Դդմի տոն՝ գյուղատնտեսական համագործակցության ու զարգացման հարթակ
Արդեն ամենամյա դարձած Դդմի փառատոնը հոկտեմբերի 26-ին Տավուշի մարզի Հովք գյուղում կրկին համախմբեց գյուղական բնակավայրերի և գյուղատնտեսական ոլորտի ներկայացուցիչներին։ «Ուսուցման Կանաչ Կենտրոնի» նախաձեռնությամբ անցկացվող այս տոնը նպատակ ունի աջակցել կայուն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը՝ միավորելով Տավուշի և հարակից մարզերի ֆերմերներին, արտադրողներին և վերամշակողներին, ովքեր ներկայացրեցին իրենց արտադրանքը։
Փառատոնը հյուրընկալել էր բազմաթիվ այցելուների, ովքեր եկել էին Հովք՝ վայելելու գյուղական միջավայրը, ծանոթանալու գյուղացու կենցաղին ու աջակցելու հողի աշխատավորներին։ Փառատոնը հետաքրքիր հարթակ է, որը թույլ է տալիս ֆերմերներին, արտադրողներին, գնորդներին և ներդրողներին հանդիպել՝ փորձի փոխանակման, նոր համագործակցությունների հաստատման և նոր շուկաների բացահայտման նպատակով։
Միջոցառումը զուգորդվեց բնական ու ավանդական գյուղմթերքի տոնավաճառով, որտեղ այցելուները հնարավորություն ունեցան համտեսելու տեղական մթերքները։
Դդմի փառատոնն արդեն 4-րդ անգամ է անցկացվում․ փառատոնը ոչ միայն հնարավորություն է տալիս գյուղացիներին ներկայացնելու իրենց արտադրանքը և ավելացնելու եկամուտները, այլև նպաստում է համայնքի սոցիալ-տնտեսական կայունությանն ու զարգացմանը։
Դդմի փառատոնը՝ ֆերմերներին միավորելու, նրանց արտադրանքը ներկայացնելու և համայնքների զարգացմանը նպաստելու խոստումով հանրությանը կհամախմբի գյուղական կյանքի շուրջ արդեն հաջորդ տարի։