«Աշխատանքի արդյունավետ որոնում». դասընթացի հնարավորություն` Իջևանի երիտասարդների համար

«Անգլերենի ուսումնառություն և երիտասարդների զարգացում» ծրագրի շրջանակում «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում 2024 թ․ ապրիլի 22-ին և 23-ին կազմակերպում է երկօրյա անվճար դասընթաց «Աշխատանքի արդյունավետ որոնում. նախապատրաստում և գրագետ արձագանքում» թեմայով։

Դասընթացին կարող են մասնակցել Իջևան քաղաքի և հարակից համայնքների 18-35 տարեկան երիտասարդները, որոնք ցանկանում են զարգացնել գիտելիքներ ու հմտություններ իրենց աշխատանքային կարիերան պլանավորելու և սկսելու համար։

Դասընթացի ավարտին մասնակիցները կունենան պատրաստի ռեզյումե և մոտիվացիոն նամակի կառուցվածք, պատրաստ կլինեն ինքնուրույն փնտրել, գտնել աշխատանքի հնարավորություններ, արդյունավետ կերպով մասնակցել հարցազրույցների:
Ամբողջ ընթացքը լինելու է ինտերակտիվ, յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ կկազմակերպվեն գործնական աշխատանքներ և քննարկումներ:

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը հետևյալ հղումով:
Գրանցման վերջնաժամկետն է 2024 թ. ապրիլի 15-ը, ժամը 24:00:

Դասընթացը կվարի հավաստագրված ՄՌ մասնագետ և քոուչ Աննա Զարգարյանը (ավելի քան 10 տարվա փորձ ՄՌ-ի ոլորտում), դասընթացավար (ավելի քան 20 տարվա դասընթացավարի փորձ, վարել է ավելի քան 1000 դասընթաց ավելի քան 15000 մասնակցի համար, համագործակցում է ավելի քան 20 տեղական և միջազգային կազմակերպությունների հետ)։


Դասընթացը կազմակերպում է «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպությունը (www.ph-int.org) ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից հովանավորվող «Անգլերենի ուսումնառություն և երիտասարդների զարգացում» ծրագրի շրջանակում:




Փոքր դրամաշնորհային մրցույթ՝ Իջևան համայնքի բնակիչների համար

«Աղստևի Հովիտ» տեղական ակտիվ խումբը տարածքային զարգացման ՀԿ-ն հայտարարում է Սաղմնային դրամաշնորհ (մինչև 600 000 դրամ)։

Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ, Լուսահովիտ, Լուսաձոր, Դիտավան, Ազատամուտ, Այգեհովիտ, Կայան, Վազաշեն, Ակնաղբյուր, Աչաջուր, Սևքար, Սարիգյուղ, Բերքաբեր, Ծաղկավան, Աճարկուտ, Կիրանց բնակավայրերի բնակիչներին և տարածքում գործող կազմակերպություններին՝ սկսնակ նախաձեռնություններ խթանելու նպատակով։

Դիմելու վերջնաժամկետն է՝ 2024թ-ի ապրիլի 19-ը, ժ․ 09:00 (Երևանի ժամանակով):

Ուղարկեք ձեր հայտը aghstevihovitlag@gmail.com էլ․ փոստին։
Դրամաշնորհի հայտադիմումի ձևաթուղթը և ուղեցույցը հասանելի են հետևյալ հղմամբ:

Հայտը պարտադիր ներբեռնել, ապա մյուս անհրաժեշտ փաստաթղթերի հետ ուղարկել էլ․ փոստին aghstevihovitlag@gmail.com: 

Հարցերի դեպքում զանգահարել 041 311 319, 093713712 հեռախոսահամարին։

ԵՄ «Տեղացի դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» («EU-LEAD4Lori and Tavush», այսուհետ Ծրագիր) ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գործընկերությամբ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ։

 




«Հրամանատար, քո գործն անմահ է»․ խաչքարի բացում՝ ի հիշատակ կապիտան Արմեն Սահակյանի

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, կապիտան Արմեն Սահակյանը մարտի 31-ին 30 տարեկան կդառնար: Ի հիշատակ Արմենի՝ նրա ծննդյան օրը Իջևանում Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ խաչքար օծվեց: Խաչքարը տեղադրվել է Սահակյան ընտանիքի ջանքերով:

Արմեն Սահակյանը մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին և ոչ մի պարագայում իր զորքին թույլ չի տվել նահանջել դիրքերից: 2020 թվականին առանց երկմտելու և նույնիսկ ընտանիքի անդամներին հրաժեշտ տալու մեկնել է Արցախ՝ պաշտպանելու հյուսիսային հատվածի՝ Մատաղիսի դիրքերը: Մոտ մեկ ամիս հրամանատարին վայել հզորությամբ պահել է դիրքերը. զոհվել է Դրմբոնը պաշտպանելիս՝ հոկտեմբերի 28-ին, անօդաչու թռչող սարքի հարվածից: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։




Սուրբ Հարության տոնախմբությունը Լուսահովիտում

Ազգային երգ ու պար, ավանդական խաղեր ու հյուրասիրություն․ Մարտի 31-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը։ Ինչպես ամեն տարի, Հարության տոնը յուրովի է նշվել Տավուշի համայնքներում։ Տավուշ TV-ի նկարահանող խումբը եղել է Մորո Ձորո վանքում, որտեղ հավաքվել էին Լուսահովիտ, Խաշթառակ գյուղերի, Իջևան քաղաքի ու շրջակա բնակավայրերի պատանիներն ու երեխաները՝ միասին նշելու Սուրբ Հարության տոնը՝ ավանդական հավկիթախաղով ու երգ ու պարով։

Միջոցառումը նախաձեռնել էր Իջևանի «Ավանդույթ» երաժշտական դպրոցը։




«ՍՔԱՅ» երիտասարդական ակումբին անդամագրվելու հրավեր իջևանցի երիտասարդների համար

Իջևան քաղաքի և համայնքի բնակավայրերի երիտասարդների համար «ՍՔԱՅ ՆԵԹ» ծրագրի շրջանակներում «Լոֆթ Իջևան» երիտասարդկան կենտրոնը հրավիրում է մասնակցելու հանդիպմանը՝ ՍՔԱՅ ակումբի անդամների հավաքագրման նպատակով:

Ակումբը կգործի մեկ տարվա ընթացքում: Ակումբի նպատակը՝ երիտասարդների աշխատունակության և ձեռներեցության հմտությունների ձևավորումն է, ամենշաբաթյա քննարկումների, գործնական վարժությունների, նաև համայնքային ազդեցություն ունեցող ծրագրերի նախագծման և իրագործման շնորհիվ:

Ակումբի անդամները ակնկալվում են հանդիպել շաբաթական մեկ անգամ, 2-3 ժամով, նաև նախատեսվում են Հայաստանի այլ համայնքներում, նաև՝ Վրաստանում ու Մոլդովայում գործող ակումբների երիտասարդների հետ հանդիպումներ, միջոցառումներ, փորձի փոխանակում:

ՍՔԱՅ ակումբների «շարժումը» Վորլդ Վիժնի կողմից իրականցվում են մոտ 10 տարի:

Վերջնաժամկետը՝ ապրիլի 10։

Ցանկացողները կարող են գրանցվել այստեղ:




Անցկացվեց «Միասին ապրել, միասին սովորել» խորագրով համադպրոցական ինտելեկտուալ խաղը

Հավասար և ներառական սոցիալ-կրթական միջավայր՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար. Մարտի 22-ին «Լոֆթ Իջևան» երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ «Միասին ապրել, միասին սովորել» խորագիրը կրող դպրոցական ինտելեկտուալ խաղ-մրցույթը:

Համադպրոցական միջոցառմանը մասնակցում էին Իջևան համայնքի 9 հանրակրթական դպրոցների 7-ից 9-րդ դասարանի աշակերտները։ Ինտելեկտուալ խաղ-մրցույթը միտված էր հաշմանդամություն կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ոնեցող երեխաների համար հավասար և ներառական սոցիալ-կրթական միջավայրի ստեղծմանը։ Մրցույթի հաղթող ճանաչվեց Աչաջրի Հրանտ Թամրազյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը։ Աշակերտները որպես խրախուսական նվեր ստացան ուսումնական գրքեր և պատվոգրեր: Խաղի ընթացքում երաժշտական և գեղարվեստական կատարումներով հանդես եկան Ազատամուտի, Վազաշենի և Սարիգյուղի դպրոցների աշակերտները: Ինտելեկտուալ խաղ-մրցույթն իրականացնում է «Հույսի Կամուրջ» ՀԿ-ն ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից պատվիրակված ծառայությունների միջոցառումների շրջանակում՝ «Լոֆթ Իջևանի» հետ համագործակցությամբ։




Այգեհովիտցի Վաղինակ Թամրազյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն

Մարտի 24-ին Մոսկվայում ընթացող EBP բռնցքամարտի առաջնությունում այգեհովիտցի Վաղինակ Թամրազյանը, ով IBA վարկածով աշխարհի չեմպիոն է, հաղթանակ տոնեց Բրենդոն Դենեսի հետ մենամարտում և նվաճեց EBP վարկածով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։




Այգեհովիտում նշել են Ծաղկազարդը

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը նշանավորում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15):

Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:
Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10):

Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:
Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը: Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան Դրախտում:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:
Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին:
Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը:
Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:

Այգեհովիտ գյուղի Սբ. Հռիփսիմե եկեղեցում գյուղի հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Կարապետյանը մատուցել է տոնական Սուրբ պատարագը:




Տեղեկատվական ցուցանակներ` Իջևանի պատմամշակութային վայրերում

EU4Culture ծրագրի շրջանակներում Իջևան համայնքում գտնվող պատմամշակութային կոթողների տարածքում տեղադրվել են տեղեկատվական ցուցանակներ, որոնք կամրապնդեն այցելուների գիտելիքները մշակութային արժեքների մասին:

Լուսանկարներում`
Մակարավանք, Աչաջուր
Մորո Ձորո վանք, Լուսահովիտ
Սբ. Աստվածածին մատուռ, Աճարկուտ

 




Եռօրյա դպրոցական վիկտորինա՝ Իջևան համայնքի դպրոցականների համար

Բնագիտամաթեմաթիկական առարկաների հանդեպ հետաքրքրության բարձրացման նպատակով Իջևանում անցկացվեց եռօրյա դպրոցական վիկտորինա:

Վիկտորինաները հաջորդաբար նախատեսված են Նոյեմբերյան և Սիսիան համայնքների դպրոցականների համար: