Խաշթառակ ու Լուսահովիտ գյուղեր տանող ճանապարհը երկկողմանի փակ է արդեն մեկ ամիս

Խաշթառակ կամուրջ

Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը վնասվեց Խաշթառակ գյուղի կամրջի հենասյունը և մասնակի փլուզվեց։ 1 ամսվա ընթացքում նկատելի է դարձել կամրջի դեֆորմացումը։
Անվտանգությունից ելնելով, երթևեկությունը մայիսի 28-ից տվյալ կամրջով արգելված է։

Խաշթառակի ու Լուսահովիտի բնակիչներն արդեն 1 ամիս է գյուղից դուրս գալու համար կամ ոտքով անցնում են կամուրջը, կամ էլ օգտվում Խաշթառակ-Իջևան այլընտրանքային ճանապարհից։ Գյուղացիներն ասում են, որ 10 րոպեում հասնում էին Իջևան, իսկ այլընտրանքային ճանապարհով Իջևան հասնելը 40-50 րոպե է տևում։

Հունիսի 15-ից մեկնարկել են ժամանակավոր կամրջի կառուցման աշխատանքները։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հավաստմամբ՝  տարբեր երկրների գործընկերների հետ աշխատանքներ են տարվում վնասված և փլուզված կամուրջների վերականգնման ուղղությամբ։




Խաշթառակ գյուղի կամրջի հետ կապված խնդրին կտրվի ժամանակավոր լուծում

Կառավարության նիստում անդրադարձ է կատարվել աղետի գոտում՝ հեղեղումներից տուժած բնակավայրերում իրականացվող վերականգնողական աշխատանքներին։ Աղետի գոտում ենթակառուցվածքների, մասնավորապես՝ կամուրջների վերականգնման աշխատանքների վերաբերյալ, վարչապետն ընդգծել է, որ այս փուլում դրանց կտրվի ժամանակավոր լուծում: Իսկ երկարաժամկետ առումով՝ վնասված բոլոր կամուրջները պետք է վերականգնվեն և՛ ինժեներական, և՛ գեղագիտական լուծումներ առաջարկող նախագծերով: Արդյունքում՝ դրանք կլինեն ոչ միայն տրանսպորտային ամուր ենթակառուցվածքներ, այլև տեսարժան վայրեր, ինչն էլ կնպաստի տվյալ տարածքներում զբոսաշրջության զարգացմանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ տարբեր երկրների գործընկերների հետ աշխատում են վնասված և փլուզված կամուրջների վերականգնման ուղղությամբ։ Նախարարի տեղեկացմամբ՝ Հոբարձի գյուղի կամրջի հետ կապված ժամանակավոր լուծում է նախատեսվել. հունիսի 15-ից կմեկնարկեն աշխատանքներն այս ուղղությամբ, ժամանակավոր լուծում կտրվի նաև Խաշթառակի կամրջի հետ կապված խնդրին:

 




Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է:

Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը։

Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։

Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։