Ընթանում է Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության կազմավորման գործընթացը

Ընթանում է Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության կազմավորման գործընթացը

Տավուշի գեղատեսիլ բնությունը Հայաստանի այցեքարտերից մեկն է, նաև այն կենդանի էկոհամակարգը, որ կարիքն ունի յուրաքանչյուրիս հոգտարության և պահանջում է մշտական պահպանություն և հսկողություն։ Բնության պահպանությունը, շրջակա միջավայրի նկատմամբ իրավախախտումների կանխարգելումը և հսկողության իրականացումը մեր երկրում վստահված է Էկոպարեկային ծառայությանը։ Էկոպարեկային ծառայությունը կարևոր դեր ունի բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգերի բնականոն զարգացման ապահովման գործում՝ կանխելով կամ մեղմելով մարդածին բացասական ազդեցությունները։

«Էկոպարեկային ծառայության խնդիրներն են պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ապահովումը, օրենսդրությամբ նախատեսված իրավասության շրջանակներում իրավախախտումների կանխում-կանխարգելում,  բացահայտումը, այդ տարածքներում պահպանության կանոնների նկատմամբ հսկողության ապահովումը, հակահրդեհային կանոնների հսկողության իրականացումը»,- նշում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը։

2025 թվականի նոյեմբերից մեկնարկել է Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության թափուր պաշտոնների համալրման մրցութային գործընթացը։ Նպատակն է ներգրավել պատրաստված, պատասխանատու և բնապահպանական առաքելությանը նվիրված քաղաքացիների։ Մրցութային գործընթացը բաղկացած է երեք փուլից՝ ֆիզիկական պատրաստվածության վիճակի գնահատում, գրավոր թեստավորում և հարցազրույց։ Տավուշի մարզային վարչությունը լինելու է հանրապետության ամենախոշոր ստորաբաժանումը՝ հաշվի առնելով մարզի մեծ անտառածածկույթը և բարդ ռելիեֆը։

«էկոպարեկային ծառայության հաստիքներն են 1176, կենտրոնական ապարատը՝ 110, իսկ մարզային ստորաբաժանումներում՝ 1066։ Տավուշի մարզային վարչությունն առանձնանում է իր բարդ ռելեֆային և հաստիքների թվաքանակով, նշեմ, որ այս պահի դրությամբ Տավուշի մարզային վարչության հաստիքներն են 253, մարզային վարչությունն ունի 5 տեղամաս։ Այս պահին ընթանում են Տավուշի մարզային վարչության համալրման աշխատանքները, դեռևս 2025 թվականի նոյեմբերի 4-ից մեկնարկել ենք, Տավուշի մարզային վարչության համալրման աշխատանքները, հայտարարվել է շուրջ 242 մրցույթ, այս պահին ունենք 82 նշանակում, համալրման գործընթացը շարունակական բնույթ է կրում»,-Տավուշ Մեդիայի հետ զրույցում հավելեց ՀՀ ՇՄՆ Էկոպարեկային ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը։

Միանալով ծառայությանը միանում եք շրջակա միջավայրի պահպանությանը՝ հանուն ներկա և ապագա սերունդների։




Էկոպարեկային ծառայությունն անտառհատման հերթական ապօրինի դեպքն է բացահայտել

Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունն անտառհատման հերթական ապօրինի դեպքն է բացահայտել

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության և ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողներն ստացված օպերատիվ տեղեկատվության հիման վրա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Աչաջրի անտառպետության առաջին և երկրորդ պահաբաժիններում հայտնաբերել են մեծ թվով հատված հացենի և այլ տեսակի ծառեր, հատված ծառերի կոճղեր, այնուհետև Աչաջուր գյուղի հարակից տարածքում շահագործվող 15 ածխահոր և այդ ածխահորերի հարևանությամբ կուտակված 68,6 խմ հատված հացենի և այլ տեսակի փայտանյութ, 82 պարկ փայտածուխ:

Հայտնաբերված փայտանյութի, ինչպես նաև ածխահորերի գործունեության օրինականությունը հավաստող փաստաթղթեր հիմնականում առկա չեն եղել:

Պետությանը պատճառված նախնական վնասի չափը հնարավոր կլինի ներկայացնել ԲԸՏՄ Տավուշի տարածքային բաժնի կողմից կազմված արձանգրության հիման վրա։

Նախապատրաստված նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:

Հիշեցնենք, որ վերջին 3 օրերի ընթացքում Տավուշի մարզում էկոպարեկային ծառայության աշխատակիցների կողմից ածխահորերի շահագործման և մեծ թվով հատված փայտանյութի հայտնաբերման արդեն երկրորդ դեպքն է։

 

 




Էկոպարեկային ծառայության կողմից հայտնաբերվել են ապօրինի ածխահորեր և փայտանյութ

Տավուշի մարզի Իջևան համայնքի Ազատամուտ բնակավայրի հարակից տարածքում հայտնաբերել են տասից ավելի ածխահորեր, 83 խմ տարբեր տեսակի հատված ծառեր, 335 պարկ արդեն պատրաստի վիճակում փայտածուխ։ Խախտումները հայտնաբերվել են Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության ներքին անվտանգության վարչության, Տավուշի մարզային վարչության Իջևանի տեղամասի և Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված համատեղ աշխատանքների արդյունքում: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:

Ըստ հաղորդագրության՝ հայտնաբերված փայտանյութի, ինչպես նաև ածխահորերի գործունեության օրինականությունը հավաստող փաստաթղթեր առկա չեն եղել: Ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչաական մարմնի Տավուշի տարածքային բաժնի կողմից կազմված արձանագրության՝ պետությանը պատճառված վնասի չափը նախնական տվյալներով կազմել է 3 միլիոն 287 հազար 990 դրամ:

Նախապատրաստված նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն: