Տեր Աբել քահանա Քարտաշյանին շատերն են ճանաչում ու սիրում՝ ինչպես Տավուշում, այնպես էլ մեր «աշխարհի» սահմաններից դուրս։ Հրանտ Ղազումյանն ուՏավուշ TV-ի թիմն այս անգամ բացահայտում են Տեր Աբելի «աշխարհը»՝ խաղաղ, ուժեղ, եռանդուն, սիրով ու հոգատարությամբ լի․․․
Մի խոսքով՝ այս անգամ Տեր Աբելի տանն ենք հյուրընկալվել տավուշյան«Մակարդակով կոֆե»-ի։
«Ընդհանրապես՝ Տավուշի մասին որ խոսում են, մարդիկ հիմնականում բնության մասին են խոսում։ Ես ասում եմ՝ ո՛չ, մարդկանց մասին պիտի խոսեք․․․ Շատ կարևոր է մեր հյուրասիրության կերպը․ տավուշեցիք ուրիշ կերպ են հյուրասիրում՝ ուրիշ ջիգյար են դնում, ուրիշ սիրտ են դնում էդ ամեն ինչի մեջ»․ – ասում է տեր Հայրը։
Վարագա Սուրբ Խաչի տոնը Նոր Վարագավանքում
«Վարագա Սուրբ Խաչի տոնը այն օրն է, երբ Տիրոջ խաչի մասունքը վերադառնում է տուն․ այն տունը, որտեղ 400 տարի ապրել է։ Սա անգնահատելի և տիեզերական նշանակություն ունեցող խորհուրդ է․․․»
Տոնի նախօրեին Տիրոջ Խաչափայտի մասունքը Մայր Աթոռից ճանապարհ է ընկել դեպի Նոր Վարագավանք, որտեղ կատարվել է գիշերային հսկում։ Ապա կիրակի՝ Նոր Վարագավանքի ուխտի օրը, Տավուշի թեմի առաջնորդի Բագրատ Սրբազանի ձեռամբ մատուցվել է Սուրբ Պատարագ, հավարտ որի կատարվել է Անդաստան՝ օրհնվել են աշխարհի չորս ծագերը։
Չորրորդ դարում Սուրբ Հռիփսիմեն Տիրոջ Խաչափայտի մասունքը բերեց Հայաստան աշխարհ, և շուրջ 17 դար Խաչափայտի մասունքը գտնվում էր մեր ժողովրդի մոտ։ Պատմական Հայաստանի Վարագավանքից տեղափոխվելով՝ մասունքը շուրջ 400 տարի պահվել է հենց Նոր Վարագավանքում՝ այն դարձնելով իր հերթական հանգրվանն ու տունը։
Անկախության տոն․ Պատարագ Խաշթառակի սբ․ Դավիթ եկեղեցում
Սեպտեմբերի 21-ին Խաշթառակի բարձունքին՝ սբ․ Դավիթ եկեղեցում Անկախության տոնի առթիվ պատարագ է մատուցել Իջևանի հոգևոր հովիվ Տեր Աբել քահանա Քարտաշյանը։
«Մենք պիտի հիշենք, որ մեր շատ ու շատ հայրեր, ովքեր ապրել են մեզնից շատ դարեր առաջ, մեծ բաղձանքով են սպասել այս ազատության զգացումին, այս ազատ կյանքին․ որը հայը պիտի ստեղծի իր դպրությունը՝ դպրոցը, որ հայը պիտի ունենա իր բանակը և պիտի ծառայի իր բանակում, որ հայը պիտի ունենա իր պետականություն, և այս երազանքը եկել՝ այսօր մենք իրականություն դարձած ենք տեսնում։
Այո՛, այս իրականության մեջ նաև շատ վտանգավոր փորձությունների միջով է անցնում մեր անկախությունը, մեր պետությունը։ Եվ այս փորձությունների մեջ այսօր մենք՝ այս մի բուռ հայերով, հավաքվել ենք այս բարձունքին՝ սբ․ Դավիթ եկեղեցում, որպեսզի նորից ու նորից մտաբերենք, թե ով էր Դավիթը․ Դավիթ թագավորն ինչ արեց իր ժողովրդի համար, և ինչ է նշանակում Աստծով ապրող պետություն»։
Տեր Աբելի ամբողջական քարոզը՝ մեր տեսանյութում։
Իջևանում նշվեց Խաչվերացի տոնը
Խաչվերացի տոնն Իջևանում նշվեց խաչերթով՝ համայնքի հոգևոր հովիվներ Տեր Սիմեոնի և Տեր Աբելի առաջնորդությամբ։
Խաչվերացը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն տոնվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման)։ Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։
Խաչվերացի տոնը նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի։ Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»։
Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Հաղարծնի ուխտի օր
Օգոստոսի 14-ին Հայ առաքելական եկեղեցին տոնեց Աստվածամոր Վերափոխման տոնը։ Տավուշում այս տոնի օրն արդեն ավանդաբար հաստատվել է նաև որպես Հաղարծին վանքի ուխտի օր։
Տոնի առթիվ վանական համալիրում մատուցվել է սբ․ Պատարագ, և ապա կատարվել Խաղողօրհնեքի կարգ՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի ձեռամբ։
Ավանդությունը պատմում է, որ երբ Սուրբ Աստվածամայրը ննջեց, Բարդուղիմեոս առաքյալը ներկա չէր՝ Հայաստանում էր: Երբ վերադարձավ Երուսաղեմ, խորապես վշտացավ, որ չէր արժանացել Սուրբ Աստվածածնին վերջին հրաժեշտը տալուն: Առաքյալներին խնդրեց բացել Տիրամոր գերեզմանը, որպեսզի ինքն էլ կարողանա վերջին անգամ տեսնել նրան և մխիթարվել: Առաքյալներն աղոթք արեցին ու հոժարեցին եղբոր փափագը կատարել: Երբ բացեցին գերեզմանը, Սուրբ Կույսի մարմինն այնտեղ չգտան, այլ միայն պատանքները: Եվ նրանք փառավորեցին Աստծուն՝ իմանալով Աստվածամոր վերափոխման մասին:
Ոգեղեն սահմանապահը՝ Խորանաշատի վանքը 800 տարեկան է (տեսանյութ, ֆոտոշարք)
Եպիսկոպոսական սբ․ Պատարագ վանքի ուխտի օրը՝ մայիսի 28-ին, աշխարհի չորս ծագերի օրհնություն իր տուն վերադարձած Խորանաշատի՝ Տավշո Ավետարանով, «Խորանաշատ 800» եռալեզու պատկերագրքի շնորհանդես և գիտաժողով, հոգևոր և ժողովրդական երգ-երաժշտություն․ մայիսի 28-30-ին Խորանաշատի վարդապետարանի 800-ամյակին նվիրված միջոցառումների մասին պատմում է Տավուշ Մեդիան։
Ոգեղեն սահմանապահը՝ Խորանաշատի վարդապետարանը 800 տարեկան է: Մայիսի 11-ին Երևանից մեկնարկել էր վանքի հանրահռչակման միջոցառումների շարքը։ Մայիսի 28-ին մեծաթիվ ուխտավորներ զինվորականների ուղեկցությամբ այցելեցին Խորանաշատ վանական համալիր. ադրբեջանական դիրքերից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա կրկին մատուցվեց սբ. Պատարագ` Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսպոկոս Գալստանյանի ձեռամբ։
Պատարագին հաջորդել է Անդաստանի արարողությունը՝ աշխարհի չորս կողմերի օրհնության կարգը: Այն Չինարիի համայնքապետարանի հարակից տարածքում կատարվել է սուրբ խաչով և Խորանաշատի Ավետարանով, որը հարյուրամյակների բաժանումից հետո վերադարձավ իր տուն:
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Բերդ համայնքի ազգագրական-ժողովրդական համույթները: Միջոցառումների առաջին օրը ամփոփվեց հոգևոր երաժշտությամբ․ մասնակիցները հնարավորություն ունեցան ունկնդրելու Երևանի Պետական Կամերային երգչախմբի կատարումները:
Միջոցառման երկրորդ օրը Չինարի բնակավայրում կայացավ բացառիկ իրադարձություն` «Խորանաշատ 800» եռալեզու պատկերագրքի շնորհանդես և գիտաժողով, որի նպատակը գիտական և հոգևոր շրջանակներում հայտնի ճշմարտությունները՝ Խորանաշատի վանքի ժառանգությունը, Վանական վարդապետի վարքը, Խորանաշատի վանքի ճարտարապետությունը հանրայնացնելն էր: Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, Խորանաշատի հիմնադրման 800-ամյակին նվիրված միջոցառումների նախաձեռնող խմբի համակարգող Գևորգ Սաղոյանը:
Տոնական երկրորդ օրը եզրափակվեց «Ակունք» ազգարական երգի-պարի համույթի ելույթով: Միջոցառումներն ավարտվեցին «Զուլալի» ֆիլմի ցուցադրությամբ եւ ստեղծագործական խմբի հետ հանդիպմամբ: Միջոցառումներն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ «ինչպես ամեն առավոտյան Երևանում մենք աչքներս բացում ենք և տեսնում Արարատ լեռը, որը գերության մեջ է, այնպես էլ Հայաստանի հյուսիսարևելյան այս հրաշք կտորում՝ Տավուշ աշխարհում Խորանաշատն է անմիջապես սահմանի գլխին, բարեբախտաբար՝ սահմանից այս կողմ, և մայսի 28-ին՝ հայոց պետականության վերականգնման օրը շատ խորհրդավոր է, որ մենք հավաքվել ենք Խորանաշատի 800-ամյակը տոնելու»։
Խորանաշատը գտնվում է Չինարի գյուղից հյուսիս-արեւելք՝ հայ-ադրբեջանական սահմանի ուղիղ հարևանությամբ։ Վանքը հիմնել է Վանական Վարդապետը՝ Վահրամյան իշխանների աջակցությամբ․ շինարարությունն ավարտվել է 1222 թվականին։
Խորանաշատը միջնադարյան Հայաստանի ամենախոշոր կրթական, գիտամշակութային ու աստվածաբանական կենտրոններից մեկն էր: Խորանաշատի վարդապետարանը եղել է պատմագրական թեքում ունեցող դպրոց, որտեղ ուսանել են 7-8 տարի։ Դասավանդել են պատմություն, աստվածաբանություն, իմաստասիրություն, մատենագիտություն, երաժշտագիտություն, քերականագիտություն, աստղաբաշխություն, տոմարագիտություն, բնագիտություն, բուսագիտություն, նաեւ ընդօրինակել ձեռագրեր։
Այստեղ ուսանել են հանրաճանաչ փիլիսոփա Վարդան Արեւելցին, պատմաբան Գրիգոր Ակներցին, կաթողիկոս Գրիգոր Ախթամարցին:
Խորանաշատը եղել է նաեւ գրչության կենտրոն: Խորանաշատում գրված անգին ձեռագրերից շատերը պահվում են Մատենադարանում, այդ թվում «Մատյան ողբերգության», «Նարեկ», «Մաշտոց» ձեռագրերը: Վանքում է ստեղծվել է նաև Ավետարանի հայտնի ձեռագիրը։
Դեբեդավանում մկրտվեցին համայնքի 50 բնակիչներ՝ գյուղի նոր կառուցվող եկեղեցու մոտ
Հոգևոր նոր ծնունդներ՝ մինչ բարձրանում են նոր կառուցվող եկեղեցու պատերը։
Մայիսի 21-ը սահմանապահ Դեբեդավան բնակավայրի համար կարևոր օրերից էր․ գյուղի՝ դեռևս կառուցվող սբ․ Մարիամ Աստվածածին եկեղեցու մոտ մկրտվեցին համայնքի շուրջ 50 բնակիչներ։
Մկրտությունը կազմակերպվել էր «Շենացնող համայնքներ» ՀԿ-ն ռուսաստանաբնակ բարերար Արսեն Միքայելյանի հովանավորությամբ և Տավուշի թեմի աջակցությամբ։ Մկրտվողները երեխաներ և մեծահասակներ էին, իսկ մկրտության կնքահայրերը՝ Արցախյան պատերազմի մասնակիցներ։
Մկրտության կարգն իրականացվեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ։
Ոգեղեն սահմանապահ․ Խորանաշատ վանական համալիրի 800-ամյակին նվիրված միջոցառումներ կիրականացվեն
Այս տարի Տավուշը տոնում է միջնադարյան Հայաստանի կրթական կենտրոններից մեկի՝ Խորանաշատի վանքի 800-ամյակը։ Ճիշտ 8 դար է, ինչ Խորանաշատը ամուր կանգնած է սահմանին և այսօր էլ թշնամու չդադարող կրակի տակ շարունակում է կանգուն մնալ՝ վկայելով մեր փառավոր պատմության, մշակույթի ու գիտության մասին:
Խորանաշատը գտնվում է Չինարի գյուղից հյուսիս-արեւելք՝ հայ-ադրբեջանական սահմանի ուղիղ հարևանությամբ։ Վանքը հիմնել է Վանական Վարդապետը՝ Վահրամյան իշխանների աջակցությամբ․ շինարարությունն ավարտվել է 1222 թվականին։
Խորանաշատը միջնադարյան Հայաստանի ամենախոշոր կրթական, գիտամշակութային ու աստվածաբանական կենտրոններից մեկն էր: Խորանաշատի վարդապետարանը եղել է պատմագրական թեքում ունեցող դպրոց, որտեղ ուսանել են 7-8 տարի։ Դասավանդել են պատմություն, աստվածաբանություն, իմաստասիրություն, մատենագիտություն, երաժշտագիտություն, քերականագիտություն, աստղաբաշխություն, տոմարագիտություն, բնագիտություն, բուսագիտություն, նաեւ ընդօրինակել ձեռագրեր։
Այստեղ ուսանել են հանրաճանաչ փիլիսոփա Վարդան Արեւելցին, պատմաբան Գրիգոր Ակներցին, կաթողիկոս Գրիգոր Ախթամարցին:
Խորանաշատը եղել է նաեւ գրչության կենտրոն: Խորանաշատում գրված անգին ձեռագրերից շատերը պահվում են Մատենադարանում, այդ թվում «Մատյան ողբերգության», «Նարեկ», «Մաշտոց» ձեռագրերը: Վանքում է ստեղծվել է նաև Ավետարանի հայտնի ձեռագիրը։
Վանական համալիրի 800-ամյակը նշանավորելու նպատակով մինչև մայիսի 29-ը Երևանում և Տավուշի մարզի Չինարի համայնքում ընթացքի մեջ են և իրականացվելու են մի շարք միջոցառումներ։
Մեկնարկը տրվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում՝ «Խորանաշատի ձեռագրական գանձերը» ցուցադրության բացմամբ, որը կգործի մինչև մայիսի 24-ը։ Ցուցադրությանը ներկայացված են Մատենադարանում պահվող Խորանաշատում ստեղծված շուրջ մեկ տասնյակ բացառիկ ձեռագրեր՝ 13-րդ դարից սկսած, այդ թվում և 1224 թվականի հանրահայտ Խորանաշատի Ավետարանը։
Միջոցառումները կշարունակվեն մայիսի 28-ին և 29-ին։ Մատենադարանից դուրս կբերվի 1224 թվականի «Խորանաշատի Ավետարանը», և այն մի գիշեր կանցկացնի Տավուշում՝ վերադառնալով տուն՝ այն կենտրոնը, որտեղ ստեղծվել է։ Մայիսի 28-ին՝ ժ․ 11։00-ին, Խորանաշատի վանքում կմատուցվի եպիկոպոսական Սուրբ Պատարագ։
Պատարագից հետո համայնքապետարանին հարակից տարածքում Սուրբ Խաչով և 1224 թվականին գրված «Խորանաշատի Ավետարան»-ով կկատարվի Անդաստանի արարողություն: Երեկոյան՝ 19:00-ին, Չինարի գյուղի մշակույթի տանը տեղի կունենա Հայաստանի պետական Կամերային երգչախմբի (գեղ. ղեկավար և գլխավոր խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան) համերգը:
Միջոցառումները կշարունակվեն նաև հաջորդ օրը՝ մայիսի 29-ին: 11:00-ին կրկին մշակույթի տանը տեղի կունենա «Խորանաշատ 800» գիրք-ալբոմի շնորհանդեսը, որին կհաջորդի գիտաժողով՝ նվիրված գիտական, հոգևոր կենտրոնի 800-ամյակին։ Երեկոն կրկին կամփոփվի համերգային ծրագրով. 19:00-ին ելույթ կունենա «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթը:
«Ժամանակին Խորանաշատը գտնվում էր Հայաստանի սրտում, պատմության հոլովույթում այն դարձել է սահմանապահ վանք` ուղղակիորեն գտնվելով թշնամու դիրքերից մոտ 100 մ հեռավորության վրա։ Վանքից մոտ 150 մ վեր գտնվում է Վանական վարդապետի շիրիմը, որն է՛լ ավելի մոտ է սահմանագծին։
Մեզ համար շատ կարևոր է հենց մայիս 28-ը, որովհետև այդ օրը մենք այլ տեղ չենք կարող լինել, քան մեր պետության սահմանագլխին գտնվող վանքում, որը ոչ միայն հոգևոր արժեք է, ոչ միայն կրթական ու մշակութային բովանդակության կրող է, այլ նաև իր ֆիզիկական ներկայությամբ վկայում է մեր պետականության սահմանի մասին։ Այս պատճառով մայիս 28-ը հռչակեցինք Խորանաշատի վանքի ուխտի օր», – նշել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը 800-ամյակի միջոցառումներին նվիրված մալո ասուլիսին։
Միջոցառումները կազմակերպվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Խորանաշատ 800-ամյակի» նախաձեռնող խմբի ջանքերով և Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, մի շարք այլ անհատների ու կազմակերպությունների հետ համագործակցությամբ
Նոյեմբերյանում իր դռները բացեց «Պապոնց տուն» սոցիալ-կրթական կենտրոնի նոր շենքը
2015 թ.-ից Նոյեմբերյանում գործում է «Պապոնց տուն» սոցիալ-կրթական կենտրոնը: Մայիսի 5-ին տեղի ունեցավ կենտրոնի նոր շենքի բացման արարողությունը: Նոյեմբերյանցիները «Պապոնց տուն» են անվանում նաև իրենց սիրելի սոցիալ-կրթական կենտրոնը, որովհետև սիրում են հարազատ պապիկ-տատիկի տան նման։
Նոր կառույցի շինարարությունը սկսվել էր 2019 թվականին. մինչ այդ կենտրոնի գործունեությունն ընթանում էր խարխլված շենքում:
«Պապոնց տուն»-ը կնպաստի Նոյեմբերյանի և հարակից գյուղերի 200 երեխաների կրթական, մշակութային և հոգևոր արժեքների ստացմանն ու ամրապնդմանը:
Կենտրոնը կծառայի նաև տարածաշրջանի՝ հատկապես սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներին: Կենտրոնում գործում են կավագործության, նկարչության, կարպետագործության, շախմատի, օտար լեզուների, ազգային ու եկեղեցական երգի խմբակներ: Վերջերս հիմնվել է նաև «ՏաՈւժ» դպրոցը: Կան դասընթացներ նաև ծնողների համար:
Ինչպես են տոնել Սուրբ Զատիկը Տավուշի մարզում (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)
Կիրակնօրյա Պատարագ, ազգային երգ ու պար, ավանդական խաղեր ու հյուրասիրություն․ Տավուշ TV-ն պատմում է, թե ինչպես են տոնել Սուրբ Զատիկը Տավուշի մարզում։
Ապրիլի 17-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը։ Տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է «զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված»: Քրիստոսի Հարությունը քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքն է: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):
Ինչպես ամեն տարի, Հարության տոնը յուրովի է նշվել Տավուշի բոլոր համայնքներում։ Մեր նկարահանող խումբը եղել է Մակարավանքում, որտեղ հավաքվել էին Աչաջուր գյուղի և շրջակա համայնքների պատանիներն ու երեխաները՝ միասին Պատարագի մասնակցելու։ Տոնը շարունակվել է վանքի բակում ավանդական հավկիթախաղով ու երգ ու պարով։
Նոյեմբերյան համայնքի մեր թղթակիցները ներկա են եղել Զատկի տոնակատարությանը Ոսկեվանի սբ․ Գայանե եկեղեցու բակում։ Զատկական միջոցառումը կազմակերպել էին Ոսկեվանի Մշակույթի կենտրոնը, Ոսկեվանի և Բաղանիսի դպրոցների սաները։
Բերդ համայնքում Հարության տոնն ամենամեծ շուքով նշվել է Բերդ քաղաքում՝ սբ․ Հովհաննես եկեղեցու բակում։ Պատարագից հետո ազգային երգ ու պարի ուղեկցությամբ Բերդ համայնքի 17 բնակավայրերը, ինչպես նաև Բերդի բազմագործառութային պետական քոլեջը և «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Բերդի մասնաճյուղը առանձին տաղավարներով ներկայացրել են Զատկի խորհուրդը, զատկական ավանդույթներն ու ուտեստները:
Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյա՜լ է Հարությունը Քրիստոսի։ Մեզ և ձեզ մեծ Ավետիս։