Գետահովիտի բարձունքին բացվեց քաղցկեղ ունեցող երեխաների համար հոգևոր-վերականգնողական կենտրոնը

Հոգևոր-վերականողական կենտրոն քաղցկեղ ունեցող երեխանների համար․ հոկտեմբերի 14-ին բացվեց քաղցկեղ ունեցող երեխաների և իրենց ընտանիքների համար հոգևոր-վերականգնողական կենտրոնի շենքը։ Կենտրոնը գտնվում է Գետահովիտ գյուղի բարձրադիր հատվածում։

Այն Հայաստանում եզակի կենտրոն է լինելու, որտեղ քիմիոթերապիայից հետո երեխաները գալու են հոգևոր վերականգնման նպատակով։

Վերականգնողական կենտրոնը կառուցվել է Իտալիայում բնակվող Լուսի Պալյանի հովանավորությամբ՝ ի հիշատակ իր եղբայրներ Անդրանիկ և Օհաննես Ճեմճեմյանների։

Կենտրոնի բացմանն Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիոսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ կատարվեց կենտրոնի տնօրհնյաց կարգը։ Սրբազանն իր օրհնությունը բաշխեց բոլոր ներկաներին, կառույցի շինարարներին, բարերարներին։ Կարո Առաքելյանին, ով վերականգողական կենտրոնի կառուցման բարերարներից է, շնորհվեց Տավուշի թեմի բարձրագույն՝ «Տավշո Խաչ. ՏաՀույս» շքանշանը։

Կենտրոնը գտնվում է Գետահովիտ գյուղի բարձունքին, որտեղ Խորհրդային տարիներին գործել է առողջարան, Հայաստանի վերանկախացումից հետո տարածքը վերածվել է զորամասի, իսկ վերջին տարիներին տարածքը տրամադրվել է Հայ առաքելական եկեղեցուն։  Վերականգնողական կենտրոնի կառուցմամբ սկսում է Տավուշի թեմի հաջորդ աշխատանքները. շուտով սկսվելու է զինվորականների վերականգնողական կենտրոնի կառուցումը, ընթացքի մեջ է նաև ճամբարի կառուցումը։




Տղերքը․ Հակոբ Մելիքսեթյան

«Հակոբը եթե մի բանի նվիրվում էր՝ նվիրվում էր ամբողջությամբ․․․»

Ընկերները պատմում են, որ մարտի ամենաթեժ պահերին, երբ դիրքն արդեն հրամանատար չուներ, նա իր վրա է վերցրել գործողությունները համակարգելու պատասխանատվությունը՝ մեծագույն քաջություն ցուցաբերելով։

«Տղերքը» հաղորդաշարի մեր այս թողարկման հերոսը Հակոբ Մելիքսեթյանն է։ Հակոբը գեղեցկությունը տեսնում և «բաժանում» ու վերարտադրում էր ամենուր․ ինչպես նրա բազմաթիվ նկարները, այնպես էլ իր հարազատների, ընկերների նկատմամբ վերաբերմունքը՝ որպես միայն բարու և գեղեցիկի, վկայում են հենց այս մասին։

Հակոբ Մելիքսեթյանը ծնվել է 2000թ․ հոկտեմբերի 16-ին, Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում:

Ավարտելով Գետահովիտի միջնակարգ դպրոցը՝ 2018 թ․-ին ընդունվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Կիրառական արվեստի ֆակուլտետ։ Անսահման բարի էր, ժպտերես, կատակասեր:

Ուսումը կիսատ թողնելով՝ 2019թ․ հունվարի 11-ին զորակոչվել է բանակ: Ծառայել է Արցախի ՊԲ «Մարտունի-2» զորամասում: Եղել է ՀՕՊ մասնագետ: 2020 թ․ պատերազմը սկսվելու առաջին իսկ օրից Հակոբն իր ընկերների հետ համառ մարտեր է մղել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ: Խոցել է մի քանի անօդաչու թռչող սարք, կործանիչ ինքնաթիռ։ Անմահացել է հոկտեմբերի 7-ին, Մարտունիում։

Հակոբ Մելիքսեթյանը պարգևատրվել է «Արիության» մեդալով, «Քաջարի մարտիկ» կրծքանշանով, «Գրթության մայր» մեդալով։

Հակոբը վստահ պատասխանատվությամբ բռնեց անմահության ճանապարհը՝ անվարան նվիրումով որոշում կայացնելով որևէ կերպ չխուսափել ու չընկրկել՝ լինելով ու մնալով իր ընկերների, իր Հայրենիքի կողքին։




Տղերքը․ Սերգեյ Պետրոսյան

«Ասել ա՝ տղերք, դուք հետևե՛ք՝ տեսեք՝ կամանդիրը քնած ա, ես պետք ա էն ուրալը բերեմ»․․․

«Տղերքը» հաղորդաշարի մեր այսօրվա հերոսը՝ Սերգեյը, պատերազմի ժամանակ զինամթերքով բեռնված ուրալը կրակի տակ, 700 մետր հեռավորությունից հասցրել է հայկական կողմին՝ չլսելով ո՛չ հրամանատարի, ո՛չ ընկերների հորդորները։ Իրեն ներհատուկ կենսախինդ բնավորությամբ էլ ծիծաղելով հետ է վերադարձել։

Հայրենի Տավուշի հող ու ջրի, անտառների իրական զավակը լինելով՝ Սերգեյ Պետրոսյանն ուրախությամբ է մեկնել ռազմաճակատ՝ ընկերներին ու հարազատներին էլ արգելելով որևէ կերպ առարկել կամ տխրել։ Ռազմաճակատում բազմիցս աչքի է ընկել՝ իր մտերիմների հանդեպ սերը Հայրենիքի համար արված զոհողությանը խառնելով։

Սերգեյ Պետրոսյանը ծնվել է 2001թ․ Իջեւանում։ Սովորել է Գետահովիտի միջնակարգ դպրոցում։ Ավարտելով դպրոցը՝ ընդունվել է քոլեջ, ապա ուսումը կիսատ թողնելով, զորակոչվել է բանակ: Ժամկետային ծառայության է անցել «Մարտունի-2»զորամասում։

Կենսուրախ, չարաճճի, աշխատասեր․ այսպես են Սերգեյին հիշում ընտանիքի անդամները եւ ընկերները։ Նա Պետրոսյանների ընտանիքի միակ որդին էր՝ երկու քույրերի եղբայրը։

Պատերազմի առաջին իսկ օրից Սերգեյը առաջնագծում է եղել։ Ընտանիքի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 22-ին, հուսադրել է՝ ամեն ինչ լավ է լինելու։ Սերգեյը ընկերների հետ Վարանդայում գրավել է մեկ դիրք, փրկել է զինակցի կյանքը։ Կռվել է 5 ամենաթեժ կետերում։ Զոհվել է հոկտեմբերի 23-ին՝ Վարանդայի համար մղվող մարտերում։

Հետմահու պարգեւատրվել է արիության մեդալով։