Տավուշի մարզում մեկնարկում է «Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» ծրագիրը

Տավուշի մարզում մեկնարկում է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության «Ֆուտբոլը՝ հանուն հավասար հնարավորությունների» ծրագրի 2-րդ մրցաշրջանը։ Նախագիծը նախորդ տարի իրականացվել է միայն մարզկենտրոն Իջևանում,իսկ այս տարի ընդգրկում է արդեն Տավուշի բոլոր համայնքները:

Ծրագրի շրջանակում հաշմանդամություն ունեցող երեխաներին հնարավորություն է տրվելու զբաղվել սպորտով, ինչն էականորեն կբարելավի նրանց ֆիզիկական ու մտավոր կարողությունները, կնպաստի սոցիալական հմտությունների ձևավորմանը ու զարգացմանը։
Ներառական ֆուտբոլային թիմերի ստեղծման միջոցով ծրագիրը կնպաստի նաև հանարկրթական դպրոցների երեխաների և պատանիների ինքնագնահատականի, ինքնավստահության բարձրացմանը, նոր ընկերների ձեռքբերմանն ու իրենց առջև դրված նպատակների իրականացմանը: Կբարելավվեն ֆիզկուլտուրայի ուսուցիչների և մարզիչների գիտելիքներն ու հմտությունները ներառական ֆուտբոլի վերաբերյալ:

«Ֆուտբոլը՝ հանուն հավասար հնարավորությունների» ծրագիրը իրականացնում է «Հույսի կամուրջ» ՀԿ-ը՝ «Երեխաների համար ՈՒԵՖԱ հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ։




Իջևանի «Նիկարմ» ֆուտբոլային ակումբը՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլում

Իջևանի «Նիկարմ» ֆուտբոլային ակումբը ֆուտբոլային պատմության մեջ առաջին անգամ մասնակցում է Հայաստանի ֆուտբոլի պրոֆեսիոնալ առաջնությանը։ Բարեհաջող անցնելով Ֆուտբոլի ֆեդերացիայի արտոնագրման փուլը, «Նիկարմ» ակումբին հնարավորություն է տրվել մասնակցելու Ֆուտբոլի Առաջին խմբի մրցաշարին։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցաշարին մասնակից դառնալը եղել է «Նիկարմի» կարևորագույն նպատակներից։
«Նիկարմ» ակումբի կազմում հիմնականում տավուշցիներ են․ ակումբը հնարավորություն է տալիս այս միջոցով զբաղվել պրոֆեսիոնալ ֆուտբոլով և գնալ իրենց ֆուտբոլային կարիերայի հետևից։

Թիմի կազմում կան նաև երևանաբնակ ու արտերկրից ժամանած ֆուտբոլիստներ, ովքեր իրենց փորձառությամբ են կիսվում։
Տոմոյա Շիմամուրան, ով թիմի հարձակվողն է, եկել է Ճապոնիայից։
-Նիկարմը լավ թիմ է, նոր է ձևավորվել թիմը, ու բոլորս ձգտում ենք հասնել առավելագույնին, և հավատում ենք, որ քայլ առ քայլ կարող ենք ունենալ առաջընթաց ու ձեռքբերում։ Գիտեք, ֆուտբոլում կարևոր է թիմային աշխատաքը, որը մեզ մոտ ստացվում է։ Հայաստանը ինձ շատ է դուր եկել, ու այստեղ ինձ լավ եմ զգում, հատակապես մարդկանց շնորհիվ, – նշում է ճապոնացի ֆուտբոլիստը։

Որն է հաջողության հասնելու ճանապարհը․ մեր հարցին ի պատասխան թիմի մարզիչը նշում է անդադար աշխատելը։ Վերջին տարիներին «Նիկարմ» ակումբը աննախադեպ թվով թիմեր է ձևավորվել Տավուշի մարզի տարբեր քաղաքային ու գյուղական բնակավայրերում, ովքեր խաղում են Սիրողական լիգայում, ներկայացված են մանկապատանեկան առաջնություններում, կանանց ֆուտբոլում․ այժմ նաև՝ ֆուտբոլի պրոֆեսիոնալ Առաջին խմբի առաջնությունում։
«Նիկարմ» ակումբը զարգացնում է ֆուտբոլը Տավուշում։ «Տավուշի մարզում ֆուտբոլի զարգացումը անխուսափելի է»․ այս կարգախոսն Նիկարմի ավելի քան 23 տարվա գործունեության նպատակակետը։




Իջևանի «Նիկարմ» ֆուտբոլային ակումբը ստացավ 2023/2024 մրցաշրջանին մասնակցելու արտոնագիրը

Հունիսի  6-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը՝ ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման վերաբերյալ:

Նիստի ընթացքում քննության էին դրվել արտոնագրման գործընթացին դիմած 8 թեկնածուների՝ «Գանձասար ՖԱ» ՀԿ-ի, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի, «ՍԱ Միկա» ՀԿ-ի, «Հայասա ՖԱ» Մարզական ՀԿ-ի, «Նիկարմ ՖԱ» ՍՊԸ-ի, «Օնոր» ՍՊԸ-ի, «Սյունիք ՖԱ» ՍՊԸ-ի և «Անդրանիկ ՖԱ» ՀԿ-ի արտոնագրային փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Առաջին խմբի արտոնագիր ստանալու համար:

Արտոնագրման գործընթացին դիմած ակումբների թվում էին նաև «Դովեղ ՖԱ» ՀԿ-ն և «Աղբյուրակ ՄՄ» ՀԿ-ն, որոնք, սակայն, արտոնագրման գործընթացի ընթացքում հետ էին վերցրել իրենց դիմումները` չներկայացնելով որևէ արտոնագրային փաստաթուղթ։

Քննելով ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման համար դիմած 8 թեկնածու ակումբների դիմումները՝ Արտոնագրման կոմիտեն կայացրեց միաձայն որոշում, ըստ որի Առաջին խմբի արտոնագրեր շնորհվեցին բոլոր 8 թեկնածու ակումբներին՝ «Գանձասար ՖԱ» ՀԿ-ին, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ին, «ՍԱ Միկա» ՀԿ-ին, «Հայասա ՖԱ» Մարզական ՀԿ-ին, «Նիկարմ ՖԱ» ՍՊԸ-ին, «Օնոր» ՍՊԸ-ին, «Սյունիք ՖԱ» ՍՊԸ-ին և «Անդրանիկ ՖԱ» ՀԿ-ին:

Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու 2023/2024թթ․ մրցաշրջանի ՀՀ Ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությանը:




Կայացել է «Հույսի կամուրջ» ՀԿ նախաձեռնած ֆուտբոլային առաջնության Իջևան համայնքի եզրափակիչը

Ավարտին մոտեցավ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների Հայաստանում» ծրագիրը։ Մայիսի 18-ին Իջևանի ավագ դպրոցում ծրագրի շրջանակում իրականացավ ֆուտբոլի եզրափակիչ խաղը։ Նախագծի նպատակն էր ֆուտբոլի միջոցով խթանել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը։

Ֆուտբոլի եզրափակիչ մրցապայքարի մեկնարկային փոխանցումը կատարեց Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի նախկին պաշտպան Արմինե Խաչատրյանը։

Ներառական ֆուտբոլային թիմերի սեղծմամբ ծրագիրը նպաստում է նաև հանրակրթական դպրոցների երեխաների ինքնագնահատականի, ինքնավստահության բարձրացմանը, նոր ընկերների ձեռքբերմանը և իրենց առջև դրված նպատակների իրականացմանը։ Ֆուտբոլային մրցաշարը հաջորդիվ իրականացվելու է Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ և Նոյեմբերյան համայնքներում, իսկ այս տարվա աշնանն արդեն լավագույն թիմերը իրենց ուժերը կփորձեն մեկ դաշտում, և հաղթող թիմը կհռչակվի Տավուշի չեմպիոն։

Մրցապայքարի ավարտին թիմերը պարգևատրվեցին մեդալներով, ծրագրի աջակիցները՝ շնորհակալագրերով։ Հաղթող ճանաչվեց Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը, որը ստացավ նաև առաջնության գավաթը։ Շնորհակալագիր ստացանք նաև մենք՝ Տավուշ TV-ն՝ ծրագրի ընթացքը լավագույնս լուսաբանելու համար։

«Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների Հայաստանում» ծրագիրը իրականացնում է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը՝ «Երեխաների համար ՈՒԵՖԱ հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ։






Ֆուտբոլային մրցաշար՝ նվիրված վաստակաշատ մանկավարժ Համլետ Այդինյանի 80-ամյակին

Մարտի 20-ին Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում կայացավ վաստակաշատ մանկավարժ Համլետ Այդինյանի 80-ամյակին նվիրված սպորտային մրցաշար։ Բերդի, Դիլիջանի, Իջևանի, Գետահովիտի և Սարիգյուղի՝ մինչև 14 տարեկան պատանիների ֆուտբոլային թիմերը մրցակցեցին միմյանց հետ։

Համլետ Այդինյանի խոսքով՝ սպորտի շնորհիվ «նախ՝ երեխաները կտրվում են փողոցից, դաստիարակվում են ֆիզիկապես», իսկ նման մրցաշարերը մեծ կարևորություն ունեն նաև սպորտային բարձր արդյունքների հասնելու համար։

Մրցաշարը կազմակերպվել էր ՀՖՖ Տավուշի մարզային ներկայացուցչության կողմից՝ Իջևանի համայնքապետարանի աջակցությամբ։ Առաջնությանը ներկա էին Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, վաստակաշատ մարզիչներ։ 

Մրցաշարի արդյունքում 1-ին տեղ զբաղեցրեց Իջևանի «Նիկարմ» ֆուտբոլային թիմը, 2-րդ տեղ՝ Գետահովիտի թիմը, 3-րդ տեղ՝ Սարիգյուղի թիմը։

Տավուշի մարզպետի և Իջևանի համայնքապետի կողմից Համլետ Այդինյանին հանձնվեց շնորհակալագիր Իջևանի տարածաշրջանում սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

«Մեր՝ ավագ սերնդի հիշողություններում ընկեր Այդինյանի գործունեությունը եղել է նախ՝ որպես վոլեյբոլի մարզիկ, ապա՝ մարզիչ, միաժամանակ՝ մանկավարժական գործունեությունը, ինչպես նաև երկար տարիներ նա ղեկավարել է Իջևանի տարածաշրջանային սպորտկոմիտեն։ Բնականաբար՝ այսօր մեր պատանի ֆուտբոլիստներին ֆուտբոլի միջոցով և՛ դաստիարակվելու, և՛ մարզական սխրանք գործելու հնարավորություն է տրվում»,- նշում է «Նիկարմ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Արման Չապուխյանը։