«Հացին երգը»․ հացը՝ որպես ոչ նյութական մշակութային արժեք

Հացը ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր բաղկացուցիչներից է, հայ ժողովուրդն ունի հացի բազմաթիվ տեսակներ՝ ցորենհաց, գարեհաց, մատնաքաշ, պան, նկանակ, լավաշ, լոշ, անեկ, բաղարջ, խուկլի, կողի, կսկուծ, պասպաճիկ, սոմին, բոքոն, ձողիհաց, ճաթ, կիլիկհաց, տաշտիքեր, պահուց քալիճա, տաք հացի քուլիճա, դոմպիկ, թերուն, փռան ու թոնրի բաղարջ և այլ տեսակներ։ Պատմական Հայաստանի բնակավայրերը, որոնք աչքի են ընկել բերքի ու հացի առատությամբ, ունեն այսպիսի անվանումներ՝ Հացաշեն, Հացառատ, Հացավան, Հացի, Հացիկ, Հացեկաց։

«Սասնա ծռեր» էպոսում կա «Հացն ու գինին, Տեր կենդանին» աղոթք-բանաձևը, որում Հացն ու Գինին քրիստոնեկան պատարագի Հաղորդությունն է, իսկ Տեր կենդանին՝ Աստված։ Հացն իր զորությամբ դարեր շարունակ եղել է հայերի հավատարիմ ուղեկիցը: Գանձաքարի բնակիչ Աննայի մանկության հուշերում լավ է տպավորվել տատիկի հացի թխման աշխատանքը՝ ավանդական թոնրում։ Հացը որպես ոչ նյութական մշակութային արժեք ներկայացնելու և հացի թխման արարողությունը՝ իր բոլոր «օրենքներով» փոխանցելու նպատակով, Աննա Մելիքսեթյանը «Հացին երգը» նախագիծն էր ներկայացրել «Մենք ենք, մեր սարերը» ծրագրին։ Թոնրատունը առաջին հերթին դպրոցականների համար է ծառայելու՝ նրանց հմտացնելով ավանդական հացի պատրաստման աշխատանքում։

Դեռ հնուց թոնրատունը կառուցվել է տան ամենակարևոր, առանցքային մասում ու հայերի կյանքում և կենցաղում կարևորագույն նշանակություն է ունեցել, քանի որ այնտեղ էր թխվում ընտանիքի գոյատևման հիմնական երաշխիքը՝ հացը:

Թոնրատան բացման արարողության ընթացքում հյուրերի համար թխվեց Տավուշի խորհանոցին յուրահատուկ քաղցրավենիքն ու բաժանվեց բոլորին՝ ինչպես հին ու բարի օրերում։