«Յուքոմի» տան ամենաարագ ինտերնետը և ամենաշատ հեռուստաալիքներն հասանելի են Իջևանում

«Ucom» ընկերության կողմից մատուցվող տան ամենաարագ ինտերնետը և ամենաշատ հեռուստաալիքներն այսուհետ հասանելի են Տավուշի մարզի Իջևան քաղաքում: Իջևանի համայնքապետարանում կայացած հանդիպմանը «Ucom» ընկերության գլխավոր տնօրենը նշեց, որ ընկերությունը չի դադարում անընդհատ կատարելագործվել և մեծացնել որակյալ կապի ապահովման աշխարհագրությունը: Դա Յուքոմի համոզմունքն է ու ռազմավարությունը:

Իջևանի բնակչությունն արդեն կարող է օգտվել «Ucom» ընկերության ամենապահանջված երեք ծառայություններից` շարժական հեռախոսակապից, տան ինտերնետից և հեռուստատեսությունից մեկ փաթեթում: «Ucom»-ը մարզերի համար մշակել և առաջարկում է հատուկ պայմաններով փաթեթ՝ լավագույն գնով՝ ամսական ընդամենը 8000 դրամով: Քաղաքացիները Unity մարզային փաթեթին մինչև 2024թ. հունվարի 31-ը բաժանորդագրվելու դեպքում երեք ամիս անվճար կօգտվեն փաթեթի ծառայություններից:

Օրդինյանների ընտանիքը Unity փաթեթի առաջին բաժանորդն է․ «Ucom» գլխավոր տնօրենը այցելեց նաև իջևանցի Երեմ Օրդինյանի առանձնատուն, ընտանիքին հանձնելով փաթեթից 6 ամիս անվճար օգտվելու հավաստագիրը։ Թե՛ բնակարաններում և թե՛ առանձնատներում ֆիքսված ինտերնետի միացումը կատարվում էընդամենը 3 օրվա ընթացքում: Unity փաթեթով տրամադրվում է մինչև 150 Մբիթ/վրկ արագությամբ տան ինտերնետ՝ նոր սերնդի Wi-Fi 6 սարք, 210-ից ավելի հեռուստաալիք, 1000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, ԱՄՆ և Կանադա զանգելու համար, 20 ԳԲ շարժական ինտերնետ, իսկ Facebook, Instagram, Tiktok, Viber, WhatsApp, Тelegram և ևս 22 ամենահայտնի բջջային հավելվածներից օգտվելը կլինի անվճար։




Ֆուտբոլը՝ հանուն հավասար հնարավորությունների․ մրցաշար Իջևանում

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության «Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» ծրագրի աշնանային մրցաշրջանը կրկին ֆուտբոլի դաշտում էր միավորել իջևանցի երեխաներին՝ պայքարելու մրցաշրջանի գավաթի համար։ Սպորտային նախագծի հիմքում ֆուտբոլի միջոցով հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը նպաստելն է։
«Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» նախագիծը երախաներին հնարավորություն է տալիս զբաղվել սպորտով, և այդ միջոցով բարելավել ֆիզիկական ու մտավոր կարողությունները, զարգացնել սոցիալական հմտություններն ու ինքնավստահությունը։

Դպրոցական թիմերում ընդգրկված էին Իջևանի թիվ 1, թիվ 3, թիվ 4 և թիվ 5 հիմնական դպրոցների աշակերտները, որոնց կազմում էին նաև արցախցի աշակերտները։ Ֆուտբոլային թիմերի սեղծմամբ ծրագիրը նպաստում է նաև հանրակրթական դպրոցների երեխաների ինքնագնահատականի, ինքնավստահության բարձրացմանը, նոր ընկերների ձեռքբերմանը և իրենց առջև դրված նպատակների իրականացմանը։

Մրցապայքարում հաղթող ճանաչվեց Իջևանի երրորդ դպրոցը՝ ստանալով առաջին մրացանակը։ «Ֆուտբոլը՝ հանուն հավասար հնարավորությունների Հայաստանում» ծրագիրը իրականացնում է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը՝ «Երեխաների համար ՈՒԵՖԱ հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ։




Շուրջ 45 տոննա մարդասիրական օգնություն Արցախից բռնի տեղահանված ավելի քան 15,000 հայրենակիցներին

Հայ օգնության ֆոնդը 2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Արցախից բռնի տեղահանված մեր՝ ավելի քան 15,000 հայրենակիցներին տրամադրել է մարդասիրական աջակցություն։

Մարդասիրական աջակցություն` այդ թվում 1,200 սննդի և հիգիենայի փաթեթներ, 480 անջրանցիկ տաք բաճկոններ, 200 ծալովի մահճակալներ, 1,300 անկողնային հավաքածուներ, 500 էլեկտրական տաքացուցիչներ, 400 դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ են ստացել Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում, Տավուշի մարզի Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջաններում, Լոռու մարզի Փամբակ համայնքում, Արարատի մարզի Մասիս խոշորացված համայքում, Վայոց ձորի Վայք և Արագածոտնի մարզի Բյուրական համայնքներում ապաստանած արցախցի ընտանիքները։

Արցախցի հայրենակիցներին սատար կանգնելուն ուղղված արագ արձագանքման գործողություններին զուգահեռ՝ Հայ օգնության ֆոնդը մեկնարկելու է նաև երկարաժակետ և համապարփակ ծրագիր, որի նպատակն է կայուն ու թիրախային սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերել հայրենակիցներին՝ այդ թվում երեխաներին ու տարեցներին, անցկացնել բուժաշխատողների վերապատրաստման և մասնագիտական զարգացմանն ուղղված դասընթացներ, խթանել ընտանեկան ձեռներեցությունն ու ինքնազբաղվածությունը, հնարավորություն ընձեռել միջին մասնագիտական ու բուհական կրթություն ստանալ ցանկացող երիտասարդներին։

«Որպես մարդասիրական լայնածավալ աշխատանքեր իրականացնելու փորձ ունեցող  կազմակերպություն՝ Հայ օգնության ֆոնդը հանձնառու է կանգնել արցախցի մեր եղբայրների և քույրերի կողքին թե՛ այս կրիտիկական պահին, և թե՛ հետագայում», – նշել է ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը՝ շեշտելով, որ մարդասիրական աջակցությունը շարունակական բնույթ է կրելու՝ հաշվի առնելով տեղահանված ընտանիքների կարիքներն ու բնակության վայրը։  




Աղստև գետի մաքրությունը կվերահսկվի տեսախցիկներով

Աղստև գետի մաքրությունը կվերահսկվի տեսախցիկներով:

Իջևան քաղաքի Երևանյան և Աբովյան փողոցները կապող կամրջին (շուկայի հարևանությամբ) տեղադրվել են տեսախցիկներ` Աղստև գետի աղտոտման դեպքերին հետևելու նպատակով։ Իջևանի համայնքապետարանի տեղեկացմամբ` տեսաձայնագրության միջոցով կարգազանց բոլոր տնտեսվարողների և քաղաքացիների վարչական պատասխանատվության արձանագրությունները կլինեն ավելի փաստարկված։

Վարչական տուգանքի չենթարկվելու համար, համայնքապետարանը հորդորում է պահպանել շրջակայքի մաքրությունը և աղբը չնետել չսահմանված վայրերում։

Լուսանկարը՝ Իջևանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։




Իջևանի «M» պարային համույթը՝ «Հայասա» մրցույթ-փառատոնի հաղթող

Իջևանի «M» պարային համույթը, մասնակցելով «Հայասա» ազգային մշակույթի պահպանման առաջին համահայկական մրցույթ-փառատոնի բոլոր փուլերին, հաղթող է ճանաչվել եզրափակչում՝ Իջևան բերելով փառատոնի ոսկե մեդալը: «Հայասա» մրցույթ-փառատոնը անցկացվել է մի քանի բաժիններով՝ երգարվեստ, ասմունք, ստեղծագործական, կերպարվեստ և պարարվեստ:
Պարային համույթի սաները նախ մասնակցել են փառատոնի նախընտրական փուլին, որից հետո ստացել են հնարավորություն մասնակցելու բուն մրցույթ-փառատոնին՝ ներկայացնելով «Նազանի» հայկական պարը: Սաներից շատերը առաջին անգամ էին մասնակցում նմանատիպ մրցույթի, և նման հաղթանակը առաջին հերթին ոգևորության նոր աղբյուր է:

Պարային համույթը գործունեություն սկզբից առ այսօր բազում մրցույթների է մասնակցել. այդ մասին վկայում են նաև պատին փաքցված պատվոգրերն ու մասնակցության հավատագրերը: «Հայասա» ազգային մշակույթի պահպանման առաջին համահայկական մրցույթ-փառատոնի կողմից պարային համույթը ստացել է ոսկե մեդալ ու շնորհակալագիր՝ հայ արվեստի պահպանման գործում ներդրած ավանդի համար:




«Ֆինտեք Էթիկա» երկօրյա արագացված դասընթաց՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

«OurExchangeClub» կրիպտոարժույթի փոխանակման միջազգային նորարարական ընկերության նախաձեռնությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում նոյեմբերի 7-8-ին իրականացվեց «Ֆինտեք Էթիկա» երկօրյա արագացված դասընթացը: Երկօրյա դասընթացի նպատակն էր հասարակության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումը և նորարարական ոլորտում ընկերության տասնամյա գործունեության ընթացքում կուտակված գործնական գիտելիքների ու ոլորտային փորձառության ներկայացումն ու փոխանցումը:

Դասընթացին ներգրավված էին ֆինանսական ոլորտին առնչվող ավելի քան 80 մասնակիցներ, որոնց մեծ մասը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներն էին: «Ֆինտեք Էթիկա» երկօրյա արագացված դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվեցին հետևյալ թեմաները՝ «Փողի էվոլյուցիա», «Էլեկտրոնային փող», «Բանկային քարտեր», «Բանկոմատներ», «Օնլայն գնումներ», «Բլոկչեյն», «Կրիպտոարժույթ», «Կրիպտոպանակներ» և «Կրիպտոընկերություններ», թեմաների ներկայացմանը զուգահեռ քննարկումներ ծավալվեց նաև բանախոսի ու մասնակիցների միջև:

Դասընթացը մասնակիցների համար հնարավորություն էր հաղորդակցվելու ֆինտեք ոլորտի նորարար և հետաքրքիր տեղեկություններին, ավելացնելու գիտելիքները ոլորտի զարգացման միտումների վերաբերյալ և զերծ մնալու մի շարք ռիսկերից: Ծանոթանալով ֆինտեք ոլորտում ճիշտ, արագ և անվտանգ որոշումներ կայացնելու եղանակներին, դասընթացի ավարտին մասնակիցներին տրվեց մասնակցության հավաստագրերը:




Սարիգյուղի միջնակարգ դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Ցողիկ Մանուկյանը ծննդյան 100-ամյակն է տոնել

Սարիգյուղի միջնակարգ դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Ցողիկ Մանուկյանը օրերս տոնել է ծննդյան 100-ամյակը: Հարյուրամյա հոբելյանը Ցողիկ Մանուկյանը նշել է իր հարազատ ու սիրելի կրթոջախում՝ Սարիգյուղի միջնակարգ դպրոցում, որտեղ դասավանդել է ավելի քան 50 տարի: Վասատակաշատ մանկավարժի աշակերտները, համագյուղացիները հոկտեմբերի 30-ին հավաքվել էին Սարիգյուղի դպրոցում՝ շնոհավորելու ընկեր Մանուկյանի 100 ամյակը: Պետք է սիրել աշխատանքը՝ բարձր արդյունքների համար, – այս միտքն է ուսուցչուհու կեսդարյա աշխատանքի ուղերձը:

Ցողիկ Մանուկյանը դպրոցում դասավանդել է քիմիա և կենսաբանություն առարկաները: Որպես երկարամյա աշխատանքի գնահատական դպրոցի քիմիայի և կենսաբանության կաբինետը անվանակոչվեց վաստակաշատ ուսուցչուհու անվամբ: Վաստակաշատ մանկավարժ և պատվավոր սարիգյուղացի Ցողիկ Մանուկյանը Իջևանի համայնքապետի կողմից ստացավ շնորհակալագիր՝ սերունդների կրթության ու դաստիարակության գործում անմնացորդ նվիրման և 50 տարվա մանկավարժական գործունեության համար:




«Երիտասարդ քաղաքացի». Տավուշ Մեդիայի նոր նախագիծը

Տավուշ Մեդիան մեկնարկում է «Երիտասարդ քաղաքացի» ծրագիրը, որի նպատակներն են երիտասարդների քաղաքացիական կրթության և մասնակցության մասին իրազեկվածության բարձրացումը, երիտասարդների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների միջև երկխոսությունների և քննարկումների համար հարթակի ստեղծումը և մարզում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպություններում երիտասարդների մասնակցության աճը։

«Երիտասարդ քաղաքացի» նախագծի շրջանակներում կազմակերպվելու է պանելային քննարկում, որի համար պետք են թեմաներ և մասնակիցներ ընտրվեն։ Շատ կարևոր է, թե ովքեր կմասնակցեն քննարկմանը և ինչ հարցեր կառաջադրեն։

Ցանկանում ենք Ձեզ հետ միասին ճշտել, թե ովքեր կարող են մասնակցել այդ քննարկմանը, ինչ հարցեր են հուզում երիտասարդությանը, և արդյունավետ ու օգտակար քննարկում կազմակերպելու համար, խնդրում ենք լրացնել նշված հարցումը:

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdnpg1hkv4ZKb-EzTGpeOvj2oyD7_XWLT5K7SLIRblXuPJ1_A/viewform?usp=pp_url

 




Իջևանի «Նիկարմ» ֆուտբոլային ակումբը՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլում

Իջևանի «Նիկարմ» ֆուտբոլային ակումբը ֆուտբոլային պատմության մեջ առաջին անգամ մասնակցում է Հայաստանի ֆուտբոլի պրոֆեսիոնալ առաջնությանը։ Բարեհաջող անցնելով Ֆուտբոլի ֆեդերացիայի արտոնագրման փուլը, «Նիկարմ» ակումբին հնարավորություն է տրվել մասնակցելու Ֆուտբոլի Առաջին խմբի մրցաշարին։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցաշարին մասնակից դառնալը եղել է «Նիկարմի» կարևորագույն նպատակներից։
«Նիկարմ» ակումբի կազմում հիմնականում տավուշցիներ են․ ակումբը հնարավորություն է տալիս այս միջոցով զբաղվել պրոֆեսիոնալ ֆուտբոլով և գնալ իրենց ֆուտբոլային կարիերայի հետևից։

Թիմի կազմում կան նաև երևանաբնակ ու արտերկրից ժամանած ֆուտբոլիստներ, ովքեր իրենց փորձառությամբ են կիսվում։
Տոմոյա Շիմամուրան, ով թիմի հարձակվողն է, եկել է Ճապոնիայից։
-Նիկարմը լավ թիմ է, նոր է ձևավորվել թիմը, ու բոլորս ձգտում ենք հասնել առավելագույնին, և հավատում ենք, որ քայլ առ քայլ կարող ենք ունենալ առաջընթաց ու ձեռքբերում։ Գիտեք, ֆուտբոլում կարևոր է թիմային աշխատաքը, որը մեզ մոտ ստացվում է։ Հայաստանը ինձ շատ է դուր եկել, ու այստեղ ինձ լավ եմ զգում, հատակապես մարդկանց շնորհիվ, – նշում է ճապոնացի ֆուտբոլիստը։

Որն է հաջողության հասնելու ճանապարհը․ մեր հարցին ի պատասխան թիմի մարզիչը նշում է անդադար աշխատելը։ Վերջին տարիներին «Նիկարմ» ակումբը աննախադեպ թվով թիմեր է ձևավորվել Տավուշի մարզի տարբեր քաղաքային ու գյուղական բնակավայրերում, ովքեր խաղում են Սիրողական լիգայում, ներկայացված են մանկապատանեկան առաջնություններում, կանանց ֆուտբոլում․ այժմ նաև՝ ֆուտբոլի պրոֆեսիոնալ Առաջին խմբի առաջնությունում։
«Նիկարմ» ակումբը զարգացնում է ֆուտբոլը Տավուշում։ «Տավուշի մարզում ֆուտբոլի զարգացումը անխուսափելի է»․ այս կարգախոսն Նիկարմի ավելի քան 23 տարվա գործունեության նպատակակետը։




«Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլը՝ Իջևանի երաժշտական դպրոցում

Հոկտեմբերի 6-ին Իջևանի երաժշտական դպրոցը «Քույր-դպրոցներ» ծրագրի շրջանակներում հյուրընկալել էր Երևանի Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաներին և մանկավարժներին:
Իջևանի երաժշտական դպրոցն արդեն արդեն 4-րդ քույր դպրոցի հետ է համագործակցում: Այս տարի համերգային ծրագրին մասնակցում են նաև Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի երաժշտական դպրոցների աշակերտները: Համերգի ընթացքում հնչել են հայ և համաշխարհային հեղինակների ստեղծագործություններ: Մանկավարժների և ոլորտի պատասխանատուների համար ծրագիրը դարձել է փորձի փոխանակման, խորհրդատվության, կարևոր հարցերի շուրջ քննարկումներ կազմակերպելու և առաջարկություններ ներկայացնելու մշտառկա ու գործող հարթակ:
Ծրագրի շնորհիվ Երևանի և Հայաստանի մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների սովորողները հնարավորություն են ստանում մեկտեղելու իրենց կարողությունները, հանդես գալու համատեղ ստեղծագործական ծրագրերով: Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 3-ից մեկնարկել է Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլը: