Վալանսի երգի ու պարի ակադեմիան՝ հայապահպանության կենտրոն
Ֆրանսիայում գործող հայկական կառույցներից յուրաքանչյուրը ունի առաձնակի կարևորություն, քանի որ արտահայտում է հայ ժողովորդի դերն ու վարկանիշը Ֆրանսիայի հանրության շրջանում։ Թեև ամբողջ երկրում կան հայեր ու հայկական համայնքներ, Վալանս քաղաքը այս առումով եզակի դեր ունի․ քաղաքի բնակչության ավելի քան 10-ը տոկոսը՝ շուրջ 12 հազար հայեր ապրում են Վալանսում։ Քաղաքում հայապահպանության ու հայկականության զգացումը պահպանելու հսկայական աշխատանք է կատարվում՝ տեղի Հայ համայնքի ու քաղաքային իշխանությունների համատեղ ջանքերով։ Հայության շրջանում մշակույթի, ազգային արժեքների փոխանցման նպատակով 2011 թվականից Վալանսում գործում է Վալանսի երաժշտության և պարի ակադեմիան։ «Պետք է աշխատենք, որ աշխարհը մեզ չմոռանա»․ այս գաղափարով հիմնադրվել է հայկական երաժշտության ու պարի ակադեմիան։
Ակադեմիան ունի 150 աշակերտ, ովքեր սովորում են հայկական ազգային, ժողովրդական պարեր ու երգեր, ծանոթանում և խորացնում են գիտելիքները հայկական երգարվեստում ու պարարվեստում։
Ակադեմիայի սաները հաճախ են մասնակցում մրցույթ-փառատոնների, ներկայանալով հայկական կատարումներով։ Մեր նկարահանման օրը ակադեմիայի պարի «Աստղիկ», «Անի», «Անահիտ» և «Արա» խմբերի սաները ստացան նաև խրախուսական ու ոգևորիչ պատվոգերեր։ Ֆրանսիայի հարավում գտնվող հայկական այս դպրոցը կարևոր ներդրում ունի հայապահպանության գործում և ապրելով հայրենիքից հեռու, դպրոցի ուսուցիչները ձևավորում են հայրենասիրություն՝ օտար ափերում հայկական մշակույթը կրելու, հայրենասիրաբար ապրելու համար։