Սպորտը՝ որպես հավասարության կամուրջ․ ներառական մարզական օր Գանձաքարում

Տավուշի մարզի Գանձաքար գյուղի միջնակարգ դպրոցի մարզադաշտում տեղի է ունեցել մարզական միջոցառում՝ ուղղված հավասար և անվտանգ կրթական միջավայրի խթանմանը։ Նախաձեռնությունը կազմակերպել էր «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը։

Միջոցառմանը մասնակցել են Իջևանի թիվ 5 հիմնական, Սևքարի և Գանձաքարի միջնակարգ դպրոցների շուրջ 150 աշակերտներ։ Նրանք մրցել են ֆուտբոլում և մի շարք այլ մարզաձևերում՝ ձևավորելով ներառական թիմեր, որոնք կազմված էին տարբեր դպրոցների սովորողներից։

Կազմակերպիչների խոսքով՝ այս ձևաչափը նպատակ ունի խթանել երեխաների միջև սոցիալական շփումները, ամրապնդել ընկերական կապերը և զարգացնել փոխադարձ հարգանքը։ Նախաձեռնությունը հիմնված է ներառական կրթության «ապրել միասին, սովորել միասին» սկզբունքի վրա։

Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև սպորտլանդիա, որի նպատակն առաջին հերթին ֆիզիկական ակտիվության խթանումն է և թիմային աշխատանքի, հանդուրժողականության և փոխըմբռնման ձևավորումը։ Մասնակիցները շեշտել են, որ իրենց համար առաջնայինը ոչ թե հաղթանակն է, այլ նոր ընկերների ձեռքբերումն ու համատեղ անցկացրած ժամանակը։

Կազմակերպիչները վստահ են, որ նման միջոցառումները կարևոր դեր ունեն երեխաների համակողմանի զարգացման գործում՝ նպաստելով ֆիզիկական, սոցիալական և արժեքային կրթությանը։ Սպորտը, նրանց համոզմամբ, կարող է դառնալ արդյունավետ գործիք՝ ձևավորելու անվտանգ, հավասար և ներառական կրթական միջավայր։

Կարդացեք նաև՝

 




17-ամյա Արսենի նորարար ու ստեղծարար ճանապարհը

Գանձաքարից 17-ամյա Արսենի նորարար ու ստեղծարար ճանապարհը

Գյուղում ծնված շատ երեխաներ հաճախ մտածում են հեռանալու մասին։ Բայց կան նաև նրանք, ովքեր որոշում են մնալ ու փոխել միջավայրը՝ իրենց ձեռքերով։ Արսեն Աղաջանյանը 17 տարեկան է։ Ապրում է Տավուշի մարզում՝ Գանձաքարում, և վաղ տարիքից սկսել է զբաղվել ռոբոտաշինությամբ ու եռաչափ մոդելավորմամբ։ Մեկնակետը գյուղի ռոբոտաշինության խմբակն էր, հետո՝  ինքնուրույն որոնումներ, ինքնակրթություն ու անընդհատ սովորելու ձգտում, փորձեր ու նոր բացահայտումներ։ Հենց այսպես՝ քայլ առ քայլ նրա հետաքրքրությունը վերածվել է գործի։

Շատերը դեռ չգիտեն՝ ինչ է 3D տպագրությունը, ոմանք էլ կարծում են թե տեխնոլոգիաները չեն կարող զարգանալ նաև մարզում։ Արսենն էլ հենց հակառակն է ուզում ցույց տալ։

«Այստեղ մարդիկ մեծ մասամբ չգիտեն, որ նույնիսկ նման բան գոյություն ունի։ Հասարակ մարդը գալիս է այստեղ ու զարմանում դրանից, դա մի քիչ լավ չի, բայց լավ է այն առումով, որ այստեղ մրցակիցներ չկան, կարող ես գործը զարգացնել։ 

Այդ պահը դեռևս չի եղել․ ես իմ գործից չեմ բավարարվել երբեք, միշտ ձգտել եմ դեպի էն անհասանելիին, որ միշտ մոտիվացիան լինի։ Միշտ ձգտել ու ձգտում եմ ավելիին»,- նշում է Արսենը։

Հնարավորություններն սկսվում են այնտեղ, որտեղ դու ես։ Համայնքում Արսենը միակն է այս ոլորտում, բայց նա պլանավորում է կիսել գիտելիքները, ունենալ աշակերտներ, ովքեր էլ կլրացնեն ու կշարունակեն նրա ճանապարհը։

