Գետահովիտ գյուղի բնակչի տանը հայտնաբերվել է մարիխուանա

Գետահովիտ գյուղի բնակչի տանը հայտնաբերվել է մարիխուանա
Փետրվարի 3-ին Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գետահովիտ գյուղի բնակիչ 66-ամյա մի տղամարդ «Դարբանդ» կոչվող տարածքում աճեցրել է կանեփ, պատրաստել թմրանյութ և այն պահում է իր տանը։
Նույն օրը նա հրավիրվեց վարչություն և խոստովանեց։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տղամարդու տանը կատարված զննությամբ հյուրասենյակում և նկուղում հայտնաբերվեց ընդհանուր մոտ 133 գրամ մարիխուանա։
————————————————
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Իջևանի Գետահովիտ բնակավայրում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի

Կառավարության պահուստային ֆոնդից 329,855.0 հազար դրամ է հատկացրել Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման համար անհրաժեշտ հողամասերի ձեռքբերման նպատակով։ Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարարը, պետական այս հատկացումը նշանակալի ներդրում է՝ ուղղված մարզերում հանրային ենթակառուցվածքների և տնտեսական գործունեության նոր հնարավորությունների ապահովմանը:

Նախարարը հիշեցրել է՝ 2029 թվականին Հայաստանում նախատեսվում է անցկացնել ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը: «Այս նպատակով Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները համատեղ հայտ են ներկայացրել, որը հաստատվել է ՈՒԵՖԱ-ի կողմից: Առաջնությունը Հայաստանում անցկացնելու համար հիմնական պայման է ՈՒԵՖԱ 4-րդ կատեգորիայի մարզադաշտ ունենալը։ ԿԳՄՍ նախարարության կողմից նման 3 մարզադաշտների (այդ թվում` 1-ը ազգային) հիմնելու պահանջը ամրագրվել է նաև ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թթ. ռազմավարությամբ։ Պետք է հիշեցնեմ, որ մենք արդեն իսկ որոշում ենք կայացրել Վանաձորում գտնվող ստադիոնի վերակառուցման վերաբերյալ, որը ևս կհամապատասխանի ՈՒԵՖԱ-ի չորրորդ դասի չափանիշներին: Այս մասով առկա է նաև կնքված պայմանագիր միջազգային կազմակերպության հետ, որն ունի համապատասխան փորձառություն ոչ միայն նախագծելու, այլ ծրագրի իրականացման խորհրդատվություն կատարելու», -ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախագծող է ընտրվել նման մարզադաշտերի նախագծման և կառուցման միջազգային փորձ ունեցող «ՎենյուԷրա Հոլդինգ» ՍՊԸ-ն: Նախարարի խոսքով՝ մարզադաշտերից 2-ը նախատեսվում է կառուցել առնվազն 10000 նստատեղով, իսկ 1-ը՝ ազգայինը, 35000 նստատեղով։ Ազգային մարզադաշտը կառուցվելու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում։ 10000 տեղով մարզադաշտերից մեկը կհիմնվի Վանաձոր քաղաքում, իսկ մյուսի համար ընտրվել է Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրը:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է նաև, որ Կառավարության աջակցությամբ մասնավոր ոլորտի հետ համագործակցությամբ Վաղարշապատում նույնպես նման կարգի մարզադաշտ կկառուցվի: Անդրադառնալով Իջևանի Գետահովիտ բնակավայրում ֆուտբոլի մարզադաշտի կառուցմանը՝ նախարարը նշել է, որ Տավուշի մարզպետարանի հետ համագործակցությամբ 20 սեփականատերերին պատկանող հողամասերի ձեռքբերման մասին պայմանավորվածություն է ձեռքբերվել: Ըստ այդմ՝ սուբվենցիա կհատկացվի Իջևանի համայնքապետարանին՝ հետագա գործընթացների իրականացման նպատակով:

Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը կարևորել է համապատասխան բնակավայրերում ճանապարհային և այլ ենթակառուցվածքների զարգացումը՝ հաշվի առնելով, որ նոր կառուցվող մարզադաշտերի շահագործումից հետո տրանսպորտային և մարդկային հոսքերի ծավալը կմեծանա:




Ավելի մոտ գիտությանը. անցկացվեց STEM Expo 2024-ը

Մեծացնելով աշակերտների հետաքրքրվածությունը՝ գիտության հանդեպ. Ենոքավանում ապրիլի 10-ին անցկացվեց « STEM էքսպո 2024» միջոցառումը՝ Տավուշի մարզի 6 հանրակրթական դպրոցների մասնակցությամբ:

«Սթեմ էքսպոյի» նպատակն է բարձրացնել աշակերտների հետաքրքրությունը դեպի գիտությունը, ճարտարագիտությունը, նաև մաթեմատիկայի ու տեխնոլոգիաների ուղղությամբ:

Նախագծին մասնակցել են Իջևանի վարժարանի, Գետահովիտի, Վազաշենի, Աչաջրի Կողբի և Այրումի դպրոցների աշակերտական թիմերը:

Էքսպոյի շրջանակներում տեղի ունեցավ «STEM կրթության հեռանկարներ» խորագրով պանելային քննարկում: Հյուրերն ու մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու աշակերտների նախագծերի արդյունքներին՝ ստեղծելով համագործակցային ու կրթական միջավայր:

STEM կրթական փաթեթը, որը ներառում է տեխնիկական և տեղեկատվական ռեսուրսներ, ուսուցիչների վերապատրաստում և շարունակական մենթորություն, իրականացվում է Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում. նախատեսվում է ընդլայնել դպրոցների ընդգրկումը: Նախագծի չափորոշիչների վրա հիմնված կրթությունը հավաստագրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից:




Գետահովիտում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում

Հունվարի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Գետահովիտ գյուղի բարձունքին կառուցվել է հուշաղբյուր ՀՀ ազգային հերոս Թաթուլ Ղազարյանի հիշատակին

Մայիսի 25-ը ՀՀ Ազգային հերոս, 44-օրյա պատերազմում նահատակված Թաթուլ Ղազարյանի ծննդյան օրն է։ Գնդապետը կդառնար 45 տարեկան։ Ղազարյան ընտանիքի նախաձեռնությամբ Թաթուլ Ղազարյանի հիշատակին Գետահովիտ գյուղի բարձունքին հուշաղբյուր է կառուցվել։ Հրամանատարի ծննդյան օրը բացվող հուշաղբյուրի խորհուրդը հանուն Հայրենիքի նահատակված զինվորականների սխրանքներն արժևորելն է։

Հուշաղբյուրի հարակից տարածքում խաչ է կանգնեցվել, որն օծել է Իջևանի հոգևոր հովիվ տեր Աբել քահանա Քարտաշյանը։

Գնդապետ Թաթուլ Ղազարյանն իր կերպարով միշտ ձգտել է հաղթանակի, ձգտել է լինել առաջինը թե՛ ուսումնառության, թե՛ զինվորական ծառայության մեջ: Եվ հենց հաղթողի հոգեբանությամբ նա գնացել է ռազմի դաշտ` սրբազան պարտքը կատարելու: Հրամանատարը զոհվել է  2020 թ-ի հոկտեմբերի 19-ին` Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղի մատույցներում՝ վիրավոր զինվորների կյանքը փրկելիս։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և Հայաստանի բարձրագույն՝ «Հայրենիք» շքանշաններով:




Տավուշեցի երիտասարդների ջանքերով կայացավ արդեն չորրորդ «Թամզարա»-ն

Մայիսի 14-ին ազգային պարերի ուղեկցությամբ Իջևանի շատրվանների հրապարակից մեկնարկեց թվով արդեն չորրոդ «Թամզարա»-ն:

Գետահովիտ համայնքում գտնվող հոգևոր- վերականգնողական կենտրոնում շարունակվեց «Թամզարա» նախաձեռնության երկրորդ մասը:

Որպես հատուկ հյուր հրավիրված էր «Կայթ բենդ»-ը։

Ընկերական մթնոլորտում, աշխատասիրության ջանքերով և մեծ նվիրվածության գաղփարով ի կատար ածվեց «Թամզարա 4»-ը:




Գետահովիտում Քաղցկեղին առերեսված երեխաների և իրենց ընտանիքների հոգևոր-վերականգնողական կենտրոնն ընդունել է առաջին ընտանիքներին

Ապրիլի 15-ին առաջին ընտանիքներին է ընդունել ՀԱԵ Տավուշի թեմի նախաձեռնությամբ ստեղծված Քաղցկեղին առերեսված երեխաների և իրենց ընտանիքների հոգևոր-վերականգնողական կենտրոնը։

Կենտրոնը կառուցվել է Գետահովիտ գյուղի բարձունքում՝ Տավուշի ամենաչնաշխարհիկ ու խաղաղ անկյուններից մեկում։ 

Հարուստ բնությամբ շրջապատված կենտրոնը հագեցած է կեցության, բուժման, վերականգնման, սնվելու և ժամանցի բոլոր միջոցներով։ Ծանր բուժումից հետո այստեղ երեխաներն ու իրենց ընտանիքներն վերականգնման ընթացք են անցնում։

Կենտրոնը կառուցվել է Իտալիայում բնակվող Լուսի Պալյանի հովանավորությամբ՝ ի հիշատակ իր եղբայրներ հոգելույս Անդրանիկ և Օհաննես Ճեմճեմյանների։




Տղերքը․ Մեսրոպ Հովհաննիսյան

«Ինքը լրիվ սիրո արտահայտություն էր՝ իր մեջ էնքան շատ էր էդ սերը․․․ու ամենքիս կարողանում էր տալ՝ ամենքիս լիարժեք, մեծ սեր էր տալիս»։

Տղերքը հաղորդաշարի մեր այսօրվա թողարկումը պատմում է գետահովիտցի Մեսրոպ Հովհաննիսյանի մասին՝ մարդու, ով իր կարճատև կյանքի ընթացքում հասցրեց իր բաժին սերն ու բարին թողնել իրեն ճանաչող յուրաքանչյուր մարդու սրտում։

Այդ սերն առ մարդիկ ու սերն առ Հայրենիք էլ նրան տարան իսկական հերոսացման ճանապարհով։ Ինչպես Մեսրոպի հայրն է ասում՝ «հերոս բառը, ինձ թվում ա, հերիք ա, որ էլ ուրիշ ոչ մի բան չավելացնենք։ Մենակ իմ տղեն չէ՝ բոլորը, ովքեր կյանքները դրեցին էս հողի ու ջրի համար․․․»։

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մեսրոպ Վարդանի Հովհաննիսյանը ծնվել է 2002 թ․ հունվարի 11-ին Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում, սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։

Դպրոցն ավարտելուց հետո 2020-ի հուլիսի 21-ին զորակոչվել է բանակ՝ պարտադիր զինվորական ծառայության:

Մեսրոպը ծառայում էր Ջրականում և երկու ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Էությամբ բարի և հոգատար պատանին շատ երազանքներ ուներ, որոնք պետք է իրագործեր ծառայությունից հետո, սակայն կյանքն այլ ընթացք էր նախատեսել:

Հոկտեմբերի 13-ին անմահացել է Հադրութի Վարդասարում․ նրան փնտրել են երկար ժամանակ և գտել միայն դեկտեմբերին։ 

Մեսրոպ Վարդանի Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության», «Մարտական խաչ» մեդալներով, ինչպես նաև «Գթության մայր» միջազգային միության մեդալով։




