Հանրային իրազեկման ծրագիր «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ-ի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հետ համատեղ

«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ-ն Ժուռնալիստների «Ասպարեզ»  ակումբի հետ համագործակցությամբ իրականացնում է հանրային իրազեկման ծրագիր, որի նպատակն է Հայաստանի հինգ մարզերում (Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր, Սյունիք, Արմավիր) քննարկել մանկապարտեզահասակ երեխաների համար մանկապարտեզների հասանելիության հիմնախնդիրը, լուծումներ գտնել այդ խնդրին և լուծման առաջարկություններ ներկայացնել ՀՀ կառավարությանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը:

Համաձայն կառույցի նախնական ուսումնասիրությունների արդյունքների՝ մանկապարտեզների հասանելիությունը խիստ խտրական է Հայաստանում և խախտում է մանկապարտեզահասակ երեխաների գրեթե կեսի կրթության իրավունքը: Այսպես. Հայաստանում այդ տարիքի երեխաների 1/3-ը մանկապարտեզ հաճախում է անվճար (Երևանում), մյուս 1/3-ը մանկապարտեզ հաճախում է վճարովի հիմունքներով, ընդ որում ուսման վարձը տարբեր համայնքներում 2000-8500 դրամ է՝ կախված համայնքի բյուջետային հնարավորություններից: Այդ տարիքի երեխաների 1/3-ը մանկապարտեզ չի հաճախում, որովհետև այդ կամ մոտակա բնակավայրերում մանկապարտեզ չկա, կամ՝ ընտանիքը ուսման վարձ վճարել չի կարող: Ստացվում է, որ առաջին դասարան հաճախող երեխաների մի մասը նախնական կրթություն ունի, իսկ մյուս մասը՝ չունի, ինչը ազդում է դպրոցում ուսումնառության որակի և ուսման առաջադիմության վրա, դրանից բխող այլևայլ հետևանքներով:

Սրա հետ մեկտեղ մանկապարտեզից զրկված երեխաների ընտանիքներում ծնողներից մեկը, սովորաբար դա մայրն է, ստիպված է լինում մնալ տանը երեխային խնամելու՝ աշխատելու կամ լիարժեք աշխատելու փոխարեն: Փաստորեն, քիչ է, որ այդ ընտանիքի երեխան զրկված է նախնական կրթության հնարավորությունից, նաև այդ ընտանիքը զրկված է հնարավոր այլ եկամտից:

Անշուշտ,  Հայաստանի տարբեր մարզերում և համայնքներում դրությունը այս ոլորտում տարբեր է: Քաղաքացիական երիտասարդական կենտրոնը այդ տարբերությունները, իրադրությունը և լուծման ուղիները քննարկելու համար, կազմակերպում է հանրային քննարկում, որտեղ հրավիրվել են համայնքային և մարզային պաշտոնյաներ, կրթության ոլորտի մասնագետներ, ծնողներ, հասարակական գործիչներ, լրագրողներ և այլք:

Քննարկումը տեղի կունենա հուլիսի 20-ին, ժամը՝ 15:00-ին Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցի դահլիճում (հասցե՝ ք. Իջևան, Ա.Մելիքբեկյան 1):




Հասմիկ Ղազարյանը «Փոքրիկ-քայլ» մանկապատանեկան երաժշտական միջազգային մրցույթ-փառատոնին զբաղեցրել է առաջին հորիզոնականը

Էջմիածնի թիվ 1 երաժշտական դպրոցում տեղի ունեցած «Փոքրիկ-քայլ» մանկապատանեկան երաժշտական միջազգային մրցույթ-փառատոնին Իջևան համայնքի Ազատամուտի Արվեստի դպրոցի աշակերտ Հասմիկ Ղազարյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Հասմիկ Ղազարյանը սովորում է Ազատամուտի Արվեստի դպրոցի վոկալի բաժնի 2-րդ դասարանում: Փառատոնի ընթացքում նրան նվագակցել է դպրոցի տնօրեն Ս. Էլիբեկյանը:
Հասմիկի ուսուցիչը Վարդուհի Օթարյանն է:

«Փոքրիկ-քայլ» մանկապատանեկան երաժշտական մրցույթն անցկացվում է 4-րդ անգամ՝ հնարավորություն ընձեռելով ինչպես հայ, այնպես էլ այլազգի մասնակիցների դառնալու երաժշտական տոնի մի մասը։
Ավելի քան 1700 տաղանդաշատ պատանիներ իրենց կատարումներով պայքարեցին լավագույնի կոչման համար` 12 անվանակարգերում:

Մրցույթն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:




Իջևանցի Նարեկ Ամիրյանը` ՀՀ սպորտի վարպետ

Տավուշի մարզի Իջևան քաղաքից սամբո սպորտաձևով զբաղվող Նարեկ Ամիրյանն արժանացել է ՀՀ սպորտի վարպետի կոչման:




Համայնքահենք ծրագրեր և ոչ նյութական մշակութային ժառանգություն

Տավուշյան ռեպորտաժ-ը պատմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող քառօրյա ծրագրի մասին։
Ծրագիրը նպատակ ուներ օգնել մասնակիցներին մշակել և իրականացնել մրցունակ և շարունակական համայնքահենք զարգացման նախագծեր և բացահայտել մշակութային ժառանգության ամոքիչ ուժը։



«Շատ ենք կարևորում ծրագրի հնարավոր գործնական արդյունքը․ մեր առաջ նպատակ ենք դրել, որ դասընթացի մասնակիցների հետ պետք է կարողանանք առանձնացնել տեղական ոչ նյութական մշակութային ժառանգության որևէ տարր և դա փորձել գրանցել ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում»։