Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված երթ Իջևանում
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին Տավուշի մարզկենտրոն Իջևանում մարդկանց բազմությունը լուռ քայլերթով շարժվեց Հայոց Ցեղասպանության հուշակոթող՝ ի հիշատակ և ոգեկոչում մեր զոհերի։
Քայլերթին համընթաց ընթանում էր Սուրբ Պատարագը՝ Ցեղասպանության նահատակներին նվիրված բաց խորանում։
Երթի մասնակիցները հավատացած են` յուրաքանչյուրիս պարտքն է ոգեկոչել Հայոց Ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
«Մանկավարժական մտքի փառատոնն» Իջևանում․ ուսուցիչներն ու աշակերտները ներկայացնում են իրենց լավագույն փորձը
8-րդ անգամ մեկ հարկի տակ՝ այս անգամ Տավուշի մարզում՝ Իջևանում հավաքվել էին հանրապետության մարզերի, Երևանի դպրոցներից ուսուցիչներ ու աշակերտներ, ովքեր «Մանկավարժական մտքի փառատոնում» ներկայացնում են իրենց լավագույն փորձը։ Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցը հյուրընկալելով փառատոնը, ընդունել է տասնյակ դպրոցների հարյուրավոր աշակերտների և ուսուցիչների։ Փառատոնում մանկավարժներն ու աշակերտները ներկայացնում են իրենց գործունեությունը, փորձն ու գաղափարները։ Հրազդանի 2-րդ դպրոցի 8-րդ դասարանցիները ստեղծել են խաղեր, որոնք ծանոթացնում են Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններին։
Բացի դպրոցներից, միջոցառմանը մասնակցում են նաև կրթական կառույցներ․ դասարան-տաղավարներից մեկում «Վիզուալ Հայաստան» հիմնադրամն է՝ իր «Աշխարհացույց» ծրագրով։ Տավուշի մարզի մանկավարժները գտնվելով կրթական նոր չափորոշիչների առանցքում, կուտակած փորձառություն և ասելիք ունեն․ սա էր փառատոնն Իջևանում անցկացնելու նախադրյալը։
Փառատոնը հաջորդիվ կկազմակերպվի այլ մարզերում՝ դարձյալ մեկտեղելով Հայաստանի մանկավարժական համայնքին, ապահովելով փորձի փոխանակման, մասնագիտական երկխոսության և համագործակցության հնարավորություններ։
Առողջ ու ակտիվ ժամանց` Ենոքավանում
Հայաստանից, Վրաստանից ու Ռուսաստանից հայ ու արտասահմանցի մարզիկները սպորտային երկու հագեցած օր ունեցան Ենոքավանում։ 2-րդ անգամ է Ենոքավանը հյուրընկալում մարզիկներին՝ Յելլ սպորտ ֆեստթի շրջանակում։
«Երկրորդ տարին ենք անցկացնում այս փառատոնը, արդյունքները տպավորիչ են ու ոգևորող։ Փորձում ենք փառատոնը դարձնել գեղեցիկ ավանդույթ՝ ամեն տարի կազմակերպելով և նոր մարդկանց ներգրավելով»,- նշում է միջոցառման կազմակերպիչ Իլյա Ցիգանգովը։
Սպորտային փառատոնը շատերին էր գրավել իր բազմազանությամբ ու առաջարկվող ժամանցային ծրագրերով․ ներառվել էին տարբեր հետաքրքրություններ՝ արկածային տուրեր, մրցավազք, թիմային այլ խաղեր։ Երկորդ օրը Իջևանի գինու և կոնյակի գործարանից մասնակից մարզիկները հեծանիվով հաղթահարցին Իջևան-Ենոքավան ճանապարհը։
Հաղթող ու լավագույն արդյունքներ գրանցած հեծավորդների համար խրախուսական նվերներ էին նախատեսել Իջևանի գինու և կոնյակի գործարանն ու Յելլ էքստրիմ պարկը։ Վրաց հեծանվորդ Նիկա Ցիրեկիձեն առաջինը հատեց սպասված վերջնակետը:
«Մեր ճանապարհը հետաքրքիր փորձություն էր՝ վերելքներ ենք հաղթահարել ու անցել ոլորաններով։ Երկրորդ անգամ եմ Հայաստանում, կարող եմ ասել, որ այստեղ հեծանվավազքը կարող է զարգանալ՝ պայմաններ կան։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հայ ընկերներին ջերմության և հյուրընկալության համար։ Այս փառատոնը սպորտի միջոցով նպաստում է ժողովուրդների կապի ամրապնդմանը»,- մեզ հետ զրույցում ասաց հեծանվավազքի հաղթող Նիկա Ցիրեկիձեն։
«Յելլ սպորտ ֆեսթը» առողջ ու ակտիվ ժամանցի, սպորտային բարիքների շուրջ՝ առողջ ու մարզական միջավայրում, մարդկանց կհամախմբի արդեն հաջորդ տարի։
ՀՀ ավտոճանապարհներին կատարված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ եկած հնարավոր վտանգները նվազեցնելու ուղղությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունն անցկացնում է կանխարգելիչ միջոցառումներ՝ տարբեր նշանակության ավտոճանապարհների առավել վտանգավոր տեղանքներում իրականացնելով հարկադիր քարաթափումներ։
Անհրաժեշտությունից ելնելով, մարտի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրից Մակարավանք վանական համալիր տանող ավտոճանապարհին և մարտի 28-ին՝ նույն ժամանակահատվածում, Խաշթառակ բնակավայրից դեպի Լուսահովիտ բնակավայր տանող ճանապարհի 1-ին կմ-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբի և Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարական ծառայողների կողմից իրականացվել են հարկադիր քարաթափումներ:
Աշխատանքներին ներգրավվել նաև են ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի աշխատակիցներն ու Իջևանի համայնքապետարանից երեք միավոր հատուկ տեխնիկա։
Խաշթառակ գյուղի կամրջի վերականգնման աշխատանքները նախագծման փուլում են
Խաշթառակ գյուղի կամրջի վերականգման աշխատանքները նախագծման փուլում են․ ի պատասխան Տավուշ Մեդիայի հարցադրմանը, հայտնեց Իջևան համայնքի ղեկավար Ա․ Ճաղարյանը։
«Խաշթառակի կամրջի մասով աշխատանքներն նախագծման փուլում են, իսկ աղետների ռիսկերը կանխարգելելու աշխատանքներն ընթանում են։ Վերջերս Աղստև գետի մաքրման աշխատանքն ենք սկսել, արդեն իսկ մաքրվել է գետի մի մասը, շուտով այն կշարունակվի Իջևան քաղաքից մինչև «Կայանավանի» հարակից տարածք», – նշեց Իջևանի համայնքապետը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը, գարնանային հեղեղումների հետևանքով վնասվեց Խաշթառակ գյուղի կամրջի հենասյունն ու մասնակի փլուզվեց։ Շաբաթների ընթացքում նկատելի է դարձավ կամրջի դեֆորմացումը։
Կառուցվեց ժամանակավոր կամուրջ, որը նույն տարվա հուլիս ամսվա վերջին տեղումների հետևանքով մասնակի վնասվեց։ Ժամանակավոր կամրջի շինարարության արժեքը մոտ 32 մլն դրամ է կազմել։ Արդյունքում այն օգտագործվում է Խաշթառակ ու Լուսահովիտ գյուղերի բնակիչների համար:
Խաշթառակի ժամանակավոր կամուրջը․ հուլիս, 2024 թվական
Իջևանը՝ 2024 թվականին․ համայնքի ղեկավարն ամփոփում է անցնող տարին
Նոր ճանապարհների կառուցում, պուրակների և բակերի բարեկարգում, մանկապարտեզների հիմնանորոգում, լուսավորության ցանցի ընդլայնում․ 2024-ն Իջևան համայնքի համար աննախադեպ է բնորոշում համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։ Անցած տարվա կատարված աշխատանքների՝ ձեռքբերումների ու թերացումների, և նախագծվող աշխատանքների վերաբերյալ մամուլի ասուլիս էր հրավիրել Իջևանի համայնքապետը։
Տարվա մարտահրավերն էր գարնանային հեղեղումները, որի հետևանքով մասնակի վնասվեց Իջևան համայնքի Խաշթառակ գյուղի կամուրջը։ Գյուղի կամրջի վերականգման աշխատանքներն՝ ըստ համայնքապետի, նախագծման փուլում են։
Չնայած կատարված աշխատանքներին, դեռ չլուծված խնդիրներ կան․ Արթուր Ճաղարյանը հավաստում է, որ խնդիրներին տեղյակ են ու դրանք լուծում են ըստ առաջնայնության։
2025 թվականի ծրագրերն արդեն նախագծված են, համայնքապետարանը սպասում է վերջնական հաստատման։ Ծրագրերի հիմքում գործընկերությունն է՝ համայնք-պետություն, համայնք-հասարակություն կապի պահպանումը։
Գանձաքար գյուղում բռնկված հրդեհը մարվել է
Մարտի 19-ին, ժամը 02:58-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձաքար գյուղում այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գանձաքար գյուղի «Գյուլբետ» կոչվող հանդամասում գտնվող անասնագոմում (մոտ 100 քմ) և կից փայտե շինությունում (մոտ 100 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:45-ին, մարվել՝ 04:16-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերն ու կից փայտե շինությունը։
Աճարկուտում գործարկվելու է էլեկտրական շչակ․ իրազեկում
Մարտի 18-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աճարկուտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։
Խնդրում ենք չանհանգստանալ։
Աչաջրի տարածքում հրդեհ է բռնկվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառ
Մարտի 12-ին, ժամը 18:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աչաջուր գյուղի «Կապի տակ» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:41-ին, մարվել՝ 22:38-ին: Այրվել է խոտածածկ տարածք․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է էկոպարեկային ծառայության 3 աշխատակից:
Այգեհովիտում գործարկվելու է էլեկտրաշչակ. իրազեկում
Փետրվարի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ։