Հանդիպում-քննարկում «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շուրջ

Հայաստանում 2017 թվականին մեկնարկած «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը, որի նպատակը բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված գործողություններին աջակցելն է՝ բնակիչների, սեփականատերերի՝ էներգիայի ու դրամական միջոցների էական տնտեսման, այդ թվում ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման համար։ Փետրվարի 20-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների հետ՝ ծրագրի մասին հավելյալ տեղեկություններ տրամադրելու, քննարկում ծավալելու ու հնարավոր հարցերին պատասխաններ հասցեագրելու նպատակով:

Ծրագիրը սերտորեն համագործակցում է Հայաստանի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության հետ՝ համաֆինանսավորելով պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակում համայնքների ներկայացրած հայտերը։

Էներգաարդյունավետ արդիականացումն օգնում է համայնքներին ու համայնքի բնակիչներին խնայել էներգիայի վրա ծախսվող ֆինանսական ռեսուրսների 20-50%-ը: Դիլիջանում 11 շենք է արդիականացվել, և ըստ համայնքապետի բնակիչների՝ էներգիայի վրա ծախսվող խնայողությունը կազմել է 40 տոկոս։

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրն իրականացնում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ և Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ։




Սոցիալ-տնտեսական մարտահրավերները Տավուշի սահմանամերձ բնակավայրերում

Քննարկման օրակարգում սահմանամերձ բնակավայրերի խնդիրներն են․ ՏավուշTV-ի տաղավարում Էռնեստ Խանումյանը «Կանաչ գյուղ» ձեռնարկության տնօրեն Գագիկ Աղաբաբյանի, Նորաշենի «Զովակ» հյուրատան հիմնադիր Գարիկ Փայտյանի ու «Աղստևի հովիտ» տեղական ակտիվ խումբ ՀԿ տնօրեն Կարինե Սարիբեկյանի հետ վերհանում է Տավուշի սահմանամերձ բնակավայրերում առկա մարտահրավերները, որոնք հետևանքներ են թողնում բնակչության սոցիալ-տնտեսական դրության վրա։

 




Քո իրավունքը | Աշխատանքային իրավունքներ

«Քո իրավունքը» հաղորդաշարի առաջին թողարկումը Աշխատանքային օրենսգրքում 2023 թվականին կատարված փոփոխությունների մասին է։
Ինչպես տեղեկացրել էինք՝ կարող եք ուղարկել Ձեզ հետաքրքրող հարցերն ու բողոքները: Մենք կբարձրաձայնենք Ձեր իրավական խնդիրները, կհուշենք լուծումները ու կպաշտպանենք Ձեր իրավունքը:

Գրեք մեզ՝ head@tavushmedia.am / vikasimonyan95@gmail.com էլ. հասցեներին, ք. Իջևան, Բլբուլյան 5 հասցեին կամ զանգահարեք՝ 055 01 04 01 հեռախոսահամարով:




Ակնաղբյուրում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում

Փետրվարի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում` ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Արցախից բռնի տեղահանված և Տավուշի մարզում վերաբնակեցված Միխայելյանների ընտանիքում տղա է ծնվել

Փետրվարի 15-ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Տավուշի մարզի Ազատամուտ բնակավայրում վերաբնակեցված Միխայելյանների ընտանիքում տղա է ծնվել։

Փոքրիկը լույս աշխարհ է եկել Իջևանի բժշկական կենտրոնում՝ 3,500 գրամ քաշով, 50 սմ հասակով։ Նորածին Վրույր Միխայելյանը ընտանիքի երրորդ զավակն է։ Ավագ երեխաները աղջիկներ են։




Թամզարա 6 – Բուն Բարեկենդան

Իջևանի երիտասարդների ստեղծած «Թամզարա» նախաձեռնությունն արդեն 6-րդ անգամ միավորեց բոլորին: Ջերմ, ընկերական, ազգային երգ ու պարով հագեցած անցավ Բուն Բարեկենդանի տոնին նվիրված հերթական միջոցառումը։




Տյառնընդառաջի տոնը Տավուշում

Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորիս։ Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու տոնը՝ Տյառնընդառաջը։

Տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակը: Եկեղեցու կանթեղից վերցված կրակով խարույկ է վառվում իբրև լույսի խորհրդանիշ։

Տավուշի մարզի համայնքներում Տյառնընդառաջի խորհրդով արարողություններ են կատարվել. ներկայացնում ենք լուսանկարներ:

Տյառնընդառաջի նախատոնակ Աչաջուր գյուղում:

Տյառնընդառաջի նախատոնակը սահմանամերձ Բերքաբեր գյուղում:

Տյառնընդառաջի նախատոնակը Աճարկուտ գյուղում:




Տավուշի մարզում նշել են Բարեկենդանի տոնը

Բարեկենդան

Հայ Առաքելական եկեղեցին փետրվարի 11-ին նշել է Բարեկենդանի տոնը։ Բարեկենդան, որ բառացի նշանակում է բարի կենդանություն, ուրախություն, մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Որպես ժողովրդական տոնախմբության օր` Բուն Բարեկենդանին, բնորոշ է կերուխում, տարբեր խաղեր՝ ձիարշավ, սրախաղ, թատերախաղ, տարբեր կենդանիների դիմակներով տոնախմբություն։

Իջևանում՝ համայնքի բնակիչները ու այլ մարզերից Տավուշ այցելած հյուրերի հետ միասին նշել են Բարեկենդանի տոնը «Թամզարա» մշակութային նախաձեռնության հերթական միջոցառման կյանքի կոչմամբ, որն ուղեկցվել է ազգային երգուպարով, խաղերով։

«Մընք մըրունցով հվաքվիցինք գյուղամիջումը, հըրսանիք արինք, ազգային պարեր պար եկանք, երգեցինք, հաղ-մաղ արինք, վերջում Խանփաշային էլ մի լավ տաս տըվինք։ Ամենավերջում էլ մըր տատըրի ու մամանըրի սարքած փսալին, խավիծը, կյաթեն, փախլավըն ու էլի լիքը լավ պաներ կըրանք․»

Սահմանամերձ Այգեձոր գյուղում ևս նշել են Բարեկենդանի տոնը։ Օրվա մասին մեզ պատմելու է Տավուշ Մեդիայի թղթակից Անահիտ Մակյանը։

Սիրելի հետևորդներ, կարող եք մեզ ուղարկել Բարեկենդանի տոնից լուսանկարներ ու տեսանյութեր, և դրանք կհայտնվեն մեր եթերում ու էջերում:




Փետրվարի 11-ին Իջևանում կնշվի Բարեկենդանի տոնը

Բարեկենդանը ազգային ուրախ տոնակատարությամբ՝ երգերով, պարերով և իհարկե հետաքրքիր խաղերով նշելու նպատակով, փետրվարի 11-ին Իջևանում նախաձեռնվել է տոնին համահունչ միջոցառում։

Ազգային տոնը կնշվի «Վարը Վարենկ» համույթի և Իջևանի երիտասարդների կողմից ստեղծված «Թամզարա» մշակութային նախաձեռնության մասնակցությամբ։
Մեկնարկը ՝ ժամը 13։30-ին՝ Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակից, անմիջապես Սուրբ Պատարագից հետո։
Մուտքն ԱԶԱՏ է




Էկոպարեկային ծառայության կողմից հայտնաբերվել են ապօրինի ածխահորեր և փայտանյութ

Տավուշի մարզի Իջևան համայնքի Ազատամուտ բնակավայրի հարակից տարածքում հայտնաբերել են տասից ավելի ածխահորեր, 83 խմ տարբեր տեսակի հատված ծառեր, 335 պարկ արդեն պատրաստի վիճակում փայտածուխ։ Խախտումները հայտնաբերվել են Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության ներքին անվտանգության վարչության, Տավուշի մարզային վարչության Իջևանի տեղամասի և Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված համատեղ աշխատանքների արդյունքում: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:

Ըստ հաղորդագրության՝ հայտնաբերված փայտանյութի, ինչպես նաև ածխահորերի գործունեության օրինականությունը հավաստող փաստաթղթեր առկա չեն եղել: Ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչաական մարմնի Տավուշի տարածքային բաժնի կողմից կազմված արձանագրության՝ պետությանը պատճառված վնասի չափը նախնական տվյալներով կազմել է 3 միլիոն 287 հազար 990 դրամ:

Նախապատրաստված նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն: