Հանրային քննարկում Իջևանում․ 2017-2021թթ. համայնքային հնգամյա զարգացման ծրագրի կատարողականի մոնտորինգի զեկույց
«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ-ն 2021 թվականին իրականացրել է Իջևան քաղաքի 2017-2021 թթ․ հնգամյա զարգացման ծրագրի կատարողականի մոնիթորինգ, որն ուղղված է եղել հնգամյա ժամանակահատվածում համայնքային զարգացման ծրագրերի ուղղությամբ ՏԻՄ կողմից տարված աշխատանքների ծավալի ու որակի ուսումնասիրմանը, ծրագրերի կառավարման բոլոր փուլերում համայնքի բնակիչների և շահագրգիռ այլ կողմերի մասնակցության մակարդակի գնահատմանը։
Ավելի քան 6 տարի գործելով տեղական ինքնակառավարմանն առնչվող խնդիրների հետ՝ կազմակերպությունն արձանագրել է, որ համայնքներում հնգամյա զարգացման ծրագրի պլանավորման և իրականացման պրակտիկան կրում է ձևական բնույթ, իսկ հանրային մասնակցության մեխանիզմների թերի գործարկման հետևանքով բնակիչները դուրս են մնում զարգացման ծրագրերի մշակման աշխատանքներից․ դա են վկայում նաև 2021 թ․ հուլիս-օգոստոս ամիսներին կազմակերպության կողմից Իջևանի բնակիչների շրջանում անցկացրած առցանց հարցման արդյունքները, ըստ որի՝ հարցվողների ¼ մասը նշել է, որ ընդհանրապես տեղյակ չէ հնգամյա զարգացման ծրագրի մասին, 30 %-ը ասել է, որ որոշ չափով է տեղյակ, 40 %-ը դժվարացել է պատասխանել կամ նշել է, թե չգիտի, և միայն 5 %-ն է նշել, որ տեղյակ է։ Ստացված պատկերը մի կողմից բնակիչների՝ տեղական ինքնակառավարման հանդեպ ցուցաբերած անտարբերության, մյուս կողմից էլ մասնակցային կառավարման մեխանիզմների բացակայության հետևանք է։
Ինչ վերաբերվում է Իջևանի 2017-2021 թթ․ զարգացման ծրագրին, ապա համայնքային իշխանությունների կողմից համայնքի ներքին կարիքների գնահատում է իրականացվել․ սահմանվել են համայնքի պարտադիր իրագործելի խնդիրները և դրանց հիման վրա մշակվել են զարգացման 7 ծրագրեր՝ համայնքային բյուջեի հնգամյա պլանավորմամբ։
Կազմակերպությունը պարզել է, որ ծրագրի մշակման աշխատանքներին չեն նախորդել հանրային բաց լսումներ կամ քննարկումներ, որոնց կազմակերպումն անհրաժեշտ է համայնքի բնակիչների մասնակցությունն ապահովելու, համայնքի բյուջեի պլանավորման գործընթացներում նրանց բարձրաձայնած առաջարկությունները կամ դիտարկումները գրանցելու համար։ Բացի այդ՝ չի ձևավորվել համայնքապետին կից գործող խորհրդակցական մարմին, որն իր մեջ կներառեր համայնքային կազմակերպությունների համապատասխան մասնագետների, ավագանու անդամների, բնակիչների, փորձագետների և այլ շագրգիռ անձանց՝ ինչպես նախատեսում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը։
Համայնքապետարանի պարզաբանմամբ՝ Իջևանի 2017-2021 թթ․ հնգամյա զարգացման ծրագիրը մշակվել է համայնքապետարանի շրջանակներում․ համայնքի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները և համապատասխան մասնագետները համայնքապետին են ներկայացրել իրենց գործունեության բնագավառին առնչվող խնդիրներին ու դրանց լուծմանն ուղղված աշխատանքների առաջարկությունների փաթեթը, որը հետագայում հաստատվել է ավագանու կողմից՝ առանց որևիցե փոփոխության։
Կազմակերպությունը փորձել է գնահատել նաև մշակված համայնքային 7 ծրագրերի կատարողականի որակը և դրանց իրականացման ծավալները նախորդ 5 տարիների ընթացքում։
Հնգամյա ծրագրով նախատեսվել է հիմնանորագել Իջևանի թիվ 1, 5, 8 մանկապարտեզները, մասնավորապես՝ պետք է իրականացվեին շենքերի տանիքների վերանորոգման, կոյուղիների և ջրագծերի, լուսավորության և ջեռուցման ցանցերի, էլեկտրագծերի նորոգման, խմբասենյակների միջանցքների, դռների և պատուհանների նորոգման, հարդարման և բակերի բարեկարգման աշխատանքներ։ Ըստ նախահաշվի՝ ծրագրի ընդհանուր բյուջեն պլանավորվել է 60 միլիոն ՀՀ դրամի չափով։ Համայնքապետարանի կողմից տրամադրված տեղեկության համաձայն՝ 2020-2021 թթ․ կատարվել է այս ծրագրով պլանավորված աշխատանքների մի մասը՝ էլէկտրագծերի նորոգում, և չեն կատարվել պլանավորված մյուս աշխատանքները։ Արդյունքում նախատեսված 60 մլն․ ՀՀ դրամի փոխարեն ծախսվել է ընդամենը 46 միլիոն 550 հազար ՀՀ դրամ։
Երկրորդ ծրագրով նախատեսվել է վերանորոգել Իջևանի Ասլանյան փողոցի մի մասը, իրականացնել փոսային նորոգման աշխատանքներ, ինչպես նաև անցկացնել նոր ասֆալտաբետոնե ծածկույթ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 50 միլիոն 250 հազար ՀՀ դրամ։ Արդյունքում սույն ծրագրի իրականացման վրա ծախսվել է ընդամենը 7 միլիոն 752 հազար ՀՀ դրամ, ինչը կազմած նախահաշվի միայն 15 %-ն է։
Երրորդ ծրագիրը Իջևանի Մետաղագործներ փողոցից դեպի անհատական բնակելի տներ տանող որոշակի հատվածների փոսային նորագման աշխատանքների իրականացման համար է նախագծվել։ Կազմակերպությունը ծրագրի իրականացման մասին տեղեկատվություն ստանալու նպատակով հարցումներ է ուղղել համայնքային իշխանություններին։ Ըստ ստացված տվյալների՝ համայնքային բյուջեից այս ծրագրի համար ներդրումներ չեն կատարվել։
Չորրորդ ծրագիրը, որը քաղաքի բարեկարգման և Ղարագյոզյան, Պռոշյան, Թավրիզյան փողոցների ասֆալտապատման նախագիծ է, մասնակի է իրականացվել։ 2018 թ․՝ Պռոշյան, 2019 թ․՝ Ղարագյոզյան փողոցում ԻՇԿ ՍՊԸ-ի կոշմից իրականացվել են հիմնանորոգման աշխատանքներ՝ 38 միլիոն 65 հազար 138 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ, որից միայն 45 %-ն է հանդիսացել համայնքի ներդրումը։ Ֆինանսավորման մյուս աղբյուրի վերաբերյալ համայնքապետարանը տեղեկություն չի տրամադրել։ Թավրիզյան փողոցում վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել։
Հաշվի առնելով Իջևանում գործող 3 միջքաղաքային երթուղիների առկայությունը, զարգացման հինգերորդ ծրագրով նախատեսվել է վերանորոգել 3 հին կանգառները և կառուցել հավելյալ 7-ը, ինչի համար նախատեսված բյուջեն կազմել է 10 մլն 500 հազար ՀՀ դրամ։ Ծրագրի շրջանականերում նախատեսված աշխատանքները կատարվել են՝ վերանորոգվել են թվով 4 կանգառներ։ Կանգառների վերանորոգման համար համայնքային բյուջեից միջոցներ չեն հատկացվել․ աշխատանքները կատարվել են համայնքաբնակ բարեգործների աջակցությամբ։
Հնգամյա զարգացման վեցերորդ ծրագրով նախատեսված է եղել Իջևանի մի շարք փողոցներում լուսավորության համակարգերի վերանորոգման և ընդլայնման աշխատանքներ իրականացնել՝ ընդհանուր 75 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ։ Փաստացի իրականացրած աշխատանքներն ընդգրկել են Երևանյան, Անկախության, Աբովյան, Բլբուլյան, Իջևանյան, Մյասնիկյան, Սպանդարյան, Ղարագյոզյան, Նալբանդյան, Մայիսի 28-ի, Վասիլյան, Տերյան, Աղայան, Պռոշյան, Չարենցի, Այգեստանի, Անտառային, Մետաղագործների փողոցները, իսկ ծախսված գումարը եղել է 32 միլիոն 800 հազար ՀՀ դրամ։
Զարգացման յոթերորդ ծրագիրը ներկայացնում է համայնքում զբոսաշրջության զարգացմանը նպստող գործողությունների շարք, որի համար նախատեսվել է 20 միլիոն ՀՀ դրամ։ Նման ծրագրերի իրականացումը չի բխում համայնքապետի կամ ավագանու ունեցած լիազորությունների՝ օրենքով սահմանված շրջանակից, փոխարենը՝ գտնվում է մասնավոր ձեռնարկատիրության կարգավորման դաշտում, և պատահական չէ, որ այս ծրագրի մասով աշխատանքներ չեն իրականացվել։
Կազմակերպության գնահատականով՝ այն հանգամանքը, որ հնգամյա զարգացման ծրագրով նախատեսված աշխատանքները մասնակի, կամ որոշ դեպքերում՝ առհասարակ չեն իրականացվել, կապված է մի շարք գործոնների հետ, որոնցից ամենաակնհայտը զարգացման ծրագրերի և տարեկան բյուջեների միջև փոխկապակցվածության բացակայությունն է։ Խնդիր է նաև այն, որ չի իրականացվում ծրագրերի պարբերական մոնիթորինգ և գնահատում, ինչը հնարավորություն կտա վերանայել ծրագրերը և կատարել համապատասխան փոփոխություններ։ Բացի այդ՝ չի պահպանվում զարգացման ծրագրերի մասով հանրային հաշվետվողականությունը, չեն մշակվում և հրապարակվում հնգամյա զարգացման ծրագրերի վերաբերյալ տարեկան հաշվետվությունները։
Այդուհանդերձ, Իջևանի բնակիչների շրջանում անցկացրած առցանց հարցման արդյունքներն, ըստ էության, արտացոլում են համայնքապետարանի կողմից հնգամյա ժամանակահատվածում իրականացրած զարգացման ծրագրերի բովանդակությունը։ Հարցվողների 34 %-ը նշել է, որ անցած 5 տարիների ընթացքում համայնքում ճանապարհաշինության ոլորտում են աշպատանքներ տարվել, փողոցների, բակերի վերանորոգում, 33 %-ը նշել է փողոցային լուսավորության ոլորտում իրականացված աշխատանքների մասին, 3 %-ը հիշատակել է հանրային տրանսպորտի, սպասարկման և մշակույթի ոլորտում արված աշխատանքների մասին։
2020 թ․ նոյեմբերի 14-ին Իջևանում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ․ Իջևանը խոշորացվեց՝ իր մեջ ներառելով 19 բնակավայրեր։ Համաձայն «Տեղական ինքնակառավարման մարմինների» ՀՀ օրենքի՝ նոր ձևավորված համայնքի դեպքում համայնքի ղեկավարը մշակում է համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը և ներկայացնում ավագանու հաստատմանը իր լիազորությունները ստանձելուց հետո 5 ամսվա ընթացքում։ Սա նշանակում է, որ առնվազն մինչև 2022 թ․ ապրիլ ամիսը համայնքային նոր իշխանությունները պետք է մշակեն Իջևանի 2022-2027 թթ․ զարգացման նոր ծրագիրը։