Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղ տանող ճանապարհը

Այսօր առավոտից ոստիկանական զորքերը փակել են գյուղի ճանապարհը` իրականացնելով ուժեղացված ծառայություն` ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար:

Իրավիճակը համեմատաբար լարվեց, երբ Տավուշի թեմի առաջնորդի ու ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մուտքը դեպի Կիրանց արգելվեց և քաղաքացիները կրկին պահանջեցին բացել ճանապարհը:

Ժամը 20:00-ի սահմաններում ԱԺ պատգամավոր Գ. Դանիելյանին հաջողվեց այցելել Կիրանց, նա այս պահին գյուղում է:




Իջևանում անցկացվեց «Ակադեմիական քաղաք» նախագծի վերաբերյալ աշխատարանը

«Ռեստարտ Իջևան» գիտակրթական-հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 27-ին Հայստանի հյուսիսային 3՝ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզի ուսանողները մասնակցեցին «Ակադեմիական քաղաք. մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների տեսլականը» խորագրով աշխատարանին:

Աշխատարանի նպատակն էր բաց քննարկման շրջանակում ներկայացնել «Ակադեմիական քաղաք» ստեղծելու նպատակներն ու խնդիրները, այս համատեքստում անդրադարձ կատարվեց մարզերում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեությանը: Շուրջ 75 ուսունողներ իրենց հարցերն ուղղեցին բանախոսներին՝ բարձրաձայնելով իրենց մտահոգությունները, դիտարկումներն ու շեշտադրումները:

«Ակադեմիական քաղաք» նախագծի կյանքի կոչումը արդեն իսկ մտել է գործնական փուլ․ 2023 թվականից մեկնարկել է նախագծման փուլը, իսկ ողջ աշխատանքները կավարտվեն 2030 թվականին։




Կիրանցում ճանապարհը փակ է, իսկ Բաղանիսում սահման են գծում

Արդեն 10-րդ օրն է փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու Կիրանց գյուղի հատվածը։ Բնակիչները իրենց բողոքն են արտահայտում սահմանազատման դեմ։ Բագրատ Սրբազանը կրկին հիշեցնում է՝ սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է։ Այս օրերին Կիրանցի բնակիչների կողքին են նաև հանրապետության այլ շրջանների քաղաքացիները։

Լուրջ դժվարությամբ շարունակում ենք ճանապարհը Կիրանցից դեպի Ոսկեպար, ապա՝ Բաղանիս։ Բաղանիսում առօրյան սովորականի նման չէ․ վերջին շրջանում գյուղ շատ են այցելում լրատվամիջոցներ, որոնք ըստ բնակիչների խանգարում են իրենց։ Մարդիկ, թեպետ առկա իրողություններին, ապրում են իրենց սովորական կյանքով՝ խնամում այգին, ջուր բերում, հավաքվում ու զրուցում։

Բաղանիսի գյուղացիների համար իրավիճակը փոքր-ինչ անորոշ է, մարդիկ խճճվում են տարբեր տեղերից իրենց հասնող տեղեկատվական հոսքերի մեջ։

Այսօր Բաղանիսում սահման են գծում, բայց մարդկանց հիշողություններից չի հեռանում ավելի քան 35 տարվա սահմանային կյանքը, որը հաճախ անհանգիստ էր, թեժ ու վտանգավոր։




Ինչ կատարվեց Կիրանցում

Արդեն 8-րդ օրն է Կիրանցում փակ է գյուղի ճանապարհը։ Հայաստանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ են տեղի ունենում, բնակիչները ընդվզում են սահմանազատման դեմ: Այս ընթացքում Կիրանցի բնակիչների հետ հանդիպել են ոստիկանության բարձրաստիճան սպաներ՝ նպատակ ունենալով բացել ճանապարհը։ Այսօր երեկոյան Կիրանց այցելեց նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ով համոզում էր գյուղացիներին կտրուկ գործողությունների չդիմել և համատեղ քննարկել ստեղծված իրավիճակը, սակայն գյուղացիները չցանկացան լսել նրան։

Այնուհետև փոխոստիկանապետ Կ․ Հակոբյանը և Տավուշի մարզի ոստիկանապետ Ա․ Մկրտչյանը կոչ արեցին բնակիչներին բացել ճանապարհը, որպեսզի սահմանագծման աշխատանքները իրականացվեն։ Քաղաքացիները թույլ չտվեցին մեքենայի տեղաշարժը, որից հետո հատուկ ջոկատայինների ու քաղաքացիների միջև քաշքշուկ և հրմշտոց տեղի ունեցավ։

Ոստիկանական ուժերը տեղում հայտնեցին, որ բերման ենթարկվածներ չկան։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հանդես եկավ հանդարտեցման կոչով, բնակչությանը հորդորելով չտրվել սադրանքների և բացել ճանապարհը։ Ճանապարհը մի քանի րոպեով բացվեց և կրկին փակվեց։ Բողոքի ակցիան Կիրանցում շարունակվում է․ առջևում 9-րդ օրն է։




Որտեղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո

«Փաստերի ստուգման հարթակը» գրել է, որ Google Maps-ում ներկայացված՝ Տավուշում սահմանազատման ենթակա հայ-ադրբեջանական սահմանը համընկնում է 1976 թվականի Խորհրդային Միության Գլխավոր շտաբի համապատասխան տեղանքի՝ խորհրդային Հայաստանի ու խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանների վերաբերյալ քարտեզին։

6-7-րդ դարերում կառուցված Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին ԽՄ ԳՇ քարտեզով սահմանազատման դեպքում կմնա հայկական կողմում, սակայն ադրբեջանական սահմանից ընդամենը 10-20 մետր հեռավորության վրա։

Ինչպես ԳՇ քարտեզում, այնպես էլ Google Maps-ում, Կիրանցի դպրոցը տեղակայված է Ադրբեջանի հետ սահմանից ուղիղ գծով մոտ 360 մետր հեռավորության վրա։

Այսպիսով, Տավուշում 1976 թվականի՝ ԽՄ ԳՇ քարտեզներով սահմանազատման հետևանքով, չնայած Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը մնում են հայկական կողմում, սակայն հայտնվում են Ադրբեջանի սահմանից չնչին հեռավորության վրա։




Կիրանցի ճանապարհը փակ է. բնակիչների ընդվզումը՝ սահմանազատման դեմ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ապրիլի 19-ին կայացած նիստին հաջորդած հայտարարությունից ժամեր անց բնակիչները փակել էին Կիրանց գյուղի ճանապարհը: Բնակչության ընդվզումը շարունակվում է. 3-րդ օրն է փակ է գյուղի ճանապարհը, բնակիչները դեմ են սահմանազատմանը:




Բնակիչները փակել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհը

Կիրանց-Ոսկեպար միջպետական ճանապարհը այսօր առավոտից կրկին փակ է: Երկուշաբթի օրը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոստացել է այցելել Կիրանց` պատասխանելու բնակիչների հարցերին:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ապրիլի 19-ին կայացած նիստին հաջորդած հայտարարությունից ժամեր անց բնակիչները փակել էին Կիրանց-Իջևան ու Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհահատվածները: Բնակչության ընդվզումը շարունակվում է. երկրորդ օրն է փակվում է Կիրանց գյուղի ճանապարհը:

Լուսանկարը` Գոհար Վարդանյանի

 




Փակ է Կիրանց գյուղի ճանապարհը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների երեկ` ապրիլի 19-ին կայացած նիստին հաջորդած հայտարարությունից ժամեր անց բնակիչները փակել էին Կիրանց-Իջևան ու Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհահատվածները: Բնակչության ընդվզումը շարունակվում է. այժմ փակ է Կիրանց գյուղի ճանապարհը:

Լուսանկարը` Գոհար Վարդանյանի

ԹԱՐՄԱՑՈւՄ
Քաղաքացիները բացում են միջպետական ճանապարհը․ նրանց խոստացել են հանդիպում Մհեր Գրիգորյանի հետ:




Ավելի մոտ գիտությանը. անցկացվեց STEM Expo 2024-ը

Մեծացնելով աշակերտների հետաքրքրվածությունը՝ գիտության հանդեպ. Ենոքավանում ապրիլի 10-ին անցկացվեց « STEM էքսպո 2024» միջոցառումը՝ Տավուշի մարզի 6 հանրակրթական դպրոցների մասնակցությամբ:

«Սթեմ էքսպոյի» նպատակն է բարձրացնել աշակերտների հետաքրքրությունը դեպի գիտությունը, ճարտարագիտությունը, նաև մաթեմատիկայի ու տեխնոլոգիաների ուղղությամբ:

Նախագծին մասնակցել են Իջևանի վարժարանի, Գետահովիտի, Վազաշենի, Աչաջրի Կողբի և Այրումի դպրոցների աշակերտական թիմերը:

Էքսպոյի շրջանակներում տեղի ունեցավ «STEM կրթության հեռանկարներ» խորագրով պանելային քննարկում: Հյուրերն ու մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու աշակերտների նախագծերի արդյունքներին՝ ստեղծելով համագործակցային ու կրթական միջավայր:

STEM կրթական փաթեթը, որը ներառում է տեխնիկական և տեղեկատվական ռեսուրսներ, ուսուցիչների վերապատրաստում և շարունակական մենթորություն, իրականացվում է Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում. նախատեսվում է ընդլայնել դպրոցների ընդգրկումը: Նախագծի չափորոշիչների վրա հիմնված կրթությունը հավաստագրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից:




«Աշխատանքի արդյունավետ որոնում». դասընթացի հնարավորություն` Իջևանի երիտասարդների համար

«Անգլերենի ուսումնառություն և երիտասարդների զարգացում» ծրագրի շրջանակում «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում 2024 թ․ ապրիլի 22-ին և 23-ին կազմակերպում է երկօրյա անվճար դասընթաց «Աշխատանքի արդյունավետ որոնում. նախապատրաստում և գրագետ արձագանքում» թեմայով։

Դասընթացին կարող են մասնակցել Իջևան քաղաքի և հարակից համայնքների 18-35 տարեկան երիտասարդները, որոնք ցանկանում են զարգացնել գիտելիքներ ու հմտություններ իրենց աշխատանքային կարիերան պլանավորելու և սկսելու համար։

Դասընթացի ավարտին մասնակիցները կունենան պատրաստի ռեզյումե և մոտիվացիոն նամակի կառուցվածք, պատրաստ կլինեն ինքնուրույն փնտրել, գտնել աշխատանքի հնարավորություններ, արդյունավետ կերպով մասնակցել հարցազրույցների:
Ամբողջ ընթացքը լինելու է ինտերակտիվ, յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ կկազմակերպվեն գործնական աշխատանքներ և քննարկումներ:

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը հետևյալ հղումով:
Գրանցման վերջնաժամկետն է 2024 թ. ապրիլի 15-ը, ժամը 24:00:

Դասընթացը կվարի հավաստագրված ՄՌ մասնագետ և քոուչ Աննա Զարգարյանը (ավելի քան 10 տարվա փորձ ՄՌ-ի ոլորտում), դասընթացավար (ավելի քան 20 տարվա դասընթացավարի փորձ, վարել է ավելի քան 1000 դասընթաց ավելի քան 15000 մասնակցի համար, համագործակցում է ավելի քան 20 տեղական և միջազգային կազմակերպությունների հետ)։


Դասընթացը կազմակերպում է «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպությունը (www.ph-int.org) ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից հովանավորվող «Անգլերենի ուսումնառություն և երիտասարդների զարգացում» ծրագրի շրջանակում: