Սարիգյուղի մշակույթի տան կիսավթարային իրականությունը
Սահմանամերձ Սարիգյուղն է` հայ-ադրբեջանական սահմանից 2 կիլոմետր հեռավորության վրա: Չնայած որ Սարիգյուղը զարգացման ներուժ ու ռեսուրսներ ունեցող բնակավայր է, սակայն այսօր էլ գյուղում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց շարքում մտահոգիչ ու խնդրահարույց է անմխիթար ու կիսավեր մշակույթի տունը: Այն շահագործման է հանձնվել 1984 թվականին, իսկ 2007թվականից արդեն դադարեցրել է իր գործունեությունը: Մշակույթի տունը երկար ժամանակ հանդիսացել է սարիգյուղցիների ու հարակից գյուղերի բնակիչների մշակութային կյանքի կենտրոնը։ Այսօր էլ գյուղի ավագ սերունդը ջերմությամբ է հիշում, թե ինչպես էր ժամանակին մշակույթի տունն իր տանիքի ներքո հյուրընկալում Հայաստանի վաստակաշատ արտիստների, մշակութային գործիչների, ինչ բազմամարդ միջոցառումներ էին անցկացվում գյուղում. դրոնք կարող էին համեմատվել միայն մայրաքաղաքում կազմակերպվող միջոցառումների հետ։ Գյուղացիները հպարտությամբ նշում են, որ չնայած մարզկենտրոնը Իջևանն էր, սակայն մշակութային կյանքի զարկերակն անցնում էր իրենց գյուղով․ բոլորը գալիս էին Սարիգյուղ՝ իրնեց աչքով տեսնելու և զգալու մշակույթի անհավանական ուժը։ Տավուշ Մեդիան 2021 թվականից գնաց Սարիգյուղի մշակույթի տան ավերակի վերածած թալանի հետքերով: Տեղեկություն ունեինք, որ դրամահավաք է իրականացվել, ինչպես նաև՝ միջամտել են տեղական ինքնակառավարման մարմինները:
Այսօր էլ երբեմնի աշխույժ ու հարուստ անցյալ ունեցող մշակույթի տան դռները փակ չեն, սակայն ոչ այն պատճառով, որ մշակութային կյանքն առաջվա նման եռում է, և հադիսատեսների հերթեր են գոյանում մուտքի մոտ, այլ շենքի դռներն ու պատուհանները, ինչպես նաև ողջ գույքը ավերվել է, անհետացել և լոկ մամռակալած ու կիսաավեր պատերի վրա մնացած հատուկենտ պահպանված նկարազարդումներն են հուշում շենքի երբեմնի ճոխության ու փառքի մասին։ Ավելին՝ այսպես շարունակվելու և մաս մաս տարհանվել-տեղահանվելու դեպքում շենքը կարող է դասվել վթարային կարգավիճակ ունեցող կառույցների շարքին։ Նախկինում Սարիգյուղի մշակույթի տան նորոգման գումարը հավաքելու նպատակով միջոցառումների շարք էր սկսվել՝ «Սարի FEST» խորագրով։ Նախաձեռնողները հույս ունեին ներդրողների, նվիրատվությունների, դրսում բնակվող գյուղի նախկին բնակիչների միջոցով հավաքել շենքի նորոգման համար անհրաժեշտ գումարը։ Տեղեկանալով այս մասին, Տավուշ հեռուստաընկերությունը Սարիգյուղի մշակույթի տան հիմնախնդրին անդրադարձ կատարեց դեռևս 2022 թվականի տարեսկզբին, որից հետո համայնքային ու պատկան կառույցների ուշադրության սլաքը ուղղվեց խնդրի շուտափույթ կարգավորմանը։ Ձևավորվեց համայնքային ակտիվ նախաձեռնող խումբ՝ բնակչության մասնակցությամբ։ Խմբի նպատակը տեղական իշխանությունների և շահագրգիռ ու մտահոգ այլ կառույցների հետ համագործակցությամբ խնդրի լուծումների գտնելն էր:
Իջևանի Քաղաքացիական երիտասարդական կենտրոնը՝ որպես համայնքային համախմբան և ջատագովության արշավներ իրականացնող կառույց, սկսեց ուսումնասիրել հիմնախնդիրը, ստեղծեց երկխոսության հարթակ՝ բնակչության ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև։ Նախաձեռնող խմբի և համայնքային իշխանությունների ջանքերով 2022 թվականի ընթացքում որոշակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել․ ծածկապատվել է շենքի տանիքը, որը ժամանակավոր կարող է փրկել շենքը վերջնական փլուզումից։ Սակայն դեռևս բաց է մնացել ջրհորդանների տեղադրման հարցը, և հետևաբար, անձրևաջրերն առաջվա նման շենքի համար մեծ ռիսկ են ներկայացնում։
Գյուղի երիտասարդները միայն մեծերի պատմածներով են պատկերացում կազմում գյուղի մշակութային հարուստ անցյալի մասին, բայց և միևնույն ժամանակ հույս փայփայում, որ իրենք էլ մի օր իրենց գյուղի մշակույթի տան բեմում գեղեցիկ միջոցառումներ կտեսնեն ու մեծերի պես կհպարտանան իրենց գյուղով։ Իսկ մինչ այդ երիտասարդները ամեն օր Սարիգյուղից հասնում են Իջևան՝ երաժշտական, պարի ու մի շարք այլ խմբակիների դասերին հաճախելու, հատուկենտ համերգային միջոցառումներին մասնակցնելու համար։
Սարիգյուղում հույս ունեն, ոմանք էլ վստահ են, որ շատ շուտով խնդիրը լուծում կունենա, բնակիչներն էլ պատրաստակամ են`փրկելու իրենց գյուղի մշակույթը, նաև վստահեցնում են, որ մշակութային Սարիգյուղ են ունենալու: Տավուշ Մեդիան էլ վստահություն է հայտնում, որ իր ուշադրության կիզակետում կպահի մշակութային այս օջախի և բազում այլ լուծման կարոտ խնդիրները: