Ավտոմեքենան ընկել է ձորը․ կա զոհ

Նոյեմբերի 25-ին, ժամը 20։53-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձաքար-Բերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գանձաքար-Բերդ ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին «Gaz-66» (վարորդ` Ն․ Մ․, ծնված 1968 թ.) մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 800 մետր գլորվել մոտակա ձորը․ վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, պատգարակով (մոտ 1 կմ) ձորից դուրս բերել Ն․ Մ․-ի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:




Գանձաքար համայնքում Վարդավառը տոնեցին ազգային ավանդույթներով ու ժողովրդական տոնախմբությամբ

Ազգային երգ, պար, տոնակատարություններ․ հուլիսի 24-ին Գանձաքար համայնքում ժողովրդական մեծ հանդիսություններով նշվեց Վարդավառը։

Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո՝ կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։

Տոնակատարությունն իրականացվեց «Կէան» կրթամշակութային կենտրոնի և Գանձաքարի մշակույթի տան համատեղ նախաձեռնությամբ՝ «Նավակատիք» ծրագրի շրջանակում։ Ծրագրի նպատակը տոները կենդանացնելն ու կենցաղ բերելն է։

Միջոցառումն ուղեկցվեց ազգային երգ ու պարով, որին զուգորդվեցին տոնին բնորոշ արարողություններն ու խաղերը։




Տավուշոտ պոեզիա․ «Գնամ մխրճվեմ խորքերն անտառի»․ Համո Սահյան

Կենսատու գարնան շնչով՝ Տավուշից։ Համո Սահյան․ «Գնամ մխրճվեմ խորքերն անտառի»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Տեսանյութում երևում են Գանձաքարի ու Դիլիջանի կողմերի սարերը։

Գնամ մխրճվեմ խորքերն անտառի,
Մոլորվեմ մեռնող տերևների մեջ,
Գլուխս դնեմ մամռած մի քարի,
Մի պահ մոռանամ աղաղակ ու վեճ:
Բույն տամ սրտիս մեջ բույն փնտրող հավքին,
Ննջած անտառի ականջը դառնամ,
Շնչառությունը լսեմ մեղմագին
Տերևների տակ խոր քնած գարնան:




Մայիսի 21-ից 22-ը Գանձաքար համայնքում նշվեց համբարձման տոնը

Համբարձումը գալիս ա,

Ծաղիկը ցնծալիս ա․․․

Մայիսի 21-ից 22-ը, Գանձաքարում, տարբեր մարզերից հավաքված շուրջ 100 երիտասարդ համախմբվել և միասին նշում էին համբարձման տոնը։


Տոնակատարությունն իրականացվել է «Կէան» կրթամշակութային կենտրոնի և Գանձաքարի մշակույթի տան համատեղ նախաձեռնությամբ՝ «Նավակատիք» ծրագրի շրջանակում։

Սույն ծրագրի շրջանակներում Գանձաքարում ավելի վաղ նշվել են նաև բարեկենդանն ու ծաղկազարդը, իսկ ծրագրային միջոցառումների իրականացմանն աջակցել են Տավուշի թեմը և համայնքապետարանը։