Սպիտակի երկրաշարժի դասերը

Ներբեռնել

Սպիտակի երկրաշարժից դասեր քաղեց ամբողջ աշխարհը.աշխարհն ավելի համախմբվեց. ստեղծվեցին փրկարարական միջազգային կազմակերպություններ, փրկությունն ու օգնությունը, մարդկային, նյութական ու տեխնիկական աջակցությունը սկսեց համակարգվել: Մարդիկ սկսեցին պատրաստվել երկրաշարժերին: Սպիտակի երկրաշարժի դասերն առաջինը մենք պիտի յուրացնեինք, ամենաուշիմ աշակերտը մենք պիտի լինեինք, որովհետև ոչ մի երկրաշարժ այդքան լավ ու խոր ուսումնասիրված չէ, որքան մերը:

Սովորելու համար երբեք էլ ուշ չէ, եկեք մեկ անգամ էլ թերթենք ողբերգական այդ էջերը, վերլուծենք այդ դասընթացը, յուրացնենք պարզագույն գիտելիքներն ու վաղվա օրվան նայենք լրագրողի, սեյսմոլոգ-գիտնականի, պետական պաշտոնյայի, պարզապես հայ մարդու աչքերով:




Զգուշացիր հրդեհից

Ներբեռնել

Ինչպես է այդքան անհրաժեշտ կրակը դառնում հրդեհ, ինչ պայմաններում է այն բռնկվում ու տարածվում: Ինչպես կարելի է այն կանխել: Ինչ է նշանակում հրդեհային անվտանգություն: Ինչ անել, եթե հրդեհն, այնուամենայնիվ, բռնկվել է, ինչպես ցուցաբերել առաջին օգնություն, ինչպես տարահանել, ինչպես փրկվել ու փրկել: Այս ու բազմաթիվ այլ հարցերի պատասխանը կգտնի այս «արտակարգ» գրքույկի ընթերցողը, կդառնա ավելի իրազեկված, պատրաստված ու պաշտպանված:

Հրդեհից կարելի է խուսափել, զգուշանալ, բայց ոչ երբեք վախենալ: Հիշեք, որ խուճապը երբեմն ավելի մեծ վնաս է հասցնում, քան բուն վտանգը: Դրա համար անհրաժեշտ են տարրական գիտելիքներ ու դրանց հետեւողական կիրառում, մի խոսքով’ անվտանգության մշակույթ:
Այս գրքույկը նրանց համար է, ովքեր ցանկանում են դառնալ «կուլտուրական», ապրել անվտանգ ու անվնաս, լինել խիզախ ու հարեհաս:

Իմ շատ սիրելի տավուշեցի բարեկամ, հանկարծ միանգամյա ընթերցումով չփորձես բաժանվել այս գրքույկից, նրա առանձին հատվածներ կարդա` դասընկերներիդ, հարևաններիդ, հարազատներիդ, ծնողներիդ հետ: Անվտանգության տեսանկյունից նորովի գնահատիր դասասենյակդ, դպրոցդ, բնակարանդ, տունդ, շրջապատդ, ձեր գյուղի տունը, դեզերը, անտառը: Խորհրդակցիր ու կարծիքներ փոխանակիր ուսուցչիդ ու Ձեր դպրոց այցելող հրշեջ-փրկարարի հետ: Սովորածդ կիրառիր կյանքում, դարձրու փորձ ու հմտություն, դարձրու կենսակերպ: Հիշիր. Աստված փրկում է նրան, ով ցանկանում է փրկվել, Աստված փրկում է իրազեկ-պատրաստվածին:




Կենսապահովման հիմունքներ

Ներբեռնել




Որ փորձությունը փորձանք չդառնա

Ներբեռնել

Սիրելի բարեկամներ, յուրաքանչյուրիս կյանքում էլ տարաբնույթ դեպք‐պատահարներ եղել են: Մի բան պատահել է, մեկս մյուսին օգնության է հասել: Նույնն էլ մեր պետությունը. որևէ մարզում աղետ է եղել, պետական կառույցներն արձագանքել են, հասել են, օգնել են, փրկել են, փոխհատուցել են: Ուշ թե շուտ, լավ թե վատ, այլ հարց է:

Այսօր ամբողջ աշխարհը փոխել է իր ռազմավարությունը՝ արձագանքման մշակույթից անցնելով կանխարգելման և համայնքների խոցելիության նվազեցման մշակույթին: Իսկ այդ մշակույթի հիմքը իրազեկված քաղաքացին է, մենք բոլորս և մեզնից յուրաքանչյուրը, ով գիտի, թե ինչ վտանգներ կան, ինչ է արտակարգ իրավիճակը, ինչ բնութագրեր ու դասակարգում ունի այն, ինչ են նշանակում խոցելիությունն ու կարողությունը, ինչպես է ձևավորվում աղետների ռիսկը և ինչպես կարելի է այն նվազեցնել, գիտակցում է, որ աղետների ռիսկի նվազեցումը մարդկային կյանքերի փրկություն է և ապրուստի միջոցների աղբյուրների պաշտպանություն, որ կանխարգելմանն ուղղված ֆինանսները ոչ թե ծախս են, այլ ներդրում, գիտի ինքնօգնության, փոխօգնության, առաջին նախաբժշկական օգնության տարրական հիմունքները, գնահատում ու պահպանում է անվտանգ ու առողջ շրջակա միջավայրը, կարողանում է գրագետ կառավարել հողը, ջուրը, օդը, արագ ուրբանիզացվող ու զարգացող, տեխնիկապես հագեցվող քաղաքային միջավայրը, նաև՝ կլիմայի փոփոխության ռիսկերը:

Մենք բոլորովին էլ այն քաղաքականության կողմնակիցը չենք, որը մարդկանց վախեցնում է աղետ‐բոբոներով՝ այ եթե չիրազեկվեք‐չպատրաստվեք, աղետը կգա ու կսրբի կտանի ձեր ունեցած‐չունեցածը, կվնասի ձեզ ու ձեր մերձավորներին՝ անկախ ձեր դիրքից, պաշտոնից ու կուսակցական պատկանելությունից: Ընդհակառակը, մենք ցանկանում ենք, որ դուք ինքներդ բացահայտեք, թե ինչ է պետք իմանալ, ձեր կյանքը բարելավելու և առավել անվտանգ դարձնելու համար, որն է աշխարհի լավագույն փորձը, ինչ աղետներ են պատուհասել ու սպառնում մեր երկրին, ինչ նոր մարտահրավերներ կան, ինչպես կարելի է հզորացնել ձեր կարողությունները, նվազեցնել խոցելիությունն ու մեղմել անկանխելի աղետի հետևանքները:

Խնդրում ենք գիրքն ընթերցել անշտապ ու կանգ առնել առանձին գլուխների վրա: Քննարկեք այն ձեր ընտանիքի անդամների ու գործընկերների հետ: Համադրեք այս հանրամատչելի ձեռնարկը Տեղական մակարդակում աղետների ռիսկի կառավարման ուղեցույցի հետ: Հիշեք, որ հենց ձեզանից, ձեր գիտելիքներից, հմտություն‐կարողությունից է կախված, թե արդյոք, փորձանք կդառնա վերահաս փորձությունը, թե՝ անցյալի գիրկն անցած, դիմագրավված ու հաղթահարված հերթական մարտահրավեր:




Արտակարգ ալիք լրատվական կենտրոն

Ներբեռնել

Ամեն տարի բնական, տեխնածին, բնապահպանական, համաճարակային ու սոցիալական աղետները լուրջ վնաս են հասցնում մեր երկրին ու ժողովրդին: Միջազգային փորձագետները նշում են,
որ աղետներն ամենամեծ վնասը հասցնում են աղքատ ու զարգացող երկրներին, որտեղ աղետների հակազդման համակարգերը գտնվում են սաղմնային փուլում, իսկ ֆինանսական միջոցների
սղությունը թույլ չի տալիս լուրջ ներդրումներ կատարել արտակարգ իրավիճակների կանխարգելման, վտանգների գնահատման և ռիսկերի նվազեցման ոլորտում:

Այդ պատճառով երկրի զարգացման համար նախատեսված առանց այն էլ սուղ միջոցները, մեծ մասամբ ստիպողաբար, նպատակամղվում են աղետների հետևանքների վերացմանը և վնասների փոխհատուցմանը, ինչն էլ, բնականաբար, խոչընդոտում է երկրի կայուն զարգացումը:
Ֆրանսիացի փորձագետների մի խումբ, Հայաստանում կարճ ժամանակ աշխատելուց հետո, մեր երկիրն անվանեց «աղետների լաբորատորիա». երկրե-երկիր շրջելու հարկ չկա, այստեղ կարելի
է ուսումնասիրել բոլոր աղետները:

Եթե սոցիոլոգիական հարցում անցկացվի և հարցմանը ներգրավվեն տարբեր սոցիալական խավերի, կուսակցությունների, բլոկների ու ֆորմատների, տարբեր սեռի, կրոնի, տարիքի, դիրքի մարդիկ` հարյուրից հարյուր մեկը կասի, որ մեզ անհրաժեշտ է արտակարգ իրավիճակների կառավարման հզոր ու կուռ համակարգ՝ տեխնիկական հարուստ հագեցվածությամբ, գիտության վերջին նվաճումները յուրացրած և ճգնաժամային կառավարման հմտություններին տիրապետող անձնակազմով:
Այս մտածելակերպով է հիմա համակված ողջ աշխարհը, նաև մենք, որ տեսել ու դեռ հիշողության մեջ թարմ պահել ենք Սպիտակի երկրաշարժի ողբերգական պատկերները…




Լրատվությունն արտակարգ իրավիճակներում

Ներբեռնել

2000 թվականին, երբ Հայաստանի փրկարար ծառայությունում (այն ժամանակ՝ Արտակարգ իրավիճակների վարչություն) մշակվում էր արտակարգ իրավիճակների կառավարման հանրային տեղեկատվության նոր հայեցակարգը, և հասարակության իրազեկվածության ապահովումը դարձավ օրախնդիր, հայեցակարգի հեղինակները, հիմնվելով սեփական հարուստ կենսափորձի վրա, ուսումնասիրելով և հաշվի առնելով նաև միջազգային փորձը (հիմնականում ՆԱՏՕ-ի բուդապեշտյան հրահանգները), կազմեցին ՀՀ արտակարգ իրավիճակների կառավարման «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի ծրագիրը, որը նախատեսում է իրազեկման ծրագրերի և լրատվական ամբողջ դաշտի ընդգրկումը մասնագիտացված մեկ կառույցի մեջ: Այս կառույցի հիմնական նպատակն է՝ ձեւավորել բնական, տեխնածին, համաճարակային, էկոլոգիական և սոցիալական տարաբնույթ աղետները կառավարելու պատրաստ, ունակ ու իրազեկ քաղաքացի ունեցող համայնք (մարզ)` խոցելիության նվազեցման կայուն համակարգով: Իհարկե, միայն «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնով հնարավոր չէ լուծել համազգային խնդիրներ: Գործին պետք է լծվեն բոլորը, և կառավարման մարմինները՝ իրենց լրատվական ծառայություններով, և զանգվածային լրատվության միջոցները՝ իրենց անսահմանափակ հնարավորություններով, և բնակչությունը՝ ուսանելու, տեղեկացված լինելու իր պատրաստակամությամբ: Կյանքն այսօր զարգանում է խելահեղ տեմպերով՝ արդեն առկա վտանգներին ավելացնելով նորերը: Այնպես որ, սովորելու բան միշտ էլ կա ու կլինի: Իսկ սովորելու, փորձը փոխանակելու միակ միջոցը հաղորդակցությունն է: Ամենազանգվածային հաղորդակցությունն էլ՝ լրատվությունն է: Իսկ թե ինչ է լրատվությունն արտակարգ իրավիճակներում՝ կիմանաք այս գրքույկից:

Արտակարգ իրավիճակի կամ ճգնաժամի հետևանքով խախտվում է իրերի բնականոն ընթացքը, և մարդ հայտնվում է իր համար նոր, հաճախ կյանքին ու առողջությանը սպառնացող դրության մեջ:
Բնական կամ տեխնածին աղետները, կենցաղային արտակարգ իրավիճակները գալիս են ստուգելու մարդու պատրաստվածության աստիճանը, և եթե այդ աստիճանը բավարար չէ, հետևանքները կա-
րող են լինել անդառնալի:

Այդ պատճառով էլ անհրաժեշտ է, որ մարդը, ողջ հասարակությունն իր կառավարման մարմիններով հանդերձ գիտակցի անսպասելիին պատրաստ լինելու կարևորությունը: Իսկ պատրաստվածության առաջին և անհրաժեշտ պայմանը իրազեկումն է, որովհետև՝ «ով իրազեկված է, նա պաշտպանված է»:




Հայաստանին սպառնացող բնական աղետները

Ներբեռնել

Երկիրը, մեր մոլորակը, ոչ մեծ չափերի սովորական մի մոլորակ է, որը Ծիր Կաթինի կենտրոնից գտնվում է 30.000 լուսային տարի հեռավորության վրա: Սա արդեն հայտնի է գիտությանը: Իսկ թե քանի-քանի այսպիսի մոլորակ կա տիեզերքում՝ առայժմ միայն Աստծուն է հայտնի: Մեր մոլորակը եզակի է միայն այն բանի շնորհիվ, որ այստեղ բնակվում ենք մենք:

Աշխարհաստեղծման օրից ի վեր (այլ հարց է, թե ինչպես է գլուխ եկել այդ աշխարհաստեղծումը) Երկիրը
ինքնակարգավորման մեջ է: Սա էլ արդեն կարելի է համարել գիտականորեն ապացուցված թեզ: Երկրաշարժերն ու ցունամիները, հրաբուխներն ու ջրհեղեղները, կայծակներն ու հիդրոօդերևութաբանական երևույթները (խոշոր կարկուտ, հորդ անձրև և այլն), մի խոսքով,
բնական աղետ կոչվածները… ոչ այլ ինչ են, քան Երկիր մոլորակի ինքնակարգավորման միջոց:
Եթե անկեղծ լինենք ու կողքից հայացք գցենք՝ սրանք բոլորովին էլ աղետ չեն: Մե՞զ ինչ, թե Ջոմոլունգմայի գլխին ուժեղ կարկուտ կգա, եթե, իհարկե, այդ պահին մի լեռնագնացի մտքով չի
անցել մեր մոլորակով հիանալ բարձր սարի գագաթից: Կամ, ասենք, ի՞նչ աղետալի
բան կլինի, եթե Անտարկտիդայի խորքերում մի հզորագույն երկրաշարժ լինի: Այս դեպքում էլ, իհարկե,
ենթադրենք, որ այդ պահին Նանսենի կամ Ամունդսենի հետնորդներից մեկը, իր պետության դրոշը ձեռքին, չի ձգտում հասնել բևեռ: Բնական այդ երևույթները աղետ են դառնում միայն
այն դեպքում, երբ կոնկրետ վնասներ են հասցնում մեզ, մարդկանց, մարդկությանը:

Մեր հետագա ասելիքը ոչ թե աղետների, այլ բնական երևույթների մասին է. երկրաշարժ, ջրհեղեղ, սողանք, կայծակ ու կարկուտ: Բնական այլ երևույթներ էլ կան, որոնց գործունեության սահմանները գտնվում են մեզանից անվտանգ հեռավորության վրա (տոռնադո կամ ցունամի): Կան նաև այնպիսիք, որոնց ազդեցությունը կամ պակաս վտանգավոր է, կամ դրանք ինքնին անմիջական սպառնալիք չեն մեզ՝ հայաստանաբնակներիս համար: Ահա, միայն սրանք են այն պատճառները, որոնք ստիպեցին ընտրել հենց վերը թվարկված բնական երևույթները, տալ դրանց գիտական բնութագրումները, որոշ դեպքերում բերել պատմական փաստեր, նաև առաջարկել այնպիսի միջոցներ, որոնց շնորհիվ դրանք կմնան երևույթ, այլ ոչ՝ աղետ:




Երբ մոտենում է փորձության ժամը

Ներբեռնել

Սիրելի բարեկամ, այս գիրքը կօգնի Ձեզ ամենատարբեր արտակարգ իրա վիճակներում: Նախ, կիմանաք, թե ինչ է արտակարգ իրավիճակը` ճգնաժամը, ինչպես են այն բնութագրում աշխարհի տարբեր երկրներում: Ինչպես են կառավարում այդ արտակարգ իրա վիճակները: Ինչ տեղ ու դեր ունի տեղեկատվությունն արտակարգ իրավիճակների կառավարման համակարգում, ինչ պես պլանավորել այդ լրատվությունը, ինչպես աշխատել զանգվածային լրատվության միջոցների հետ: Ինչպես է առաջանում խուճապը, եւ որոնք են բնակչության հետ հաղորդակցության արդյունավետ եղանակները. ինչպես կանխել կամ մարել խուճապը: Կծանոթանաք ճգնաժամերի կառավարման աստվածաշնչյան սկզբունքներին, արտակարգ իրավիճակների տեղեկատվության կառավարման Հայաստանի
փրկարար ծառայության «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի քաղաքականությանն ու այս ոլորտի իրավական դաշտին: Կկարողանաք գնահատել մեր հանրապետությանը սպառնացող բոլոր
վտանգներն ու դրանց ռիսկերը: Կծանոթանաք նաեւ հաճախ հանդիպող դեպքերի առաջին նախաբժշկական օգնության հիմունքներին:

Մի խոսքով, սպասվում է գրավիչ ու հետաքրքիր, ամենակարեւորը` օգտակար ընթերցանություն: Թախանձագին խնդրում ենք` քննարկեք Ձեր կարդացածը գործընկերների եւ ընտանիքի անդամների հետ, փորձեք կիրառել կյանքում: Եվ ամենակարեւորը` պլանավորեք Ձեր գործունեությունը: Իսկ պլանի ամենաերեւացող մասում Ձեզ համար նշեք ու անընդ հատ կարդացեք` կհաղթի նա, ով կհաղթահարի իր վախը, ալարկոտությունը եւ անվստահությունը:

«Արտակարգ ալիքի» գրադարանում տեղգտած նյութերի պատրաստմանն իրենց մասնակցությունն են բերել մեր հանրապետության ամենաճանաչված փորձագետները` Հայաստանի փրկարար ծառայությունից, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից եւ հայկական կարմիր խաչից:




Արարատի մարզին սպառնացող արտակարգ իրավիճակները

Ներբեռնել

Այս գրքույկն Արարատի մարզի աշխարհագրական նկարագրի, նրան սպառնացող արտակարգ իրավիճակների, դրանցից պաշտպանվելու կամ դրանց հետևանքները մեղմելու հնարավորությունների մասին է: Մարզում աշխատած մասնագիտական խումբը մանրամասն ուսումնասիրել է դրա տարածքը: Այստեղ առկա են Հայաստանի ամբողջ տարածքին բնորոշ բոլոր վտանգները՝ բնական ու
տեխնածին, սակայն սրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները: Տարածքում արդեն գլուխ բարձրացրած սողանքները, հատկապես դրանցից մեկը՝ Աղբուլաղինը, արդեն
իրենց գործը տեսել են ու շարունակում են վնասել: Չի բացառվում, որ մարզի տարածքում առաջանան սողանքի նոր օջախներ: Նման խնդիրներ առաջանում են նաև երկրաշարժերից հետո, իսկ
երկրաշարժի հավանականության տոկոսն այս մարզում բնավ էլ ցածր չէ: Երկրաշարժագետները նման հետևության հանգում են՝ նաև հաշվի առնելով տեղանքում արձանագրված պատմական
երկրաշարժերը: Հատկապես հիշվող է Արարատի մարզի տարածքում եղած հայոց նախկին մայրաքաղաք Դվինի ճակատագիրը:

Այն բազմիցս կործանվել ու վերաշինվել է, սակայն 893 թվականի աղետաբեր ցնցումն այնքան հիմնովին է կործանել քաղաքը, որ մեր նախնիներն այլևս նպատակահարմար չեն համարել նույն տարածքում մայրաքաղաք ունենալ: Երկրաշարժի հավանականությունը սեյսմոլոգները հիմնավորում են նաև գիտական այլ եզրահանգումներով: