Գանձաքար։ Սուրբ Կիրակի մատուռ

DigiTime · Սուրբ Կիրակի

Հայաստանի Տավուշի մարզի Գանձաքար գյուղում գտնվող Սուրբ Կիրակի մատուռը պատմական հուշարձան է, որը կառուցվել է 1286 թվականին։ Այն իր մեջ պարունակում է հայկական ավանդական ճարտարապետական տարրեր և ծառայում է որպես կարևոր մշակութային և հոգևոր վայր։ Մատուռը կառուցված է տեղական քարից և շրջապատված է միջնադարյան գերեզմանոցով։ Այն դարերի ընթացքում մի քանի վերանորոգման է ենթարկվել՝ պահպանելու իր կառուցվածքն ու նշանակությունը։

Գտնվում է գյուղից 2 կմ հարավարևելք, Խոջաբազար գյուղատեղիում, Արաբի ձորից արևմուտք, սարալանջին: Հուշարձանը կանգուն է: Հայտնի է նաև Խչբազարի խաչ անունով: Կառուցված է գետնից 2 մ բարձրության վրա, ժայռաբեկորի վրա: Կառուցման թվագրության մասին է փաստում ճակատակալ կիսակլոր քարի արձանագրությունը, որում նշվում է 1286 թվականը.: Գմբեթավոր, քառակուսի հատակագծով, միախորան, փոքր կառույց է: Պատերի անկյուններում, մոտ 1 մ բարձրության վրա, ագուցված են չորս պահունակներ, որոնց վրա հենված են ծածկի կամարները, իրենց վրա կրելով փոքր գմբեթը՝ սրբատաշ քարով կառուցված գլանաձև թմբուկով և սրածայր վեղարով: Ունի մեկ մուտք՝ արևմտյան կողմից: Վնասված են գմբեթի վեղարը և թմբուկը:
Մատուռի շրջակայքում, Արաբաձորի աջ կողմի սարահարթի վրա գերեզմանոցն է՝ անմշակ տապանաքարերով:

Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի “Մենք ենք մեր սարերը” ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից։




Ակնաղբյուր։ Վարդան Մամիկոնյանի կաղնի

DigiTime · Վարդանի Կաղնին

Ակնաղբյուր գյուղի մի քանի բնակիչներ նկարվել են այն կաղնու մոտ, որն, ըստ ավանդույթի, Վարդան Մամիկոնյանը տնկել էր Ավարայրի ճակատամարտի նախօրեին: Ժողովրդին ավանդվել է, որ կաղնին տնկել է սպարապետ Վարդան Մամիկոնյանը 450 թվականին՝ Ավարայրի ճակատամարտից մեկ տարի առաջ:
450 թվականի ամռանը պարսից մի զորաբանակ շարժվեց դեպի Կուր գետի ափերը՝ ճանապարհին պարտության մատնելով աղվաններին: Հայկական մի փոքր զորաբանակով աղվաններին օգնության հասավ Վարդան Մամիկոնյանը: Խաղխաղի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում հայոց բանակը փայլուն հաղթանակ տարավ: Տունդարձի ճամփին սպարապետը կանգ առավ Աղստևի ձախ ափին՝ Ակնաղբյուր գյուղի մոտ:
Մի տարեց շինական Վարդան Մամիկոնյանին շնորհավորեց հաղթության առթիվ՝ ասելով.
– Ձեռդ կուռ մնա, անունդ՝ անմահ:

Եվ շինականը կաղնու մի ոստ մեկնեց սպարապետին: Վարդան Մամիկոնյանը ժպտաց և, ոչինչ չասելով ու ոչինչ չհարցնելով, սկսեց իր նիզակով փոս փորել: Նրան օգնեց դստրայրը՝ նախարար Արշավիր Կամսարականը:
Սպարապետի կաղնին հզորացավ ու կանաչ մնաց 1528 տարի:
1978 թվականին ծառը տապալվեց։
Բայց ընկած կաղնու կողքին նոր կաղնի տնկեց քսաներորդ դարի հայ զորավար, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը:

Հնագույն մի ավանդություն կա` պատմում են՝ իբրև թե դարեր շարունակ Ակնաղբյուր գյուղի ծերերը այս ծառի մոտից են իրենց որդիներին բանակ կամ պատերազմ ճանապարհել ու հետն էլ հորդորել.
-Որդի, Զորավարի աղբրից ջուր խմիր, ձեռքդ Վարդանի ծառին քսիր, ու քեզ չարուչոռ չի դիպչի…

Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի “Մենք ենք մեր սարերը” ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից։




Այգեհովիտ։ Սրվեղի վանք

· Սրվեղի վանք

Սրվեղի վանքը գտնվում է Այգեհովիտ գյուղից մոտ 3 կիլոմետր հարավ արեվմուտք՝ սարալանջին, «Խաչի տակ» կոչվող վայրում: Վանքը կառուցվել է 13-րդ դարում։ Միջնադարյան Հայաստանի Կայան գավառի հոգեվոր ու մշակութային կենտրոններից է: Հուշարձանախումբը բաղկացած է երկու եկեղեցիներից, միաբանների բնակելի եվ տնտեսական շինություններից: Շրջափակված է պարսպապատով: Պարսպից մնացել են միայն հիմնապատերը: Պարսպից դուրս, վանքի շրջակայքում կան այլ շինությունների մնացորդներ, տապանաքարեր, խաչքարեր: Պահպանվել են ջրատար կավե խողովակներ: Վանքի ջուրը բերվել է մի քանի կիլոմետր հեռավորությունից` մոտակա լեռներից:

Գլխավոր եկեղեցին՝  Սուրբ  Նշանը,  գմբեթավոր դահլիճ տիպի է: Պատերի ստորին շարքերը մոտ մեկ մետր բարձրությամբ շարված են մուգ վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով: Սա Հայաստանում կառուցված սակավաթիվ աղյուսաշեն հուշարձաններից է: Եկեղեցու բեմի վիմաքարի ճակատին զետեղված կիսաեղծ արձանագրության մեջ հիշատակվում է Սուրբ Նշան անունը: Կառուցման թվականը հայտնի չէ, ենթադրվում է` XII-XIII դարեր: Պատերի շարվածքում դրված են տարբեր դարաշրջանների խաչքարերի քանդակազարդ եվ արձանագիր բեկորներ: Դրանք բոլորն էլ պատկանում են մեկ այլ, ավելի հին կառույցի: Եկեղեցու շուրջը միջնադարյան գերեզմանոց է։
 Եկեղեցին բազմիցս նորոգվել է: Ամբողջովին վերանորոգվել են արեվելյան ճակատի երկու անկյունները, բեմի կենտրոնական մասը, արեվմտյան դռան շրջանակը, անկյունային հատվածները, մասնակի վերանորոգման է ենթարկվել նաեվ գմբեթը:

Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի “Մենք ենք մեր սարերը” ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից։




Անիմացիոն լաբորատորիայի վերջին տեղեկատվական հանդիպումը՝ «ԻննոԻջևան» հանգույցում

Նոյեմբերի 11-ին, ժ․ 12։00-ին «ԻննոԻջևան» հանգույցում տեղի կունենա հերթական տեղեկատվական հադիպումը EU4Culture ծրագրի շրջանակում, «Տավուշ Ինովացիոն կենտրոն» ՀԿ-ի, «Պոպոք» անիմացիոն դպրոցի և «ԻննոԻջևան» ծրագրի հետ համատեղ Իջևանի անիմացիոն աշխատանոցի գործունեության վերաբերյալ։

Աշխատանոցի նպատակն է 8 ամսյա դասընթացների միջոցով լավագույն ուսանողների համար ստեղծել աշխատանքի հնարավորություն անիմացիոն ոլորտում։ Հանդիպման ընթացքում կներկայացվեն անիմացիոն աշխարհ մուտք գործելու հեռանկարները եւ աշխատանոցի կրթական ծրագիրը։