Իջևանում քննարկեցին ապատեղեկատվության դեմ պայքարի և փաստահենք լրագրության մարտահրավերները

Իջևանում քննարկեցին ապատեղեկատվության դեմ պայքարի և փաստահենք լրագրության մարտահրավերները

Հուլիսի 8-ին Իջևանում կայացավ «Երևանից անդին՝ փաստահենք մամուլ մարզային համայնքների համար» ծրագրի շրջանակում կազմակերպված հանրային հանդիպումը, որը համախմբել էր Տավուշ Մեդիայի աշխատակազմին, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։

Հանդիպման նպատակն էր նպաստել խմբագրությունների կարողությունների զարգացմանը, փաստահենք լրագրության գործիքների կիրառմանը և ապատեղեկատվության դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների քննարկմանը՝ հատկապես առաջիկա քաղաքական գործընթացների նախաշեմին (ԱԺ և ՏԻՄ ընտրություններ)։

Բացման խոսքով հանդես եկավ Երևանի մամուլի ակումբի ծրագրի տնօրեն Վիգեն Սարգսյանը՝ ներկայացնելով ծրագրի նպատակներն ու մարզային գործընկերների դերը տեղեկատվական միջավայրի ամրապնդման գործում։

Հանրային հանդիպման առաջին հատվածում Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց Ազգային ժողովի ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման արդյունքները՝ անդրադառնալով լրատվամիջոցների աշխատանքում արձանագրված հիմնական միտումներին, մարտահրավերներին և մասնագիտական առաջարկություններին։

Այնուհետև Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի ծրագրերի ղեկավար Սեդա Առաքելյանը խոսեց Հայաստանում հետընտրական շրջանում ապատեղեկատվական միջավայրի առանձնահատկությունների, տեղեկատվական մանիպուլյացիաների տարածման մեխանիզմների և դրանց հակազդելու գործիքների մասին։

Օրվա երկրորդ կեսին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության ծրագրի տնօրեն Անի Եղիազարյանը ներկայացրեց մեդիայի և մեդիագրագիտության հիմնական սկզբունքները, ինչպես նաև լրագրողների և տեղեկատվություն սպառողների համար նախատեսված գործնական գործիքները, որոնք կարող են նպաստել տեղեկատվության ստուգման և վստահելի բովանդակության ստեղծմանը։

Հանդիպումն ավարտվեց բաց քննարկմամբ, որի ընթացքում ներկաները կարծիքներ են փոխանակել ներմարզային համագործակցության հնարավորությունների, խմբագրությունների միջև փորձի փոխանակման և փաստահեն լրագրության զարգացման ուղղությամբ համատեղ նախաձեռնությունների շուրջ։

«Երևանից անդին՝ փաստահենք մամուլ մարզային համայնքների համար» ծրագիրն իրականացվում է մարզային լրատվամիջոցների մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով։ Ծրագրում ընդգրկված են Տավուշի, Վայոց ձորի, Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի և Շիրակի մարզերը, ինչպես նաև ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները։

 




Դիլիջան-Իջևան ճանապարհի ջրհեղեղից վնասված հատվածներում շարունակվում են վերակառուցման աշխատանքները

Տավուշի մարզում շարունակվում են 2024 թվականի ջրհեղեղի հետևանքով վնասված Մ4, Դիլիջան-Իջևան միջպետական ավտոճանապարհի 10 ճանապարհահատվածների վերակառուցման աշխատանքները։ Վերականգնվող տեղամասերը ներառում են նաև Թեղուտ և Հաղարծին բնակավայրերի առանձին հատվածները։ Ծրագրի շրջանակում իրականացվում են հենապատերի կառուցման և վերականգնման, գետի հունի մաքրման, ինչպես նաև վնասված ճանապարհահատվածների ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքներ։

«Վերակառուցման ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվերով, իսկ շինարարական աշխատանքներն իրականացնում է «Մոստկոնտրակտ» ՍՊԸ-ն», – այս մասին տեղեկացնում են Դիլիջանի համայնքապետարանից։

Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Տավուշի և Լոռու մարզերում վարարել էին Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերը՝ առաջացնելով բազմաթիվ արտակարգ իրավիճակներ։ Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում Աղստև գետի վարարումը փլուզել էր երեք բնակելի տուն, ջրածածկել գետի ափամերձ տներն ու շինությունները, ինչպես նաև վնասել Մ4 Իջևան-Դիլիջան-Երևան միջպետական ավտոճանապարհի Հաղարծինի հատվածը։

 

Կարդացեք նաև՝




Հրդեհ Գետահովիտում․ այրվել է տան տանիքը

Հրդեհ Գետահովիտում․ այրվել է տան տանիքը

Հուլիսի 5-ին՝ ժամը 21։40-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ բնակավայրում տուն է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 22:34-ին։ Այրվել է տան տանիքը՝ մոտ 80 քմ։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տան տանիք:




ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը մեծ կյանք ճանապարհեց 301 շրջանավարտի

Հուլիսի 3-ին տեղի ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 2025-2026 ուստարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցում էին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ռեկտորի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը, ռեկտորի խորհրդական Վիգեն Խալատյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ԵՊՀ ԻՄ վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, շրջանավարտներ, ծնողներ, մարզի տարբեր ոլորտների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, հյուրեր: Այս մասին հայտնում են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից։

«Ձեր կրթությունը ձեզ տվել է մասնագիտություն, բայց կյանքը ձեզանից կպահանջի նաև կամք, բնավորություն, ազնվություն և պատասխանատվություն։ Հավատացե՛ք ձեր ուժերին, աշխատե՛ք համառորեն, մի՛ վախեցեք սխալվելուց և երբեք մի՛ դադարեք առաջ շարժվել, որովհետև հաջողությունը միշտ չէ, որ բաժին է հասնում ամենախելացիներին։ Շատ հաճախ այն հասնում է նրանց, ովքեր, անկախ ամեն ինչից, չեն դադարում քայլել»,- իր շնորհավորական խոսքում նշել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Մհեր Օթարյանը։

Այս տարի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը դեպի մեծ կյանք էր ճանապարհում 301՝ բակալավրիատի 276 (առկա ուսուցմամբ՝ 165, հեռակա ուսուցմամբ՝ 111) և մագիստրատուրայի (հեռակա ուսուցմամբ) 25 շրջանավարտների, որոնց պատվին կազմակերպվել էր տոնական միջոցառում՝ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն և ավարտական երեկույթ:




Իջևանի Երևանյան փողոցում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով

Ճանապարհային երթևեկության անվտանգությունն ու կազմակերպվածությունը բարելավելու նպատակով Երևան–Սևան–Իջևան միջպետական ավտոճանապարհի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում՝ շուկայի հարևանությամբ, տեղադրվել է լուսացույց։

Նպատակն է ապահովել հետիոտների և տրանսպորտային միջոցների անվտանգ ու կանոնակարգված տեղաշարժը, ինչպես նաև կարգավորել տվյալ հատվածում առկա ինտենսիվ երթևեկությունը։

Վարորդներին և հետիոտներին հորդորում ենք լինել ուշադիր, պահպանել ճանապարհային անվտանգության կանոնները։




Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունն Իջևան քաղաքում




Իջևան համայնքի տիրապետմանն են վերադարձվել 2 մշակույթի տների 2 տարածքներ

Տավուշի մարզի դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրություններով պարզվել է՝

  • Աչաջուր բնակավայրի Մշակույթի տան առաջին հարկի 31,9 քմ մակերեսով տարածքը, «Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ, ամսական 2000 դրամով հանձնվել է վարձակալության:
  • Գետահովիտ բնակավայրի Մշակույթի տան 9,2 քմ մակերեսով տարածքը, «Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ, ամսական 5000 դրամ վարձավճարով հանձնվել է վարձակալության:

Դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի կողմից վարձակալության պայմանագրերը լուծվել են, վարձակալության իրավունքի պետական գրանցումները չեղարկվել են և Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող՝ 31,9 քմ և 9,2 քմ մակերեսով անշարժ գույքերը:

 




Տավուշցիների ձայնն ուղիղ եթերում | Ժողովրդական խոսափողն Իջևանում

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Տավուշ Մեդիան նախընտրական, ընտրական և հետընտրական փուլերում իրականացնելու է համալիր գործողություններ՝ քաղաքացիների ձայնը բարձրաձայնելու, համայնքային և հանրային կարևոր խնդիրները վեր հանելու, դրանք Ազգային ժողովում ներկայացված լինելու համար պայքարող քաղաքական ուժերին ու դերակատարներին հասցեագրելու նպատակով:

Այս համատեքստում նախընտրական շրջանում իրականացնում ենք «Տավուշն է խոսում. ժողովրդական խոսափող» նախաձեռնությունը՝ հասկանալու, թե ինչն է այսօր կարևոր համայնքների համար, ինչ հարցեր ու խնդիրներ են հուզում մարդկանց և ինչպես կարելի է խթանել ավելի ակտիվ, իրազեկված ու պատասխանատու քաղաքացիական մասնակցությունը։

«Տավուշն է խոսում – ժողովրդական խոսափող» բաց հանրային հարթակն այսօր` մայիսի 27-ին, տեղակայվել էր Իջևանի Քանդակների այգում՝ դառնալով բնակիչների ձայնը լսելի դարձնելու կարևոր հարթակ։ Այստեղ հնչեցին Տավուշի մարզին հուզող ամենատարբեր հարցերը՝ սոցիալ-տնտեսական խնդիրներից ու անվտանգությունից մինչև կրթություն, երիտասարդության ներգրավվածություն, զբաղվածություն և համայնքային զարգացման այլ թեմաներ։

Բաց ձևաչափի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունեցավ բարձրաձայնելու իր մտահոգությունները, առաջարկներն ու ակնկալիքները:

 

 

 

 

 




Դիլիջան-Իջևան ճանապարհից Պարզ լիճ տանող հատվածում երթևեկությունը կսահմանափակվի

Մայիսի 30-ին անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարի շրջանակում ժամը 8-ից մինչև ժամը 13․00-ն Դիլիջան-Իջևան ավտոճանապարհից դեպի Պարզ լիճ տանող հատվածում երթևեկությունը կսահմանափակվի։

Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը։




Իջևան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 27-ին` ժամը 10։00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։
Խնդրում ենք չանհանգստանալ։