Շրջակա միջավայրի խնդիրների բարձրաձայնում՝ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ

Իջևան համայնքից 15 երիտասարդներ EUDigitLAB նախագծի շրջանակում ձեռք են բերել շարժական գրաֆիկայի և գրաֆիկ դիզայնի անհրաժեշտ հմտություններ: 8 ամսյա դասընթացներն անցկացվել են երեք գործընկերների՝ Տավուշի ինովացիոն կենտրոնի, ԻննոԻջևանի և Վրաստանի անիմատորների ասոցիացիայի՝ «Սաքանիմայի» համատեղ ջանքերով, որոնք Իջևան քաղաքում հիմնել են թվային տեխնոլոգիաների ուսուցման լաբորատորիա։

Ուսումնական ծրագիրը կենտրոնացած էր «Շրջակա միջավայրի պահպանություն» թեմայի վրա՝ ընդգրկելով տարածաշրջանային բնապահպանական այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են գլոբալ տաքացումը, ջրի և օդի աղտոտումը, կենսաբազմազանության կորուստը, անտառահատումը, կենդանիների շահագործումն ու Աղստև գետի աղտոտումը: Հուլիսի 9-ին Վերնատուն պատկերասրահում բացվեց աշխատանքների ցուցահանդեսը, որի ընթացքում մասնակիցները պատմեցին ծրագրի շրջանակում ստացած ստեղծագործական ունակությունների ու հմտությունների մասին։

EUDigitLAB նախագծի վերջնական փուլը ներառում էր վրացական «Սաքանիմայի» հետ փորձի փոխանակում, որը ենթադրում է վստահության ձևավորում, ընդհանուր նպատակների բացահայտում, ռեսուրսների փոխանակում և երկարաժամկետ գործընկերության հնարավորություն, ինչն էլ իր հերթին խթանում է նորարարությունը, տնտեսական աճը և սոցիալական ազդեցությունը:

Ցուցահանդեսի հաջորդ օրը տեղի ունեցավ համաժողով՝ երկու երկրների փորձագետների մասանկցությամբ, ովքեր քննարկեցին շարժական գրաֆիկայի և գրաֆիկ դիզայնի ժամանակակից զարգացումներին վերաբերվող հարցեր: EUDigitLAB նախագիծը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից՝ EU4Culture նախագծի շրջանակներում:




Աշխատանքների ցուցահանդես-վաճառք՝ «Կանանց կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում

«Տահույս» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը 2024 թվականի փետրվար ամսից Իջևան քաղաքում իրականացրել է «Կանանց կարողությունների զարգացում Իջևանում» ծրագիրը, որի նպատակն էր նպաստել Իջևան խոշորացված համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ ապահովելով կրթության և արժանապատիվ աշխատանքի նոր հնարավորություններ։

Ծրագրի շրջանակներում Իջևան խոշորացված համայնքում բնակվող 21 կանայք և աղջիկներ մասնակցել են կարպետագործության և ասեղնագործության 5 ամսյա դասընթացների։ Ծրագրում ներգրավվել են նաև Արցախից բռնի տեղահանված կանայք և պատերազմում զոհված տղաների մայրերը։

Ծրագրի դասընթացների միջոցով կանայք ձեռք են բերել ձեռագործ աշխատանքի մասնագիտական գիտելիքներ և հմտություններ, ծանոթացել են Տավուշի մարզին բնորոշ կարպետագործական, ասեղնագործական տեխնիկաներին և զարդանախշերին և իհարկե դասավանդող վարպետների օգնությամբ նախագծել և պատրաստել են յուրօրինակ ձեռագործ աշխատանքներ։

Ծրագրի փակման միջոցառմանը՝ հուլիսի 6-ին, իրականացվեց «Կարպետագործություն» և «Ասեղնագործություն» դասընթացների մասնակիցների աշխատանքների ցուցահանդես-վաճառքը, Կարպետի կտրման հանդիսավոր արարողություն և «Տահույս» ՀԿ ծրագրերի շրջանակներում գործող մետաքսանկարչության խմբի երեխաների աշխատանքների ցուցահանդեսը։




Աճարկուտ: Առաքելոց վանք

DigiTime · Առաքելոց Վանք

Առաքելոց վանքը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Աճարկուտ գյուղից 2 կմ հեռավորության վրա, Կիրանց գետի ձախ ափին: Վանքը բաղկացած է երկու եկեղեցուց, գավթից, բնակելի և տնտեսական նշանակություն ունեցող շինություններից, որոնց մեծ մասը գտնվում է կիսաքանդ վիճակում: Համալիրը շրջապատված է հաստ պարիսպով, իսկ համալիրից 80 մ ներքև գտնվում է քարվանսարա։

Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է XIII դարում: Ուղղանկյուն հատակագծով, ներսից խաչաձև եկեղեցին պատկանում է գմբեթավոր դահլիճների տիպին: Եկեղեցու հյուսիսային պատը պարիսպի մի մասն է կազմում: Գմբեթը հենված է կլոր թմբուկի վրա, որն իրենց վրա են կրում մույթերն իրար կապող 4 կամարները: Եկեղեցու միակ մուտքը գավթի կողմից է: Եկեղեցին կառուցված է կանաչավուն քարերից: Ներքին պատերը սվաղված են կրաշաղախով, որի վրա տեղ-տեղ պահպանվել են որմնանկարների ֆրագմենտներ:

Առաքելոց վանքի գավիթը հայկական միջնադարյան ճարտարապետության վառ օրինակներից մեկն է: Գավթի դռան վերևում կա մի արձանագրություն, որտեղ հիշատակվում է 1245 թվականը, ինչից կարելի է եզրակացնել, որ այն կառուցվել է XVIII դարում: Ուղղանկյուն հատակագծով այս կառույցը առանձնանում է իր ծածկով, որը կազմված է երկու զույգ խաչաձևվող կամարներից: Դեպի երդիկի բացվածքը տանող անցումն իրականացված է «հազարաշեն» կոչվող ձևով, որն օգտագործվում էր հայկական գյուղական տների շինարարության ժամանակ, այն տարբերությամբ, որ օգտագործված է ոչ թե փայտե, այլ քարե հեծաններ, որոնք շեղակի շարված են միմյանց վրա: Հարավ-արևմուտքից գավթին կից էր զանգակատունը, որից պահպանվել է միայն պատերի ստորին մասը:

Վանքի երկրորդ եկեղեցին (XIV) գտնվում է նրա հարավային մասում` արևմտյան պարսպապատին կից: Քառանկյուն հատակագծով, երկթեք կտուրով այս եկեղեցին պատկանում է միանավ թաղածածկ բազիլիկների տիպին:

Գլխավոր եկեղեցու հարավային պատի տակ կանգնեցված կարմրավուն տուֆից Սուրբ Կարապետ խաչքարն աչքի է ընկնում իր բարդ զարդաքանդակներով և բարձրաքանդակներով: Վանքի օժանդակ շինություններից միայն փլատակներ են մնացել:

 

Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի “Մենք ենք մեր սարերը” ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից։




Գետահովիտ։ Սուրբ Մաթեոս եկեղեցի

DigiTime · Սբ․ Մաթևոս Եկեղեցի

Սուրբ Մաթեոս եկեղեցին գտնվում է Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում։ Եկեղեցին կառուցվել է 2018 թվականին։ Մինչ եկեղեցու կառուցումը Գետահովիտում չի եղել գործող եկեղեցի, պահպանվել էր միայն Միջնաշեն կոչվող կիսավեր հինավուրց տաճարը, որը բնակավայրից բավականին հեռու է գտնվում:

Սուրբ Մաթեոս եկեղեցին կառուցվել է գետահովիտցի Կորյուն Ուլիխանյանի նախաձեռնությամբ և միջոցներով և օծվել 2023թ. հուլիսի 8-ին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ։

Անվան հետ կապված առանձնահատուկ պատմություն չկա: Պարզապես Մաթեոս անունը կրել է բարերար Կորյուն Ուլիխանյանի պապիկի հայրիկը, այժմ՝ իր փոքր որդին։
Եկեղեցու տարածքը գտնվում է Հայաստանի հուշարձաների պատմամշակույթային հատուկ պահպանվող տարածքում:
Եկեղեցու տարածքում են գտնվում նաև Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը և եղեռնի զոհերի հիշատակի փոքր հուշահամալիրը։
Սուրբ Մաթեոս եկեղեցին առանձնանում է իր պատմական և մշակութային նշանակությամբ, ինչպես նաև իր համայնքային և հոգևոր դերակատարությամբ։ Այն հանդիսանում է հոգևոր կենտրոն՝ կառուցված հայկական ավանդական ճարտարապետական ոճով։ Եկեղեցին միանավ է և ունի ութանկյուն հատակագիծ։
Սուրբ Մաթեոս եկեղեցու կառուցումը նշանակալի քայլ է նաև համայնքի մշակութային կյանքի զարգացման համար։

Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի “Մենք ենք մեր սարերը” ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից։




Խաշթառակ։ Սուրբ Դավիթ Մարգարե եկեղեցի

DigiTime · Սբ․ Դավիթ Մարգարե Եկեղեցի

Սուրբ Դավիթ Մարգարե եկեղեցին գտնվում է Խաշտառակ համայնքում։ Այն օծվել է 2012 թվականի Մայիսի 9-ին:
Եկեղեցին միանավ է, կառուցված վարդագույն տուֆից։ Եկեղեցու բակը կառուցապատված է, տեղադրված են նստարաններ։ Եկեղեցին կառուցված է Խաշթառակի բարձունքում, որից բացվում է գեղատեսիլ տեսարան դեպի անտառապատ համայնքներ։

Եկեղեցու ներքին հարդարումը բնորշ է արդի եկեղեցաշինությանը, պատերը զարդարված են կրոնական նկարներով։ Եկեղեցին ունի մեկ խորան։
Եկեղեցու տարածքում տեղադրված են նաև 1941-1945 թվականի հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված զինվորի արձան և խաչքար, տեղադրված է նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքար։

Սուրբ Դավիթ Մարգարե եկեղեցին կառուցվել է Վորոնեժի համալսարանի դասախոս, տնտեսագիտության դոկտոր- պրոֆեսոր, ծագումով խաշթառակցի Արտակ Քամալյանի միջոցներով: Հոգևոր օջախը կառուցվել է ի հիշատակ Արտակ Քամալյանի մահացած եղբոր՝ Դավիթ Քամալյանի:

Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի “Մենք ենք մեր սարերը” ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից։




Լուսահովիտ։ Մորո-Ձորո վանք

DigiTime · Մորո Ձորո Վանք

Մորո Ձորո վանքը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի (նախկին Ծռվիզ գ.) հարավ-արևմտյան ձորակի աջ ափին: Հայտնի է նաև Ծռվիզի վանք անվանմամբ։ Վանքի Ս. Աստվածածին քառախորան կենտրոնագմբեթ եկեղեցին կառուցվել է V դ., կոպտատաշ բազալտ քարով (նախնական ծավալը պահպանվել է մինչև գմբեթարդները):
VI–VII դդ. սրբատաշ բազալտով վերակառուցվել են գմբեթակիր կամարները, գմբեթարդները և գմբեթը: Խորանները ներսից պայտաձևեն, դրսից՝ կիսաշրջանաձև (բացառությամբ դրսից ուղղանկյուն հվ. խորանի): Արլ. խորանի գմբեթակիր կամարների խոյակները և նրանց միջև ձգվող հորիզոնական գոտին ունեն նշտարաձև, ստորին մասում՝ հյուսածո զարդաքանդակների շարքեր:

Մորո Ձորո վանքը բարգավաճել է XII–XIII դդ. և դարձել Մահկանաբերդի գավառի հոգևոր կենտրոններից: 1177–78-ին Մահկանաբերդի տեր և վանքի հովանավոր իշխան Քուրդ Արծրունին Մորո Ձորո վանքն ազատել է բոլոր հարկերից: Այդ վճիռը հաստատել է Վրաստանի Գեորգի III թագավորը՝ Ս. Աստվածածին եկեղեցու հս. խորանի գմբեթարդի իր արձանագրությամբ: 1197-ին իշխան Իվանե Զաքարյանը և իր քույր Նանան նորոգել են Մորո Ձորո վանքը, վերականգնել Ս. Աստվածածին եկեղեցու գմբեթը և ծածկը: 1213-ին եղբայրներ Զաքարե և Իվանե Զաքարյան իշխանները վերստին նորոգել են վանքը և նրա վանահայր հաստատել հայր Եվագրին:
Մորո Ձորո վանքը մոնղոլական արշավանքներից հետո կորցրել է իր արտոնությունները, միաբանությունը ցրվել է, և Ս. Աստվածածին եկեղեցին գործել է մինչև XIX դ.՝ որպես ծխական եկեղեցի: 1980-ական թթ. վերանորոգվել են Մորո Ձորո վանքի Ս. Աստվածածին եկեղեցու գմբեթը և խորանների ծածկերը:

Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի “Մենք ենք մեր սարերը” ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից։




Ներքին Ծաղկավան

DigiTime · Ծաղկավան

Ծաղկավանը Տավուշի մարզի հնագույն բնակավայրերից է, հիմնադրվել է մոտավորապես 13-րդ դարի կեսերին:

Հնում բնակավայրը գտնվում էր ներկայիս գյուղատեղից մոտ 500-1000 մետր դեպի հարավ։ Գյուղը եղել մելիքանիստ, որի համար մինչև 1940-ական թթ. կոչվել է Մելիքգյուղ

Նախկինում կոչվել է Մելիքգյուղ և Վերանվանվել Ծաղկավան 1940 թ.-ի մարտի 2-ին։

Մելիքգյուղ հնատեղին գտնվում էր ներկայիս գյուղից մոտ 1000 մետր դեպի հարավ։ Գյուղի հարավային ծայրամասում գտնվող բլրի կատարին հայտնաբերվել է հայ նախաքրիստոնեական հին սրբավայրի (հնարավոր է մեհյանի) մնացորդներ. պահպանվել են շրջանաձև դրված մեծ տաշած քարեր։ Ամենայն հավանականությամբ, հնագույն ժամանակներում այդտեղ էր հավաքվում գյուղի ավագների խորհուրդը (գյուղակույտը)։

Նույն բլրի վրա կան 13-րդ դարի խաչքարեր։ Մոտակա անտառներում նույնպես կան խաչքարեր, այդ թվում այդպես կոչված «կելտական» ոճի. դրանցից մեկը գտնվում է Փուլքից վերև և կոչվում է Սպիտակ խաչ։

Մելիքգյուղ-Ծաղկավանի շրջակայքը բարենպաստ է էկո- և էթնո-զբոսաշրջության համար։ Տավուշի անտառի եզրով բխում են սառնորակ ջրով բազմաթիվ աղբյուրներ, որոնք ունեն բուժիչ հատկություններ (մասկավորապես օգտակար են էկզեմաների և ստամոքսա-աղիքային հիվանությունների բուժման համար)։ Դրանցից ամենահայտնի աղբյուրն է Մասմանի աղբյուրը։

Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի “Մենք ենք մեր սարերը” ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից։




Ազատամուտ

DigiTime · Ազատամուտ

Ազատամուտը Տավուշի մարզի գյուղ է, որը գտնվում է Աղստև գետի աջ ափին, Իջևանից 16 կմ դեպի հյուսիս։ Նախկինում այն ուներ քաղաքատիպ ավանի կարգավիճակ։ Ազատամուտի մոտով անցնում է սահմանը Ադրբեջանի հետ։ Մոտակայքում են Դիտավան, Աչաջուր և Սևքար գյուղերը։ Գյուղում կա դպրոց, մանկապարտեզ, մշակույթի պալատ, թութունի արտադրամաս։

Ազատամուտը գյուղ է, սակայն բնակավայրում միայն բազմաբնակարանային շենքեր են և քոթեջներ: Հիմնադրվել է 1970-ին հարեւան Դիտավան համայնքի հողերի վրա որպես բանավան : Մի քանի տարի կրել է  Բենտոնիտային կավերի գործարանին կից ավան անունը: 1978-ի նոյեմբերին վերանվանվել է Ազատամուտ. 1920-ի նոյեմբերին 11-րդ Կարմիր բանակը Ադրբեջանից այստեղով է մուտք գործել Հայաստան և խորհրդայնացրել հանրապետությունը: Ազատամուտ անունը ստացել է Կարմիր բանակի՝ այստեղով մուտքը Հայաստան խորհրդանշելու համար։

Ազատամուտը գտնվում է Աղստև գետի աջ ափին, անմիջական սահմանակից է Ադրբեջանի Ղազախի շրջանի Բարխուդարլու և Սոֆուլու գյուղերին։

Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի “Մենք ենք մեր սարերը” ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից։




Սևքար։ Սուրբ Խաչ եկեղեցի




Կիրանց։ Սուրբ Երրորդություն եկեղեցի

DigiTime · Սուրբ Երրորդություն Եկեղեցի

Տավուշի մարզի Կիրանց գյուղում է գտնվում նորահայտ տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ ստացած 19-րդ դարի Սբ. Երրորդություն եկեղեցին: Դեռեւս չորրորդ դարից հիշատակվող Տավուշի մարզի Կիրանց (Կունեն) գյուղի Սուրբ Երրորդություն բազիլիկ տիպի եկեղեցին կառուցվել է 1888 թվականին։
Եկեղեցին գործել է մինչեւ 1930 ականների կեսերը: Որոշում էր կայացվել ամբողջովին քանդել եկեղեցու շենքը, բայց գյուղի այն ժամանակվա ղեկավար Աբգար Նազարյանը համոզում է պահպանել շենքը եւ այն վերածել ցորենի պահեստի։

Խորհրդային տարիներին այն երկար ժամանակ օգտագործվել է որպես պահեստ. այժմ ամբողջությամբ ավերված է եկեղեցու տանիքը, պատերի որոշ հատվածներում առկա են ճաքեր, քանդված է սալահատակը, կարիք կա նաև եկեղեցու տարածքի բարեկարգման։ Խորհրդային տարիների միջամտության հետևանքով որոշ տեղերում փակվել են նաև եկեղեցու մուտքերը կամ պատուհանները, կատարվել են այլ միջամտություններ, որոնք նախատեսվում է վերացնել վերականգնման նախագծով։

Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի “Մենք ենք մեր սարերը” ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից։