Ֆուտբոլային հուշամրցաշար՝ նվիրված Գրիգորի Մելիքսեթյանի հիշատակին
Իջևան քաղաքում սպորտի ոլորտի բարգավաճման գործում նշանակալի ավանդ է ունեցել Գրիգորի Մելիքսեթյանը։ Երկար տարիներ աշխատել է պատանիների հետ՝ ծանրամարտ մարզաձևով, սակայն սիրել է ֆուտբոլը ու նպաստել ֆուտբոլի զարգացմանն ու աշխուժացմանը։ Գնահատելով նրա ունեցած ավանդը սպորտի ոլորտում, Գրիգորի Մելիքսեթյանի ընտանիքի անդամները, ընկերները իր հիշատակին՝ օգոստոսի 19-ին նախաձեռնել էին մինի ֆուտբոլի բաց առաջնություն Իջևանում։
Նորանկախ Հայաստանում Գրիգորի Մելիքսեթյանը առաջինն էր, որ դրեց «Իջևան» ֆուտբոլային թիմի կազմավորման հիմքերը։ Հուշամրցաշարին մասնակցում էին «Իջևան», «Գետահովիտ», «Բենտոնիտ» ու «Այգեհովիտ» թիմերը, որոնց կազմում պատանիներ էին, երիտասարդներ և մեծահասակներ։ Գրիգորի Մելիքսեթյանի հիշատակին նվիրված հուշամրցաշարը ավադական է լինելու՝ այն կկազմակերպվի ամեն տարի։
Բաց առաջնության դիտարժան մրցապայքարում հաղթող ճանաչվեց «Գետահովիտ» թիմը՝ ստանալով առաջնության գավաթը, 2-րդ հորիզոնականում «Իջևան» թիմն էր, 3-րդ տեղը զբաղեցրեց «Բենտոնիտը»։ Բոլոր մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով ու հուշանվերներով։ Կարևորելով սպորտի մասսայականացումը՝ ֆուտբոլի բաց առաջնությունը կնախաձեռնվի հաջորդ տարի՝ ներգրավելով նոր թիմերի։