Հաղարծին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Հունվարի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթաքում ժամը 12:00-ին գործարկվու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Բացահայտվել է Հաղարծինում կատարված գողության դեպքը

Նոյեմբերի 27-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ գիշերը Հաղարծին բնակավայրում գտնվող իր ամառանոցից գողություն է կատարվել։
Նշված հասցե մեկնած քրեական ոստիկանները պարզել են, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացելու միջոցով ապօրինի մուտք են գործել քաղաքացուն պատկանող հյուրատուն և գողացել երկու հեռուստացույց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Հաղարծին բնակավայրի 29-ամյա բնակիչը: Նա ձերբակալվել է: Գողոնն առգրավվել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Ուսանողներին տեղափոխող ավտոբուսը Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին կողաշրջվել էր․ պատահարի հետևանքով կա 30 տուժած

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 15։05-ի սահմաններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել կան տուժածներ։

Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողական խումբը գիտաճանաչողական այցով, կիրակի օրը՝ նոյեմբերի 2-ին եկել էր Տավուշի մարզ։ Ուսանողները նախատեսել էին այցելել Հաղարծին վանական համալիր, ապա Գոշավանք, իսկ վերջում վայելել աշնանային Տավուշը, սակայն տեղի ունեցավ դժբախտ պատահարը՝ ժամը երեքի սահմաններում ուսանողական 5 ավտոբուսներից մեկը դեպի Հաղարծնի վանք տանող ճանապարհին՝ դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել էր։ Դեպքի վայր են ժամանել Տավուշի մարզային փրկարարական վարչության փրկարարները, որոնք տեղացիների օգնությամբ տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելով մոտեցրել են շտապօգնության մեքենաներին։ 

Պատահարի հետևանքով մեկ տուժած վիրահատվել է, առողջական վիճակը գնահատվում էր ծանր, մյուսներինը` միջին ծանրության: 

Դեպքից անմիջապես հետո Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորը ևս ուսանողների կողքին էր՝ պահպանելով կապը տուժած ուսանողների և նրանց ընտանիքների հետ։ Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպած այցի շրջանակում շուրջ 250 ուսանող էր եկել Տավուշ։

Տուժածները շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն որևէ մեկի կայքին վտանգ չի սպառնում։

Կարդացեք նաև՝




Ուսանողները Դիլիջան էին մեկնել գիտաճանաչողական այցով․ Բրյուսովի համալսարանի հայտարարությունը՝ վթարի մասին

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հայտարարությունը․

«Տեղեկատվություն Դիլիջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ։

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների խմբի հետ կապված ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Տավուշի մարզում՝ Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին։ Ուսանողները Դիլիջան էին մեկնել գիտաճանաչողական այցով, որը կազմակերպվել էր համալսարանի ուսանողական խորհրդի կողմից։

Դեպքի հետևանքով մի շարք ուսանողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Տուժածները տեղափոխվել են Տավուշի մարզային բժշկական կենտրոն, որտեղ նրանք անցնում են անհրաժեշտ հետազոտություններ և ստանում համապատասխան բուժօգնություն։ Մեկ ուսանողի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության։ Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի նրանց տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ։

Նշենք, որ համալսարանի ղեկավարությունը և ուսանողական խորհրդի ներկայացուցիչները այս պահին գտնվում են դեպքի վայրում` ուսանողներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար։
Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը խորին մտահոգությամբ հետևում է իրավիճակին և կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն՝ ըստ անհրաժեշտության»։




Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել․ նախնական տվյալներով՝ կա 18 տուժած

Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 15։05-ի սահմաններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարտական հաշվարկներ և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր։

Նախնական տվյալներով՝ կա 18 տուժած։

Նախնական տեղեկատվությամբ` ավտոբուսը տեղափոխում էր ուսանողների: Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, բախվելով ծառերին, կիսակողաշրջված հայտնվել անտառի մեջ։

«Վիրավորներն այս պահին անցնում են անհրաժեշտ հետազոտությունները, ստանում համապատասխան բուժօգնություն:
Մեկ տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծանր, այս պահին վիրահատվում է, մյուսներինը` միջին ծանրության:

Ըստ անհրաժեշտության` հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կկազմակերպվի երևանյան բուժհաստատություններ տեղափոխումը», – հայտնում է Առողջապահության նախաձեռնությունը:

Տավուշ Մեդիայի նկարահանող խումբը մեկնում է դեպքի վայր:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել




Հաղարծին գյուղում կատարված բնակարանային գողությունը բացահայտվել է

Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Իջևան քաղաքի բնակիչ 19-ամյա երիտասարդը Հաղարծին բնակավայրի մի տնից գողություն է արել: Ըստ տանտիրոջ՝ օգոստոսի 27-ի ժամը 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել իր տուն և գողացել կաշվե պայուսակ, որի մեջ եղել է 86 հազար դրամ, զինվորական գրքույկ և քարտեր:
Նույն օրը 19-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Դիլիջանի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Հաղարծին գյուղում հոգևոր ու համայնքային կյանքը նոր շունչ է ստանում

Հաղարծին գյուղում դեռ 1848 թվականին Տեր Ոսկան քահանայի ջանքերով կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը տարիներ շարունակ ծառայել է Հաղարծնի բնակչության համար որպես հոգևոր աղբյուր: Խորհրդային տարիներին եկեղեցու նկատմամբ բռնաճնշումների հետևանքով եկեղեցին դադարեցրել է իր գործունեությունը: Գյուղացիների ջանքերով ու միջոցներով այժմ վերանորոգվել է եկեղեցին, բարեկարգվել բակը, շրջակայքը: Սուրբ Աստվածածնի  ծննդյան տոնին՝ սեպտեմբերի 8-ին, Հաղարծնի բնակիչներն ու մարզի համայնքներից ժամանած հավատավորները ուխտերթով շարժվեցին դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի. Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի ձեռամբ կատարվեց եկեղեցու վերաօծումը:

Հաղարծնի բնակիչների հուշերում մնացել է 19-րդ դարում կառուցված եկեղեցու ու վերջին հոգևորականի՝ Տեր Հովհաննես Թամամյանի դերը, նշանակությունը: Այսօր, վերանորոգված և վերաօծված՝ եկեղեցին կրկին բացում է իր դռները, ու գյուղի բնակիչները հույս ունեն, որ հոգևոր ու համայնքային կյանքը նոր շունչ կստանա։

Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրն այսուհետ նաև եկեղեցու վերաօծման օրն է: Տոն, որը կապում է անցյալն ու ներկան, հիշեցնում՝ որքան կարևոր է պահպանել այն, ինչ կառուցվել է սիրով ու հավատքով։ Աստվածամայրը լինելով յուրաքանչյուր քրիստոնյայի մայր, սովորեցնում է քայլել որպես Աստծո արժանի զավակ, աղոթել սեփական անձի և մարդկության փրկության համար և լվացվել երկրավոր մեղքերից։

Սերունդների նվիրվածությամբ ու միասնականությամբ վերականգնված այս սրբավայրը ևս մեկ հիշեցում է՝ հավատքը երբեք չի մարում այնտեղ, որտեղ սիրտն ու հոգին ապրում են քրիստոնեկան արժեքներով։




Շտաբային ուսումնավարժանք՝ «Հաղարծին բնակավայրում սողանքի ակտիվացման դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպում» թեմայով

Օգոստոսի 21-ին Դիլիջանում անցկացվեց «ՀՀ Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրում սողանքի ակտիվացման դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպում» թեմայով շտաբային ուսումնավարժանք:

Ուսումնավարժության նպատակն էր ստուգել ու կատարելագործել պատկան մարմինների հմտություններն ու ունակությունները սողանքի դեպքում արձագանքման ու իրականացման ժամանակ և ստուգել «Տավուշի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլան»-ով նախատեսված արձագանքման կազմակերպման իրատեսությունը:

Ուսումնավարժությանը մասնակցում էին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման և Տավուշի մարզային փրկարար վարչությունների, Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմերը:

Հայաստանի Հանրապետությունում 2 հա և ավելի մակերեսով բացահայտվել է 2504 սողանքային տեղամաս, որոնցից 525-ը Տավուշի մարզում: Մարզի 9 բնակավայրերում՝ Հաղարծին, Լճկաձոր, Գետահովիտ, Հովք, Վազաշեն, Աչաջուր, Ներքին Ծաղկավան, Գոշ և Դիլիջան, դիտվում են սողանքային երևույթների ակտիվացում՝ ստեղծելով աղետավտանգ պայմաններ բնակչության համար:


Լուսանկարները՝ Դիլիջանի համայնքապետարանի։

 




Արտակարգ օրեր․ աղետի հետևանքները՝ Տավուշի մարզում

Աղետ Տավուշի մարզում

Մայիսի 26-ին տեղատարափ անձրևից Տավուշի և Լոռու մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարումը առաջացրեց մի շարք արտակարգ դեպքեր ու պատահարներ։ Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում բազմաթիվ ահազանգեր էին ստացվել շենք շինություններում, նկուղային տարածքներում ջրալցումների, ջրերի մեջ արգելափակումների վերաբերյալ։ Անհապաղ մեկնարկեցին որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները, որոնցում ներգրավվեցին 324 փրկարարներ։

Մայիսի 26-ի օպերատիվ տեղեկագրի համաձայն աղետի գոտում 4 զոհ կար,  որոնցից մեկը Տավուշի մարզից․ Պտղավան բնակավայրի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ գետից դուրս էր բերվել Հաղթանակ գյուղի բնակիչ Ավագ Ավագյանի դին։ Հեղեղումների հետևանքով Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել է 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։

Հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներ հայտարարվեցին որպես աղետի գոտի: Աղետի գոտիներում օպերատիվ աշխատանքային խմբերը սկսեցին կազմակերպել բնակչության պաշտպանության անհրաժեշտ հիմնական միջոցառումների իրականացումը:

Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում Աղստևի վարարումը 3 տուն փլուզեց, գետի ափամերձ տարածքի տները, շենք-շինությունները ջրալցվեցին, փլուզվեց Մ4 Իջևան-Դիլիջան-Երևան միջպետական ճանապարհի Հաղարծին գյուղի ճանապարհահատվածը։

Հեղեղումները վնասեցին Իջևան քաղաքի Պռոշյան-Ղարագյոզյան փողոցների հատվածի գազատար խողովակը, որն արագորեն վերականգնվեց: Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը վնասվեց Խաշթառակ գյուղի կամրջի հենասյունը և մասնակի փլուզվեց: Անվտանգությունից ելնելով, երթևեկությունը  տվյալ կամրջով դեռ արգելվում է։

Խաշթառակի ու Լուսահովիտի բնակիչները գյուղերից դուրս գալու համար օգտվում են այլընտրանքային-գրունտային ճանապարհից։

Դեբեդ գետի վարարումը վնաս է հասցրել Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքին ու հարակից բնակավայրերին։ Աղետի հետևանքները Նոյեմբերյանում ավելի շատ են՝ փլուզվել է Այրումի կայարանի կամուրջը, որի հետևանքով վնասվել է գազատարը և դադարեցվել գազամատակարարումը, ավերվել են ենթակառուցվածքները, վնասվել հողատարածքները, մարդկանց ավտոմեքենաները։ Ժամերի ընթացքում գետի ջրերը լցվել են տներ, ոչ պիտանի դարձրել մարդկանց գույքը, կենցաղային իրերը` տարիների աշխատանքը: Դեբեդի վարարման հետևանքով վնասներ են հասցվել Բագրատաշեն և Դեբեդավան բնակավայրերի գյուղացիական տնտեսություններին՝ ջրածածկվել են այգիներ, տնամերձ հողատարածքներ: Ոչնչացվել են ընտանի կենդանիներ։ Մեծ վնասներ է կրել Բագրատաշենի մաքսատունը։

Այս արտակարգ օրերին, Տավուշ Մեդիան աշխատելով աղետի գոտիներում, ներկայացրել է իրավիճակի հետևանքները՝ առաջացած խնդիրները, կարիքները, կատարված ու կատարվելիք աշխատանքները։

Սիրելի տավուշցիներ, աննախադեպ աղետից տուժած հայրենակիցներ, հատկապես վնասների ու կարիքների գնահատման խմբերի անդամներ,

Տավուշ Մեդիան մեկ անգամ ևս հիշեցնում է՝ միջազգային հրատապ ու արդյունավետ աջակցություն ստանալու առաջին նախապայմանը տեղի ունեցածի հետևանքների տեսա և ֆոտո վավերագրություններն են, որոնք պիտ կցվեն գրավոր նկարագրերին: Հետամուտ եղեք, որ վնասներն իրենց վավերագրությունն ունենան: Դրանք կարող  եք ուղարկել մեզ՝ նշված հասցեներով։ (Facebook – Տավուշ ՀԸ / Tavush TV կամ info@tavushmedia.am)

Դա պետք է իրականացնել և վթարաորոնողական, և փրկարարական, և անհետաձգելի վթարավերականգնողական, ինչպես նաև՝ վերակառուցման աշխատանքների ժամանակ:

Վերստին տեղեկացնում ենք՝ Տավուշի մարզին սպառնացող աղետների ու դրանց ռիսկերի նվազեցման վարքականոններին կարող եք ծանոթանալ այցելելով tavushmedia.am կայք։ Այցելեք, կարդացեք, դիտեք ու եղեք իրազեկ։ ՈՎ ԻՐԱԶԵԿՎԱԾ Է, ՆԱ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է։

 

Հեղինակներ` Էռնեստ Խանումյան, Անգելինա Մանուկյան, Վաղարշակ Ալավերդյան, Արտյոմ Դալյան


«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։




Հրդեհ` Հաղարծին գյուղում. այրվել է տան տանիքը

Հրդեհ Հաղարծին գյուղում

Հոկտեմբերի 9-ին, ժամը 05:21-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:36-ին, մարվել՝ 07:21-ին: Այրվել է տան (մոտ 200 քմ) տանիքը: