«109 տարի անց մենք կրկին ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանությունը». Վալանսի քաղաքապետ

Ֆրանսիայի Վալանս քաղաքում ապրիլի 24-ին քաղաքային իշխանությունները, հայ համայնքը, քաղաքացիներ հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողին:

«Խոնարհվում ենք 20-րդ դարի առաջին զանգվածային ոճրագործության զոհ դարձած 1,5 մլն հայերի հիշատակի առջև: Մենք ամեն տարի հիշում ենք այս օրը Վալանսում, սակայն այս տարի ավելի մեծ ցավով, քանի որ հիշում ենք անցած տարի աշնանը Արցախում իրականացված էթնիկ, կրոնական ու մշակութային զտումները», – նշել է Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը:

Իջևան ու Վալանս քաղաքները քույր քաղաքներ են: Այս տարի կլրանա երկու քաղաքների բարեկամական հարաբերությունների 30-ամյակը:




Տավուշի մարզի համայնքներում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է. օրվա առիթով հարգանքի տուրք է մատուցվել Տավուշի մարզի համայնքներում: Ներկայացնում ենք ֆոտոշարք.

Իջևանում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում քաղաքացիները հարգանքի տուրք մատուցեցին ցեղասպանության զոհերի հիշատակին։

Բերդ համայնքի բոլոր բնակավայրերում նախօրեին և այսօր հիշատակի մի շարք միջոցառումներ են կայացել: Բերդի համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի գլխավորությամբ, համայնքային ենթակայության և այլ հաստատությունների աշխատակիցները, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի ժամկետային զինծառայողները, այլ քաղաքացիներ հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

Նոյեմբերյան համայնքում առավոտյան մեկնարկեց ավանդական քայլերթը` ի հիշատակ և ոգեկոչում Հայոց ցեղասպանության նահատակների:

Դիլիջան քաղաքի հուշահամալիրի` Եղեռնի զոհերի հուշաքարի մոտ, տեղի է ունեցել հարգանքի տուրք և ծաղիկների խոնարհում` ի հիշատակ ցեղասպանված մեր հայրենակիցների: Դիլիջանի համայնքապետարանի կողմից կազմակերպվել է «Կոմիտասը մենք ենք» խորագրով միջոցառումը»:

 

 

 

 

 




«Նույնիսկ երբ մենք սգում ենք անցյալը, պատմությունը կրկնվում է». Նուբար Աֆեյանը հանդես է եկել համաշխարհային կոչով

Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել համաշխարհային կոչով՝ կանխելու Հայոց երկրորդ ցեղասպանությունը:
Նուբար Աֆեյանի՝ քայլեր ձեռնարկելու համաշխարհային կոչը հրապարակվել է The New York Times, The Washington Post եւ The London Times պարբերականներում:

Քայլեր ձեռնարկելու կոչն ընդգծում է վայրագությունների նմանությունները, որոնք տեղի են ունեցել 109 տարի առաջ եւ կրկնվում են այսօր.

«Նույնիսկ երբ մենք սգում ենք անցյալը, պատմությունը կրկնվում է: Հայերը կրկին էթնիկ զտումների թիրախ են, քաղաքական առաջնորդներն ապօրինի պատանդ են պահվում, իսկ Հայաստանը կանգնած է իր ինքնիշխանությանն ու ինքնորոշմանն ուղղված գոյութենաբանական սպառնալիքների առաջ:

Զբաղված աշխարհն այլ կողմ է նայում: Այսպիսով, ընդհանուր առմամբ հասկանալի չէ, որ անցած սեպտեմբերից ի վեր Ադրբեջանը 120 հազար հայերի` Արցախի՝ հայկական անկլավի, որը նաեւ հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղ, ողջ բնակչությանը բռնի տեղահանել է իրենց նախնիների հայրենիքից»:

Նա նաեւ կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում եւ արդարադատություն իրականացնել իր կողմից ապօրինի գերեվարված բանտարկյալների հանդեպ.

«Ադրբեջանը շարունակում է նաեւ ապօրինի պատանդ պահել հայերին, այդ թվում՝ իմ ընկեր եւ գործընկեր Ռուբեն Վարդանյանին՝ գործարար եւ բարերար, որը կարճ ժամանակ զբաղեցրել է Արցախի պետնախարարի պաշտոնը։ Միեւնույն ժամանակ, Հայաստանի սահմանին սրացող իրավիճակը խորացնում է մտավախությունը Ադրբեջանի հնարավոր ներխուժման վերաբերյալ:

Ադրբեջանն այսօր չպետք է հիմքեր գտնի Հայաստանի հետ հակամարտության համար: Անցյալ տարվա ներխուժումից հետո Հայաստանը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղում ինքնակառավարման ջանքերից։ Այժմ Ադրբեջանի այն պնդումը, թե խաղաղություն կարող է հաստատվել, երբ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված սահմանի նկատմամբ ներխուժմամբ Ադրբեջանին միջանցք կտրամադրի դեպի Նախիջեւան ու Թուրքիա, ե՛ւ անօրինական է, ե՛ւ անարդար»:

Մեկնաբանելով հայերի նկատմամբ տեղի ունեցող անարդարությունների եւ երկրորդ ցեղասպանության մտավախության մասին իրազեկմանն ուղղված իր ջանքերը՝ Նուբար Աֆեյանը նշել է. «Այսօր 109-րդ տարելիցն է, երբ 1.5 միլիոն հայեր բռնի տեղահանվեցին իրենց տներից եւ սպանվեցին օսմանյան թուրքերի ձեռքով, եւ այժմ դա նորից է կրկնվում։ Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերի ցավը սգալը: Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը»։




Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված երթ-մոմավառություն Նոյեմբերյանում

Ապրիլի 23-ի երեկոյան Նոյեմբերյանում կայացել է երթ-մոմավառություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին։

Նոյեմբերյանից հաղորդում է Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանը։






Իջևանում կայացել է ավանդական քայլերթը՝ ի հիշատակ և ոգեկոչում Հայոց ցեղասպանության նահատակների

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին Տավուշի մարզկենտրոն Իջևանում մեկնարկել է ավանդական քայլերթը՝ ի հիշատակ և ոգեկոչում մեր զոհերի։

Քայլերթին հաջորդել է Սուրբ Պատարագը՝ Ցեղասպանության նահատակներին նվիրված բաց խորանում։






Իջևան․ հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Այսօր՝ ապրիլի 24-ին, Իջևանի Սահմանադրության հրապարակից մեկնարկել է ավանդական քայլերթը՝ ի հիշատակ և ոգեկոչում Հայոց ցեղասպանության նահատակների։
«Կուզեի տեսնել աշխարհում որևէ ուժ, որ կկործանի այս ժողովրդին, անկարևոր մարդկանց այս փոքր ցեղը, որի պատմությունն ավարտված է, պատերազմները՝ կռված ու պարտված, շինությունները՝ փլուզված, գրականությունը՝ չկարդացված, երաժշտությունը՝ չլսված, և աղոթքները՝ լռած։



Դե կործանե՛ք։ Ասենք թե նորից 1915-ն է, իսկ աշխարհում՝ պատերազմ։ Կործանե՛ք Հայաստանը։ Տեսեք՝ կստացվի՞։ Տնահան արեք ուղարկեք անապատները, թողեք առանց հացուջրի, հրդեհեք տներն ու եկեղեցիները։ Տեսեք՝ նորից չե՞ն ապրի, նորից չե՞ն խնդա։ Տեսեք՝ նրանց ցեղը չի՞ հառնի, երբ քսան տարի հետո երկու հոգի հանդիպեն գարեջրատանն ու ծիծաղեն ու խոսեն իրենց լեզվով։ Դե՛, տեսեք՝ մի բան կկարողանա՞ք անել դրա հետ․․․»․ Վիլյամ Սարոյան («Հայը և հայը»)։