Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Տավուշի մարզ

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 28-ին այցելել է Տավուշի մարզ։ Այցի շրջանակում դեսպանը կանգ է առել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում։ Մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա․ Մակարյանի հետ հանդիպմանը քննարկվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ֆրանսերենի դասավանդման կազմակերպմանը, մարզում ֆրանսերենի զարգացմանը, դեսպանատան հետ համագործակցության խորացմանը վերաբերող հարցերը։ Այնուհետև տեղի է ունեցել դեսպանի գլխավորած պատվիրակության, բուհի ղեկավարության ու Ֆրանսերեն լեզվի և գրականության սեկցիայի դասախոսների հանդիպումը մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի մի խումբ ուսանողների հետ:

Դեսպան Օլիվիե Դըկոտինին ներկա է գտնվել նաև Գանձաքար բնակավայրում ֆերմերների համար ստեղծվելիք ուսումնական կենտրոնի բացման արարողությանը։

 




Դիտավանը նոր ճանապարհ ունի

Ավարտվել է Տավուշի մարզով անցնող Տ-10-32, /Մ-4/ – Դիտավան ավտոճանապարհի կմ 0+000 – կմ 3+100 հատվածի հիմնանորոգումը. այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:

3.1կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Կապալառու կազմակերպությունը նորոգել է ճանապարհային հագուստը‚ կառուցել է իջատեղեր ու մուտքեր‚ լրացվել-հարթեցվել են կողնակները‚ նորոգվել են հենապատերը‚ կոյուղագիծը‚ ջրահեռացման համակարգը‚ տեղադրվել են անվտանգության էլեմենտներ։




Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և հերթական հանդիպումը տեղի է ունենալու նոյեմբերի 30-ին՝ հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում: Այդ մասին հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

 




Ճանաչել հեռուստատեսությունը․ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Տավուշ Մեդիայում էին

Տավուշ Մեդիայի աշխատակազմը կրկին հյուրընկալել էր երիտասարդների: Ուսումնաճանաչողական այցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները նոյեմբերի 28-ին գտնվում էին Տավուշ Մեդիայի ստուդիայում: Այցի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել Տավուշ Մեդիայի աշխատանքներին:
Տավուշ Մեդիայի աշխատակազմը ուսանողներին ծանոթացրեց հեռուստատեսային արտադրանքի ստեղծման փուլերին, ներկայացրեց հեռուսատահաղորդումների պատրաստման, մոնտաժման, եթեր հեռարձակման գործընթացը: Ուսանողները նաև ծանոթացան տաղավարային հաղորդումների պատրաստման փուլերին: Այցի ընթացքում ուսանողները կիսվեցին իրենց մտքերով ու առաջարկներով, թե ինչ կցանկանան տեսնել Տավուշ ՀԸ եթերում: Ուսանողությանը ներկայացրինք նաև Տավուշում հեռուստատեսության առկայության կարևորությունը։

Ուսումնաճանաչողական այցը ամփոփվեց գիտելիքների ու փորձի ներկայացմամբ. ուսանողներին ներկայացվեց մեդիայի ու մեդիագրագիտությանն առնչվող թեմաները:




Համո Սահյան․ «Կուզես պայթիր, կուզես ճչա»․ Տավուշոտ պոեզիա

Տավուշոտ պոեզիա՝ մեր եթերում։
Համո Սահյան․ «Կուզես պայթիր, կուզես ճչա»

Կուզես պայթիր, կուզես ճչա,
Քեզ մարդու տեղ դնող չկա,
Զգույշ, գլխիդ փորձանք չգա,
Սիրտ, անցել է սրտի դարը:
Էլ չեն երդվում քո արևով,
Չեն տաքանում քո բարևով,
Էլ չես վառում դու վառվելով
Սիրտ, անցել է քո հազարը:
Ինչքան տխրես, ինչքան ժպտաս
Ինչքան խփես ու թպրտաս,
Միևնույն է, տանուլ կտաս,
Էլ չի բերում, սիրտ քո զարը:
Միտքն է հիմա սերն աշխարհի,
Աշխարհակալ տերն աշխարհի,
Բեռնակիրն ու բեռն աշարհի,
Եվ աշխարհի ճանապարհը:




«Հայկական տարազ և հայկական զարդանախշերի խորհրդաբանություն» խորագրով բանախոսություն Իջևանում

Նոյեմբերի 19-ին Տավուշի թեմի առաջնորդարանի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնում կայացավ «Հայկական տարազ և հայկական զարդանախշերի խորհրդաբանություն» խորագրով բանախոսությունը, որը վարեց ազգագրագետ, ոճաբան-դիզայներ Վահե-Սեմա Քոթանյանը: Էթնիկ հայկական տարազի և զարդանախշերի աշխարհը հարուստ է և բազմազան, իսկ դրանց խորհրդաբանական մեկնությունը՝ առավել հետաքրքական։ Բանախոսության նպատակն էր ներկաներին իրազեկել և ծանոթացնել հայկական յուրահատուկ տեքստիլ և ճիշտ տարազային մշակույթի հետ ՝ թիրախավորելով Սյունիք-Արցախյան տարազախումբը , բարձրացնելով մեդիա դաշտում մշակույթի հանդեպ մեդիագրագիտությունը, որը կանխելու ձև է ներկայիս թշնամական մշակութային ինտեգրմանն ու կեղծիքին :

Ծրագիրը կազմակերպել էր VANI ART Studio-ն՝  EU4Culture ծրագրի շրջանակներում։




Մշակույթի ոլորտի խնդիրները՝ սահմանամերձ բնակավայրերում

Մշակույթի ոլորտի խնդիրները Տավուշի սահմանամերձ բնակավայրերում․ Քննարկում ՏավուշTV-ի եթերում

Տավուշ TV-ի տաղավարում Էռնեստ Խանումյանը Իջևանի համայնքապետարանի կրթության, մշակույթի ու երիտասարդության բաժնի պետ Լիլիթ Ղալումյանի, Բերդի համայնքային մշակույթի տան տնօրեն Արմեն Մելիքյանի ու Ոսկեվանի մշակույթի կենտրոնի տնօրեն Արթուր Մելքոնյանի հետ վերհանում է Տավուշի սահմանամերձ բնակավայրերում մշակույթի զարգացմանն խանգարող մարտահրավերները, դրանք հաղթահարելու ճանապարհներն ու հեռանկարները։
Մեկնաբանություններում կիսվե՛ք թեմայի վերաբերյալ ձեր կարծիքներով․ գրե՛ք և միացե՛ք քննարկմանը։




«Յուքոմի» տան ամենաարագ ինտերնետը և ամենաշատ հեռուստաալիքներն հասանելի են Իջևանում

«Ucom» ընկերության կողմից մատուցվող տան ամենաարագ ինտերնետը և ամենաշատ հեռուստաալիքներն այսուհետ հասանելի են Տավուշի մարզի Իջևան քաղաքում: Իջևանի համայնքապետարանում կայացած հանդիպմանը «Ucom» ընկերության գլխավոր տնօրենը նշեց, որ ընկերությունը չի դադարում անընդհատ կատարելագործվել և մեծացնել որակյալ կապի ապահովման աշխարհագրությունը: Դա Յուքոմի համոզմունքն է ու ռազմավարությունը:

Իջևանի բնակչությունն արդեն կարող է օգտվել «Ucom» ընկերության ամենապահանջված երեք ծառայություններից` շարժական հեռախոսակապից, տան ինտերնետից և հեռուստատեսությունից մեկ փաթեթում: «Ucom»-ը մարզերի համար մշակել և առաջարկում է հատուկ պայմաններով փաթեթ՝ լավագույն գնով՝ ամսական ընդամենը 8000 դրամով: Քաղաքացիները Unity մարզային փաթեթին մինչև 2024թ. հունվարի 31-ը բաժանորդագրվելու դեպքում երեք ամիս անվճար կօգտվեն փաթեթի ծառայություններից:

Օրդինյանների ընտանիքը Unity փաթեթի առաջին բաժանորդն է․ «Ucom» գլխավոր տնօրենը այցելեց նաև իջևանցի Երեմ Օրդինյանի առանձնատուն, ընտանիքին հանձնելով փաթեթից 6 ամիս անվճար օգտվելու հավաստագիրը։ Թե՛ բնակարաններում և թե՛ առանձնատներում ֆիքսված ինտերնետի միացումը կատարվում էընդամենը 3 օրվա ընթացքում: Unity փաթեթով տրամադրվում է մինչև 150 Մբիթ/վրկ արագությամբ տան ինտերնետ՝ նոր սերնդի Wi-Fi 6 սարք, 210-ից ավելի հեռուստաալիք, 1000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, ԱՄՆ և Կանադա զանգելու համար, 20 ԳԲ շարժական ինտերնետ, իսկ Facebook, Instagram, Tiktok, Viber, WhatsApp, Тelegram և ևս 22 ամենահայտնի բջջային հավելվածներից օգտվելը կլինի անվճար։




Ֆուտբոլը՝ հանուն հավասար հնարավորությունների․ մրցաշար Իջևանում

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության «Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» ծրագրի աշնանային մրցաշրջանը կրկին ֆուտբոլի դաշտում էր միավորել իջևանցի երեխաներին՝ պայքարելու մրցաշրջանի գավաթի համար։ Սպորտային նախագծի հիմքում ֆուտբոլի միջոցով հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը նպաստելն է։
«Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» նախագիծը երախաներին հնարավորություն է տալիս զբաղվել սպորտով, և այդ միջոցով բարելավել ֆիզիկական ու մտավոր կարողությունները, զարգացնել սոցիալական հմտություններն ու ինքնավստահությունը։

Դպրոցական թիմերում ընդգրկված էին Իջևանի թիվ 1, թիվ 3, թիվ 4 և թիվ 5 հիմնական դպրոցների աշակերտները, որոնց կազմում էին նաև արցախցի աշակերտները։ Ֆուտբոլային թիմերի սեղծմամբ ծրագիրը նպաստում է նաև հանրակրթական դպրոցների երեխաների ինքնագնահատականի, ինքնավստահության բարձրացմանը, նոր ընկերների ձեռքբերմանը և իրենց առջև դրված նպատակների իրականացմանը։

Մրցապայքարում հաղթող ճանաչվեց Իջևանի երրորդ դպրոցը՝ ստանալով առաջին մրացանակը։ «Ֆուտբոլը՝ հանուն հավասար հնարավորությունների Հայաստանում» ծրագիրը իրականացնում է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը՝ «Երեխաների համար ՈՒԵՖԱ հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ։




Շուրջ 45 տոննա մարդասիրական օգնություն Արցախից բռնի տեղահանված ավելի քան 15,000 հայրենակիցներին

Հայ օգնության ֆոնդը 2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Արցախից բռնի տեղահանված մեր՝ ավելի քան 15,000 հայրենակիցներին տրամադրել է մարդասիրական աջակցություն։

Մարդասիրական աջակցություն` այդ թվում 1,200 սննդի և հիգիենայի փաթեթներ, 480 անջրանցիկ տաք բաճկոններ, 200 ծալովի մահճակալներ, 1,300 անկողնային հավաքածուներ, 500 էլեկտրական տաքացուցիչներ, 400 դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ են ստացել Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում, Տավուշի մարզի Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջաններում, Լոռու մարզի Փամբակ համայնքում, Արարատի մարզի Մասիս խոշորացված համայքում, Վայոց ձորի Վայք և Արագածոտնի մարզի Բյուրական համայնքներում ապաստանած արցախցի ընտանիքները։

Արցախցի հայրենակիցներին սատար կանգնելուն ուղղված արագ արձագանքման գործողություններին զուգահեռ՝ Հայ օգնության ֆոնդը մեկնարկելու է նաև երկարաժակետ և համապարփակ ծրագիր, որի նպատակն է կայուն ու թիրախային սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերել հայրենակիցներին՝ այդ թվում երեխաներին ու տարեցներին, անցկացնել բուժաշխատողների վերապատրաստման և մասնագիտական զարգացմանն ուղղված դասընթացներ, խթանել ընտանեկան ձեռներեցությունն ու ինքնազբաղվածությունը, հնարավորություն ընձեռել միջին մասնագիտական ու բուհական կրթություն ստանալ ցանկացող երիտասարդներին։

«Որպես մարդասիրական լայնածավալ աշխատանքեր իրականացնելու փորձ ունեցող  կազմակերպություն՝ Հայ օգնության ֆոնդը հանձնառու է կանգնել արցախցի մեր եղբայրների և քույրերի կողքին թե՛ այս կրիտիկական պահին, և թե՛ հետագայում», – նշել է ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը՝ շեշտելով, որ մարդասիրական աջակցությունը շարունակական բնույթ է կրելու՝ հաշվի առնելով տեղահանված ընտանիքների կարիքներն ու բնակության վայրը։