Փրկարարի օրը Տավուշում․ ցուցադրվել են հրշեջ-փրկարարական տեխնիկան ու սարքավորումները
Սեպտեմբերի 4-ին՝ Փրկարարի օրվա կապակցությամբ, ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչությունն իրականացրել է տեղեկատվական, ուսուցողական և իրազեկման միջոցառումներ։ Միջոցառումների նպատակն էր բարձրացնել բնակչության իրազեկվածության մակարդակն արտակարգ իրավիճակների կանխարգելման և ճիշտ արձագանքման ուղղությամբ, ինչպես նաև ներկայացնել փրկարարի կարևոր առաքելությունը հասարակության անվտանգության ապահովման գործում։
Իջևանում ցուցադրվել է հրշեջ-փրկարարական տեխնիկան, իրականացվել են սարքավորումների օգտագործման եղանակների ցուցադրում և բացատրություն։ Քաղաքացիները հնարավորություն են ունեցել մոտիկից ծանոթանալու փրկարարական մեքենաներին, գույք-սարքավորումներին, մասնակցել մարտական բացազատմանը։
Ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն խիստ միջոցներով․ Իջևանի համայնքապետարան
Իջևանի համայնքապետարանը քաղաքացիներին կրկին հորդորում է զերծ մնալ ընդհանուր օգտագործման տարածքներում ապօրինի առևտուր կազմակերպելուց։
«Այսուհետ նման գործունեության դեպքերը կանխվելու են օրենքով սահմանված խիստ միջոցների կիրառմամբ»,- հայտնում է համայնքապետարանը։
Խնդիրներից դեպի ռազմավարություն և դիմակայունություն. Իջևանում քննարկվել են մարզային հեռարձակողների խնդիրները
Ամառվա վերջին ուրբաթ օրն Իջևանում էին հավաքվել հանրային մուլտիպլեքսում գտնվող Հայաստանի մարզային հեռարձակող հեռուստաընկերությունների, քաղաքացիական հասարակության, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները․ նպատակը՝ «Մարզային հեռարձակողների արդի մարտահրավերները․ խնդիրներից դեպի ռազմավարություն» խորագրով միջոցառումն էր։
Մարզերում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը հաճախ հենց մարզային լրատվամիջոցն է պատմում։ Այստեղ լրատվությունը միայն նորություն չէ։ Այն կապ է համայնքի ու բնակչի միջև, հնարավորություն՝ բարձրաձայնելու խնդիրները, լսելի դարձնելու մարդկանց ձայնը և հետևելու, թե ինչպես են լուծվում համայնքային հարցերը։ Բայց այսօր այդ առաքելությունն ավելի դժվար է իրականացնել։ Թվային մեդիայի արագ զարգացումը, գովազդային շուկայի փոփոխությունը, ֆինանսական սահմանափակումներն ու մասնագիտական ռեսուրսների պակասը նոր մարտահրավերներ են ստեղծում մարզային հեռարձակողների համար։
Տավուշ Մեդիայի խորհրդի նախագահ Նիկոլայ Գրիգորյանը նշեց մարզային մեդիան վաղուց դուրս է եկել հեռուստաեթերի սահմաններից։ Այն համայնքի հետ կապի, վստահելի տեղեկատվության և հանրային երկխոսության հարթակ է։ Տավուշի նման սահմանամերձ մարզում այդ դերն առավել տեսանելի է՝ հատկապես ճգնաժամային իրավիճակներում, երբ ճշգրիտ տեղեկատվությունը դառնում է անվտանգության կարևոր բաղադրիչ։ Այս համատեքստում, ըստ Նիկոլայ Գրիգորյանի, դիմակայունությունը նշանակում է նաև ունենալ վստահելի տեղեկատվական միջավայր․ միջավայր, որտեղ քաղաքացին կարող է հասկանալ տեղի ունեցողը, լսելի դարձնել իր ձայնը և կողմնորոշվել տեղեկատվության մեծ հոսքի մեջ։ Տավուշ Մեդիան ստեղծվել է մեկ գաղափարով՝ մարզը պետք է ունենա իր ուժեղ, պրոֆեսիոնալ և ժամանակակից մեդիան։
«Մարզային մեդիան ոչ միայն տեղեկություն փոխանցելու, այլև համայնքի ձայնը լսելի դարձնելու, խնդիրները բարձրաձայնելու և ճգնաժամային իրավիճակներում վստահելի տեղեկատվություն ապահովելու գործիք է։ Այս համատեքստում կարևոր է նաև տեղեկատվական դիմակայունությունը՝ ճշգրիտ ու մաքուր տեղեկատվություն հանրությանը հասցնելու կարողությունը», – նշեց Տավուշ Մեդիայի խորհրդի նախագահ Նիկոլայ Գրիգորյանը։
Դիմակայուն լրատվամիջոցն այն չէ, որը երբեք խնդիրների չի բախվում, այլ այն, որը դժվարությունների պայմաններում կարողանում է գտնել նոր ճանապարհներ, նոր տեխնոլոգիա, նոր գործընկեր, նոր բովանդակություն, նոր լսարան, նոր ֆինանսավորման հնարավորություն, և երբեմն՝ պարզապես նոր մտածողություն։ Մենք՝ Տավուշ Մեդիայում, պատրաստ ենք անցնել այդ ճանապարհը։ Բայց շատ ավելի հետաքրքիր կլինի այն անցնել միասին։ Օրակարգի առանցքում մարզային հեռարձակողների առջև ծառացած խնդիրներն էին, դրանց համատեղ լուծումների որոնումը, ոլորտի զարգացման հնարավորություններն ու առաջիկա ՏԻՄ ընտրություններին մարզային մեդիայի դերակատարումը։
«Ընտրությունների լուսաբանման պարագայում մարզային մեդիաներից կան այնպիսիք, որոնք ավելի քիչ են կախված քաղաքական ուժերից և ավելի օբյեկտիվ են։ Նրանց աշխատանքը պետք է օրինակելի լինի նաև այլ հեռուստաընկերությունների համար», – նշեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
Մարզային մեդիայի ապագայի մասին խոսելիս առաջին հարցը, որ առաջ է գալիս, ամենապարզն է՝ ինչպե՞ս պահպանել այն միջավայրում, որտեղ որակյալ լրագրությունն ինքնին ծախսատար աշխատանք է, իսկ մարզային շուկան՝ սահմանափակ։ Այս հարցը հատկապես սուր է այն հեռուստաընկերությունների համար, որոնք տասնամյակներ շարունակ աշխատում են մարզերում և անցել են տարբեր ճգնաժամերի ու փոփոխությունների միջով։
«Եթե պետությունը թույլ է տվել, որ գոյություն ունենան մարզային հեռուստաընկերություններ, ապա դրանք չպետք է դիտարկվեն միայն որպես բիզնես։ Եթե գոյություն ունի մուլտիպլեքս հասկացությունը, պետք է լինի նաև պետության աջակցությունը՝ գոնե որոշակի հարաբերակցությամբ», – նշեց Լոռու մարզի «Ֆորտունա» հեռուստաընկերության տնօրեն Կարեն Արշակյանը։
Անընդհատ փոփոխվող և զարգացող աշխարհում հեռուստատեսության պահպանությունը ենթադրում է նաև այն նոր մեդիա միջավայրին հարմարեցնելու հարմարվողականության մասին։ Լսարանը փոխվում է, տեխնոլոգիաները զարգանում են, իսկ ավանդական հեռուսատատեսությունը ստիպված նոր տեղ է գտնում թվային աշխարհում։ Այս փոփոխության պայմաններում համագործակցությունն ու ռեսուրսների համատեղումն ավելի ու ավելի կարևոր են դառնում։
«Միավորված աշխատանքը միշտ էլ պտուղներ տալիս է։ Մենք միավորվեցինք երեք հեռուստաընկերություններով, բայց այսօր դա արդեն բավարար չէ։ Ժամանակը առաջ է գնում, զարգանում ենք, տեխնոլոգիաները առաջ են ընթանում, և մենք պետք է կարողանանք ավանդական հեռուստատեսությունն ու համացանցը կապել իրար ու զուգահեռ զարգացնել», – նշեց Գեղարքունիքի մարզի «Գեղամա» հեռուստաընկերության տնօրեն Սուրեն Բարսեղյանը։
Փոքր շուկաներում գովազդային հնարավորությունները սահմանափակ են, իսկ որակյալ բովանդակություն ստեղծելու համար անհրաժեշտ են մարդիկ, տեխնիկա և կայուն ֆինանսական ռեսուրսներ։ Մարզային հեռուստաընկերությունների ղեկավարների խոսքում տարբեր մարզերի խնդիրները տարբեր էին, բայց մի ընդհանուր հանգույց կար՝ կայունության համար միայն գոյատևելը բավարար չէ։ Սահմանափակ գովազդային շուկան, մասնագետների պակասը, տեխնոլոգիական փոփոխություններն ու աճող ծախսերը ստիպում են վերանայել տարիներով ձևավորված աշխատանքի մոդելը։ Արդեն 30 տարի ոլորտում աշխատող Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն էլ մարզային հեռարձակողներին առաջարկում է այդ փոփոխությանը նայել նախ բովանդակային ու կառավարչական տեսանկյունից, հետո ֆինասական։
«Մենք միշտ փորձել ենք ձեզ ապացուցել, որ դուք բիզնես եք, բայց նաև հանրային նշանակություն ունեցող բիզնես։ Այսօր շատ ավելի դժվար է իրական բիզնես դառնալ, և դուք պետք է հասկանաք՝ ով է ձեր հեռուստադիտողը, ում եք պետք և ինչ բովանդակության կարիք ունի ձեր լսարանը», – նշեցՄեդիա նախաձեռնությունների կենտորնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը։
Թվային հարթակների, սոցիալական ցանցերի ու նոր տեղեկատվական վարքագծի պայմաններում արդեն բավարար չէ պարզապես եթեր ունենալը։ Պետք է հասկանալ՝ ում համար է այդ եթերը, ինչ է փնտրում լսարանը և ինչն է այն, ինչ միայն մարզային մեդիան կարող է տալ։ Այս հարցերը քննարկման ընթացքում բերեցին նաև մեկ այլ՝ ավելի հիմնարար հարցի․ ի վերջո, ինչո՞ւ է այսօր պետք մարզային հեռուստաընկերությունը։
«Հարցը պետք է չլինի՝ պետք է, թե պետք չէ։ Խնդիրը նրանում է, թե երբ, ինչու և ինչի համար է պետք մարզային հեռուստաընկերությունը», – նշեց Արագածոտնի մարզի «Դելտա» հեռուստաընկերության տնօրեն Կարեն Մարտիրոսյանը։
Մարզային հեռարձակողի կարգավիճակը, իր հերթին, ենթադրում է որոշակի պարտավորություններ՝ տեղական բովանդակություն, տեղեկատվության հասանելիություն, կրթական ու հանրային նշանակության հաղորդումներ։ Այդ պարտավորությունների ու իրական հնարավորությունների միջև այսօր դեռ անհամապատասխանություն կա։ Հեռուստաընկերությունից պահանջվում է պահպանել մարզային մեդիայի դերը, մինչդեռ դրա համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ պայմանները իրականության մեջ ոչ տեսանելի են, ոչ էլ շոշափելի։
«Մարզային հեռուստաընկերություն դառնալուց հետո պետք է նաև համապատասխան պետական ֆինանսավորում լինի, որպեսզի այն կարողանա ստեղծել կրթող ու հանրային նշանակության կոնտենտ մարզում», – նշեց Արագածոտնի մարզի «Դելտա» հեռուստաընկերության պրոդյուսեր Արման Մազմանյանը:
Մարզային հեռուստաընկերությունը տեղական օրակարգը տանում է հանրապետական ու համաշխարհային տեղեկատվական դաշտ՝ համայնքի ձայնը հասցնելով ավելի լայն լսարանի։ Միաժամանակ այն կապ է ստեղծում համայնքի, մարզի, պետության, աշխարհի և բնակչի միջև՝ օգնելով, որ տեղում տեղի ունեցողը չմնա միայն տեղական նշանակության իրադարձություն, իսկ բնակիչը դուրս չմնա իրեն վերաբերող տեղեկատվությունից։ Այս կապի անհրաժեշտությունն ամեն օր զգում են նաև համայնքներում։
«Բոլորս գիտենք՝ որքան մեծ կարիք ունի բնակիչը տեղեկատվության։ Այստեղ մարզային լրատվամիջոցների դերը շատ կարևոր է՝ լրացնելու այդ բացերը, օբյեկտիվ և ճիշտ տեղեկատվություն հասցնելու և կապ ստեղծելու բնակչի ու համայնքի միջև», – նշեց Նոյեմբերյանի համայնքապետարանի մամուլի քարտուղար Անահիտ Փարսադանյանը։
Քննարկման շրջանակում ներկայացվեցին նաև ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունները և դրանցով պայմանավորված նոր կարգավորումների ներդրման ու կիրառման ընթացակարգերը։ Մասնավորապես, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում կատարված լրացումների և փոփոխությունների համաձայն՝ կարգավորվում են սահմանադրական կարգի տապալման, պատերազմի կամ բռնության կոչերի, բռնություն և դաժանություն քարոզող կամ նմանատիպ գործողություններ խրախուսող բովանդակության տարածման դեպքերը։ Քննարկվեց նաև առերևույթ խախտումների արձանագրման, դրանց գնահատման և օրենքով նախատեսված ընթացակարգերի կիրառման կարգը։
Առանձին անդրադարձ եղավ նաև առաջիկա ՏԻՄ ընտրություններին։ Ընտրական գործընթացի լուսաբանումը մարզային լրատվամիջոցների համար առանձնահատուկ նշանակություն ունի․ հենց տեղական մեդիան է ամենամոտը համայնքի բնակչին և նրա ընտրական օրակարգին։ Թեմայի շրջանակում ներկայացվեց ոլորտը կարգավորող դաշտի փոփոխությունները և ՏԻՄ ընտրություններին առնչվող ընթացիկ գործընթացներն ու առաջիկա քայլերը։
Աշխարհի տարբեր երկրներում մարզային և տեղական մեդիայի կայունությունն ապահովելու համար կիրառվում են աջակցության օրինակելի մոդելներ։ Ավստրիայում գործում է պետական ֆոնդ՝ մասնավոր հեռարձակողների բովանդակության, մասնագիտական զարգացման և մրցունակության խթանման համար, Ֆրանսիայում՝ տարածաշրջանային և տեղական մամուլի աջակցության մեխանիզմներ, իսկ Կանադայում՝ տեղական լրագրության նախաձեռնությունը՝ հանրային նշանակության լրագրության ֆինանսավորման համար։ Միջազգային փորձը ցույց է տալիս մարզային լրատվամիջոցի հանրային նշանակությունն ու կայունության կարևորությունը՝ պետական աջակցության և խմբագրական անկախության հստակ տարանջատմամբ։ Կարևոր սկզբունքը մեկն է․ պետությունը կարող է ֆինանսավորել հանրային արժեքը, բայց չպետք է ֆինանսավորի խմբագրական դիրքորոշումը։
Օրվա քննարկումները Տավուշ Մեդիայում ստացան նաև գործնական շարունակություն։ Մարզային հեռուստաընկերությունները ստորագրեցին իջևանյան համատեղ հայտարարությունը՝ առաջիկա ՏԻՄ ընտրությունների լուսաբանման ընթացքում հանրային շահը, մասնագիտական պատասխանատվությունն ու քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքն առաջնային պահելու մասին։
Հայտարարությամբ մարզային հեռուստաընկերությունների ներկայացուցիչները վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ ընտրությունների ընթացքում ապահովելու փաստերի վրա հիմնված, հավաստի և հավասարակշիռ տեղեկատվություն, տարանջատելու փաստը, կարծիքն ու մեկնաբանությունը, կանխելու ապատեղեկատվության տարածումը և նպաստելու քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանը։
Իջևանում մի ամբողջ օր հայկական մշակույթը ներկայացվեց իր տարբեր դրսևորումներով՝ ավանդական արվեստից ու ազգային խաղերից մինչև պար, երաժշտություն և տեղական արտադրություն։ Օգոստոսի 29-ին մարզկենտրոնում անցկացվեց «Հայն ու հայերգությունը» մշակութային փառատոնը, որը նպատակ ուներ մեկ վայրում համախմբել մշակույթի տարբեր ձևերն ու հնարավորություն տալ մասնակիցներին ճանաչել, զգալ ու ապրել հայկականը։
Փառատոնը կազմակերպել էր «Հուշերք» երիտասարդական ակումբը՝ իր մեկամյա գործունեության առթիվ։ «Հուշերք» անվանումը խորհրդանշում է հիշողությունը՝ որպես անցյալը պահպանելու և այն ապագային փոխանցելու միջոց։ Երիտասարդների նախաձեռնությունները միտված են հայկական մշակույթն ու պատմությունը ժամանակակից և հետաքրքիր ձևաչափերով ներկայացնելուն՝ դրանք հասանելի դարձնելով հատկապես երիտասարդներին։ Փառատոնի օրակարգը բազմազան էր․ օրվա ընթացքում անցկացվեցին ազգային զարդանախշերի վերաբերյալ վարպետաց դաս, «Ի՞նչ է նշանակում հայ լինել այսօր» խորագրով պանելային քննարկում, ազգային խաղեր, մշակութային կատարումներ ու ազգային պարեր։ Փառատոնի ընթացքում գործում էին նաև տաղավարներ, որտեղ տեղական արտադրողները ներկայացնում էին իրենց աշխատանքներն ու ստեղծած արտադրանքը։ Օրվա մշակութային ծրագիրն ամփոփվեց ազգային պարերով։
Իջևանում անցկացվեց բազմագերատեսչական վարժանք, որին մասնակցում էին ՆԳՆ Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչությունը, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի Տավուշի բաժանմունքը, Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակը, ՀՈԳՎ Իջևանի բաժինը, Իջևանի բժշկական կենտրոնը, Հայկական Կարմիր խաչի ընկերության Տավուշի մարզային մասնաճյուղը և Միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչները։
Վարժանքի սցենարի համաձայն՝ Իջևանում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Ուսանողներ տեղափոխող ավտոբուսը ենթարկվել է ինքնավթարի։ Դեպքի հետևանքով 11 քաղաքացի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ դեպքի վայրում կա մեկ զոհ։ Ավտոբուսի վարորդն ահազանգում է 112 օպերատիվ կառավարման կենտրոն։ Ստացված ահազանգից հետո դեպքի վայր են մեկնում փրկարարական և ոստիկանության ուժերը և բժշկական խմբերը։
Ժամանելով դեպքի վայր՝ արձագանքող ուժերի ներկայացուցիչները նախ գնահատում են իրավիճակը, սահմանազատում տարածքը, ապահովում քաղաքացիների անվտանգությունն ու կազմակերպում տուժածների տարհանումը։ Փրկարարները կատարում են անհետաձգելի վթարափրկարարական աշխատանքներ՝ ապահովելով ավտոբուսում գտնվող քաղաքացիների դուրսբերումը։ Միաժամանակ բժշկական անձնակազմը տեղում իրականացնում է տուժածների առաջնային զննում և առաջին բուժօգնություն՝ ըստ վնասվածքների ծանրության։
Պարեկային ծառայության և ոստիկանության աշխատակիցներն ապահովում են դեպքի վայրի անվտանգությունն ու տարածքի պահպանությունը։ Կարմիր խաչի ներկայացուցիչներն իրենց հերթին աջակցում են տուժածներին և ծառայություններին՝ անհրաժեշտության դեպքում տրամադրելով հոգեբանական և մարդասիրական աջակցություն։
Բազմագերատեսչական վարժանքի ընթացքում մասնակից գերատեսչությունները գործնականում ստուգել են արտակարգ իրավիճակներում համատեղ գործողությունների, փոխգործակցության և արագ արձագանքման մեխանիզմները։ Վարժանքի նպատակն է նմանատիպ դեպքերի ժամանակ բարձրացնել ծառայությունների պատրաստվածության մակարդակը, հստակեցնել գործողությունների հաջորդականությունն ու ապահովել տարբեր գերատեսչությունների արդյունավետ համագործակցությունը։
Բազմաբնույթ միջոցառումներով Իջևանը միացավ Երիտասարդության միջազգային օրվան
Օգոստոսի 12-ին նշվում է Երիտասարդության միջազգային օրը։ Տավուշի մարզում այս առիթով անցկացվեցին մի շարք միջոցառումներ՝ «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ» խորագրով։
Իջևանում օրվա միջոցառումները մեկնարկեցին «Համայնքն իմ աչքերով» նկարչական պլեներ-սիմպոզիումով։ Երիտասարդ նկարիչները ստեղծագործեցին Շատրվանների հրապարակում և Քանդակների այգում՝ իրենց աշխատանքներում ներկայացնելով համայնքի նկատմամբ ընկալումներն ու պատկերացումները։
Օրվա ընթացքում Իջևանում անցկացվեցին նաև «Երիտասարդներն ու միջազգային կրթական հնարավորությունները» խորագրով քննարկումը, ինչպես նաև «Հուշերք» կրթամշակութային ակումբի հետ ազգային պարերի և խաղերի բաց դասը, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու ազգային մշակույթին և ակտիվորեն մասնակցելու պարերին ու խաղերին։
Օրն Իջևանում անցավ ակտիվ ու հագեցած․ երիտասարդները միավորվեցին ստեղծագործելու, նոր հնարավորություններ բացահայտելու և ազգային մշակույթը վերարժևորելու շուրջ՝ համայնքի տարբեր անկյուններում մասնակցելով օրվա միջոցառումներին։
Նոր մանրամասներ՝ Իջևանում առցանց վարկերի ենթադրյալ խարդախության գործով
Իջևանի «Բենտոնիտ կոմբինատի» մի խումբ աշխատակիցների անունով, նրանց պնդմամբ, առանց իրենց գիտության և համաձայնության ձևակերպված առցանց վարկերի գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել։
Ըստ տուժողների՝ կասկածվող անձը օգտվել է գործընկերների վստահությունից։ Առօրյա աշխատանքային շփումների ընթացքում նա աշխատակիցներից խնդրել է տրամադրել իրենց բջջային հեռախոսները՝ իբրև Idram և Armed հավելվածներն ակտիվացնելու նպատակով, այնուհետև նույնականացրել է նրանց և նրանց անունից տարբեր վարկային կազմակերպություններում ձևակերպել առցանց վարկեր։ Տուժողների պնդմամբ՝ ստացված գումարները փոխանցվել և տնօրինվել են կասկածվող անձի կողմից։
Տեղի ունեցածը պայմանավորված է եղել բացառապես գործընկերների միջև ձևավորված վստահությամբ և որևէ կերպ կապված չէ կոմբինատի գործունեության կամ աշխատանքային գործընթացների կազմակերպման հետ։
Մեզ հայտնի դարձավ, որ որոշ դեպքերում վարկային միջոցները փոխանցվել են ոչ թե վարկառուների անձնական բանկային հաշվեհամարներին, այլ կասկածվող անձի կողմից տրամադրված հաշվեհամարին կամ էլեկտրոնային դրամապանակին, առանց լրացուցիչ նույնականացման և տվյալների համադրման։ Իջևանի «Բենտոնիտ կոմբինատից» հայտնում են, որ ենթադրյալ խարդախության մեջ ներգրավված անձը կոմբինատում աշխատել է որպես փաթեթավորող բանվոր և չի զբաղվել անվտանգության ապահովման կամ որևէ այլ վարչական գործառույթով։ Նա կոմբինատի ղեկավարության կողմից լիազորված չի եղել իրականացնելու որևէ աշխատանք, բացի իր աշխատանքային պարտականություններից։
Քննչական կոմիտեից Տավուշ Մեդիային հայտնեցին, որ համակարգչային հափշտակություն կատարելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ստացվել են առերևույթ հանցանքի վերաբերյալ մի քանի հաղորդումներ, որոնց հիմքով նախաձեռնվել են քրեական վարույթներ և միացվել մեկ վարույթում: Մասնավորապես՝ Է.Խ.-ն մի խումբ անձանցից խաբեության եղանակով հափշտակել է տարբեր չափերի գումարներ:
Է.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 257-րդ հոդվածի 1-ին մասով (համակարգչային հափշտակությունը) եւ 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը): Կայացվել է կալանավորման որոշում։
Իջևանի «Բենտոնիտ կոմբինատի» մի խումբ աշխատակիցներ պնդում են, որ իրենց անուններով առցանց վարկեր են ձևակերպվել
Իջևանի «Բենտոնիտ կոմբինատի» մի խումբ աշխատակիցներ պնդում են, որ իրենց անձնական տվյալների օգտագործմամբ, առանց իրենց գիտության և համաձայնության, տարբեր վարկային կազմակերպություններում իրենց անուններով առցանց վարկեր են ձևակերպվել։
Աշխատակիցների փոխանցմամբ՝ 13 անձի անունով ձևակերպված վարկերի չափերը տատանվում են շուրջ 160 հազարից մինչև 720 հազար դրամի սահմաններում։ Նրանց խոսքով՝ դեպքի հետևանքով արդեն հարկադիր գանձումներ են իրականացվում, ինչի արդյունքում իրենք զրկվել են իրենց աշխատավարձերից օգտվելու հնարավորությունից։
Զեղծարարը, աշխատելով Կոմբինատում որպես փաթեթավորող բանվոր, օգտվել է գործընկերների վստահությունից։ Նա խնդրել է նրանց տրամադրել բջջային հեռախոսները՝ իբր Idram և Armed հավելվածներն ակտիվացնելու նպատակով, ապա նույնականացրել է նրանց և նրանց անունից տարբեր վարկային կազմակերպություններում ձևակերպել վարկեր, որոնց գումարները ստացել և տնօրինել է։
Հանցավոր գործողություններն իրականացվել են աշխատանքային առօրյայի և գործընկերական, ընկերական շփումների պայմաններում, ինչի հետևանքով նրա վարքագիծը կասկած չի հարուցել, իսկ տուժածները վստահել են նրան։
Աշխատակիցները նշում են, որ արդեն ճանաչվել են տուժող, սակայն, իրենց խոսքով, մինչ օրս խնդիրը լիարժեք լուծում չի ստացել, իսկ որոշ դեպքերում հարկադիր գանձումները շարունակվում են։
Տավուշ Մեդիային ՀՀ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 1-ին մասով (համակարգչային հափշտակություն) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)։
Նախաքննությունը շարունակվում է։
Մանրամասները՝ հաջորդիվ։
Շախմատի միջազգային օրն Իջևանում
Աշխարհում հուլիսի 20-ին նշվում է Շախմատի միջազգային օրը։ Տոնի առթիվ Հայաստանի շախմատի ակադեմիայի Իջևանի մասնաճյուղի նախաձեռնությամբ Իջևանում անցկացվեցին շախմատային միջոցառումներ՝ համախմբելով տարբեր տարիքի շախմատասերների։
Իջևանի քանդակների այգում կազմակերպված բաց մրցաշարին մասնակցեցին տասնյակ պատանիներ ու երիտասարդներ։ Բացօթյա մրցաշարը նաև շախմատի շուրջ համախմբվելու և ժամանցն օգտակար անցկացնելու հարթակ էր։
Շախմատի միջազգային օրվան նվիրված ևս մեկ մրցաշար անցկացվեց «Լոֆթ Իջևան» երիտասարդական կենտրոնում։ Մրցաշարի մասնակիցները հնարավորություն ունեցան ցուցադրելու իրենց խաղային հմտություններն ու մրցելու հասակակիցների հետ։ «Լոֆթ Իջևան» երիտասարդական կենտրոնում գործում է նաև շախմատի ակումբ, որտեղ երիտասարդները պարբերաբար մասնակցում են դասընթացների և զարգացնում իրենց կարողությունները։
Միջոցառումների նպատակն էր խթանել շախմատի նկատմամբ հետաքրքրությունը, նպաստել մտավոր խաղի տարածմանը, առողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը և համայնքում ակտիվ ժամանցի մշակույթի զարգացմանը։ Միջոցառումների իրականացմանն աջակցել է Իջևանի համայնքապետարանը։
Աղստև գետում հայտնաբերվել է դի
Հուլիսի 9-ին՝ ժամը 11։53-ին, Տավուշ մարզային օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան քաղաքում ժամը 03։30-ի սահմաններում քաղաքացին դուրս է եկել տնից և չի վերադարձել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության օպերատիվ խմբեր։
Պարզվել է, որ քաղաքացին իջել է դեպի Աղստև գետը։
Քաղաքացու դին հայտնաբերվել է ընկնելու հավանական վայրից մոտ 7 կմ հեռավորության վրա` Խաշթառակ գյուղի տարածքում: