Համայնքի նախաձեռնող խումբը՝ փոփոխությունների շարժիչ ուժ․ Սարիգյուղի նախաձեռնող խումբն աշխատում է հանուն գյուղի մշակույթի տան «վերակենդանացման»

Սահմանամերձ Սարիգյուղն է`հայ-ադրբեջանական սահմանից 2 կիլոմետր հեռավորության վրա: Չնայած որ Սարիգյուղը զարգացման ներուժ ու ռեսուրսներ ունեցող բնակավայր է, սակայն այսօր էլ գյուղում առկա են բազմաթիվ ու բազմակողմանի խնդիրներ, որոնց շարքում ամենամտահոգիչն ու խնդրահարույցը մշակույթի տան անմխիթար, կիսավեր վիճակում գտնվելն է:

2007 թվականին իր գործունեությունը դադարեցրած Մշակույթի տունը շահագործման է հանձնվել 1984 թվականին: Մշակույթի տունը երկար ժամանակ հանդիսացել է սարիգյուղցիների ու հարակից գյուղերի բնակիչների մշակութային կյանքի կենտրոնը։ Այսօր էլ գյուղի ավագ սերունդը ջերմությամբ է հիշում, թե ինչպես էր ժամանակին մշակույթի տունըն իր տանիքի ներքո հյուրընկալում Հայաստանի վաստակաշատ արտիստների, մշակութային գործիչների, ինչպիսի բազմամարդ միջոցառումներ էին անց կացվում գյուղում, որոնք կարող էին համեմատվել միայն մայրաքաղաքում  կազմակերպվող միջոցառումների հետ։ Գյուղացիները հպարտությամբ նշում են, որ չնայած մարզկենտրոնը Իջևանն էր, սակայն մշակութային կյանքի զարկերակն անցնում էր իրենց գյուղով․ բոլորը գալիս էին Սարիգյուղ՝ իրնեց աչքով տեսնելու և զգալու մշակույթի անհավանական ուժը։

Այսօր էլ երբեմնի աշխույժ ու հարուստ անցյալ ունեցող մշակույթի տան դռները փակ չեն, սակայն ոչ այն պատճառով, որ մշակութային կյանքն առաջվա նման եռում է եւ հադիսատեսների հերթեր են գոյանում մուտքի մոտ, այլ շենքի դռներն ու պատուհանները, ինչպես նաև ողջ գույքը ավերվել է, անհետացել և լոկ մամռակալած ու կիսաավեր պատերի վրա մնացած հատուկենտ նկարազարդումներն են հուշում շենքի երբեմնի ճոխության մասին։ Ավելին՝ շարունակ մոռացության մատնվելով շենքը կարող է դասվել վթարային կարգավիճակ ունեցող կառույցների շարքին։

2021 թվականին գյուղի բնակիչներից բաղկացած նախաձեռնող ակտիվ խումբ ձևավորվեց: Խմբի նպատակը տեղական իշխանությունների և շահագրգիռ ու մտահոգ այլ կառույցների հետ համագործակցությամբ խնդրի լուծումների գտնելն էր: 

Որպես համայնքային համախմբան եւ ջատագովության արշավներ իրականացնող կառույցի՝ ՔԵԿ ներկայացուցիչներին սարիգյուղցիները պատմել են մշակութային տան խնդրի մասին: Կենտրոնի ղեկավարը նշում է` այնպես չէ, որ Սարիգյուղի մշակույթի տան խնդիրը միակն է. համանման կամ մի փոքր ավելի բարվոք վիճակում են գտնվում Հայաստանի տարբեր մարզերում գտնվող մշակույթի տները: Կառույցի համար առանձնահատուկ էր գյուղի սահմանամերձ լինելու փաստը, և մշակույթը սահմանում կենդանի պահելը ռազմավարական նշանակություն ունի: Այն իսկապես տպավորիչ մասշատբների է եւ անգամ զուտ պրակտիկ տեսանկյունից կարող է հիանալի համայնքային ռեսուրս կենտրոն դառնալ՝ ծառայելու համայնքի կարիքներին։ 

Որպես օժանդակություն՝  2021 թ․ նախաձեռնող խմբի երկու անդամների հնարավորություն է տրվել համայնքային հիմնախնդիրների լուծման լավագույն օրինակները ուսումնասիրել Չեխիայում։ Չեխական NESEHNUTÍ կազմակերպությունը, որը բնապահպանական, գենդերային հարցերով հանրային արշավներ կազմակերպելու մեծ փորձ ունի, փորձի փոխանակման նպատակով հյուրընկալել է հայկական պատվիրակությանը:

Նախաձեռնող խմբի և համայնքային իշխանությունների ջանքերով 2021 թ․ որոշակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել․ ծածկապատվել է շենքի տանիքը, որը ժամանակավոր կարող է փրկել  շենքը վերջնական փլուզումից։ Սակայն դեռևս բաց է մնացել ջրհորդանների տեղադրման հարցը, և հետևաբար, անձրևաջրերն առաջվա նման շենքի համար մեծ ռիսկ են ներկայացնում։

Գյուղի երիտասարդները միայն մեծերի պատմածներով են պատկերացում կազմում գյուղի մշակութային հարուստ անցյալի մասին, բայց և միևնույն ժամանակ հույս փայփայում, որ իրենք էլ մի օր իրենց գյուղի մշակույթի տան բեմում գեղեցիկ միջոցառումներ կտեսնեն ու մեծերի պես կհպարտանան իրենց գյուղով։ Իսկ մինչ այդ երիտասարդները ամեն օր Սարիգյուղից հասնում են Իջևան՝ երաժշտական, պարի ու մի շարք այլ խմբակիների դասերին հաճախելու, հատուկենտ համերգային միջոցառումներին մասնակցնելու համար։

Սարիգյուղում վստահ են, որ շատ շուտով խնդիրը համապատասխան լուծում կունենա, բնակիչներն էլ պատրաստակամ են`փրկելու իրենց գյուղի մշակույթը, նաև վստահեցնում են, որ մշակութային Սարիգյուղ ունենալու ենք:






Կայացել է «Հույսի կամուրջ» ՀԿ նախաձեռնած ֆուտբոլային առաջնության Իջևան համայնքի եզրափակիչը

Ավարտին մոտեցավ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների Հայաստանում» ծրագիրը։ Մայիսի 18-ին Իջևանի ավագ դպրոցում ծրագրի շրջանակում իրականացավ ֆուտբոլի եզրափակիչ խաղը։ Նախագծի նպատակն էր ֆուտբոլի միջոցով խթանել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը։

Ֆուտբոլի եզրափակիչ մրցապայքարի մեկնարկային փոխանցումը կատարեց Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի նախկին պաշտպան Արմինե Խաչատրյանը։

Ներառական ֆուտբոլային թիմերի սեղծմամբ ծրագիրը նպաստում է նաև հանրակրթական դպրոցների երեխաների ինքնագնահատականի, ինքնավստահության բարձրացմանը, նոր ընկերների ձեռքբերմանը և իրենց առջև դրված նպատակների իրականացմանը։ Ֆուտբոլային մրցաշարը հաջորդիվ իրականացվելու է Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ և Նոյեմբերյան համայնքներում, իսկ այս տարվա աշնանն արդեն լավագույն թիմերը իրենց ուժերը կփորձեն մեկ դաշտում, և հաղթող թիմը կհռչակվի Տավուշի չեմպիոն։

Մրցապայքարի ավարտին թիմերը պարգևատրվեցին մեդալներով, ծրագրի աջակիցները՝ շնորհակալագրերով։ Հաղթող ճանաչվեց Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը, որը ստացավ նաև առաջնության գավաթը։ Շնորհակալագիր ստացանք նաև մենք՝ Տավուշ TV-ն՝ ծրագրի ընթացքը լավագույնս լուսաբանելու համար։

«Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների Հայաստանում» ծրագիրը իրականացնում է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը՝ «Երեխաների համար ՈՒԵՖԱ հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ։






Իջևանում կայացել է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի մասնաճյուղի «Ապրել միասին, սովորել միասին» թատերական փառատոնի ամփոփիչ միջոցառումը

«Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի «Ապրել միասին, սովորել միասին» համամարզային թատերական փառատոնի ամփոփիչ միջոցառումը տեղի ունեցավ մայիսի 12-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում: 

Մայիսի 10-ից մեկնարկած փառատոնն անցկացնում է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և գործընկերությամբ Տավուշի մարզում իրականացվող «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող ծառայություններ» ծրագրի շրջանակներում: 

Փառատոնին մասնակցում էին Իջևան խոշորացված համայնքի 11 հանրակրթական դպրոցներ. նպատակը համընդհանուր ներառական և որակյալ կրթություն ստանալու իրավունքի իրացման շուրջ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումն էր և կրթությանն աջակցող ծառայությունների և ներառականության գաղափարի տարածմանը նպաստելը:

Համամարզային թատերական փառատոնի ամփոփիչ միջառման վերջում բոլոր դպրոցները պարգևատրվեցին մասնակցության հավաստագրերով:






Դիլիջանում տրվել է Labs for Change ծրագրի և Տավուշի ստեղծարար կենտրոնի պաշտոնական մեկնարկը

Ապրիլի 19- ին Մեյդ-Վել-է արհեստագործական հարթակում տեղի է ունեցել «Labs for Change – կանանց հզորացում հանուն մարզերում սոցիալական նորարարության և ստեղծարարության զարգացման» ծրագրի և Տավուշի ստեղծարար կենտրոնի պաշտոնական մեկնարկի արարողությունը: Ծրագիրը կյանքի է կոչվել «Իմփաքթ Հաբ Հայաստան» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի, «Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի և Դիլիջանում գործող՝ Մեյդ-Վել-է արհեստագործական հարթակի համագործակցության շրջանակներում՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության տրամադրած աջակցության շնորհիվ։

Բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան  Ջոն Գալագերը, ով նշեց. «Կայուն և ներառական տնտեսական աճ ապահովելու համար Հայաստանը պետք է օգտագործի իր կին քաղաքացիների  հմտություններն ու փորձը։

Բացման ելույթի խոսքով հանդես եկան նաև ՀՀ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Թամարա Թորոսյանը, ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ՀՀ ՏԿԵՆ Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության խորհրդական Սմբատ Ղահրամանյանը և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Ձեռներեցության վարչության պետ Լիլիթ Հակոբյանը:

Միջոցառման շրջանակներում ներկայացվել են Ծրագրի նպատակները, խնդիրները և համագործակցության ուղիները, ինչպես նաև ստեղծարար կենտրոնների տեսլականը, առաքելությունն ու միասնական բրենդը։ Կազմակերպվեց նաև ձեռագործության աշխատարան, որի ժամանակ հյուրերը հնարավորություն ունեցան պատրաստելու ձեռագործ նվերներ:






Մարզային հանդիպում Իջևանում՝ «Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագրի շրջանակներում

2021 թվականից Տավուշի մարզում իրականացվում է «Միասին հանուն սոցիալկան համայնքների» ծրագիրը, որի շրջանակում Իջևան ու Նոյեմբերյան համայնքներում կատարվել է կարիքների գնահատում, սոցիալական խնդիրների վերհանման ու լուծման նպատակով ձևավորվել է մինչգերատեսչական հանձնաժողով, որում ընդգրկված են քաղհասարակության, տեղական ինքնակառավարման, հանրային ոլորտների պատասախանատուները:

Ապրիլի 25-ին Իջևանում կայացավ մարզային հանդիպում՝ ծրագրի շրջանակում իրականացաված աշխատանքների ներկայացման նպատակով:






Արջեր և հատապտուղներ․ բազմաֆունկցիոնալ էկոկենտրոն Բերդ համայնքում

Բերդի կանանց ռեսուրս կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, 2011 թվականից աջակցում է սահմանամերձ Բերդ համայնքի զարգացմանը՝ նպաստելով տեղացի կանանց տնտեսական զարգացմանն ու կայացմանը՝ կրթական, առողջապահական, զբաղվածության և այլ ծրագրերի իրականացման, կանանց ակտիվ ներգրավվման միջոցով։ 

Հիմնադրամի հայտնի ծրագրերից է ձեռագործ արջուկների արտադրությունը, որով էլ հենց մեկնարկել է հիմնադրամի գործունեությունը: Ձեռագործ աշխատանքները սերտիֆիկացված են որպես էկոլոգիապես անվտանգ արտադրանք. այսօր էլ դրանք արտահանվում են ու շրջում ամբողջ աշխարհով մեկ։ 

Մեկ այլ՝ ‹‹Բերդ Բերրի›› նախագծի շրջանակում Բերդ համայնքում  կանանց կողմից հիմնվել են հատապտղային այգիներ, փորձնական սկսել են արտադրվել ոչ քաղցր, վայրի հատապտղային մուրաբաներ։ Քանի որ տարածաշրջանի հարուստ բնության անտառներում ապրում են իսկական արջեր, որոնք սիրում են վայրի հատապտուղներ, այս երկու նախագծերի հիման վրա էլ մեկնարկել է «Արջեր և հատապտուղներ» անունով էկոկենտրոնի ստեղծումը։ Էկոկենտրոնում հիդրոպոնիկ և ավանդական եղանակներով աճեցվում են բարձրարժեք հատապտուղների տեսակներ, այդ թվում՝ վայրի հապալասը, որն աճում է Տավուշի սարերում և գրանցված է Կարմիր գրքում: 

Էկոկենտրոնում շարունակվում են անցկացվել մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, որոնց շրջանակներում հարյուրից ավելի կանայք են վերապատրաստվել ավանդական և նորարար ձեռագործության, զբոսաշրջության, բարձրարժեք հատապտուղների մշակության ոլորտներում, կանանց մի մասն այսօր աշխատում է էկոկենտրոնի արտադրական տարբեր բաժիններում։ 

Էկոկենտրոնում օրերը հետաքրքիր են անցնում․ աշխատանքի ընթացքում կանայք կիսվում են իրենց փորձառությամբ, հաջողություններով, ծիծաղաշարժ պատմություններով ու ձեռք բերած նոր հմտություններով։

Էկոկենտրոնը շուտով կկարողանա հյուրեր ընդունել, ովքեր հարմարավետ սենյակներից կարող են վայելել հրաշալի տեսարան Բերդ քաղաքից ու պատմական հին բերդից, զգալ Տավուշի ինքնատիպ բնության ներդաշնակությունը: Բուսասեր հյուրերն էլ կօգտվեն հիդրոպոնիկ եղանակով աշխատող հապալասի ջերմոցից, կհամտեսեն  տեղական թարմ հապալասը, դրանցով պատրաստեն յոգուրտներ, ժելեներ ու պաղպաղակներ։ 

Էկոկենտրոնը, բացի սոցիալ-ձեռնարկատիրական ու բիզնես ուղղվածությունից, նաև շփումների հարթակ է։ Վերջերս մեկնարկած կանանց ակադեմիան դրա մասին է վկայում․ տեղացի կանանց հանդիպում-քննարկումները, շարունակական վերապատրաստումներն ու նրանց գաղափարները կյանքի կոչելը լավագույն միջոցն են կանանց մոտիվացնելու, կանանց միջոցով աշխարհը մի փոքր ավելի լավը դարձնելու համար:




Իջևանում տեղի է ունեցել «Կնոջ ուժը, նրա ապագան» եռամյա տարածաշրջանային ծրագրի մեկնարկային հանդիպումը

«Քեյր Կովկաս»-ը «ՎԻՆՆԵԹ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի և այլ տեղական ու ռեգիոնալ գործընկերների հետ համատեղ  Հարավային Կովկասում մեկնարկում է «Կնոջ ուժը, նրա ապագան» եռամյա տարածաշրջանային ծրագիրը:

Ծրագրի իրականացման արդյունքում Հարավային Կովկասի երկրների 1650 կին ձեռներեցներ  կբարելավեն իրենց տնտեսական վիճակը և կունենան ավելի մեծ հասանելիություն ֆինանսական միջոցներին, տեխնոլոգիաներին, ձեռնարկատիրական գիտելիքների և ռեսուրսների ձեռքբերմանը: 

Ավելի քան 130 փոքր և միկրոձեռնարկատիրական բիզնեսի կին սեփականատերերի և միջին ձեռնարկատերերի համար կբարելավվի ձեռնարկատիրական առաջադեմ գիտելիքների, մենթորության և ներդրումների հասանելիությունը: 

Հայաստանում ծրագիրը կենտրոնանալու է Ղարաբաղյան հակամարտությունից տուժած և տեղահանված կանանց վրա Սյունիքի մարզում և խոցելի կանանց վրա Հայաստանի հյուսիսում  աղքատության առավել բարձր մակարդակ ունեցող մարզերում (Լոռի-Տավուշ-Շիրակ), որոնք մոտ են Վրաստանի սահմանին:






Իջևանում կայացավ հանրային քննարկում՝ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի շուրջ

«Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի հանրայանացման բարձրացում՝ միջոլորտային գործընկերության և համայնքային ներգրավվածության միջոցով» ծրագրի շրջանակում փետրվարի 3-ին «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ Իջևանում կայացավ հանրային քննարկում՝ Տավուշի մարզի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղհասարակության, բիզնես ոլորտի ներկայացուցիչների և ակտիվ քաղաքացիների մասնակցությամբ։ Ծրագիրն իրականացվում է է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի ֆինանսավորմամբ և Մեծ Բրիտանիայի Կառավարության աջակցությամբ: 

Հանրային քննարկման նպատակն էր ՄԱԿ-ի 1325 բանաձևի գործողությունների ազգային՝ 2022-2024 թթ․ ծրագրի մարզային տարբերակի մշակումը՝ համայնքներում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի իրականացումը խթանելու նպատակով։

Քննարկումից հետո մասնակիցների հետ խմբային աշխատանքի ֆորմատով վեր հանվեցին խնդիրներ, առաջարկվեցին լուծումներ՝ խաղաղության և անվտանգության կոնտեքստում։

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում նաև եռօրյա վերապատրաստում էր նախաձեռնվել Իջևանի և Վարդենիսի համայնքապետարանների աշխատակիցների համար։ 






Restart Ijevan-ը՝ հանուն երիտասարդների զորեղացման․ «Բարձրագույն կրթության մասին» օրենքն ուսանողների համար

2022 թվականի ամռանը մեկնարկեց «Ռեստարտ Իջևան» գիտակրթական ՀԿ-ի կողմից նախաձեռնված «Level Up երիտասարդների զորեղացման ճամբարը», որը միավորեց Տավուշի մարզի շուրջ 50 երիտասարդի: «Level Up երիտասարդների զորեղացման ճամբար» ծրագրի նպատակն էր  աջակցել Տավուշի մարզում «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքով նախատեսված ուսանողական ինքնակառավարման փոփոխությունների իրականացմանը, նպաստել այլընտրանքային ուսանողական խմբերի ձևավորմանը։

Ճամբարային ծրագրին դիմել է շուրջ 80 մասնակից։ Ծրագրին մասնակցելու հնարավորությունը տրվեց Տավուշի մարզի տարբեր բնակավայրերի շուրջ 50 երիտասարդի։

Ճամբարի 4 օրերի ընթացքում մասնակիցները միավորվեցին 5 տարբեր թիմերում, ապա երիտասարդները մասնակցեցին տեսական ու գործնական  7 դասընթացներ հետևյալ թեմաներով՝

  1.     ՀՀ բարձրագույն կրթության տեսլականը
  2.     Բարձրագույն կրթության խնդիրները մարզերում
  3.     Միջազգային կրթություն. կրթական փոխանակման ծրագրեր Հայաստանում
  4.     Այլընտրանքային ուսանողական նախաձեռնությունների գեներացման գաղափարը ,
  5.     Քաղաքացիական նախաձեռնությունները Հայաստանում
  6.     Ծրագրի նախագծում. Նպատակը, գործունեությունը, արդյունքը
  7.     Քննադատական մտածողություն

Ճամբարային փուլի ընթացքում թիմերը մշակել և ներկայացրել են ծրագրային 10 առաջարկներ, որոնցից լավագույն 4 նախաձեռնությունները ընտրվելու և ֆինանսավորվելու էին կազմակերպության կողմից՝ արդեն հետճամբարային փուլում։ Ճամբարային առօրյան հագեցած էր նաև թիմակառուցման, ինտելեկտուալ, սպորտային և ժամանացային միջոցառումներով։

«Ռեստարտ Իջևանը» այս ծրագրի միջոցով նաև նախապատրաստում է երիտասարդներին «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքով նախատեսվող ուսանողական ինքնակառավարման փոփոխություններին:

Ճամբարի ավրատին թիմերը վերադարձան Տավուշ՝ իերնց հետ բերելով 4 լավագույն  ծրագրերը, որոնք մշակել, ձևավորել ու իրականացնելու են արդեն հետճամբարային փուլում:

  1. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ուսանողական սպորտային ակումբի հիմնադրում․ ծրագրի նպատակն է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ակտիվացնել և զարգացնել ուսանողների սպորտային կարողություններն ու հնարավորությունները։ Մասնաճյուղում սպորտային ակումբի շրջանակում կազմակերպվեց Վոլեյբոլի բարեգործական մրցաշար։ Մրցաշարին մասնակցել է 13 թիմ շուրջ՝ 80 երիտասարդ՝  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից և Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներից։ Վոլեյբոլի առաջնությունները բարեգործական էին. առաջնության մասնակցության տոմսերից հավաքված ամբողջ  հասույթը ուղղվելու է ՀՀ սահմանի առաջնագծերում արևային վահանակներ և մարտկոցներ տեղադրելու աշխատանքին:
  2. Ուսանողները՝  հանուն հմտությունների զարգացման ծրագիր․ Ծրագրի  նպատակն է զարգացնել փորձշրջանի ինստիտուտը Տավուշի մարզում և հնարավորություն ընձեռել ուսանողներին ձեռք բերել նոր գործնական գիտելիքներ: Ծրագրի շրջանակներում ԵՊՀ ԻՄ տարբեր ֆակուլտետներում սովորող շուրջ 15 ուսանողի համար կազմակերպվեց մեկամսյա փորձաշրջան Տավուշի մարզպետարանում, Իջևանի համայնքապետարանում և Visit Tavush տուրիզմի զարգացման կենտրոնում:
  1. «Ուսանողի ուղեցույց» ձեռնարկի մշակում ու տպագրում. այս նախագծի շրջանակում ստեղծվեց  «Ուսանողի ուղեցույց» ձեռնարկը, որը  նախատեսված է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի բոլոր ֆակուլտետների ուսանողների համար: Ձեռնարկում ներկայացված են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդհանուր կառուցվածքը, մասնաճյուղում առկա ֆակուլտետներնում մասնագիտությունները, լսարանային պարապմունքների կազմակերպման, ինչպես նաև դասընթացների գնահատման ձևերը: Ձեռնարկում նաև զետեղված է տեղեկատվություն բուհի առաքելության, կառավարման և ուսանողական կառույցների, բուհի գրադարանի, ուսանողների համար նախատեսված անվանական կրթաթոշակների վերաբերյալ և այլևայլ օգտակար տեղեկատվություն:
  2. «Իրազեկ ուսանող» տեղեկատվական թերթիկի մշակում. սա վերջին ծրագիրն էր, որի արդյունքում ստեղծվեց «Իրազեկ ուսանող» տեղեկատվական թերթիկը, որտեղ ավելի սեղմ և գունազարդ տարբերակով ներկայացված են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների իրավունքներն ու պարտականությունները, մասնաճյուղի ուսանողների բողոքների քննարկման կարգը, ինչպես նաև ուսումնական կարգապահության վերաբերյալ այն կարևոր կետերը, որոնց բացակայության դեպքում ուսանողը կարող է ենթարկվել պատասխանատվության։

Հետճամբարային փուլում՝ երիտասարդների կողմից մշակված լավագույն ծրագրերի իրականացումից հետո՝ 2022 թվականի տարեվերջին «Ռեստարտ Իջևան» գիտակրթական ՀԿ-ի կողմից պարգևատրվեցին ծրագրի ամենաակտիվ, ներգրավված և մոտիվացված երիտասարդները։ Կամզակերպությունը շարունակելու է խրախուսել երիտասարդների քաղաքացիական ակտիվությանը, լինելու է հարթակ, որտեղ երիտասարդները հնարավորություն կունենան  բարձրացնելու իրենց համայնքներում առկա խնդիրների մասին իրազեկությունը, կատարելագործել իրենց կարողությունները և իրականացնել իրենց ստեղծագործ մտքերը:




«Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի հանրայնացման բարձրացման ծրագիրը Տավուշում և Գեղարքունիքում

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Տավուշի և Գեղարքունիքի մարզերում իրականացնում է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի հանրայնացման բարձրացում՝ միջոլորտային գործընկերության և համայնքային ներգրավվածության միջոցով» ծրագիրը։ Ծրագիրն իրականացվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի» կողմից տրամադրված ենթադրամաշնորհի միջոցով: 

Հայաստանի Հանրապետությունը մշակել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման վերաբերյալ գործողությունների ազգային երկրորդ ծրագիրը` դրանով իսկ վերահաստատելով իր պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքները «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով: ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի կողմից 1325 բանաձևն ընդունվել է 2000թ․ հոկտեմբերի 31 -ին՝ միաձայն։ Այս բանաձևը վերահաստատում է կանանց կարևոր դերը հակամարտությունների կանխարգելման և լուծման, բանակցային, խաղաղաշինական, մարդասիրական օգնության տրամադրման, որոշումների կայացման և հետպատերազմական վերակառուցման գործընթացներում։

Արմավիրի զարգացման կոնտրոնի կողմից իրականացվող ծրագրի հիմնական նպատակն է նպաստել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի հանրայնացմանը  նաև մարզային մակարդակում։ 

Ծրագրի շրջանակում Իջևան և Վարդենիս համայնքներում կատարվել է կարիքների վերհանում՝ ֆոկուս խմբային քննարկման միջոցով, որից հետո նոյեմբերի 24-ից մեկնարկել է Իջևանի և Վարդենիսի համայնքապետարանների աշխատակիցների, քաղհասարակության ու մեդիա ոլորտի ներկայացուցիչների հանդիպումը Հանքավանում՝ եռօրյա դասընթացի շրջանակներում: Հաշվի առնելով համայնքների սահամանամերձ լինելու փաստը՝ Իջևանն ու Վարդենիսը  ներգրավվել են ծրագրում։ Սա պիլոտային ծրագիր է նշված երկու համայքների համար, որոնք «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգում կունենան մշակված ռազմավարություն՝ կանանց համար համայնքն ավելի անվտանգ դարձնելով։

Եռօրյա հանդիպման առաջին օրը մասնակիցներին ողջունեց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանը: Ջոն Գալագերն իր խոսքում կարևորեց «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգում գենդերային հավասարությունը, բռնության դեմ պայքարը և կանանց ներգրավումը Կ«Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգում: Դեսպանն ընդգծեց նաև մարդու իրավունքների պաշտպանության, հակամարտությունների կարգավորման, բռնությունների կանխարգելման ու ճգնաժամային կառավարման գործընթացներում տեղական ինքնակառավարման մարմինների, քաղհասարակության ու լրատվամիջոցների համատեղ աշխատանքի կարևորությունը:  Եռօրյա դասընթացի նպատակն էր ամրապնդել ծրագրի մասին մասնակիցների գիտելիքները, խթանել համայնքներում օրակարգի իրականացումը:

Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան և ամրապնդեցին  իրենց գիտելիքները մարդու իրավունքների, տեղական և միջազգային փաստաթղթերում կանանց իրավահավասարության դրույթների մասին: Դասընթացն ուղեկցվել է ինչպես տեսական, այնպես էլ գործնական վարժություններով:

Ծրագրի ղեկավարի խոսքով՝ տեղական ինքնակառավարման մարմինները, քաղհասարակության ու մեդիա ոլորտի աշխատակիցները մարզերում կարևոր դերակատարություն ունեն:

Դասընթացի ավարտից հետո Իջևան և Վարդենիս համայնքներում կազմակերպվելու են հանրային լսումներ՝ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի տեղայնացման թեմայով: