Ընդունելության օր գյուղական բնակավայրերում
Դիլիջան համայնքի ղեկավարն այսօր և երեկ այցելել է գյուղական բնակավայրեր՝ բնակիչների բարձրաձայնած հարցերը լսելու և դրանց լուծումներ տալու համար:
Աղավնավանք, Գոշ, Խաչարձան, Հովք, Հաղարծին և Թեղուտ բնակավայրերի բնակիչների հետ հանդիպմանը բազմաթիվ բնակիչներ ներկայացրել են ինչպես անձնական, այնպես էլ համայնքային բազմաթիվ հարցեր:
Համայնքի ղեկավարը, ծանոթանալով բնակիչների խնդիրներին, առաջարկել է համապատասխան լուծումներ: Օրինակ 2023 թվականին ամբողջությամբ վերափոխվելու է Աղավնավանք բնակավայրի խմելու ջրագծի ցանցը, Խաչարձանում տուֆապատվելու են գյուղական երկրորդային և երրորդային նշանակության ճանապարհներ: Համայնքի միջոցներով Գոշ բնակավայրում գիշերային լուսավորության հին լապտերները փոխարինվելու են նոր ժամանակակից գերխնայող լապտերներով:
Աղավնավանքի միջնակարգ դպրոցի տնօրեն Վ. Ներսիսյանն էլ շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին` Աղավնավանքի դպրոցի գազամատակարարման խնդիրը լուծելու համար:
Հանդիպումները գյուղական բնակավայրերի բնակիչների հետ շարունակական են լինելու: