Ակնաղբյուր։ Վարդան Մամիկոնյանի կաղնի

DigiTime · Վարդանի Կաղնին

Ակնաղբյուր գյուղի մի քանի բնակիչներ նկարվել են այն կաղնու մոտ, որն, ըստ ավանդույթի, Վարդան Մամիկոնյանը տնկել էր Ավարայրի ճակատամարտի նախօրեին: Ժողովրդին ավանդվել է, որ կաղնին տնկել է սպարապետ Վարդան Մամիկոնյանը 450 թվականին՝ Ավարայրի ճակատամարտից մեկ տարի առաջ:
450 թվականի ամռանը պարսից մի զորաբանակ շարժվեց դեպի Կուր գետի ափերը՝ ճանապարհին պարտության մատնելով աղվաններին: Հայկական մի փոքր զորաբանակով աղվաններին օգնության հասավ Վարդան Մամիկոնյանը: Խաղխաղի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում հայոց բանակը փայլուն հաղթանակ տարավ: Տունդարձի ճամփին սպարապետը կանգ առավ Աղստևի ձախ ափին՝ Ակնաղբյուր գյուղի մոտ:
Մի տարեց շինական Վարդան Մամիկոնյանին շնորհավորեց հաղթության առթիվ՝ ասելով.
– Ձեռդ կուռ մնա, անունդ՝ անմահ:

Եվ շինականը կաղնու մի ոստ մեկնեց սպարապետին: Վարդան Մամիկոնյանը ժպտաց և, ոչինչ չասելով ու ոչինչ չհարցնելով, սկսեց իր նիզակով փոս փորել: Նրան օգնեց դստրայրը՝ նախարար Արշավիր Կամսարականը:
Սպարապետի կաղնին հզորացավ ու կանաչ մնաց 1528 տարի:
1978 թվականին ծառը տապալվեց։
Բայց ընկած կաղնու կողքին նոր կաղնի տնկեց քսաներորդ դարի հայ զորավար, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը:

Հնագույն մի ավանդություն կա` պատմում են՝ իբրև թե դարեր շարունակ Ակնաղբյուր գյուղի ծերերը այս ծառի մոտից են իրենց որդիներին բանակ կամ պատերազմ ճանապարհել ու հետն էլ հորդորել.
-Որդի, Զորավարի աղբրից ջուր խմիր, ձեռքդ Վարդանի ծառին քսիր, ու քեզ չարուչոռ չի դիպչի…

Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի “Մենք ենք մեր սարերը” ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից։




Այգեհովիտ։ Սրվեղի վանք

· Սրվեղի վանք

Սրվեղի վանքը գտնվում է Այգեհովիտ գյուղից մոտ 3 կիլոմետր հարավ արեվմուտք՝ սարալանջին, «Խաչի տակ» կոչվող վայրում: Վանքը կառուցվել է 13-րդ դարում։ Միջնադարյան Հայաստանի Կայան գավառի հոգեվոր ու մշակութային կենտրոններից է: Հուշարձանախումբը բաղկացած է երկու եկեղեցիներից, միաբանների բնակելի եվ տնտեսական շինություններից: Շրջափակված է պարսպապատով: Պարսպից մնացել են միայն հիմնապատերը: Պարսպից դուրս, վանքի շրջակայքում կան այլ շինությունների մնացորդներ, տապանաքարեր, խաչքարեր: Պահպանվել են ջրատար կավե խողովակներ: Վանքի ջուրը բերվել է մի քանի կիլոմետր հեռավորությունից` մոտակա լեռներից:

Գլխավոր եկեղեցին՝  Սուրբ  Նշանը,  գմբեթավոր դահլիճ տիպի է: Պատերի ստորին շարքերը մոտ մեկ մետր բարձրությամբ շարված են մուգ վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով: Սա Հայաստանում կառուցված սակավաթիվ աղյուսաշեն հուշարձաններից է: Եկեղեցու բեմի վիմաքարի ճակատին զետեղված կիսաեղծ արձանագրության մեջ հիշատակվում է Սուրբ Նշան անունը: Կառուցման թվականը հայտնի չէ, ենթադրվում է` XII-XIII դարեր: Պատերի շարվածքում դրված են տարբեր դարաշրջանների խաչքարերի քանդակազարդ եվ արձանագիր բեկորներ: Դրանք բոլորն էլ պատկանում են մեկ այլ, ավելի հին կառույցի: Եկեղեցու շուրջը միջնադարյան գերեզմանոց է։
 Եկեղեցին բազմիցս նորոգվել է: Ամբողջովին վերանորոգվել են արեվելյան ճակատի երկու անկյունները, բեմի կենտրոնական մասը, արեվմտյան դռան շրջանակը, անկյունային հատվածները, մասնակի վերանորոգման է ենթարկվել նաեվ գմբեթը:

Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի “Մենք ենք մեր սարերը” ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից։




Երիտասարդները համայնքի զարկերակն են․ Մանե Օհանյան

Երիտասարդական ծրագրեր

Մանե Օհանյանն Իջևանի ակտիվ երիտասարդներից է։ Դեռ ուսման տարիներից սկսել է ակտիվ մասնակցությունը համայնքային ու երիտասարդական կյանքին։

Աշխատելով երիտասարդների հետ Մանեն նկատել է, որ համայնքային խնդիրները երիտասարդներն ավելի լավ են պատկերացնում, քանի որ նրանք անընդհատ բախվում են այդ խնդիրներին ու կանգնում նոր մարտահրավերների առջև։

– – –

Նախագիծն իրականացվում է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում՝ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Այստեղ ներկայացված բովանդակության պատասխանատուն ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլի ենթադրամաշնորհառու «Արտակարգ Ալիք» տեղեկատվական ՀԿ-ն է, և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուների կողմից։




Աչաջրում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում

Աչաջուր օդային տագնապ

Հունիսի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Հանրային իրազեկման հանդիպում՝ ԶԼՄ-ների Դիտորդ մարմնի գործունեության վերաբերյալ

ԶԼՄ-ների դիտորդ մարմին

2007 թվականի հունվարի 9-ին, Երևանի մամուլի ակումբը տարածեց Հայաստանի լրագրողական համայնքին ուղղված դիմում, որում առաջարկ էր արվում համատեղ մշակել մասնագիտական էթիկայի հիմնական նորմերը: Դիմումի տարածմանը հաջորդած գործընթացների արդյունքում ձևավորվեց զանգվածային լրատվամիջոցների էթիկայի Դիտորդ մարմինը։ Հանրային իրազեկման նպատակով Երևանի մամուլի ակումբը հունիսի 21-ին Իջևանում հանդիպում էր նախաձեռնել՝ հասարակության շահագրգիռ կողմերին ներկայացնելով Դիտորդ մարմնի դերն ու նշանակությունը, գործունեությունը, դիմելու ընթացակարգը։

Տարիների ընթացքում Դիտորդ մարմինը շուրջ 200 դիմում է ստացել, իսկ էթիկական սկզբունքների կանոնագիրը 2024 թվականի մայիսի դրությամբ ստորագրել է հայաստանյան 82 լրատվամիջոց՝ պարտավորվելով պահպանել ճշգրտություն և անկողմնակալություն, ազնվություն՝ տեղեկությունների աղբյուրների հետ հարաբերություններում, խմբագրական անկախություն, հարգանք մարդկանց անձնական կյանքի և այլ իրավունքների նկատմամբ, հարգանք զանազան խմբերի ներկայացուցիչների և համամարդկային արժեքների նկատմամբ, ազնվություն հանրության հետ հարաբերություններում, ազնվություն ընտրությունները և հանրաքվեները լուսաբանելիս։




Ուղիղ 1 տարի առաջ այս օրերին Իջևանը կրկին ուժգին քամու, կարկուտի ու առատ տեղումների էպիկենտրոնում էր

Իջևան

Առաջարկում ենք վերհիշել թե ինչ աղետներ են պատուհասել ու սպառնում Տավուշի մարզին, երբ է եղել վերջին երկրաշարժը, ջրհեղեղը, սողանքը… ինչպես կարելի է նվազեցնել աղետների ռիսկերը:

Դիտեք, լսեք, կարդացեք ու եղեք իրազեկված:

Ով իրազեկված է, նա պաշտպանված է։




Կիրանցը սահմանազատումից հետո

Վերջին երկու ամիսներին Կիրանցը Հայաստանի կենտրոնն էր դարձել, տեղեկատվական հոսքերի կիզակետը: Կառավարման մարմինները պնդում էին, որ նոր Հայաստան է կառուցվում՝ սահմանազատված, պաշտպանված ու ապահով, ընդիմադիրները հակադարձում էին, որ փլվում է տասնյակ տարիներով կառուցված պաշտպանական համակարգը, որ սա ոչ թե սահմանազատում է, այլ շարունակվող միակողմանի զիջում:

Մենք շարունակաբար լուսաբանել ենք ծավալվող իրադարձությունները, և ահա, երբ արդեն կրքերը միայն ներքին եռք ունեն, մենք դարձյալ Կիրանցում ենք:

Բնակիչներն արդեն այնքան են խոսել, աղմկել, բողոքել ու արտասվել, որ հիմնականում խուսափում են տեսախցիկներից: Փոխարենը խորհուրդ են տալիս պարզապես շուրջներս նայել ու ինքնուրույն գնահատել իրադրությունը սահմանազատված Կիրանցում:

Վերջին դեպքերից հետո Կառավարությունը հայտարարել էր տուժած բնակիչներին փոխհատուցումներ տալու մասին, սակայն դեռևս հրապարակված չէ՝ թե ինչ չափանիշներով են տրվելու դրանք և ինչ ծավալների փոխհատուցումների մասին է խոսքը։ Բնակիչների լռության ֆոնին շինարարական եղուզեռ է. արագորեն կառուցվում է շրջանցիկ ճանապարհը։ Տավուշ Մեդիան իր ուշադրության կենտոնում կպահի Կիրանցը, և մեր հաջորդ հաղորդումներում լսելի կդարձնենք Կիրանցի մյուս բնակիչների ձայնը։




«Վերնատուն» պատկերասրահում բացվեց ԵՊՀ ԻՄ Կիրառական արվեստի ֆակուլտետի աշխատանքների ցուցահանդեսը

ijevan vernatun

Գեղանկարներ, գոբելեններ, կերամիկական աշխատանքներ, փայտե փորագրություներ։
Հունիսի 11-ին Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում բացվեց ԵՊՀ ԻՄ Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների, ուսանողների և շրջանավարտների հեղինակային աշխատանքների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, արվեստագետներ, ուսանողներ, արվեստով հետաքրքրված երիտասարդներ։
Ցուցահանդեսը տևելու է մեկ ամիս:




Երեխաների պաշտպանության միջազգային օրը Իջևանում

Խաղեր, վառ գույներ և ժպիտներ.
Երեխաների պաշտպանության օրվա ֆոտոշարքն Իջևանից:

Հունիսի 1-ը, որպես երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր, նշվում է 1950 թվականից:

Հայաստանը ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թվականին, որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:

Կոնվենցիայի հոդվածները մանրամասնում են մինչև 18 տարեկան (եթե տեղական օրենքով նա ավելի վաղ չի ճանաչվում չափահաս) անձանց սեփական հնարավորությունների ամբողջական զարգացման անհատական իրավունքները՝ զերծ քաղցից և կարիքից, դաժանությունից, շահագործումից և չարաշահման այլ ձևերից։ Երեխաների իրավունքները ներառում են ծնողների և այլ անձանց հետ կապված հարաբերությունները, ֆիզիկական պաշտպանվածության, անվճար կրթության, առողջապահության, քաղաքացիական իրավունքները։




Մակարավանք վանական համալիր | Աչաջուր, Իջևան

Աղստևի հովտին շռայլ բնապատկերներ կան․ այդ բնապատկերների մեջ իր նշանակությամբ, զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և հոգևոր ներդաշնակությամբ առանձնանում է տարածաշրջանի չքնաղ կոթողներից մեկը` ձեռակերտ պատկեր Մակարավանքը:

Մակարավանք, 13-րդ դարի հայկական վանական համալիր Հայաստանի Տավուշի մարզում, գտնվում է Աչաջուր գյուղից 6-7 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին։ Միակ պատմական հիշատակությունը այս վանքի մասին հանդիպում ենք Կիրակոս Գանձակեցու մոտ։ Նա ասում է, որ Հաթերքի իշխան Վախթանգի կինը՝ Արզու Խաթունը իր դստեր հետ վարագույր է գործել նաև Մակարավանքի համար։

Բարձրահայաց իշխող դիրքից դիտողի առջև փռվում են Աղստևի հովիտը, Կուր գետի հովտի լայնատարած տափաստանները, Աղստևի աջափնյա հանդիպակաց լեռնաշղթայի համայնապատկերը։

Մակարավանքի մասին պահպանվել է մի ավանդություն, որ վանքը կառուցել են Մակար անունով վարպետն ու իր միակ որդին։ Որդին քար էր տաշում, նախշում, իսկ հայրը շարում էր։ Վանքի պատերն աստիճանաբար բարձրանում էին, իսկ Մակար վարպետը՝ կտրվում հողից։ Նա գիշերում էր վանքի կիսավարտ պատերի վրա, քանի դեռ չէր ավարտել շինությունը։ Օրերից մի օր, վարպետ Մակարը նկատում է, որ քարերը իրար չեն բռնում, զարդաքանդակներն էլ նույնը չեն։ Վերևից հարցնում է որդուն, թե ինչ է պատահել։ Պատասխանում են, որ նա հիվանդ է։ Մակարը հասկանում է, որ որդին այլևս չկա։ Վարպետը, սակայն, ըստ ավանդույթի, սուրբ տաճարի շինարարությունը կիսատ չի թողնում: Կառուցումից հետո արդեն, վանքի գագաթից ցած է նետվում ու մահանում։ Վարպետին թաղում են վանքի պատի տակ և վանքն էլ անվանում Մակարավանք։

Մակարավանքի հիմնական եկեղեցին կառուցվել է 1205 թվականին՝ Բազազ իշխանի որդի Վարդանի կողմից: Եկեղեցին, արտաքուստ ուղղանկյուն և խաչաձև ներքուստ, իրենից ներկայացնում է գմբեթավոր դահլիճ: Խորանի աջ և ձախ կողմերում գտնվում են երկհարկանի ավանդատները: Եկեղեցու ներքին հարդարանքը շռայլորեն զարդարված է հայ քանդակագործության վառ նմուշներով: Ութանկյուն աստղերը և ութանիստ բազմանկյուններն իրենց մեջ ներառված հուշկապարիկներին, թռչուններին, ձկներին և աստվածաշնչական հերոսներին պատկերող հարթաքանդակներով, դասվում են միջնադարյան հայկական արվեստի գլուխգործոցների շարքին:

XIII դարի սկզբին Վաչե Ամբերդցին (Վաչուտյանների իշխանական տոհմից) կառուցել է երկու եկեղեցիներն իրար կապող գավիթը: Արևելյան մուտքը զարդարված է բարձրաքանդակով, որը պատկերում ցուլի և առյուծի մենամարտը: Գավիթը առանձնանում է հարուստ ներքին հարդարանքով: Նրա պատերը զարդարված են ճոխ երկրաչափական և բուսական զարդամոտիվներով:

Մակարավանքի համալիրը իր զարդաքանդակների ինքնատիպությամբ դասվում է Աղթամարի, Բղենո Նորավանքի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ: