Իջևանում բացվեց հուշաղբյուր՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված Էդգար Սարգսյանի հիշատակին

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Էդգար Սարգսյանը դեկտեմբերի 3-ին 35 տարեկան կդառնար: Ի հիշատակ Էդգարի՝ նրա ծննդյան օրը Իջևանում բացվեց հուշաղբյուր, որը կառուցվել է ընկերների նախաձեռնությամբ ու աջակցությամբ: Հուշաղբյուրի բացման և խաչքարի օծման արարողությունը իրականացրեց Իջևանի հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը:
Էդգար Սարգսյանը 2020 թվականին անցնելով սահմանից սահման՝ մասնակցել է Արցախի պաշտպանության մարտերին, զոհվել հոկտեմբերի 4-ին՝ Մատաղիսում: Կյանքով ու էներգիայով լի, համեստ ու ընկերասեր. այսպես են հիշում Էդգարին իր հարազատներն ու ընկերները: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար Էդգար Սարգսյանին հետմահու շնորհվել է «Մարտական ծառայություն» մեդալը:




«Եղի՛ր ուժ մեր երկրի համար» հանրային իրազեկման արշավի միջոցառումը Իջևանում էր

Ներքին գործերի նախարարության «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» հանրային իրազեկման արշավի հերթական միջոցառումը դեկտեմբերի 1-ին Իջևանում էր։ Ոստիկանության նվագախմբի երաժշտության հնչյունների ներքո ներքին գործերի նախարարի, Տավուշի մարզային ու համայնքային իշխանությունների, ուժային կառույցների ներկայացուցիչների հետ մի խումբ քաղաքացիներ քայլերթով շարժվեցին դեպի Իջևանի կենտրոնական հրապարակ։ Իր ելույթում  Ներքին գործերի նախարարը նշեց, որ Պարեկային ծառայության կազմավորումը Հայաստանում կարևոր ձեռքբերում էր, և այս ծառայությունը հետագայում պետք է զարգանա։

Հանրային իրազեկման արշավը մինչ այս իրականացվել է մայրաքաղաքում, Լոռու և Արագածոտնի մարզերում, Տավուշից հետո հաջորդ կանգառը Գեղարքունիքն է։ Մայոր Ալիխանյանը հանրապետության առաջին կին դասակի հրամանատարն է, ով իր ծառայությունն իրականացնում է Դիլիջանում։ Նա իր փորձառությունն էր կիսում հայրենակիցների հետ։

Իրազեկման արշավի ժամանակ Տավուշի մարզային գումարտակի պարեկները քաղաքացիներին ներկայացրեցին իրենց ծառայության առանձնահատկությունները, ինչպես նաև օգտագործվող  տեխնիկական միջոցները։ Պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու համար  Ներքին գործերի նախարարության կրթահամալիրում  ուսուցման ընդունելության դիմումներն ընդունվում են մինչև այս տարվա դեկտեմբերի 15-ը։

 




Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզում

Երկրաշարժ Ադրբեջանի՝ Մինգեչաուր քաղաքից 31 կմ հյուսիս-արևմուտք։

Նոյեմբերի 29-ին, ժամը 19:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15:49-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.95⁰ և արևելյան երկայնության 46.75⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Մինգեչաուր քաղաքից 31 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4․5 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան և Բերդ քաղաքներում, Ազատամուտ գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ։




Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Տավուշի մարզ

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 28-ին այցելել է Տավուշի մարզ։ Այցի շրջանակում դեսպանը կանգ է առել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում։ Մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա․ Մակարյանի հետ հանդիպմանը քննարկվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ֆրանսերենի դասավանդման կազմակերպմանը, մարզում ֆրանսերենի զարգացմանը, դեսպանատան հետ համագործակցության խորացմանը վերաբերող հարցերը։ Այնուհետև տեղի է ունեցել դեսպանի գլխավորած պատվիրակության, բուհի ղեկավարության ու Ֆրանսերեն լեզվի և գրականության սեկցիայի դասախոսների հանդիպումը մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի մի խումբ ուսանողների հետ:

Դեսպան Օլիվիե Դըկոտինին ներկա է գտնվել նաև Գանձաքար բնակավայրում ֆերմերների համար ստեղծվելիք ուսումնական կենտրոնի բացման արարողությանը։

 




Դիտավանը նոր ճանապարհ ունի

Ավարտվել է Տավուշի մարզով անցնող Տ-10-32, /Մ-4/ – Դիտավան ավտոճանապարհի կմ 0+000 – կմ 3+100 հատվածի հիմնանորոգումը. այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:

3.1կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Կապալառու կազմակերպությունը նորոգել է ճանապարհային հագուստը‚ կառուցել է իջատեղեր ու մուտքեր‚ լրացվել-հարթեցվել են կողնակները‚ նորոգվել են հենապատերը‚ կոյուղագիծը‚ ջրահեռացման համակարգը‚ տեղադրվել են անվտանգության էլեմենտներ։




Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և հերթական հանդիպումը տեղի է ունենալու նոյեմբերի 30-ին՝ հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում: Այդ մասին հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

 




Ճանաչել հեռուստատեսությունը․ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Տավուշ Մեդիայում էին

Տավուշ Մեդիայի աշխատակազմը կրկին հյուրընկալել էր երիտասարդների: Ուսումնաճանաչողական այցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները նոյեմբերի 28-ին գտնվում էին Տավուշ Մեդիայի ստուդիայում: Այցի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել Տավուշ Մեդիայի աշխատանքներին:
Տավուշ Մեդիայի աշխատակազմը ուսանողներին ծանոթացրեց հեռուստատեսային արտադրանքի ստեղծման փուլերին, ներկայացրեց հեռուսատահաղորդումների պատրաստման, մոնտաժման, եթեր հեռարձակման գործընթացը: Ուսանողները նաև ծանոթացան տաղավարային հաղորդումների պատրաստման փուլերին: Այցի ընթացքում ուսանողները կիսվեցին իրենց մտքերով ու առաջարկներով, թե ինչ կցանկանան տեսնել Տավուշ ՀԸ եթերում: Ուսանողությանը ներկայացրինք նաև Տավուշում հեռուստատեսության առկայության կարևորությունը։

Ուսումնաճանաչողական այցը ամփոփվեց գիտելիքների ու փորձի ներկայացմամբ. ուսանողներին ներկայացվեց մեդիայի ու մեդիագրագիտությանն առնչվող թեմաները:




Համո Սահյան․ «Կուզես պայթիր, կուզես ճչա»․ Տավուշոտ պոեզիա

Տավուշոտ պոեզիա՝ մեր եթերում։
Համո Սահյան․ «Կուզես պայթիր, կուզես ճչա»

Կուզես պայթիր, կուզես ճչա,
Քեզ մարդու տեղ դնող չկա,
Զգույշ, գլխիդ փորձանք չգա,
Սիրտ, անցել է սրտի դարը:
Էլ չեն երդվում քո արևով,
Չեն տաքանում քո բարևով,
Էլ չես վառում դու վառվելով
Սիրտ, անցել է քո հազարը:
Ինչքան տխրես, ինչքան ժպտաս
Ինչքան խփես ու թպրտաս,
Միևնույն է, տանուլ կտաս,
Էլ չի բերում, սիրտ քո զարը:
Միտքն է հիմա սերն աշխարհի,
Աշխարհակալ տերն աշխարհի,
Բեռնակիրն ու բեռն աշարհի,
Եվ աշխարհի ճանապարհը:




«Հայկական տարազ և հայկական զարդանախշերի խորհրդաբանություն» խորագրով բանախոսություն Իջևանում

Նոյեմբերի 19-ին Տավուշի թեմի առաջնորդարանի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնում կայացավ «Հայկական տարազ և հայկական զարդանախշերի խորհրդաբանություն» խորագրով բանախոսությունը, որը վարեց ազգագրագետ, ոճաբան-դիզայներ Վահե-Սեմա Քոթանյանը: Էթնիկ հայկական տարազի և զարդանախշերի աշխարհը հարուստ է և բազմազան, իսկ դրանց խորհրդաբանական մեկնությունը՝ առավել հետաքրքական։ Բանախոսության նպատակն էր ներկաներին իրազեկել և ծանոթացնել հայկական յուրահատուկ տեքստիլ և ճիշտ տարազային մշակույթի հետ ՝ թիրախավորելով Սյունիք-Արցախյան տարազախումբը , բարձրացնելով մեդիա դաշտում մշակույթի հանդեպ մեդիագրագիտությունը, որը կանխելու ձև է ներկայիս թշնամական մշակութային ինտեգրմանն ու կեղծիքին :

Ծրագիրը կազմակերպել էր VANI ART Studio-ն՝  EU4Culture ծրագրի շրջանակներում։




Մշակույթի ոլորտի խնդիրները՝ սահմանամերձ բնակավայրերում

Մշակույթի ոլորտի խնդիրները Տավուշի սահմանամերձ բնակավայրերում․ Քննարկում ՏավուշTV-ի եթերում

Տավուշ TV-ի տաղավարում Էռնեստ Խանումյանը Իջևանի համայնքապետարանի կրթության, մշակույթի ու երիտասարդության բաժնի պետ Լիլիթ Ղալումյանի, Բերդի համայնքային մշակույթի տան տնօրեն Արմեն Մելիքյանի ու Ոսկեվանի մշակույթի կենտրոնի տնօրեն Արթուր Մելքոնյանի հետ վերհանում է Տավուշի սահմանամերձ բնակավայրերում մշակույթի զարգացմանն խանգարող մարտահրավերները, դրանք հաղթահարելու ճանապարհներն ու հեռանկարները։
Մեկնաբանություններում կիսվե՛ք թեմայի վերաբերյալ ձեր կարծիքներով․ գրե՛ք և միացե՛ք քննարկմանը։