«Ցավոք սրտի ներկա պահին մարզում ես միակն եմ, որ էս գործով է զբաղվում, գլուխ հանում, բայց երբ իմ գործն ավելի շատ զարգացում ունենա, ես պլանավորում եմ, ունենալ աշակերտներ, որպեսզի ինձ հաջորդեն»,- հավելում է Արսենը։

 




Մհեր Խաչինյանը պատմում է իր գյուղի պատմությունը․ Գանձաքար

https://www.facebook.com/watch/?v=1425370678713291&rdid=jV5OehmOdfoqdatY

Մհեր Խաչինյան, Գանձաքար, Իջևան




Գանձաքարի դպրոցականները բարբառով հանելուկներ են պատրաստել «Տավուշի իմ տան հեքիաթը» մրցույթի շրջանակում

Շարունակվում է «Տավուշի իմ տան հեքիաթը» մրցույթը․ նպատակն է պահպանել և տարածել մեր թանկարժեք բարբառը, ավանդույթներն ու պատմությունները։

Այս անգամ մրցույթին մասնակցել են Գանձաքարի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանցիները՝ «Ակունք» խմբով։ Նրանք բարբառով հանելուկներ են կազմել և զարդարել դրանք նկարազարդ պատկերներով։ Երեխաների ստեղծագործություններում հյուսված են բնության գույներն ու հողի բույրը, արևի ջերմությունն ու նրանց մեծ երազանքները։

Խմբի անդամները իրենց աշխատանքի միջոցով փոխանցում են սերն առ իրենց հարազատ բարբառը, դեպի իրենց գյուղը։

Մրցույթը շարունակվում է, և Տավուշի դպրոցների աշակերտներն իրենց աշխատանքներով բացահայտում են հայրենի գյուղերի պատմությունն ու գեղեցկությունը։

Սիրելի տավուշեցի դպրոցական,
պատմիր աշխարհին քո գյուղի մասին, ներկայացրու նրա պատմությունը, ցուցադրիր հիասքանչ բնությունն ու այնտեղ ապրող հրաշալի մարդկանց․ մասնակցիր «Տավուշի իմ տան հեքիաթը» մրցույթին։

 

Կարդացեք նաև՝




Գանձաքար գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Փրկարարները մարել են Գանձաքար գյուղում բռնկված հրդեհը

Մարտի 19-ին, ժամը 02:58-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձաքար գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գանձաքար գյուղի «Գյուլբետ» կոչվող հանդամասում գտնվող անասնագոմում (մոտ 100 քմ) և կից փայտե շինությունում (մոտ 100 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:45-ին, մարվել՝ 04:16-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերն ու կից փայտե շինությունը։




Գանձաքարում հայտնաբերվել են ապօրինի հատված գերաններ

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի աշխատակիցը, իր ծառայողական պարտականությունները կատարելիս, սույն թվականի նոյեմբերի 4-ին Տավուշի մարզի Գանձաքար բնակավայրի գերեզմանատան հարակից տարածքում հայտնաբերել է հատված 13 հատ գերան, ինչի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՆԳՆ ոստիկանության տարածքային բաժին:
Համայնքային ոստիկանները, մեկնելով վերոնշյալ վայր, նկատել են տարածքից հեռացող «Ուրալ» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենա, որը շուրջ 1 կմ ընթանալուց հետո կողաշրջվել է: Մեքենայից շուրջ 20 մ հեռավորության վրա հայտնաբերվել է 4 հատ գերան:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:
Դեպքի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն, փաստաթղթերն ուղարկվել են ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչություն:



Մինչև ժամը 14:00-ը Իծաքար-Գանձաքար ճանապարհը փակ կլինի

Մինչև ժամը 14:00-ը Իծաքար-Գանձաքար ճանապարհը փակ կլինի

Օգոստոսի 23-ին` ժամը 09։00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, Իծաքար-Գանձաքար ճանապարհը փակ կլինի` պայմանավորված Իծաքար գյուղի հատվածում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներով։ Այս մասին հայտնում են Բերդի համայնքապետարանից:




Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Տավուշի մարզ

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 28-ին այցելել է Տավուշի մարզ։ Այցի շրջանակում դեսպանը կանգ է առել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում։ Մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա․ Մակարյանի հետ հանդիպմանը քննարկվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ֆրանսերենի դասավանդման կազմակերպմանը, մարզում ֆրանսերենի զարգացմանը, դեսպանատան հետ համագործակցության խորացմանը վերաբերող հարցերը։ Այնուհետև տեղի է ունեցել դեսպանի գլխավորած պատվիրակության, բուհի ղեկավարության ու Ֆրանսերեն լեզվի և գրականության սեկցիայի դասախոսների հանդիպումը մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի մի խումբ ուսանողների հետ:

Դեսպան Օլիվիե Դըկոտինին ներկա է գտնվել նաև Գանձաքար բնակավայրում ֆերմերների համար ստեղծվելիք ուսումնական կենտրոնի բացման արարողությանը։

 




Հիդրոպոնիկ կանաչ կերի արտադրության կենտրոնի բացումը Գանձաքարում

Նոյեմբերի 7-ին Գանձաքար բնակավայրում տեղի ունեցավ հիդրոպոնիկ կանաչ կերի արտադրության կենտրոնի բացման արարողությունը։ Հիդրոպոնիկան առանց հողի՝ միայն ջրով և սերմով բերք ստանալու հատուկ եղանակ է՝ կանաչ անասնակեր արտադրելու համար։
Կանաչ անասնակերը ձևավորվում է 7 օր շարունակ: Ձևավորվելուց հետո՝ 7-րդ օրը, խոտը դուրս է հանվում տարայից՝ սերմերի հատիկներով և դրանց արմատներով հանդերձ: Այս անասնակերի յուրաքանչյուր բաղադրիչ իրեն հատուկ սննդայնություն ունի: Դրանցից որևէ մեկի բացակայությունը տարատեսակ խնդիրների առաջացման պատճառ կարող է հանդիսանալ:Այս անասնակերը իր բոլոր բաղադրիչներով ապահովում է բարձրորակ կաթնատվություն և միևնույն ժամանակ ավելացնում է կենդանու քաշաճը:

Ինովացիոն և նորաստեղծ այս նախաձեռնությունը միանգամից մի քանի խնդիր է լուծում․ այն ապահովում է բարձրորակ անասնակեր տարվա բոլոր եղանակներին՝ միաժամանակ խնայելով ջրային ու հողային ռեսուրսները, բարձրացնում է կենդանիների կաթնատվությունն ու մսատվությունը, ինչպես նաև այս նախաձեռնության շնորհիվ բնակիչների համար ստեղծվում է նոր աշխատատեղերի հնարավորություն։

Հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերերի արտադրությունը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ, իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից։




Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատար Ռեմիկ Մարդանյանը կդառնար 68 տարեկան

Տավուշի մարզի Գանձաքար գյուղում փետրվարի 16-ին կայացավ միջոցառում` նվիրված Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատար, գնդապետ Ռեմիկ Մարդանյան ծննդյան օրվան:

Զինվորի հետ հավասար կռվող հրամանատարի մասին լեգենդներ են հայտնի: Զինակիցները պատմում են, որ Ադրբեջանը 1992թ.-ին 60 մլն ռուբլի էր խոստանում նրա գլխի համար: Ռեմիկ Մարդանյանը բանակի իրական նվիրյալ էր:

Գերազանցությամբ ավարտել էր Մոսկվայի ռազմաքաղաքական ակադեմիան և նվիրվել բանակային գործին: 1992թ.-ին կամավոր մեկնել է Լաչինի մարդասիրական միջանցքը պաշտպանելու: Այդ ժամանակ իր կատարած սխրանքների համար նրան արտահերթ շնորհվել է գնդապետի կոչում: Նրա հրամանատարությամբ մարտնչող մոտոհրաձիգային բրիգադը մեծ ներդրում է ունեցել Մարտակերտի, Քելբաջարի ազատագրման գործում:

1999 թ.-ին Մարդանյանը նշանակվել է Հայոց բանակի մարտական գործողությունների բաժնի պետ, 2000թ-ին` բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ: 2000 թվականի հոկտեմբերի 11-ի ՊՆ պաշտոնական հաղորդագրությամբ հայտարարվեց, որ ռազմական գործիչ, ՀՀ բանակի գնդապետ (1993) Ռեմիկ Մարդանյանը Սիսիան-Գորիս ճանապարհին զոհվել է ավտովթարից՝ ծառայողական պարտքը կատարելիս:

«Ռեմիկն անմահ էր, ո´չ  թուրքից էր վախենում, ո´չ գյուլլից: Նրա կռիվը պարտք չէր հայրենիքի հանդեպ, այլ՝ վրեժ: Վրեժ իր ազգի արյունաներկ պատմության համար»,-պատմում է Ռեմիկ Մարդանյանի եղբայրը: Լեգենդար հրամանատարին նվիրված միջոցառմանը Գանձաքարի մշակույթի տան ներկայացվեց գնդապետի կենսագրությունն ու անցած ուղին: