Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր՝ ապրիլի 5-ին, նշում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնը:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:

Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Սբ. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Սբ. Պատարագ: Սբ. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Սբ. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է 50 օր՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:

Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով:

Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Սբ. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:

Դիտեք նաև՝




Ծաղկազարդի տոնը Տավուշում․ Մանուկների օրհնության օր

Մարտի 29-ին Այգեձոր գյուղում մեծ շուքով նշվեց Ծաղկազարդը՝ համախմբելով բազմաթիվ հավատացյալների։ Տոնի առթիվ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցում մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ, որի ընթացքում կատարվեց նաև մանուկների օրհնության կարգը:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր։ Այս արարողությունն ունի խորհրդանշական իմաստ, որը կապված է Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքի հետ, երբ մանուկները դիմավորում էին Նրան՝ աղաղակելով՝ «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթեոս 21:15):

Տոնական արարողությանը մասնակցեցին բազմաթիվ համայնքի բնակիչներ, որոնք եկեղեցի էին եկել ուռենու ճյուղերով: Հոգևորականը օրհնեց ճյուղերը, և դրանք բաժանվեցին հավատացյալներին՝ որպես օրհնության և նոր կյանքի խորհրդանիշ:

Ծաղկազարդը քրիստոնեական կարևոր տոներից է, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ և նոր կյանքի, հույսի ու վերածննդի ավետիսը: Այգեձորում տոնը նշվեց ակտիվ մասնակցությամբ, ընդգծելով համայնքի հավատարմությունը եկեղեցական ավանդույթներին և դրանց փոխանցման կարևորությունը գալիք սերունդներին:

Հեղինակ՝ Անահիտ Մակյան

Կարդացեք նաև՝

 

 

 




Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնին Տավուշի թեմի քահանաներն արժանացան պարգևների

Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնին Տավուշի թեմի քահանաներն արժանացան պարգևների

Փետրվարի 10-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։

Արարողությանը ներկա էին թեմերում և եկեղեցական կառույցներում սպասավորող 217 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ հավատավոր հայորդիներ։

«Տավուշի թեմի հոգևորականները՝ առաջնորդությամբ թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Սամվել վրդ․ Մխիթարյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեցին Սուրբ և Անմահ պատարագի։ Հավարտ Սուրբ պատարագի, օրհնությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի, թեմից Արժանապատիվ Տ․ Շավարշ քհն․ Սիմոնյանն ու Տ․ Արամ քհն․ Միրզոյանն իրավունք ստացան ծաղկյալ փիլոն կրելու, իսկ թեմի Արժանապատիվ հինգ քահանա հայրեր՝ Տ․ Արտակ քհն․ Միրզոյանը, Տ․ Բարսեղ քհն․ Մկրտչյանը, Տ․ Կորյուն քհն․ Պապիկյանը, Տ․ Արամ քհն․ Բաղումյանը և Տ․ Եղիա քհն․ Փահլևանյանը, ձեռամբ Վեհափառ Հայրապետի, ստացան լանջախաչեր»,- հայտնում են Տավուշի թեմից։




Հայ Առաքելական Եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը

Հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը. այն Հիսուսի Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է:

Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է Ջրօրհնեքի կարգ: Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը: Հավատացյալներն այդ ջրից տուն են տանում՝ որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար:

Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մարդիկ միմյանց ավետիս են տալիս և պատասխան ստանում. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»:

Սուրբ Ծնունդը նաև կոչվում է Աստվածհայտնություն, այսինքն՝ Քրիստոսի ծնունդով Աստված հայտնվեց աշխարհին: Ըստ Եկեղեցու սրբազան ավանդության՝ Քրիստոս 30 տարի հետո իր ծննդյան օրը մկրտվեց Հորդանան գետում, ուստի հունվարի 6-ը նաև Քրիստոսի մկրտության օրն է:

Իջևանի Սբ․ Ներսես Շնորհալի առաջնորդանիստ եկեղեցում պատարագը մատուցեց Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանը։

Տավուշ Մեդիայի ֆոտոշարքը։

Կարդացեք նաև՝




Քրիստոս ծնավ և հայտնեցավ․ Հայոց եկեղեցիներում հնչեց Սուրբ Ծննդյան ավետիսը

Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Տեր Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու և որպես Աստված հայտնվելու տոնն է։ Հայ Առաքելական Եկեղեցին Հիսուսի Ծննդյան տոնակատարությունն սկսում է հունվարի 5-ի երեկոյան՝ ճրագալույցի Պատարագով (ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել՝ այսինքն վառել։ Այն խորհրդանշում է բեթղեհեմյան աստղը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուսի ծննդավայրը)։

Սուրբ Ծննդյան տոնական պատարագը մատուցվում է հունվարի 6-ին։

Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ. Օգոստոս կայսրը հրաման տվեց, որպեսզի ողջ երկրում մարդահամար անցկացվի։ Հիսուսի ծնողները՝ Հովսեփն ու Մարիամը, Գալիլիայի Նազարեթ քաղաքից գնացին Բեթղեհեմ, որը թարգմանաբար նշանակում է «հացի տուն»։ «Եւ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, եւ նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մեջ, որովհետեւ իջեւանում նրանց համար տեղ չկար» (Ղուկաս Բ 6-7)։

Մանուկ Հիսուսին առաջինն այցելեցին հովիվները, որոնց Տիրոջ հրեշտակը հորդորեց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որն ամբողջ ժողովրդինը կլինի. որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է։ Եւ սա՛ ձեզ համար նշան կլինի խանձարուրով փաթաթած եւ մսուրի մեջ դրված մի մանուկ կգտնեք» (Ղուկաս Բ10-11)։

Այդ ժամանակ արևելքից մոգեր եկան Երուսաղեմ, որոնք հարցնում էին. «Ո՞ւր է հրեաների արքան, որ ծնվեց, որովհետեւ նրա աստղը տեսանք արեւելքում եւեկանք նրան երկրպագելու» (Մատթեոս Բ 11-12)։ Հունվարի 6-ին` Սուրբ ծննդյան Պատարագից հետո, կատարվում է ջրօրհնեքի արարողություն, որը խորհրդանշում է Հիսուսի մկրտությունը։ Հունվարի 7-ին եկեղեցիներում սուրբ և անմահ Պատարագ է մատուցվում՝ ի հիշատակ մեռելոց, որի ավարտին կատարվում է հոգեհանգստյան կարգ։

Հունվարի 6-ից եկեղեցականներն այցելում են հավատացյալների տներն ու կատարում տնօրհնեքի կարգ՝ Քրիստոսի ծննդյան ավետիսի լույսն ու օրհնությունը փոխանցելով ընտանիքներին։

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Ձեզ և մեզ մեծ ավետիս։

 




Վարագա Սուրբ Խաչ 2025. հոգևորին վերադառնալու տոնը

Սեպտեմբերի 28-ն է՝ Վարագա Սուրբ Խաչի տոնը. տոն, որ Նոր Վարագավանք է հրավիրումհարյուրավոր ուխտավորների՝ հինավուրց պատերիստվերում նորովի վերապրելու հավատքի ու մերազգային հիշողության միասնությունը։ Վարագա Սուրբ Խաչը տոն է հոգևոր զորության մասին, որհիշեցնում է այն ճանապարհը, որով մեր ժողովուրդըպահեց իր հավատի արմատները։ Ավանդույթ դարձած խաչերթով հավատավորները՝ Տավուշի մարզի համայնքներից, Հայաստանի տարբեր մարզերից ու մայրաքաղաքից, նաև արտերկրից, բարձրանում են Նոր Վարագավանք։
Տերունական Խաչափայտի մասունքը, որն ամեն տարի ՄայրԱթոռ Սուրբ Էջմիածնից բերվում է այստեղ, վերադառնում ու գտնվում է իր երբեմնի պատմական տանը:

Սուրբ Պատարագից հետո խաչափայտով օրհնվումեն Տավուշի չորս կողմերը․ օրհնությունը տարածվում է մեր սար ու ձորի, այգիների ու դաշտերի, գյուղերիու շեների վրա միասնական աղոթքով՝ հանուն հարատևության ու խաղաղության։

Տոնական օրն այստեղ վերածվում է նաև մշակութային փառատոնի․ «Տավուշ» հայրենակցական միության նախաձեռնությամբ վանական համալիրին հարող տարածքում հնչում են ազգային երգն ու երաժշտությունը, հանդես են գալիս«Հորովել» համույթը և Բերդի մշակութային խմբերը։

Նոր Վարագավանքը՝ կառուցված 13-րդ դարում Կյուրիկյան իշխանների օրոք, Տավուշի հոգևոր ուպատմական խորհրդանիշներից մեկն է։ Վանքը գտնվելով բարձրադիր հատվածում, իշխող դիրքունի և անտառների գրկում վեր խոյացող Վարագավանքը նաև գրավում է մեր երկիր այցելող զբոսաշրջիկներին:

Միջնադարի գրիչներն ու պատմիչներն արժեքավոր հիշատակումներ ունեն Վարագավանքի մասին. այսօր էլ վանքը հոգևորին վերադառնալու վայր է․ վայր, որտեղ յուրաքանչյուրը նորովի է զգում հայրենիքի գույնն ու բույրը, հոգևոր առաքինության ուժը։




Վարագա սբ․ Խաչի տոնը Նոր Վարագավանքում | ՈՒՂԻՂ

Այսօր սեպեմբերի 28-ն է՝ Վարագա Սուրբ Խաչի տոնը։ Տավուշ Մեդիան բացառիկ հնարավորություն է ընձեռում իր հեռուստադիտողներին՝ ուղիղ եթերում հեռարձակելով տոնի արարողությունները․ մենք միասին վկաներն ենք դառնում հայոց եկեղեցու և մեր ժողովրդի սիրելի, կարևոր տոներից մեկին՝ Վարագա Սուրբ Խաչի տոնին։

Արդեն սերունդներ շարունակ, այս տոնը նշվում ու հիշեցնում է Սուրբ Խաչի զորության մասին։ Տոնի օրերին ավանդաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Նոր Վարագավանք է բերվում Տերունական Խաչափայտի մասունքը՝ այն վերադառնում ու գտնվում է իր պատմական տանը՝ Նոր Վարագավանքում։

Վարագա Սուրբ Խաչի տոնն ամեն տարի նշվում է Խաչվերացից 14 օր անց՝ սեպտեմբերի վերջին կիրակի օրը։ Եկեղեցական ավանդության համաձայն՝ Դիոկղետիանոս կայսրի հալածանքներից փախչելով Հայաստան եկած Սուրբ Հռիփսիմյանց կույսերից Հռիփսիմեն իր պարանոցին կրում էր Քրիստոսի Խաչափայտի մի մասունք։ Նա մասունքը պահեց Վարագա լեռան քարայրներից մեկում, որպեսզի այն հեթանոսների ձեռքը չընկնի։ Շատ դարեր անց, 653 թվականին, Վարագա լեռան վրա ճգնող Թոդիկ ճգնավորն ու նրա աշակերտ Հովելը տասներկու օր խիստ ծոմապահությամբ և աղոթքով խնդրեցին Տիրոջը՝ արժանանալով հրաշքի․ լեռան գագաթին երևացին տասներկու լուսեղեն սյուներ։ Այս հրաշքի արդյունքում գտնվեց Սուրբ Նշանը։

Ներսես Գ Տայեցի հայրապետը սահմանեց ամեն տարի տոնել այս օրը՝ ի փառս Տերունական Խաչի։ Այդ ժամանակ Վարագա լեռան վրա կառուցվեցին տասներկու եկեղեցիներ՝ հիշատակ լուսեղեն սյուների, իսկ այն վայրը, ուր հանգեց Սուրբ Նշանը, դարձավ վանք ու մեծ ուխտատեղի։ Այդպես ծնվեց Վարագա Սուրբ Խաչի տոնը, որն այսօր հիշվում է, նշվում է որպես հոգևոր վերագտման տոն։ Այսօր էլ ուխտավորներ են գալիս Հայաստանի բոլոր շրջաններից՝ հաղորդվելու Տիրոջ Խաչափայտին և զորություն ստանալու իրենց կյանքում։




Խաչվերաց․ պատարագ Այգեձորի Սբ․ Հովհաննես եկեղեցում

Խաչվերացի տոնի առթիվ, Այգեձորի Սուրբ Հովհաննես եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ։ Պատարգը մատուցել է գյուղի հոգևոր հովիվ Տեր Բարսեղ քահանա Մկրտչյանը։

Խաչվերացի տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է։ Այն խորհրդանշում է Տիրոջ խաչի փառավորումը և հիշեցնում, որ խաչը, որ մի ժամանակ եղել է տառապանքի ու մահվան նշան, վերածվել է հաղթանակի, կյանքի և փրկության խորհրդանիշի։

Պատարագից հետո հավատացյալները իրենց հետ տարան օրհնված ռեհանի ճյուղեր։ Ռեհանը, որը ավանդաբար կապված է խաչի հայտնության պատմության հետ, հավատացյալներին հիշեցնում է Տիրոջ խաչի կենդանարար զորությունը և խորհրդանշում աղոթքի ու մաքրության բույրը քրիստոնյայի կյանքում։

Հեղինակ՝ Տավուշ Մեդիայի թղթակից Անահիտ Մակյան




Դու կհաղթես այս պատերազմում, որովհետև քո գործն արդար է. նշվեց Խաչվերացի տոնը

Խաչվերացը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է ու տոնվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման։ Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։

Տոնն այս տարի նշվեց սեպտեմբերի 14-ին. Տավուշի թեմի եկեղեցիներում ու վանքերում Խաչվերացի տոնին մատուցվեց պատարգ, մեկնաբանվեց տոնի խորհուրդը. այն նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի և ըստ Գրիգոր Տաթևացու՝ Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»։

Խաչվել ու հաղթել, մահանալ ու հավիտենական ապրել։ Խաչը հիշեցնում է, որ հարկավոր է կռվել, բայց արդար պատերազմ վարել, քանի որ «Դու կհաղթես այս պատերազմում, որովհետև քո գործն արդար է»։




Թեմական մեծ ուխտերթ դեպի Նոր Վարագավանք

Նոր Վարագավանք

Եփեսոսի Սուրբ Ժողովի 200 հայրապետների (431 թ.) տոնի կապակցությամբ օգոստոսի 9-ին, Տավուշի թեմի ողջ հոգևոր դասն ու հավատավոր ժողովուրդը, մարզկենտրոն Իջևանից ուխտերթով շարժվել են դեպի Բերդ համայնք՝ Նոր Վարագավանք վանական համալիր։