Դիլիջանի Գեղարվեստի դպրոցը ամփոփեց 2022-23 ուսումնական տարին
Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցը հուլիսի 20-ին ամփոփեց 2022-2023 ուսումնական տարին:
Դիլիջանի բացօթյա Ամֆիթատրոնում Դիլիջան և Հաղարծին բնակավայրերում գործող տարբեր տարիքային խմբերի պարարվեսի բաժնի սաները ներկայացրին 3 պարուսույցների ՝ Լիաննա Խաչատրյանի, Սևակ Էմինյանի ու Իրենա Մկրտչյանի աշխատանքները՝ ազգային, ժողովրդական ինչպես նաև ժամանակակից պարեր:
Համերգային ծրագրին ներկա էին Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, այլ պաշտոնատար անձինք, ուսումնական հաստատությունների տնօրեններ: Համերգային ծրագիրն այս տարի ևս նախատեսված էր իրականացնել առավել գունեղ ու լուսային բարձր տեխնիկական հագեցվածությամբ։ Յուրաքանչյուր պար ուներ իր բեմադրությունը, հագուստներն ու լուսային էֆեկտիվ լուծումները։
Հաշվետու համերգի ընթացքում ներկայացվեցին գեղարվեստի դպրոցի սաների քաղաքային, մարզային, հանրապետական, միջազգային մրցույթներում գրանցած հաջողությունները: Տնօրեն Հրեղեն Գասպարյանն առանձնացրեց, որ դպրոցն այս տարի կրկին արժանացել է Չեխիայի Լիդիցե 51-րդ միջազգային մրցույթի «Վարդ Մեդալին»՝ լավագույն գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ ներկայացնելու համար:
2022-2023 ուս. տարվա ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած ուսուցիչեներին և աշակերտներին հանձնվեցին շնորհակալագրեր, իսկ դպրոցի այս տարվա շրջանավարտներին հանձնվեցին ավարտական վկայականները: Դպրոցի կողմից շնորհակալագրերի արժանացան ոչ միայն լավագույն աշակերտներն ու ուսուցիչները, այլ նաև աջակից այլ կազմակերպություններ ու անհատներ։