Տավուշոտ պոեզիա․ «Դու»․ Պարույր Սևակ

Տավուշոտ պոեզիայով և լավ երաժշտությամբ համեմված աշնանային Տավուշ ենք ձեզ բերել։ Պարույր Սևակ․ «Դու»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Տեսանյութում Ենոքավանի և Գետահովիտի սարերն են։ 

 

ԴՈՒ 

 

Դո՛ւ՝

        երկու տա՜ռ,

Դո՛ւ՝

        հասարա՜կ մի դերանուն,

Եվ ընդամենն այդ քո երկո՛ւ հատիկ տառով

Այս բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում…

Դո՛ւ՝

        երկու տա՜ռ,

Ու ես գարնան հողի նման

Քո կենսատու ջերմությանն եմ ընտելանում…

Դո՛ւ՝

        երկու տա՜ռ,

Եվ ահա ես

Երջանկության համն եմ զգում իմ բերանում,

Անջատումին ըմբերանում

Եվ թերանում եմ կատարել հրամանը տառապանքի…

Դո՛ւ՝

        երկու տա՜ռ,

Ու ես, անգի՛ն,

Ինձանից ինքս վերանում`

Փոշիացած հերոսների

Ու ծնվելիք հանճարների

Դասակին եմ ընկերանում…

Դո՛ւ՝

        երկու տա՜ռ,

Ու երբ հանկարծ

Թողնում ես ինձ ու հեռանում`

Լքված տան պես ճեղք եմ տալիս,

Ծեփըս թափում, անտերանում,

Եվ կսկիծը, ցեցի նման,

Բույն է դնում իմ սյունի մեջ,

Ձեղունի մեջ ու գերանում…

Դո՛ւ`

        երկու տա՜ռ,

Դո՛ւ`

        հասարա՜կ մի դերանուն…




Գետահովիտի բարձունքին բացվեց քաղցկեղ ունեցող երեխաների համար հոգևոր-վերականգնողական կենտրոնը

Հոգևոր-վերականողական կենտրոն քաղցկեղ ունեցող երեխանների համար․ հոկտեմբերի 14-ին բացվեց քաղցկեղ ունեցող երեխաների և իրենց ընտանիքների համար հոգևոր-վերականգնողական կենտրոնի շենքը։ Կենտրոնը գտնվում է Գետահովիտ գյուղի բարձրադիր հատվածում։

Այն Հայաստանում եզակի կենտրոն է լինելու, որտեղ քիմիոթերապիայից հետո երեխաները գալու են հոգևոր վերականգնման նպատակով։

Վերականգնողական կենտրոնը կառուցվել է Իտալիայում բնակվող Լուսի Պալյանի հովանավորությամբ՝ ի հիշատակ իր եղբայրներ Անդրանիկ և Օհաննես Ճեմճեմյանների։

Կենտրոնի բացմանն Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիոսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ կատարվեց կենտրոնի տնօրհնյաց կարգը։ Սրբազանն իր օրհնությունը բաշխեց բոլոր ներկաներին, կառույցի շինարարներին, բարերարներին։ Կարո Առաքելյանին, ով վերականգողական կենտրոնի կառուցման բարերարներից է, շնորհվեց Տավուշի թեմի բարձրագույն՝ «Տավշո Խաչ. ՏաՀույս» շքանշանը։

Կենտրոնը գտնվում է Գետահովիտ գյուղի բարձունքին, որտեղ Խորհրդային տարիներին գործել է առողջարան, Հայաստանի վերանկախացումից հետո տարածքը վերածվել է զորամասի, իսկ վերջին տարիներին տարածքը տրամադրվել է Հայ առաքելական եկեղեցուն։  Վերականգնողական կենտրոնի կառուցմամբ սկսում է Տավուշի թեմի հաջորդ աշխատանքները. շուտով սկսվելու է զինվորականների վերականգնողական կենտրոնի կառուցումը, ընթացքի մեջ է նաև ճամբարի կառուցումը։