Տավուշոտ պոեզիա․ «Անունը Հայաստան պահենք»․ Համո Սահյան

Համո Սահյանի անմահ տողերն ու Տավուշը։ Տեսանյութի կադրերը Բերդի տարածաշրջանից են՝ Չինչինի սարերից և Կապտավանքից։ Կարդում է Հրանտ Ղազումյանը։

ԱՆՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԱՀԵՆՔ

Ա՜խ, ինչքան զոհեր ենք տվել,
Որ պահենք այս հողը մի բուռ,
Անունը Հայաստան պահենք:
Արյունի ծովեր ենք տվել,
Որ պահենք այս հողը մի բուռ,
Անունը` Հայաստան պահենք:
Քրտինքի ծովեր ենք տվել,
Որ կորդը բուրաստան պահենք,
Տաճար ու ոստան պահենք:

Այս մի բուռ քարեղեն հողում,
Այս մի բուռ քարեղեն հողում
Դեռ ինչքան ջանք է հարկավոր,
Որ պահենք հացը հոգևոր:
Եվ պահենք մեր քայլը` այս խենթ
Քառատրոփ թռչող կյանքի հետ:
Եվ պահենք մեզանով լեցուն
Մեր հոգուն տարեկից լեզուն:

Սեփական մեր բույրը պահենք,
Եվ պահենք մեր համը սեփական,
Սեփական մեր գույնը պահենք,
Եվ ապրենք տանը սեփական:
Եվ տոհմ ու գերդաստան պահենք,
Եվ պահենք այս հողը մի բուռ,
Անունը` Հայաստան պահենք:




Տավուշոտ պոեզիա․ «Լեմ, լես, լյցվենք»․ Հրանտ Ղազումյան

Հրանտ Ղազումյանի հեղինակային ստեղծագործությունը՝ Տավուշի բարբառով։ Կարդում է հեղինակը։ Տեսանյութի կադրերում Դիլիջանն է։

ԼԵՄ, ԼԵՍ, ԼՅՑՎԵՆՔ
Որ մնեմին խռովըմ ես,
Հաշվի սիրտըս խրովըմ ես,
Ինձ ռյաստվիլիս դժգոհըմ ես,
Հաշվի սիրտըս պլոկըմ ես։

Մնեմին էլ լյաջու ընգյած,
Որ ուրիշին լեն ժխտըմ ես
Անդեր սրտիս պյաց լած յարեն
Մի պյուռ աղով ըղաղըմ ես։

Մի օր տյու լի ես,
Ես լեմ տյու,
Համա էդ վախտ կլխի կընգնյես տյու,
Թե ինչ ա զգըմ անդեր սիրտըս,
Թե որդի ա ուշք ու միտքս․․․

Լեմ, լես, լցվենք, տյառնանք,
Լի, որ լիսնյակով լիանանք,
Լի որ լիլըս ես մոռանամ,
Լի, որ ռանգռուշովդ հիանամ։




Տավուշոտ պոեզիա․ «Պատահական անցորդին»․ Եղիշե Չարենց

Չարենցյան մի քանի անմահ տող ենք ավելացնում Բերդավանի հայտնի բերդի չքնաղ տեսարանին։ Կարդում է Հրանտ Ղազումյանը։

ՊԱՏԱՀԱԿԱՆ ԱՆՑՈՐԴԻՆ

Մենք երկու՛սս էլ, մենք երկու՛սս էլ անվերադարձ աշխարհում
Ապրում ենք, կանք, գնում ենք – ո՞ւր, միևնույնն է մեր հեռուն:
Կանգնիր, անցորդ: Կանգնիր: Նայենք: Նայենք իրար – գուցե մենք
Հանկարծ ժպտանք` չճանաչված մի բարեկամ ճանաչենք:
Կանգնի՛ր, կանգնի՛ր, ո՞ւր ես վազում, ո՞ւր ես գնում դու արագ.
Աչքերիս մեջ գուցե գտնես ոսկեԺպիտ մի կրակ:
Դու ուրախ չե՞ս, որ ապրում ենք – ու հանդիպել ենք իրար,
Ո՞ւր ես անցնում անվերադարձ, որպես անդարձ ճանապարհ
Ե՛ս էլ կանցնեմ – տրտում մենակ, – ու կգնամ իմ անծայր
Երազ – ճամփան, որով դու էլ այս իրիկուն կույր անցար:
Դու կույր անցար, չնայեցիր ու հեռացար մշուշում.
Բայց ես երկար քո անծանոթ, օտար դեմքը կհիշեմ:
Կհիշեմ, որ դեգերումիս ճանապարհին, որպես հուշ,
Մեկը անցավ, իրիկուն էր. իրիկուն էր ու մշուշ …




Տավուշոտ պոեզիա․ «Մանչս»․ Արմեն Մովսիսյան

Արմեն Մովսիսյանի հեղինակային «Մանչս» երգը՝ Հրանտ Ղազումյանի մեկնաբանությամբ։ Տեսանյութի կադրերում Իջևանն է՝ թռչնի թռիչքի բարձրությունից։

ՄԱՆՉՍ

Կրակի մեջ խունկ լցնիմ, քամին հոտը երկինք տա
Տանի մեր ծով սարերին, կարոտ հոգիս զովանա,
Մոռցած քարին ճեղք է բացվել, ճեղքն ելել է պատն ի վեր
Պապանց դաշտի խոտը կարճ է
Մըր տուն թողել ենք անտեր:

Կրակի մեջ խունկ լցնիմ, քամին հոտը երկինք տա
Թլոլ մանչս ծուռ հարցնէ – Ապո, քամին ուր կերթա
Մոռցած քարին, ըսեմ մանչիս, ճեղքն ելել է պատն ի վեր
Պապանց դաշտի խոտը կարճ է
Ձագուկ, հոն է տունը մեր:

Կրակ լցնիմ փուշ ու կսկիծ, քամին մուրը երկինք տա
Թլոլ մանչիս սեղմեմ դոշիս, կարոտ հոգիս զովանա,
Ծով սարերի փայլը տեսնիմ մանչիս զուլալ աչքերում
Ծով սարերից քամին իջնի մեզի գրկե, տանի տուն:




Մակարդակով կոֆե Թբիլիսիում՝ կոթեցի տիկին Էլմիրայի հետ

Կոլորիտ, տավուշյան պատմություններ ու լավ հիշողություններ։ Հրանտ Ղազումյանի «Մակարդակով կոֆե» շարքի հերթական ռեպորտաժն այս անգամ Թբիլիսիից է։

Մեր հայրենակից, թբիլիսիաբնակ Տիկին Էլմիրան պատմում է Տավուշի սարերում՝ Կոթի գյուղում անցկացրած անմոռանալի մանկության մասին։

Կարելի է ապացուցված փաստ համարել․ աշխարհի որ անկյունում էլ գտնվելիս լինես՝ տավուշյան ջերմությունը կանչելու է մի բաժակ սուրճի՝ մակարդակով կոֆեի շուրջ համով-հոտով զրուցելու։




Մակարդակով կոֆե «Զուլալի»-ի անձնակազմի հետ

Այս տեսանյութում մենք ապացուցում ենք, որ մակարդակով կոֆեն կարող է լինել նաևա ռանց սուրճի։ Տավուշի բարբառով մեր հայրենակիցներին ողջունում են Նարինե Աբգարյանը և Հերմինե Ստեփանյանը։

Տավուշահամ ու Տավուշի բարբառով․ Հրանտ Ղազումյանի արտահերթ «Մակարդակով կոֆե»-ն՝ «Զուլալի» ֆիլմի ստեղծագործական անձնակազմի հետ։

Տավուշում մշակութային հրավառություն էր․ Բերդում տեղի ունեցավ կինոռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմի տավուշյան պրեմիերան։ Դե, իսկ էլ ինչ մշակութային իրադարձություն առանց մեզ․․․




Մակարդակով կոֆե Գոշում՝ Անուշ տատի հետ

Տավուշյան հետաքրքիր պատմությունների փնտրտուքով այս անգամ Գոշ գյուղում էինք՝ Անուշ տատի հյուրընկալ հարկի տակ։

«Մակարդակով կոֆե» շարքում այս անգամ սուրճի հետ վայելելու տնական կաթնահունց ենք թխում, վերջում էլ վառարանից հավաքում ենք տաք-տաք դիլիմը։

Անուշ տատը միաժամանակ մեծ հպարտությամբ պատմում է մեզ գյուղի պատմական ժառանգության՝ մեծ վարդապետ Մխիթար Գոշի հիմնադրած վանքի, գյուղի և գյուղական իր կյանքի մասին։

«Իմ երջանկությունն իմ զավակներն են, իմ թոռներն ու ծոռները․ իմ գանձն ու հարստությունն իմ ընտանիքն է», – ասում է նա։




Մակարդակով կոֆե Հովքում՝ տիկին Աննայի հետ

Տավուշը բացահայտելու ճանապարհին այս անգամ կանգ առանք Հովք գյուղում․ կենցաղ, խոհանոց, ավանդույթներ։ Դե, իսկ հետաքրքիր զրույցը ծավալվում է տիկին Աննայի հետ փռան մեջ հաց թխելու ընթացքում։

«Մակարդակով կոֆե» շարքում տիկին Աննան պատմում է Հովքի սարերում իր մանկության, Գանձաքարից Հովք հարս գալու և տավուշյան փռան հետ դեռ վաղուց ձգվող իր «ընկերության» մասին։

«Շատ-շատ եմ սիրում Հովքը, Տավուշն ընդհանրապես շատ եմ սիրում։ Եղել եմ տարբեր տեղեր, բայց մեկ ա՝ Հովքից էն կողմ ուրիշ տեղ չեմ տեսնում․․․ Ամեն ինչ անում ենք, որ երիտասարդներին օգնենք՝ մնան գյուղում»,- ասում է նա։




Մակարդակով կոֆե Իրական Տավուշում՝ Վարդուհի Պողոսյանի հետ

Տավուշյան կոլորիտ, լավ տրամադրություն, ջերմագին ընդունելություն, տավուշահամ զրույցներ․ այս ամենը և ավելին կգտնեք Տավուշ գյուղում։

Վարդուհի Պողոսյանն է, ով իր կենսախնդությամբ և հյուրասիրությամբ անտարբեր չի թողնում և ոչ ոքի․ բարի գալուստ Իրական Տավուշ։

Սուրճի մրուրի մեջ բախտը փնտրելու փոխարեն «Մակարդակով կոֆե» շարքում ամուր ընտանիքի և սիրուն ու երջանիկ կյանքի գաղտնիքները սովորում ենք մեծերից։




Մակարդակով կոֆե Սուսան տատի հետ

Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղից՝ Տավուշի Իջևան քաղաք. առույգ, բանիմաց, աշխատասեր. Սուսան տատն է՝ իր գործի գիտակ, ում համար կար ու ձև անելը սոսկ աշխատանք չէ, այլ ապրելակերպ:

«Մակարդակով կոֆե» շարքում Հրանտ Ղազումյանի հետ ծանոթացանում ենք Սուսան տատի հետ՝ մի բաժակ սուրճի և տավուշահամ զրույցների շուրջ:
Դե, իսկ զրույցի հիմնական թեման «էն մեր ամենասիրածը»՝ ամուսնությունն է։

Սուսան տատն ասում է. «Իրար հետ առած էն մի կաստրունգեն կապըմ ա իրար հետ. վեր իրար հետ էդ պյանը արին՝ իրար հետ էդ պատը պատեցին, էդ գործն արին իրար հետ… եթե իրար սիրեցին՝ ամեն ինչով յոլա դեն քյալ»: