Ապրիլի 14-ը հանճարեղ բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է:
«Մենք ապրելու ենք, ինչ էլ պատահի». Համո Սահյան․ Տավուշոտ Պոեզիա
Տավուշոտ Պոեզիա՝ մեր եթերում։
Մենք ապրելու ենք, ինչ էլ պատահի,
Մեր հողի վրա մերն ենք լինելու,
Մեր անտեր գլխի տերն ենք լինելու,
Մենք ապրելու ենք, ինչ էլ պատահի:
Մեռնում է արդեն դարն այս կատաղի,
Որ մեր պատանքն էր ոխով հինելու…
Մենք ապրելու ենք, ինչ էլ պատահի,
Մեր հողի վրա մերն ենք լինելու:
Տավուշոտ պոեզիա․«Աշխարհին բան չպատահի»․ Համո Սահյան
Իջևանյան պատկերները՝ համեմված Տավուշոտ պոեզիայով։ Համո Սահյան․ «Աշխարհին բան չպատահի»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։
Եկողները թող չիմանան
Սոված օրեր ու սև տարի։
Ինձպեսները գան ու գնան,
Աշխարհին բան չպատահի։
Ծաղկեն դաշտերն ամեն գարնան,
Կյանքը մնա միշտ պատանի։
Ինձպեսները գան ու գնան,
Աշխարհին բան չպատահի։
Չըորոտա ոչ մի դռան
Մարտագլխիկն աղետալի,
Ինձպեսները գան ու գնան,
Աշխարհին բան չպատահի։
Թող ազգերի կամքն անվարան
Մահվան բերանը պատռի։
Ինձպեսները գան ու գնան,
Աշխարհին բան չպատահի։
Տավուշոտ պոեզիա․ «Տեղում եմ ես»․ Համո Սահյան
Շարունակում ենք ձեզ ներկայացնել հայ մեծերի պոեզիան՝ համադրելով տավուշյան ոգեշնչմամբ։ Համո Սահյան․ «Տեղում եմ ես»․ կարդում է Հրանտ Ղազումյանը, տեսանյութում Դիլիջանի Ամֆիթատրոնն է։
Գետնով տան ինձ, թե վեր թռցնեն,
Իմ մշտական տեղում եմ ես,
Քայլերս նույն տունն են բերում,
Ինչքան ճամփաս շեղում եմ ես,
Այրում եմ ինձ․․․ ինչ որ մնաց,
Մոխրիս մեջ անթեղում եմ ես,
Թաղում եմ ինձ ամեն գիշեր,
Առավոտյան պեղում եմ ես։
Պաշարապինդ, շնորհաբաշխ,
Շնչող մի բուռ հողի համար,
Հողից ուղիղ հոգիս մտած,
Ներշնչանքի դողի համար,
Բնության պես կիրթ ու վայրի
Մի բնական տողի համար
Զրկում եմ ինձ ամեն ինչից,
Ամեն ինչում նեղում եմ ես։
Չեմ նկատում օրերս չուն,
Ակնթարթ է թվում տարիս,
Տանջանքով է տեղը գտնում,
Ամեն մի բառն ամեն տաղիս,
Մթագնում եմ ամպի նման,
Որոտում եմ, կայծակ տալիս,
Ամեն ծարավ սրտի վրա,
Անձրև դառած տեղում եմ ես։