Տավուշում կասեցվել է խմորեղենի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Ռ․ Մինասյանին պատկանող խմորեղենի արտադրամասում (Տավուշի մարզ, ք․ Իջևան) և պարզել, որ արտադրամասում առկա են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:

Մասնավորապես՝

– արտադրական շինության նախագծումը, դրա կառուցվածքը, դասավորվածությունը արվել է առանց հաշվի առնելու հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական խաչաձև աղտոտումը, կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների ներթափանցումը, կեղտի կուտակումները և բորբոսի առաջացումը.

– արտադրական շինությունը ապահովված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցով, լվացարաններով.

– հատակի և պատերի մակերևույթը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից.

– բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր.

– աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր, նախնական և պարբերական բժշկական զննության և չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:




«Հրուշակագործության» անվճար դասընթաց Դիլիջանում

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում Հայ օգնության ֆոնդը հայտարարում է «Հրուշակագործության» անվճար դասընթաց, որն իրականացվելու է Դիլիջանի պետական քոլեջի հետ համագործակցությամբ։

Դասընթացի արդյունքում մասնակիցները կտիրապետեն տնային և արտադրական պայմաններում թխվածքաբլիթների, մրգային դեսերտների, եփովի խմորների և այլ արտադրատեսակների պատրաստման տեխնոլոգիաներին։

Ո՞վ կարող է մասնակցել․

Դիլիջանի և հարակից բնակավայրերի 15-ից 29 տարեկան երիտասարդներն, ովքեր զբաղվում են հրուշակագործությամբ կամ մտադիր են աշխատել այդ բնագավառում։

  • Մեկնարկը՝ 2023թ-ի փետրվար 15
  • Տևողությունը՝ 1 ամիս
  • Մասնակցությունն՝ անվճար
  • Վայրը՝ քաղաք Դիլիջան, Դիլիջանի պետական քոլեջ
  • Ձևաչափը՝ լսարանային

Դասընթացին մասնակցելու համար հետաքրքրված անձինք պետք է մինչև փետրվարի 10-ը ներառյալ լրացնեն հետևյալ հղումով առցանց հայտաձևը՝ http://bitly.ws/zxEc

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին, այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց, տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, և գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և հյուրընկալության ոլորտներում: