Տավուշոտ պոեզիա․ «Մեր լեզուն»․ Համո Սահյան

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է։ Այսօրվա «Տավուշոտ պոեզիա»-ն՝ Համո Սահյանի՝ մայրենիին նվիրված տողերով։ Համո Սահյան․ «Մեր լեզուն»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Տեսանյութում Մակարավանքն է։

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ

Մեր լեզուն մեր խիղճն է դա,

Սուրբ հացը մեր սեղանի,

Մեր հոգու կանչն է արդար

Ու համը մեր բերանի:

Մեր լեզուն ծուխն է մեր տան,

Մեր կշիռն աշխարհի մեջ,

Նա աղն է մեր ինքնության,

Էության խորհուրդը մեր:

Մեր լեզուն արյունն է մեր,

Արյունից ավելի թանկ,

Մեր բուրմունքն ու գույնն է մեր,

Մեր լեզուն մենք ենք որ կանք:

Նա պիտի մեր առաջին

Ու վերջին սերը լինի,

Ի՞նչ ունենք էլ աշխարհում,

Որ այսքան մերը լինի:






Մեր բարբառն ու բարքերը․ Աչքս մընընմ ա, էկող դի լի

Մենք սպասում ենք հանելուկի պատասխանի ձեր տարբերակներին, իսկ դուք՝ վայելում «Մեր բարբառն ու բարքերը» հաղորդաշարի հերթական թողարկումը։ 

Եթե դուք ասում եք՝ «աչքս սառեց, մարդ ա գալու», ապա մենք ասում ենք՝ «աչքս մընըմ ա, աչքիս օքմի դի կյա»։

Էսօր հաստատ ծեր աչքն էլ ա մնացել, չէ՞․ էս ա, էկել ա՝ Տավուշ TV-ի եթերըմ ա։

Եվ այսպես, նոր թողարկման մեջ խոսելու ենք էթիկայի, տեղի-անտեղի զանգերի, դժգոհելու, «քթածակի», աշխատողների ու կողքից խոսողների, լեգենդար «թըմաշա»-ի, անդյարդ-անհոգների, բարկանալու տավուշյան ձևերի․․․ մի խոսքով՝ մեզ բնորոշ հայտնի ու անհայտ ֆենոմենների մասին։

Քյնացի՞նք․․․






Մակարդակով կոֆե նկարիչ-ոճավորող Հասմիկ Սողոմոնյանի հետ

Արվեստը, Դիլիջանն ու հին և նոր ժամանակները․ այս անգամ Հրանտ Ղազումյանն ու մեր թիմն այցելել են Դիլիջան՝ նկարիչ-ոճավորող Հասմիկ Սողոմոնյանի հետ մակարդակով կոֆե խմելու։

Հասմիկի հետ զրույցն իր մանկության Դիլիջանի, մարզում արվեստ արարելու, դասավանդելու, երեխաների հետ աշխատելու և անդադար սովորելու մասին է։ 

«Դիլիջանն ինձ համար երևի թե լռությունն է։ Բոլորս գիտենք, որ ժամը 7-ից հետո Դիլիջանում անհատակ լռություն է, և դա շատ հետաքրքիր է նրանով, որ դու քեզ հետ մենակ ես մնում․․․Ստեղծագործական առումով նման վայրում ամենալավ պայմաններն են»։






Տավուշոտ պոեզիա․ «Սպիտակ բախտ»․ Համո Սահյան

Այս տարվա առաջին ձյունն Իջևանում և մեր «Տավուշոտ պոեզիա» շարքի հերթական տեսանյութը՝ սահյանական տողերով։ Համո Սահյան․ «Սպիտակ բախտ»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։

ՍՊԻՏԱԿ ԲԱԽՏ

Մի սպիտակ բախտ է հսկում
Անշարժ երթը սար ու քարիս։
Ձյունի վրա ամպ է նստում,
Ամպի վրա ձյուն է գալիս։

Սառցի տակ ջուրն ի՞նչ է զգում,
Իրեն պատեպատ է տալիս։
Սառցի վրա ամպ է նստում,
Ամպի վրա ձյուն է գալիս։

Ջուրը երգով վա՞խն է զսպում,
Թե՞ դեռ չարած մեղքն է լալիս…
Մեղքի վրա ամպ է նստում,
Ամպի վրա ձյուն է գալիս։

Մեկ էլ ո՞վ է ինձ հետ ոստնում
Լռությունը ծլնգալիս…
Ձայնի վրա ամպ է նստում,
Ամպի վրա ձյուն է գալիս։

Հոգնած, մաշված օրը մրսում
Եվ թիկնում է պատուհանիս…
Սրտիս վրա ամպ է նստում.
Ամպի վրա ձյուն է գալիս։




Մեր բարբառն ու բարքերը․ Պայմբակմ պահած Նոր տարի

Ձեզ համար ամանորյա «պայոկ» ենք բերել՝ «Մեր բարբառն ու բարքերը» հաղորդաշարի Նոր տարվա՝ մադարինի բույրով թողարկումը։

Տավուշ TV-ի եթերում Հրանտ Ղազումյանի հետ քննարկում ենք ամանորյա լեգենդար արտահայտությունները, սնահավատությունները, ընդունված «ձևերը» և տոնի իրական բովանդակությունը։ Միանում եք, չէ՞։

Տարին ավանդաբար ամփոփում ենք նաև հաղորդաշարի չստացված (կամ էլ՝ ամենաստացված) կադրերով։






Մակարդակով կոֆե Հատիկ բենդի տղաների հետ

Այս տարվա վերջին և նախաամանորյա «Մակարդակով կոֆե»-ին հրավիրված են Տավուշում գործունեություն ծավալող յուրահատուկ անունով և ասելիքով Հատիկ բենդի անդամները։ 

Աշոտ Մանուչարյանը, Մխիթար Ամիրխանյանը, Գուրգեն Դալյանը և Արտակ Մադաթյանը պատմում են ինչպես բենդի, խնջույքներին միշտ «լսվող» երաժշտությանն այլընտրանք դառնալու, այնպես էլ մարզում արվեստի զարգացման, կարծրատիպեր կոտրելու և Տավուշի՝ «թունելից դեսը աշխարհի» մասին։ 






Մեր բարբառն ու բարքերը․ Մյացի, մտիկ արա, ականջ տի

Եվ այսպես՝ էսօր նորից պիրել ենք մեր թափ-թյազա թողարկումը ծեզ պահ տանք։ Չհասկացա՞ք՝ հոգ չէ, հաղորդման մեջ ամեն ինչ կբացատրենք։

Իսկ եթե հասկացաք՝ ավելի լավ, շարունակե՛ք դիտել, քանի որ արդեն եթերում է Հրանտ Ղազումյանի հեղինակային «Մեր բարբառն ու բարքերը» հաղորդաշարի հերթական թողարկումը։

Դե, իսկ այսօրվա թողարկմանը խոսելու ենք տրամաբանականի ու անտրամաբանականի, կարելիի ու չի կարելիի, հայկականի ու օտարի՝ մեր բարքերում տեղ գտած «սահմանների» մասին։ Կարճ ասած՝ այս մեկը երկար մտածելու թողարկում է։

Հաղորդման ընթացքում ծանոթանալու ենք նաև Հրանտենց տան ավանդական «փաստաթղթերի դարակի» պարունակությանն ու սպասենք, որ ձերի մասին էլ դուք պատմեք մեզ։

Գնացի՞նք․․․






Տավուշոտ պոեզիա․ «Գլուխ չեմ հանում»․ Համո Սահյան

Միասին շարունակենք վայելել աշնանային Տավուշը և սահյանական պոեզիան։ Համո Սահյան․ «գլուխ չեմ հանում»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Տեսանյութի կադրերը Բերդի տարածաշրջանից են։ Երաժշտությունը՝ Տիգրան Համասյանի։


ԳԼՈՒԽ ՉԵՄ ՀԱՆՈՒՄ

 

Ես իմ օրերից գլուխ չեմ հանում,

Ջոկել չի լինում էլ ճիշտը ստից…

Սառնամանիքին ձյունի պես հալվում,

Շոգ ու կրակին դողում եմ ցրտից։

Գլուխ չեմ հանում… իմ անտեր գլխից,

Էն գլխից է, որ գլուխ չեմ հանում.

Չի զանազանում նա մուխը ծխից

Եվ բախտը գաղթից չի զանազանում։

Գլուխ չեմ հանում նաև իմ սրտից…

Տեղավորում է տիզերքն իր մեջ,

Նեղվում է, սակայն, փոքրիկ մի ստից

Եվ մռնչում է տիեզերքով մեկ։

Չգիտեմ ինչու գլուխ չեմ հանում

Ոչ սիրուց, ոչ էլ ատելությունից,

Տերերից, որ դեռ սուտն են խթանում,

Եվ այս տիրական անտերությունից։

Բախտը բաշխում են դեռ հին շերեփով,

Իսկ նորով, միայն հույսն են բաժանաում,

Ննջում են լույսերն օրը ցերեկով,

Ու ոչ մի բանից գլուխ չեմ հանում։

Շատ եմ հոգնած և գլուխ չեմ հանում,

Թե ինչու եմ ես թափառում ոտքով

Եվ ինչու եմ ձեր գլուխը տանում

Հազար անգամ ձեր լսած աղոթքով։






Մեր բարբառն ու բարքերը․ Նգյարան թողարկում

3…2…1… Կամ՝ ինչպես մեզ մոտ հայտնի խաղում են ասում սկսելուց առաջ՝ «ի-նա-չի-լի»․ «Մեր բարբառն ու բարքերը» հաղորդաշարի հերթական թողարկումն է մեր եթերում։ 

Իջևանյան լեգենդար հոգեվիճակներից է «նգյարան մեռնիլը»։ Ա՛յ, օրինակ՝ հրևանի աղջկա ծեռը էկել են ուզիլու ու պա՜հ՝ հրևաննին մի ոտն առաջ արդեն իրարով են հընցել՝ քիմ են, կյալի, որ մի պյան տենան՝ ովքեր են կյալի, որդի են կյալի ու ինչ են պիրըմ հետերնուն։ 

Չեք հավատա, բայց ճիշտ նույն կերպ էլ մենք ենք «նգյարան մեռնըմ» ցանկացած թողարկում հրապարակելուց հետո՝ տեսնենք՝ ի՞նչ կասեք, կհավանե՞ք։ Այնպես որ, գրե՛ք ձեր կարծիքները մեկնաբանություններում՝ իմանանք։ 

Ու դե, էլ չերկարացնենք․ մեր, ձեր՝ բոլորիս բարբառի, բարքերի, կենցաղավարության, լավ ու վատ «ղոլերի» մասին, ամենակարևորը՝ ժպիտով, Տավուշ TV-ի եթերից կրկին պատմում է Հրանտ Ղազումյանը։






Տավուշոտ պոեզիա․ «Դու»․ Պարույր Սևակ

Տավուշոտ պոեզիայով և լավ երաժշտությամբ համեմված աշնանային Տավուշ ենք ձեզ բերել։ Պարույր Սևակ․ «Դու»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Տեսանյութում Ենոքավանի և Գետահովիտի սարերն են։ 

 

ԴՈՒ 

 

Դո՛ւ՝

        երկու տա՜ռ,

Դո՛ւ՝

        հասարա՜կ մի դերանուն,

Եվ ընդամենն այդ քո երկո՛ւ հատիկ տառով

Այս բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում…

Դո՛ւ՝

        երկու տա՜ռ,

Ու ես գարնան հողի նման

Քո կենսատու ջերմությանն եմ ընտելանում…

Դո՛ւ՝

        երկու տա՜ռ,

Եվ ահա ես

Երջանկության համն եմ զգում իմ բերանում,

Անջատումին ըմբերանում

Եվ թերանում եմ կատարել հրամանը տառապանքի…

Դո՛ւ՝

        երկու տա՜ռ,

Ու ես, անգի՛ն,

Ինձանից ինքս վերանում`

Փոշիացած հերոսների

Ու ծնվելիք հանճարների

Դասակին եմ ընկերանում…

Դո՛ւ՝

        երկու տա՜ռ,

Ու երբ հանկարծ

Թողնում ես ինձ ու հեռանում`

Լքված տան պես ճեղք եմ տալիս,

Ծեփըս թափում, անտերանում,

Եվ կսկիծը, ցեցի նման,

Բույն է դնում իմ սյունի մեջ,

Ձեղունի մեջ ու գերանում…

Դո՛ւ`

        երկու տա՜ռ,

Դո՛ւ`

        հասարա՜կ մի դերանուն…