Իջևան և Դիլիջան համայնքներին է վերադարձվել 162 միլիոն 345 հազար դրամ արժեքով 4 անշարժ գույք. ամփոփվել են Տավուշի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 14-ին ամփոփվել են Տավուշի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տավուշի մարզի դատախազ Գևորգ Սարգսյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:

Գևորգ Սարգսյանը, ներկայացնելով Տավուշի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ 2025 թվականին նախաձեռնվել է 2095 քրեական վարույթ (2024 թվականին՝ 2048 քրեական վարույթ):

Հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 431 քրեական վարույթ՝ 464 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 348 քրեական վարույթ՝ 363 անձի վերաբերյալ):

Դատարաններում ավարտվել է 349 քրեական գործ՝ 359 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 382 քրեական գործ՝ 408 անձի վերաբերյալ):

Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 54 միլիոն 986 հազար դրամը:

Անդրադառնալով պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին՝ Տավուշի մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2025 թվականի ընթացքում Իջևան և Դիլիջան համայնքներին է վերադարձվել ընդհանուր 162 միլիոն 345 հազար դրամ արժեքով 4 անշարժ գույք:

Մասնավորապես՝

  • Դիլիջան համայնքին է վերադարձվել Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 891.1 քմ մակերեսով մանկապարտեզի չօգտագործվող մասնաշենքը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 85 միլիոն 935 հազար դրամ:
  • Դիլիջան համայնքին է վերադարձվել Դիլիջանի Օրջոնիկիձե փողոցի 63/2 հասցեում գտնվող՝ 1163.3 քմ մակերեսով մանկապարտեզի շենքի մի մասը՝ 286.5 քմ մակերեսով: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 30 միլիոն 838 հազար դրամ:
  • Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Իջևանի Խաշթառակ բնակավայրի 9 փողոցի 11 հասցեում գտնվող՝ 198.45 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 44 միլիոն 121 հազար դրամ:
  • Իջևան համայնքին է վերադարձվել Իջևանի Սպանդարյան փողոց 1/91 հասցեում (շատրվաններին կից) գտնվող՝ 03265 հա մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 1 միլիոն 450 հազար դրամ:

Աննա Վարդապետյանը Տավուշի մարզի դատախազին և դատախազության դատախազներին տվել է մի շարք հանձնարարականներ` ուղղված պետական և համայնքային շահերի պաշտպանությանը, մարզում հանցագործությունների՝ այդ թվում անչափահասների շրջանում, կանխարգելմանն ու բացահայտմանը:




Խաղաղություն և անվտանգություն՝ կանանց ակտիվ մասնակցությամբ․ աշխատաժողով՝ Տավուշի մարզում

Համայնքներում առկա խնդիրները երբեմն տեսանելի են բոլորին, սակայն դրանց համակարգված վերլուծությունն ու առաջնահերթությունների հստակ սահմանումը հաճախ բացակայում են։ Այս նպատակով Տավուշի մարզում «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր աշխատաժողով, որը համախմբել էր մարզի մի շարք համայնքների ներկայացուցիչների։

Աշխատաժողովին մասնակցում էին նաև Եվրոպական միության դիտորդական առաքելություն Հայաստանում ներկայացուցիչները, ովքեր ներկայացրին առաքելության մանդատը և գործունեության հիմնական ուղղությունները։ Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները յուրաքանչյուրն իր համայնքի օրինակով իրականացրին խնդիրների քարտեզագրում՝ առանձնացնելով սոցիալական, ենթակառուցվածքային և հատկապես անվտանգության ու խաղաղաշինական ոլորտներում առկա մարտահրավերները։ Խմբային քննարկումների արդյունքում սահմանվեցին առաջնահերթությունները և վերհանվեցին այն խնդիրները, որոնք համայնքներում պահանջում են հրատապ լուծում։

Քննարկումների մասնակիցները կարևորեցին նաև կանանց ներգրավվածությունը անվտանգային գործընթացներում՝ ընդգծելով, որ համայնքային զարգացման և կայունության ապահովման գործում նրանց մասնակցությունը պետք է լինի հետևողական և համակարգված։

Տեղական խնդիրների լուծումը սկսվում է հենց համայնքներից՝ մարդկանց ակտիվ մասնակցությունից, պատասխանատվության զգացումից և համատեղ աշխատանքի պատրաստակամությունից։

 




Լուսահովիտ գյուղում 55-ամյա բնակչի տանը հայտնաբերվել է 530 գրամ մարիխուանա և ինքնաձիգի 10 փամփուշտ

Փետրվարի 12-ին Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Լուսահովիտ գյուղի բնակիչ 55-ամյա մի տղամարդ բակում աճեցրել է կանեփի թփեր և պատրաստել թմրանյութ, որը պահում է տանը։

Տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն։

Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տղամարդու տանը կատարված զննությամբ հյուրասենյակում, նկուղում և տանիքում հայտնաբերվել է ընդհանուր 530 գրամ մարիխուանա, նաև՝ ինքնաձիգի 10 փամփուշտ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




17-ամյա Արսենի նորարար ու ստեղծարար ճանապարհը

Գանձաքարից 17-ամյա Արսենի նորարար ու ստեղծարար ճանապարհը

Գյուղում ծնված շատ երեխաներ հաճախ մտածում են հեռանալու մասին։ Բայց կան նաև նրանք, ովքեր որոշում են մնալ ու փոխել միջավայրը՝ իրենց ձեռքերով։ Արսեն Աղաջանյանը 17 տարեկան է։ Ապրում է Տավուշի մարզում՝ Գանձաքարում, և վաղ տարիքից սկսել է զբաղվել ռոբոտաշինությամբ ու եռաչափ մոդելավորմամբ։ Մեկնակետը գյուղի ռոբոտաշինության խմբակն էր, հետո՝  ինքնուրույն որոնումներ, ինքնակրթություն ու անընդհատ սովորելու ձգտում, փորձեր ու նոր բացահայտումներ։ Հենց այսպես՝ քայլ առ քայլ նրա հետաքրքրությունը վերածվել է գործի։

Շատերը դեռ չգիտեն՝ ինչ է 3D տպագրությունը, ոմանք էլ կարծում են թե տեխնոլոգիաները չեն կարող զարգանալ նաև մարզում։ Արսենն էլ հենց հակառակն է ուզում ցույց տալ։

«Այստեղ մարդիկ մեծ մասամբ չգիտեն, որ նույնիսկ նման բան գոյություն ունի։ Հասարակ մարդը գալիս է այստեղ ու զարմանում դրանից, դա մի քիչ լավ չի, բայց լավ է այն առումով, որ այստեղ մրցակիցներ չկան, կարող ես գործը զարգացնել։ 

Այդ պահը դեռևս չի եղել․ ես իմ գործից չեմ բավարարվել երբեք, միշտ ձգտել եմ դեպի էն անհասանելիին, որ միշտ մոտիվացիան լինի։ Միշտ ձգտել ու ձգտում եմ ավելիին»,- նշում է Արսենը։

Հնարավորություններն սկսվում են այնտեղ, որտեղ դու ես։ Համայնքում Արսենը միակն է այս ոլորտում, բայց նա պլանավորում է կիսել գիտելիքները, ունենալ աշակերտներ, ովքեր էլ կլրացնեն ու կշարունակեն նրա ճանապարհը։

«Ցավոք սրտի ներկա պահին մարզում ես միակն եմ, որ էս գործով է զբաղվում, գլուխ հանում, բայց երբ իմ գործն ավելի շատ զարգացում ունենա, ես պլանավորում եմ, ունենալ աշակերտներ, որպեսզի ինձ հաջորդեն»,- հավելում է Արսենը։

 




Պատրաստված լինելը՝ առաջնահերթություն․ Աչաջուր գյուղում անցկացվեց կրթական-մրցութային միջոցառում

Պատրաստված լինելը՝ առաջնահերթություն․ Աչաջուր գյուղում անցկացվեց կրթական-մրցութային միջոցառում

Իջևանի «Իրական դպրոցի» նախաձեռնությամբ, Հայոց բանակի կազմավորման օրն Աչաջուր գյուղում անցկացվեց կրթական-մրցութային միջոցառում՝ համախմբելով Իջևան համայնքի հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներին։

Միջոցառումը խաղի միջոցով փորձություն էր՝ արագ որոշումներ ընդունելու, թիմային-միասնական աշխատանքի, միմյանց վստահելու կարողությունները ստուգելու համար։ Այստեղ գործադրված ջանքերից ու օպերատիվությունից զատ կարևոր էր մտածողությունը, փոխօգնությունն ու պատասխանատվությունը՝ այն արժեքները, որոնք ձևավորվում են դեռ դպրոցական նստարանից և ուղեկցում քաղաքացուն ողջ կյանքի ընթացքում։

Միջոցառման իրականացումն ու բովանդակությունը խորհրդանշական էին․ բանակի օրը նշվում էր ոչ միայն խոսքերով, այլև գործողություններով։ Թիմային փորձությունների ընթացքում մասնակիցները ցույց տվեցին, որ պատրաստվածությունը սկսվում է փոքր քայլերից՝ կարգապահությունից, համախմբվածությունից և նպատակին հասնելու կամքից։

Օրվա ընթացքում կազմակերպվել էր նաև տեխնոլոգիական ցուցադրություն՝ նորարարական լուծումներով, որոնք լրացնում էին միջոցառման գաղափարական շեշտադրումները։ «Իրական դպրոցի» այս նախաձեռնությունը հիշեցում էր պարզ ճշմարտության մասին․ փորձությունները գալուց առաջ լուր չեն ուղարկում, ուրեմն հարկավոր է պատրաստ լինել միշտ։




«Տոնդ շնորհավոր, հայ զինվոր»․ Իջևանում նշեցին Հայոց բանակի օրը

Իջևանում նշեցին Հայոց բանակի օրը

1992 թվականի հունվարի 28-ին նորանկախ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց «ՀՀ Պաշտպանության նախարարության մասին» որոշումը՝ իրավականորեն ազդարարելով Հայոց բանակի կազմավորումը։ Արդեն 34-րդ տարին է, ինչ Հայկական բանակը, անցնելով բազմաբնույթ փորձությունների միջով, շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության անվտանգության ու պետականության կարևորագույն երաշխավորը։

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ, հունվարի 28-ին Իջևանի քաղաքային Մշակույթի տանը կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում, որը մեկտեղել էր համայնքի բնակիչներին, զինծառայողներին, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին։

Հայրենիքի պաշտպանության գործին անմնացորդ նվիրումով ծառայելու համար Իջևանի համայնքապետի կողմից շնորհակալագրերով և խրախուսական նվերներով պարգևատրվեցին ՀՀ ՊՆ N զորամասի մի խումբ սպաներ և զինծառայողներ։

Միջոցառման ընթացքում ներկայացվեց Հայոց բանակի կազմավորման ուղին, անդրադարձ կատարվեց բանակի կերտած փառապանծ էջերին։ Ներկաների համար մշակութային ծրագրով հանդես եկան Իջևանի կրթամշակութային հասատատությունների սաները՝ ներկայացնելով ազգային և հայրենասիրական երգեր ու պարային կատարումներ։

Միջոցառման կարևոր հատվածներից մեկը նվիրված էր բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած զինվորների հիշատակին։ Նրանց սխրանքն ու նվիրումն ընդգծվեցին որպես սերունդներին փոխանցվող արժեք և պատասխանատվություն։

Բանակի օրվա առթիվ միջոցառումներ էին իրականացվել նաև Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում և բնակավայրերում՝ նպատակ ունենալով ամրապնդել ազգային ինքնագիտակցությունը։

Տավուշ Մեդիայի ֆոտոշարքը։

« of 11 »




Տավուշի մարզում հարգանքի տուրք մատուցվեց հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին

Հունվարի 27-ին՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ, Տավուշի մարզի համայնքներում տեղի ունեցան հիշատակի և խոնարհման միջոցառումներ։

Իջևանում քաղաքացիները, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, հավաքվել էին «Մայր Հայաստան» հուշահամալիրում, որտեղ մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության ճանապարհին իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը, այնուհետև ծաղիկներ խոնարհեցին հուշարձանին։

Դիլիջանում հիշատակի և խոնարհման միջոցառումը կազմակերպվել էր Դիլիջանի համայնքապետարանի նախաձեռնությամբ։ Քաղաքի հուշարձանի հարակից տարածքում քաղաքացիները հարգանքի տուրք մատուցեցին Հայրենիքի համար զոհվածների հիշատակին՝ ծաղիկների խոնարհման արարողությամբ։

Լուսանկարները՝ Դիլիջանի համայնքապետարանի։

Բերդ համայնքում  տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցել բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպանության մարտերում նահատակված հայորդիների հիշատակին։

Միջոցառման ընթացքում Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանն աղոթք է բարձրացրել նահատակների հոգիների հանգստության համար։

Լուսանկարները՝ Բերդի համայնքապետարանի։

Հիշեցնենք, որ օրերս Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու» նախագիծը, որով հունվարի 27-ը սահմանվել է որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։




Տավուշի մարզի համայնքներում մեկնարկել է 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը

Տավուշի մարզի համայնքներում մեկնարկել է 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որը քաղաքացիներին հնարավորություն է տալիս անմիջականորեն մասնակցել համայնքային բյուջեի մի մասի բաշխմանն ու իրենց համայնքի զարգացմանը վերաբերող որոշումների կայացմանը։

Մասնակցային բյուջետավորումը հանրային քննարկման և որոշումների կայացման մեխանիզմ է, որը հանդիսանում է մասնակցային ժողովրդավարության կարևոր գործիք։ Այն նպաստում է համայնքի բնակիչների և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությանը՝ թույլ տալով քաղաքացիներին ներգրավվել հանրային ռեսուրսների բաշխման գործընթացում և ազդեցություն ունենալ իրենց կյանքի որակի վրա։

Մասնակցային բյուջետավորումը քաղաքացիների համար իրական հնարավորություն է իրենց ձայնը լսելի դարձնելու և գաղափարները կյանքի կոչելու։ Յուրաքանչյուր ցանկացող կարող է հանդես գալ ծրագիր-առաջարկով կամ մասնակցել քվեարկությանը՝ աջակցելով իր համար առավել կարևոր և օգտակար նախագծի իրականացմանը։

Գործընթացի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով Իջևան, Դիլիջան, Բերդ և Նոյեմբերյան համայնքներում հաստատվել է մասնակցային բյուջետավորման միջոցառումների իրականացման համապատասխան ժամանակացույցը։

Համայնքի բնակիչները կարող են իրենց առաջարկները ներկայացնել ինչպես էլեկտրոնային եղանակով՝ տվյալ համայնքի պաշտոնական կայքի միջոցով, այնպես էլ թղթային տարբերակով՝ դիմելով համայնքապետարան կամ իրենց բնակավայրի վարչական կենտրոն։ Թղթային հայտերը պետք է ներկայացվեն փակ ծրարով, որի վրա նշվում են առաջարկի հեղինակի անունը, ազգանունը (կամ կազմակերպության անվանումը) և հասցեն։

Ներկայացված բոլոր առաջարկները պետք է համապատասխանեն մասնակցային բյուջետավորման գործընթացով սահմանված չափորոշիչներին, որոնց նպատակն է ապահովել ծրագրերի իրագործելիությունը, հանրային նշանակությունն ու համայնքի զարգացմանը նպաստող բնույթը։

Մասնակցային բյուջետավորման գործընթացը կարևոր քայլ է Տավուշի մարզի համայնքներում քաղաքացիների ակտիվ մասնակցության, թափանցիկ կառավարման և համայնքային կայուն զարգացման ուղղությամբ։

Իջևան

Դիլիջան

Բերդ

Նոյեմբերյան




Իջևան-Բերդ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են ավտոմեքենաներ

Իջևան-Բերդ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են ավտոմեքենաներ

Հունվարի 20-ին, ժամը 16։23-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիտավան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Իջևան-Բերդ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «Lada» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները:

«Lada» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։




Իջևանում հիվանդանոցից կատարված գողության դեպքը բացահայտվել է

Տավուշի մարզի պարեկները հունվարի 14-ի գիշերը՝ ժամը 2․10-ի սահմաններում, Իջևան քաղաքի Անկախության և Վասիլյան փողոցների խաչմերուկի մոտ նկատել են մի քաղաքացու, որը ձեռքի հենակներ էր տեղափոխում։ Ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 36-ամյա տղամարդը «Իջևան» բժշկական կենտրոնի պահեստից 11 հենակ էր գողացել: Պարզվել է նաև, որ նա 30 տուփ դեղորայք էլ գողացել էր հիվանդանոցի դեղատնից:

Իջևանի բնակիչ 36-ամյա տղամարդը հայտնաբերվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։