Ֆիլմը Երևանի մասին է, բայց եկեք խորհենք մեր Տավուշի մասին՝ արդյոք, մատչելի ու հարմար են մեր բնակավայրերը հաշմանդամների համար

Սայլակ, քայլակ, ձեռնափայտ օգտագործող անձինք, մանկասայլակով երեխայի հետ զբոսնելու դուրս եկած ծնողները ամեն օր բախվում են Երևանի անհարմարություններին:

Այս ֆիլմում խոսվում է թեքահարթակների, բազրիքների, տակտիլ սալիկների բացակայության կամ դրանց ոչ մատչելի լինելու, հանրային տրանսպորտի դժվար հասանելիության և նմանօրինակ բազում այլ խնդիրների մասին, որոնք Երևանը դարձնում են անհարմար հաշմանդամություն ունեցող անձանց և մանկասայլակ օգտագործող ծնողների համար։




Կոտրելով կարծրատիպեր. Աղաբաբյան քույրերի պայքարի ուղին

«Մարդկանց համար խորթ էր, որ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են բարձրագույն կրթություն ստանալ։ Համալսարանում մեզ թերահավատորեն էին մոտենում, սակայն մենք ապացուցեցինք հակառակը»,- ասում է Սյուզաննա Աղաբաբյանը։

Սյուզաննա և Ռուզաննա Աղաբաբյան քույրերը Տավուշի մարզի Կողբ բնակավայրից են։ Երեք տարեկանում երկվորյակ քույրերը ձեռք են բերել ֆիզիկական հաշմանդամություն, հենաշարժողական համակարգի խնդիրներ, սակայն չեն դադարել առաջ շարժվել. դպրոցն ավարտելուց հետո ընդունվել են համալսարան, ստացել բարձրագույն կրթություն։

Քույրերի առավոտը, ինչպես իրենք են նշում, սկսվում է «մյուս մարդկանց նման». շտապում են աշխատանքի։ Սյուզաննա եւ Ռուզաննա քույրերն աշխատում են «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունում։

Այն հարցին՝ բա՞րդ չէ աշխատել հաշմանդամություն ունեցող երեխաների հետ, Սյուզաննան պատասխանում է. «Ոչ, ինքս ունենալով հաշմանդամություն, միշտ ցանկացել եմ աշխատել նման խնդիրներ ունեցող երեխաների հետ. լավագույնս կարող եմ հասկանալ նրանց, նրանց հաջողություններն ու դժվարությունները, բարձրաձայնել խնդիրները»։

Քույրերին գրեթե միշտ կարելի է միասին հանդիպել, հաճախ իրենց հոր՝ Գագիկ Աղաբաբյանի ուղեկցությամբ։ Ռուզաննան ասում է, որ մի անգամ առանց ծնողների ուղեկցությամբ որոշել են հարեւանին այցելել, եւ իրենց համարձակության, իրար օգնելու շնորհիվ կարողացել են հաղթահարել թեեւ կարճ, բայց ոչ այդքան դյուրին ճանապարհը։

Քույրերը նշում են, որ իրենք այդքան ուժեղ չէին լինի, եթե չլիներ իրենց ծնողների աջակցությունը.«Հայրս միշտ ասում էր`չմտածեք, որ ինչ-որ մեկը ձեզանից բարձր է, դուք բոլորի հետ հավասար եք, չփորձեք ձեզ տարբերակել ուրիշներից։ Երբ պարզվել է, որ մենք ունենք մանկական ուղեղային կաթված, բժիշկներն ասել են`այս երեխաները ոչ կարող են խոսել, ոչ շարժվել, ոչ հասկանալ, բայց ծնողներիս աջակցության և հավատի շնորհիվ մենք շատ ավելի կայացած ենք, քան ուրիշները»,-հավելում է Սյուզաննան։

Խոսելով հասարակության մեջ իրենց դերը գտնելու, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց դժվարությունների մասին, Սյուզաննան ասում է, որ ցանկացել են կրթություն ստանալ, ստացել են, ցանկացել են աշխատել, հիմա աշխատում են, բայց պայքարել միշտ է պետք։ «Կարծում եմ`մենք բացառություն չենք և ցանկացած մարդու մոտ էլ պայքարի շրջանը միշտ էլ կա կապ չունի՝  հաշմանդամություն ունի, թե՝ ոչ, մարդ պետք է իր կյանքի ուղին ինքը իրենով, իր դժվարությունները հաղթահարելով առաջ գնալ»։

Զուգահեռաբար նշում են նաեւ համանդամություն ունեցող անձանց հանդիպող խոչընդոտների մասին, որոնցից մեկն էլ շրջապատող անմատչելիությունն է. թեքահարթակների, ճանապարհներին բազրիքների, բռնակների բացակայությունը, որոնք նախատեսված կլինեին ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց, այլեւ երեխաների եւ տարեցների համար։ «Մանկության տարիներին դեպքեր են եղել, որ աստիճանները բռնակ չունենալու պատճառով նստած ենք բարձրացել։ Բարձրանալու ժամանակ մեզ ոչ թե տառապանքն էր համակում, այլ ուրախանում էինք, որ առանձնահատուկ ձև ունենք բարձրանալու»,- հավելում է քույրերից Ռուզաննան։

Աշխատանքին զուգահեռ քույրերը նաեւ ազատ ժամերին ստեղծագործում են, իսկ վերջին տարիներին հոր հետ հիմնադրել են ընտանեկան բիզնես. զբաղվում են գինու արտադրությամբ։ Քույրերից յուրաքանչյուրը բիզնեսում իր դերն ունի.Սյուզաննան զբաղվում է թղթաբանական հարցերով, Ռուզաննան` ընկերության մարքեթինգի եւ սոցիալական էջերի վարման աշխատանքներով։

 Հ.Գ. զրույցի վերջում քույրերին խնդրում եմ իրենց խորհուրդը հղել հաշմանդամություն ունեցող անձանց։

Սյուզաննա Աղաբաբյան.

«Կյանքում երբեք չընկճվել, յուրաքանչյուր իրավիճակում, անկախ

կարողություններից, հնարավորություններից առաջ գնալ, երբեք

չբողոքել, անցյալը չհիշել, անցյալի վրա չհիմնվել։ Եթե անցյալի վրա

հիմնվելով ապրենք, կկորցնենք ապրելու մեր տեսլականը, անցյալը

վերհիշելու փոխարեն պետք է առաջ գնալ, պայքարել սեփական

իրավունքների, նպատակների եւ երազանքների համար»։

 

Ռուզաննա Աղաբաբյան.

«Քո կյանքի ճանապարհը դու ես անցնում եւ ուրիշի կյանքի փորձը քոնը

չէ։ Պետք է անցնես այդ ճանապարհը, որ գտնես կյանքի բանալին եւ

բոլոր հարցերը պատասխանները։ Կարեւորը պայքարելն ու քո ուժերին

հավատալն է»։

 

Հեղինակ` Վերա Սահակյան




«Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի նախաձեռնությունները Հաշմանդամություն ունեցող անձանց օրվան ընդառաջ

1992 թվականից ի վեր ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակել է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր. օրվան ընդառաջ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Իջևանի մասնաճյուղը նախաձեռնել էր հաշմանդամության վերաբերյալ դաս-քննարկում: «Ի՞նչ է հաշմանդամությունը» թեմայով դաս-քննարկմանy մասնակցում էին Իջևանի հանրակրթական դպրոցների 9-11-րդ դասարանների աշակերտները: Քննարկման ընթացքում խոսվեց հաշմանդամության մոդելների, հաշմանդամություն ունեցող անձանց հետ հաղորդակցման և նրանց իրավունքների մասին:

Իրազեկման ակցիաներ են իրականացվել նաև համանքի հանրակրթական դպրոցներում, իսկ դեկտեմբերի 2-ին «Հույսի կամուրջի» Իջևանի կենտրոնում կազմակերպվել էր հանդիպում տարբեր ոլորտների ներկայացուցիչների ու որոշում կայացնողների հետ. նպատակը հասարակության իրազեկման բարձրացնումն էր հաշմանդամության ընկալման շուրջ:

«Հույսի կամուրջ» կենտրոնում հաճախ են կազմակերպվում բարության դասեր, քննարկումներ, ֆիլմի դիտումներ. Աննան, ով մանկուց ընդգրկված է «Հույսի կամուրջի» տարբեր միջոցառումներում, իր ընկերների հետ մեր նկարահանման ընթացքում դիտում էր «Հրաշքը» ֆիլմը:

«Հույսի կամուրջը» Տավուշի մարզում իրականացնում է կրթությանն աջակցող մանկավարժահոգեբանական ծառայություններ, որոնք տրամադրվում են երեխաներին, ծնողներին և ուսուցիչներին: Այն իր մեջ ներառում է նաև վերականգնողական կենտրոն՝ տեղաշարժման խնդիրներ ունեցող երեխաների համար:

«Հույսի կամուրջը» զբաղվում է հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանությամբ: Կառույցի առաքելությունն է պաշտպանել նրանց իրավունքներն ու արժանապատվությունը և նպաստել սոցիալական ներառմանը Հայաստանի Հանրապետությունում: Այս ներառմանն աջակցում են կրթություն ստանալու, համայնքային ծառայությունների և ինքնուրույն ապրելու հավասար հնարավորությունների գաղափարների քարոզումը: Կազմակերպությունը գործում է 1996 թվականից և այժմ ունի կենտրոններ Երևանում ու Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան համայնքներում:






Հաշմանդամություն և մեդիա․ հանդիպում-դասընթաց Իջևանում

Հունիսի 20-ին Իջեւանում «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագրի շրջանակներում «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը կազմակերպեց «Հաշմանդամություն և մեդիա» հանդիպում-դասընթացը։

Դասընթացի ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ լրագրողներ, օպերատորներ, թղթակիցներ և ԵՊՀ ԻՄ բանասիրության բաժնի ուսանողները բարելավեցին իրենց գիտելիքները գենդերային և հաշմանդամության նկատմամբ զգայուն լուսաբանման վերաբերյալ:






Լիարժեք ապրելու իրավունք. Հաշմանդամություն ունեցող անձինք Տավուշում․ կլոր սեղան-քննարկում

Հատկապես Տավուշի մարզում ի՞նչ խնդիրների են բախվում հաշմանդամություն ունեցող անձինք, որո՞նք են այդ խնդիրների արմատները և լուծման ուղիները. մեր տաղավարում այս մասին են զրուցել «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Արմինե Ներսիսյանը, «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի շահերի պաշտպանության խմբի անդամ Տաթևիկ Մինասյանը, ԵՀՀ Հյուսիսային մասնաճյուղի ծրագրերի համակարգող Նարեկ Վարշամյանը և Դիլիջանի համայնքային կենտրոնի ղեկավար Արմինե Հովհաննիսյանը:






Հունան Մխիթարյան




Մարիամ Եսայան




Լիա Ղազարյան




Սյուզաննա և Ռուզաննա Աղաբաբյաններ