դպրոց» կրթական կառույցn ամփոփում է գործունեության մեկ տարին։ Ունենալով հագեցած մեկ ուսումնական տարի` մայիսի 13-ին «Իրական դպրոցում» հայտարարված էր բաց դռների օր՝ սովորողների ծնողներին, համայնքի բնակիչներին  ներկայացնելու անցող տարվա կատարած աշխատանքները, ունեցած հաջողություններն ու ձեռքբերումները։ Բաց դռների օրը հատուկ էր դպրոցի համար, քանի որ կառույցը ԿԳՄՍ նախարարության կողմից ստացել էր պետական հավատարմագրում՝ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնելու համար։ Իրական դպրոցն ունի Հայաստանի ուսումնական այլ հաստատություններից՝ հանրակրթական դպրոցներից ու քոլեջներից բավական տարբերվող ծրագրեր և մոտեցումներ: Այստեղ շեշտը դրվում է փորձառական ուսուցման վրա, ստացած գիտելիքը ամրապնդվում է փորձով, իրական նախագծի վրա աշխատանքով, ինչը հնարավորություն է տալիս գիտելիքը վերածել մնայուն արժեքի:

Դպրոցում կարևորվում է բազմակողմանի զարգացումը, ուսանողի՝ որպես անհատի կայացումը, ազգային մշակույթին հաղորդակից լինելը, ռազմական գիտելիքները, ֆիզիկական պատրաստականությունը, քաղաքացիական գիտակցությունը։ Հանդիպման մասնակիցները նաև ծանոթացան դպրոցի գաղափարներին և ընդունելության ընթացակարգին։

Իջևանի «Իրական դպրոց» կարող են հաճախել 9-րդ դասարանն ավարտած աշակերտները։ Ընդունելությունը կսկսվի մայիս ամսից։

Դպրոցն ավարտելիս ուսանողները ստանալու են համակարգաբանի որակավորում տնտեսական, քաղիրավական կամ կրթամշակութային ոլորտում: Որակավորման ոլորտը կախված է լինելու ուսանողի կատարած գիտահետազոտական աշխատանքների բնույթից։