Կայուն և խելամիտ գյուղատնտեսության մոդել՝ Հովքի Կանաչ ուսուցման կենտրոնում

Հովքի Կանաչ ուսուցման կենտրոնը կայուն և խելամիտ գյուղատնտեսության վարման յուրահատուկ մոդել է, որը տրամադրում է կրթական և հետազոտական հնարավորություններ ֆերմերներին, ուսանողներին և գյուղատնտեսներին: Կանաչ արահետի առաջին համանման կենտրոնը արդեն մի քանի տարի է՝ մեծ հաջողությամբ գործում է Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում: Հովքի Ուսուցման կանաչ կենտրոնը գործում է 2021թ.-ից․ վերջինիս ստեղծման նպատակն է նորարարական մեթոդների ու տեխնոլոգիաների օգնությամբ գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների պարզ եւ արդյունավետ լուծումներ գտնելը՝ որպես առանցքային սկզբունք ունենալով բնական ռեսուրսների խնայողությունը, օրգանական գյուղատնտեսության զարգացումը, ինչպես նաեւ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու հարցում գյուղաբնակ երիտասարդությանը խրախուսելը:

Կենտրոնում մշակվում են ավանդական և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի և տնկիների 150-ից ավելի տեսակներ, որոնք մշակվում են բացառապես խելամիտ գյուղատնտեսության սկզբունքներին համապատասխան:

Այցելուներն այստեղ կարող են գտնել 100-ից ավելի խոտաբույսեր, դեղաբույսեր, տեսնել խելամիտ և անվտանգ գյուղատնտեսության բոլոր բաղադրիչները, ինչպիսիք են կաթիլային ոռոգումը, հակակարկտային ցանցերը, արևային էներգիայի կայանները, նորագույն տեխնոլոգիաներով աշխատող ջերմոցները, ջերմատները և այլն:

Եվրոպական Միության աջակցությամբ իրականացվող EU4Youth SEED «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որը Հայաստանում իրականացնում է Կանաչ արահետ ՀԿ-ն՝ գյուղական զբոսաշրջությունը խթանելու նպատակով։ Այս տարվանից շահագործման են հանձնվել նաև փայտե տնակները, որոնք հնարավորություն կտան կենտրոն այցելած մարդկանց մնալ, գիշերել և ծանոթանալ հաստատության գործունեությանը, սովորել ընտրել մշակաբույսեր ու ճիշտ աճեցնել դրանք։

Իր կառուցվածքի, արտաքին տեսքի և տեղադիրքի շնորհիվ կենտրոնը շատ հարմար է նաև բազմատեսակ միջոցառումների կազմակերպման համար։




Նոյեմբերյանի պետական քոլեջում բացվեց Տավուշում եզակի հողի անալիզի լաբորատորիա

ԵՄ կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության շրջանակում ապրիլի 29-ին Նոյեմբերյանի պետական քոլեջում բացվեց հողի անալիզի լաբորատորիա, որը կծառայի նաև որպես քիմիայի լսարան։

Նոյեմբերյանի պետական քոլեջի տնօրեն Կարեն Նազարյանի խոսքերով՝ «Մեր տարածաշրջանում նման լաբորատորիա գոյություն չի ունեցել, ու առհասարակ ՀՀ-ում շատ քիչ են նման լաբորատորիաները, որը հնարավորություն է տալիս հողն անալիզի ենթարկել և ստանալ հողի բաղադրության վերաբերյալ ինֆորմացիա, որի արդյունքում էլ որոշել՝ ինչ ցանել, ինչ տնկել, ինչ բերք ստանալ, ինչ արդյունք ստանալ»։

Նորագույն և ճշգրիտ սարքավորումներով հագեցած լաբորատորիան Տավուշի մարզում եզակի կառույց է։ Այն շատ կարևոր նշանակություն կունենա ոչ միայն որպես քոլեջում գործող ուսումնահետազոտական, այլև առհասարակ՝ մարզային մակարդակում ագրարային արտադրության և հետազոտությունների զարգացման կենտրոն։

Լաբորատորիան ծառայություններ կմատուցի Տավուշի մարզի ֆերմերներին և տեղի տնտեսվարողներին, ինչպես նաև կծառայի որպես մասնագիտական վերապատրաստման ժամանակակից ուսումնական կենտորն։ Այն ուսանողներին թույլ կտա ձեռք բերել գործնական հմտություններ, ինչպես նաև տարածաշրջանի ֆերմերային տնտեսություններին կտրամադրի հողի ֆիզիկաքիմիական հատկանիշների մասին անհրաժեշտ տեղեկություններ։

Լաբորատորիայում կանցկացվեն հողի փորձաքննություններ, կորոշվի հողի միկրո և մակրոտարրերի հարաբերությունն ու ֆիզիկական վիճակը, ինչպես նաև կիրականացվեն բույսերի և ջրի բաղադրության հետ կապված տարբեր հետազոտություններ։